Ամերիկացի կոնգրեսական․ Վրաստանում հակաթուրքական հայտարարությունների հետևում Ռուսաստանն է կանգնած
Ամերիկացի կոնգրեսական Ադամ Քինզինգերը Ռուսաստանի հետքն է տեսնում Վրաստանում հակաթուրքական տրամադրություններ սադրելու գործում։ Թվիթերում կոնգրեսականի հրապարակած հայտարարությունում նշվում է, որ Ռուսաստանն ակտիվորեն փորձում է միջամտել Վրաստանում հոկտեմբերի վերջին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
Քինզինգերը կարծում է, որ Թուրքիայի դեմ հայտարարություններով Մոսկվան փորձում է Վրաստանի քաղաքացիների ուշադրությունը շեղել Ռուսաստանի կողմից վրացական տարածքների օկուպացիայից։
Կոնգրեսականը հիմարություն է անվանում այն պնդումները, թե Աջարիայի շրջանը Թուրքիայի կողմից սպառնալիքի տակ է։
«Թուրքիան Վրաստանի և ԱՄՆ կարևոր ռազմավարական գործընկերն է։ Սակայն ինձ անհանգստացնում է այն, որ, ըստ էության, այդ հայտարարությունը Ռուսաստանի փորձն է՝ խուսափելու Վրաստանի տարածքի մեկ երրորդի ապօրինի օկուպացման համար մեղադրանքներից և արդյունավետ իր դերը կատարելու Վրաստանի համար կարևոր ընտրություններում», — ասված է Քինզինգերի հայտարարությունում։

Կոնգրեսականը կոչ է անում քաղաքական կուսակցություններին արտասահմանյան հովանավորների մասին տեղեկությունը թափանցիկ դարձնել և զերծ մնալ սադրիչ և վտանգավոր հռետորաբանությունից։
«Աշխարհը հետևում է Վրաստանի՝ ժողովրդավարության ճանապարհին ձեռնարկվող այս կարևոր քայլերին, և ես հուսով եմ, որ ընտրությունները լինելու են ազատ և արդար և արտացոլելու են միայն վրացի ժողովրդի որոշումը», — գրել է Քինզինգերը։
Քինզինգերի հայտարարությունը, հավանաբար, «Հայրենասերների դաշինք» ռուսամետ կուսակցության գործողությունների պատասխանն է, որը նախընտրական արշավի շրջանակում պաստառներ է տեղադրել Աջարիայի մայրաքաղաք Բաթումում, որոնց վրա Աջարիան նույն գույնով է ներկված, որով Աբխազիայի և հարավային Օսիայի օկուպացված տարածքները, իսկ դրանց վրա գրված է «Պաշտպանենք Աջարիան։ Պաշտպանի՛ր Վրաստանի քո հատվածը»։

Միաժամանակ ռուսական «Դոսյե» հետազոտական հարթակի հրապարակած փաստաթղթերը ցույց են տալիս, որ «Հայրենասերների դաշինքի» նախընտրական արշավը ֆինանսավորվում է Ռուսաստանի կողմից, այն ղեկավարվում է ռուսական իշխանության հետ կապված անձանց կողմից։