«Հիմա Հայաստանում աշխատելն ավելի ձեռնտու է»․ աշխատանքային միգրացիան դեպի ՌԴ նվազել է
Աշխատանքային միգրացիան Հայաստանից ՌԴ նվազել է
Վերջին շրջանում Հայաստանի մսրզերից և հատկապես սահմանամերձ բնակավայրերից ավելի քիչ են մարդիկ մեկնում այլ երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում աշխատանք որոնելու։ Ինչո՞վ է պայմանավորված աշխատանքային միգրացիայի ծավալների նվազումը, պատմում ենք մի սահմանամերձ գյուղի ու դրա բնակիչների օրինակով։
- Գյուղ, որից սկսվում է Հայաստանը․ լուսանկարներ և տեսանյութ
- Ժեստերի լեզվի թարգմանիչների պակասի հետևանքով խուլ մարդիկ ՀՀ-ում չեն կարողանում կրթություն ստանալ
- Երևանում շտապ օգնության աշխատանքի մասին․ պատմություններ, տեսանյութ
«Հեքիաթային գեղեցկության անտառը մեզ նաև պահում է»
Լեռների մեջ ծվարած Ներքին Ծաղկավանը թիկնած է անտառի փեշին։ Գյուղի ոլորապտույտ կանաչ կածաններն աստիճանաբար ձուլվում են անտառին, որտեղից կանաչիներով լի տոպրակները ձեռքին դեպի տուն է քայլում գյուղացիներից Սեդա Ղազարյանը։
Նրա դեմքը գարնան արևից ասես խանձված լինի, ձեռքերը՝ հողի հետ աշխատանքից չորացած ու կոպտացած։ Նա հոգնած է, բայց գոհ է՝ աչքերը ժպտում են։ Տանը Սեդային դիմավորում են հարսն ու թոռները։
«Էս անտառը, բացի իր հեքիաթային գեղեցկությունը, մեզ նաև պահում է։ Ավելուկ, սինդրիկ, սունկ ենք հավաքում, բերում-վաճառում, բա պիտի ապրենք։ Հավ էլ եմ պահում, ցավդ տանեմ։ Էսօր էլ մի 20 հատ ձու եմ ծախել։ Հատը՝ 70 դրամով։ Երեկ էլ մի 3 կգ պանիր եմ ծախել։ Կաթ եմ վաճառում՝ լիտրը 300 դրամով։ Ես ոչ մի տեղ չեմ տանում մեր ապրանքը, գալիս են գյուղից տանում։ Ամեն ինչից փորձում ենք գումար աշխատել՝ մեր հալալ աշխատանքով»,- պատմում 61-ամյա կինը։

Նա ապրում է փոքր տղայի հետ, որը չորս դպրոցահասակ երեխա ունի։ ։ Հարսը՝ Մարինեն, աշխատում է հարևան գյուղի վարդերի ջերմոցում։ Օրական ստանում է 4000 դրամ, որից 1000 ամեն օր վճարում է տաքսու համար։
«Այս ամիս մի քիչ ավելի լավ ենք եղել։ Անտառից ամուսնուս հետ մինչև 100 կգ սինդրիկ հավաքեցինք, հանձնեցինք։ Լոբի ենք ցանել, դա էլ ենք հավաքում, հանձնում։ Երկու կով ունենք։ Փորձում ենք կարգավորել մեր կյանքը, բայց խանութում առանց նիսյայի չի լինում։ Մինչև ամսվա վերջ էլի մի 70 հազար դրամի պարտք ենք կուտակում։ Հետո «Փարոսը» ստանում ենք ու տանում փակում»,- ասում է Մարինեն։
Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղը Հայաստանի հյուսիսային պետական սահմանից մոտ 4,5 կմ հեռավորության վրա է գտնվում։ Այստեղ բնակվում է շուրջ 530 մարդ։
Բնակիչների մեծ մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և անասնապահությամբ։ Այդուհանդերձ, տարիներ շարունակ գյուղի տղամարդիկ մեկնել են արտագնա աշխատանքի Ռուսաստան, սակայն վերջին տարիներին այդ հոսքը զգալիորեն նվազել է։
Մարինեն ասում է, որ իր ամուսինն էլ, շատերի նման, այժմ գյուղում է աշխատում՝ շինարարությունում։ Նրա խոսքով՝ վերջին երկու տարիներին անընդհատ աշխատանք է լինում թե՛ իրենց գյուղում, թե՛ հարևան համայնքներում։

Բնակարանային ծրագիրը փոխել է գյուղի կյանքը
Հայաստանի կառավարությունը սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին և այստեղ տեղափոխվել ցանկացողներին հնարավորություն է տվել օգտվել բնակապահովման ծրագրից։ Բոլոր նրանց, ովքեր նախաձեռնում են անհատական բնակելի տուն կառուցել, տրամադրում են 16 միլիոն դրամ աջակցություն։ Այս գումարը նախատեսված է հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար։
Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին և պետք է ավարտվեր 2024-ին։ Բայց այս տարվա մարտից այն վերաբացվել է։ Դրա շնորհիվ ևս 1417 ընտանիք կմիանա առաջին փուլում արդեն աջակցություն ստացած 2319 շահառուներին։ Արդյունքում՝ 3736 ընտանիք մինչև 2027 թվականի ավարտը կունենա սեփական տուն։
Սահմանամերձ Ներքին Ծաղկավանում այս ծրագրով կառուցվել է 50 տուն։
Ընդ որում, դրա շնորհիվ նաև տեղացիներն աշխատանքով են ապահովվել։ Շինարարությունում աշխատողներն օրավարձով ստանում են 8000 դրամ։
Սեդա Ղազարյանի տան հարևանությամբ շինարարություն է։ Աշխատող տղամարդկանց աղմկոտ ձայները լցրել են գյուղի խաղաղ փողոցները։ Նրանցից երեքն էլ ժամանակին մեկնել են արտագնա աշխատանքի Ռուսաստան, սակայն այժմ որոշել են մնալ և աշխատել գյուղում։
«Քանի դեռ աշխատանք կա, կմնանք տեղում։ Իհարկե, այս ամենին նպաստել են նաև Ռուսաստանի քաղաքական ճգնաժամը, ռուբլու արժեզրկումը, միգրացիոն օրենքների խստացումը։ Ամեն դեպքում, հիմա Հայաստանում աշխատելն ավելի ձեռնտու տարբերակ է»,- ասում է Պավլիկ Մուրադյանը։

Իսկ Սեդան ափսոսում է, որ իր մեծ տղան չի կարող օգտվել այդ ծրագրից․
«Տղաս ու հարսս երեխեքի հետ վարձով են ապրում։ Բայց չկարողացան էս ծրագրին մասնակնել, քանի որ վատ վարկային պատմություն ունեն»։
Միգրացիայի նվազող հոսքը
Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, Հայաստանում աշխատանքային միգրացիայի առումով ամենաակտիվ մարզերն են Գեղարքունիքը, Շիրակը և Լոռին։
«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի միգրացիոն հարցերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանի խոսքով՝ մարդիկ գերադասում են մնալ և աշխատել տեղում նաև մարզերում դպրոցների և մանկապարտեզների շինարարության շնորհիվ․
«Սակայն դժվար է ասել, թե ինչ կլինի շինարարական աշխատանքների ավարտից հետո։ Մարդիկ կշարունակե՞ն մնալ տեղում, թե՞ կրկին կմեկնեն Ռուսաստան։ Նախկինում ասում էինք, որ արտագնա աշխատանքի մեկնելը դարձել է տնտեսության առանձին ճյուղ, որովհետև տարբեր տարիների ՀՆԱ-ի մինչև 20 տոկոսի չափով գումարներ էին փոխանցվում արտագնա աշխատանքի մեկնածների կողմից։ Սակայն հիմա այդ թիվը նվազել է»։
Ըստ փորձագետի՝ Հայաստանի միգրացիոն հոսքի 89, իսկ աշխատանքային միգրացիայի շուրջ 95 տոկոսն ուղղված է դեպի Ռուսաստան։ Հետևաբար, ՌԴ-ում տեղի ունեցող ցանկացած փոփոխություն անմիջականորեն ազդում է Հայաստանի միգրացիոն հոսքերի վրա։
2022 թվականին, Ուկրաինայում պատերազմի մեկնարկից Ռուսասատանը փուլ առ փուլ խստացումներ է մտցրել օտարերկրացիների նկատմամբ։
Ընդ որում՝ ամենաբարդ իրավիճակում հայտնվում են աշխատանքային միգրանտները։
«Խստացումների ամենամեծ ալիքը եղել է 2025 թվականի հունվարի 1-ին, փետրվարի 5-ին, ապրիլի 1-ին և սեպտեմբերին։ Երբ նախորդ տարի Ռուսաստանում գործարկվեց վերահսկվող անձանց ռեեստրը, միանգամից 46 հազար մարդ ընդամենը երկու օրում հայտնվեց դրա մեջ։ Նրանց շուրջ 40 տոկոսը որևէ խախտում չէր կատարել։
Մեր մասնագիտական խումբն ամբողջ ծավալով լծված էր այդ մարդկանց աջակցելուն, որովհետև չգիտեին, թե ինչ անեն։ Համակարգը ներդրել էին, բայց անգամ ռուսաստանյան պատկան մարմինները հստակ չէին պատկերացնում, թե ինչպես պետք է աշխատեն դրա հետ։ Մարդը գնում էր, օրերով հերթ կանգնում, վերջում պարզում էր, որ որևէ խախտում չունի, պարզապես պետք էր այդ «գալոչկան» հանել, որպեսզի խնդիրներ չառաջանային»,- բացատրում է Բեժանյանը։
Վերահսկվող անձանց ռեեստրը ՆԳՆ տվյալների բազա է, որի մեջ ներառված են օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք գտնվում են երկրում առանց օրինական հիմքերի։
Մինչև 2023 թվականի վերջը Ռուսաստանի ոստիկանությունը հրապարակում էր վիճակագրական տվյալներ այն մասին, թե քանի մարդ է մուտք գործել երկիր, ինչ նպատակով, քանիսն են աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել, ստացել ժամանակավոր կացության իրավունք կամ քաղաքացիություն։ Փորձագետի խոսքով՝ հենց այդ տվյալներն էին ՀՀ-ում շրջանառվում, քանի որ այստեղ նման վիճակագրություն գրեթե չեն վարել։
«Տվյալների անհասանելի դառնալուց հետո ստիպված փոքր հետազոտություններ ենք իրականացնում, որպեսզի պատկերացում կազմենք վիճակի մասին։ Ըստ մեր գնահատականների՝ 2025 թվականին Հայաստանից Ռուսաստան մեկնած աշխատանքային միգրանտների թիվը նվազել է շուրջ 30 տոկոսով։ Եթե մինչև խստացումները Ռուսաստանում եղել է շուրջ 100 հազար օրինական աշխատանքային միգրանտ Հայաստանից, ապա մի քանի ալիքով իրականացված խստացումներից հետո այդ թիվը նվազել է՝ հասնելով մոտ 70 հազարի»,- ասում է Բեժանյանը։
Միևնույն ժամանակ, դեպի Հայաստան եկող դրամական փոխանցումների ամենամեծ մասնաբաժինը շարունակում է գալ Ռուսաստանից։
Գյուղի բուժքույրին մտահոգում է ցածր ծնելիությունը
Արդեն 38 տարի Ներքին Ծաղկավանի բուժքույր Սոնա Մելիքյանն ասում է, որ գյուղում շատ ընտանիքներ ունեն հարազատներ Ռուսաստանում, որոնք գնացել են ու այլևս չեն վերադարձել․
«Մշտական բնակություն են հաստատել դրսում, գյուղի «դաչնիկներն» են դարձել։ Ով ոնց կարողանում է, գալիս-գնում է։ Իմ քույրն էլ է մեկնել։ Տղաս էլ է դրսում։ Աշխատանքի բերումով չի կարողանում հաճախ գալ։ Էս պահին արտագաղթ շատ չունենք։ Ով գնալու էր՝ գնացել է։ Հիմա գնացողներ գրեթե չկան»։

Նա հպարտությամբ պատմում է, որ իրենից առաջ էլ գյուղի բուժքույրը եղել է մայրը՝ շուրջ 40 տարի․
«Համայնքի ամբողջ գենոֆոնդը անգիր գիտենք՝ ընտանիքներով, հիվանդություններով, առողջական խնդիրներով։ Էն, որ ասում են՝ համ մանկաբարձ ենք, համ բժիշկ, համ բուժքույր։ Իհարկե, բուժկետ ունենք, բայց օրվա ցանկացած ժամի կարող են իմ տուն գալ, եթե անհրաժեշտ է, կամ ես եմ գնում, եթե մարդն իմ կարիքն ունի»։
Գյուղի բուժքույրը կիսվում է իր մտահոգություններով․
«Սովետի ժամանակ վատ չէր։ Այստեղ ծխախոտագործությունն էր զարգացած, հիմա դա չկա։ Էն ժամանակ փողն արժեք ուներ, հիմա՝ ոչ այնքան։ Բայց ինձ ավելի շատ անհանգստացնում է մեր գյուղի ցածր ծնելիությունը։ Լինում է տարի, երբ ընդամենը երկու երեխա է ծնվում։ Խնդիրն այն է, որ մինչև 40 տարեկան շատ տղամարդիկ ունենք, որոնք դեռ չեն ամուսնացել։ Չգիտեմ՝ իրենց հարմար աղջիկ չեն գտնում, թե աղջիկները գյուղ չեն ուզում հարս գալ։ Բայց սա մեզ համար լուրջ խնդիր է»։
Հոդվածը պատրաստվել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միգրանտների աջակցություն» ծրագրով իրականացված մեդիատուրի շրջանակներում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Աշխատանքային միգրացիան Հայաստանից ՌԴ նվազել է