Ադրբեջանում 14-ամյա աղջկան ամուսնությունից փրկել են տեղի իշխանությունները
Ադրբեջանում 14-ամյա աղջկան ստիպել են ամուսնանալ 27-ամյա տղամարդու հետ, և դրանից հաջողվել է խուսափել միայն տեղի իշխանությունների միջամտության շնորհիվ։
Դպրոցականն ասում է, որ նա կցանկանար շարունակել ուսումը, սակայն նրա ծնողները պնդել են, որ թողնի դպրոցն ու ամուսնանա։
Շնորհիվ «Մաքուր աշխարհ» կանանց օգնության հանրային միավորման նախագահ Մեհրիբան Զեյնալովայի, իրավիճակի մասին իմացել է ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրների պետական կոմիտեն։ Այնտեղ հետաքննություն է սկսվել, արդյունքում պլանավորվող ապօրինի ամուսնությունը կասեցվել է։
Այս պատմությունը Մեհրիբան Զեյնալովան պատմել է Ֆեյսբուքյան իր էջում։
Ադրբեջանում կարելի է ամուսնանալ 18 տարեկանից։ Բացառիկ դեպքերում թույլատրվում է 17-ամյա աղջիկների ամուսնությունը։ Դրա համար գործադիր իշխանության թույլտվությունն է պահանջվում։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Ադրբեջանում մինչև 18 տարեկանն ամուսնացած աղջիկների առավելագույն թիվը բաժին է ընկնում 2011 թ–ին՝ 5 138։
Հետագա տարիներին, ըստ պաշտոնական տվյալների, այդ ցուցանիշը սկսել է նվազել։
Սակայն անուղղակի տվյալներն, ինչպես նաև իրավապաշտպանները խոսում են այն մասին, որ իրականում Ադրբեջանում մինչև 18 տարեկան ավելի շատ աղջիկներ են ամուսնանում։
Մասնավորապես, ըստ պաշտոնական տեղեկությունների, 2018 թ–ին ամուսնացել է մինչև 18 տարեկան 338 աղջիկ։
Այդ նույն 2018 թ–ին 15-17 տարեկան 2 129 աղջիկ է մայրացել։
Այս նորությունը սոցցանցերում բուռն, հիմնականում բացասական քննարկումներ է առաջացրել։
Բնորոշ մեկնաբանություններ․
«Սոմալիում քննարկվում է անչափահասների հետ ամուսնության մասին օրենքը։ Ես գիտեի, թե մենք գոնե Սոմալիից մի քիչ առաջ ենք»։
«Սարսափում եմ այսպիսի նորություններից։ Ես էլ աղջիկ ունեմ, 14 տարեկան է»։
«Ասենք՝ ծնողներն անկիրթ են։ Իսկ այդ 27-ամյա տղամարդու հե՞տ ինչն այն չէ։ Ի՞նչ էր նա մտածում»։
«Իսկ նրան չե՞ն պատժելու անչափահասի հետ ամուսնության փորձի համար»։

This project is funded through the Democracy Commission Small Grants Program, U.S. Embassy Tbilisi. The contents of this publication are those of the Author(s) and do not necessarily represent the views of the Department of State.