Դպրոցներն ու բուհերը կբացվեն, հեռուստահաղորդավարները ծրագրերն առանց դիմակի կվարեն․ ԱԴ ռեժիմի սահմանափակումների չեղարկում Հայաստանում
Պարետատունը նոր ցանկ է հրապարակել, թե կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության ռեժիմում էլ ինչ է Հայաստանում թույլատրվում։ Կորոնավիրուսը երկրում դեռ չի հաղթահարվել, թեև վարակման օրական դեպքերը խիստ նվազել են։
Նոր կանոնները վերաբերում են դպրոցներին և բուհերին, գրադարաններին և թանգարաններին, սրճարաններին և ռեստորաններին, հեռուստահաղորդավարների աշխատանքին։
Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը սահմանվել է մարտի 16–ին և մի քանի անգամ երկարաձգվել է։ Այժմ այն գործելու է մինչև սեպտեմբերի 11–ը։
• Հեռավար ուսուցումը Հայաստանում․ կորոնավիրուսի «հետևանք», որը կպահպանվի նաև հիվանդությունից հետո
Էլ ի՞նչ է թույլատրվել
Պարետի նոր որոշման համաձայն՝ դպրոցներն ու բուհերը կբացվեն սեպտեմբերի 15–ից։ Սակայն արդեն սեպտեմբերի 1–ից կսկսվեն բակալավրիատի առաջին կուրսեցիների դասերը։
Ընդ որում, կրթության նախարար Արայիկ Հարությունյանը դպրոցականներին և ուսանողներին կոչ է արել ինքնակամ ինքնամեկուսանալ երկու շաբաթով՝ մինչև ուսումնական տարվա մեկնարկը՝ կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով։
Դասերը դեռ չեն կարող վերսկսել արտադպրոցական մարզական, գեղարվեստական և մշակութային խմբակները։ Սակայն աշխատանքը կվերաբացվեն գրադարանները, թանգարաններն ու մշակութային հաստատությունները։ Կարելի կլինի թատերական ներկայացումներ, համերգներ և ֆիլմերի ցուցադրություն իրականացնել՝ դեռևս միայն բացօթյա տարածքներում։
Սրճարաններում և ռեստորաններում այժմ կարելի է մինչև ութ հոգով մի սեղանի շուրջ նստել՝ նախկինում թույլատրված հինգի փոխարեն։ Թույլատրվել է նաև կենդանի երաժշտությունը, սակայն միայն բացօթյա տարածքներում։
Երկար սպասված մեղմացումներից է հեռուստահաղորդավարների վերաբերյալ որոշումը։ Այսուհետև նրանք և սուրդոթարգմանիչները կարող են դիմակ չկրել, եթե ստուդիայում ուղիղ եթերի կամ ձայնագրսւթյան պահին նրանց կողքին ուրիշ ոչ ոք չլինի։
Կորոնավիրուսային իրավիճակը երկրում
Հուլիսի 6–ին Հայաստանը հաղթահարել է կորոնավիրուսի տարածման գագաթնակետը, մեկ օրում վարակված անձանց թիվը սկսել է կրճատվել։
Այդ կապակցությամբ, օգոստոսի 12–ից պարետատունը թույլատրել է երկիր ժամանել արտասահմանցիների, նաև փողոցային հավաքների և հանրահավաքների արգելքն է չեղարկվել՝ հակահամաճարակային նորմերի պահպանման պայմանով։ Խոսքը, մասնավորապես, սոցիալական հեռավորության մասին է, երկրում դեռևս գործում է նաև դիմակ կրելու պահանջը։
Օգոստոսի 18–ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է վարակման 145 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը դարձավ 41 846։ Ապաքինվել է 34 982 մարդ, 832 մարդու կյանք փրկել չի հաջողվել։