Ադրբեջանցի զինվորը հատել է սահմանը, հայկական կողմը նրան մեղադրում է լրտեսության մեջ
Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել է, որ Մարտակերտ քաղաքի բնակարաններից մեկում օգոստոսի 25-ին հայտնաբերվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ջամիլ Բաբաևը։ Նա բնակարանի երեխաներին սպառնացել է և սնունդ պահանջել։ Արցախի իրավապահ մարմինները ձերբակալել են ադրբեջանցի զինվորին և քրեական գործ հարուցել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։
Բաբաևը մեղադրվում է լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման համար՝ նշված բնակարանի անչափահաս բնակիչներին ուղղված սպանության սպառնալիքով։ Նախաքննություն է ընթանում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ զինծառայող Ջամիլ Բաբաևն ինքնակամ լքել է Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը։
- Ի՞նչ է ձգտում ստանալ Ադրբեջանը Հայաստանից, ինչո՞ւ են մեղադրանքներ հնչում Ռուսաստանի հասցեին
- «Իմ կյանքում ամեն ինչ փոխվեց ոչ թե պատերազմի ժամանակ, այլ զինադադարից մեկ շաբաթ անց»
Տեղեկություններ հայկական աղբյուրներից
Արցախի Հանրապետության կառավարությանը կից տեղեկատվական շտաբը հաղորդում է, որ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցում ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ջամիլ Բաբաևը։
Սակայն դեռևս այս լուրի հրապարակումից առաջ հայկական լրատվամիջոցները գրում էին, որ Մարտակերտի բնակարաններից մեկն է ներխուժել ադրբեջանցի զինվոր։ Տանն այդ ժամանակ միայն երկու անչափահասներ են եղել։ Զինվորականը երեխաներին սպառնացել է և սնունդ ու ծխախոտ պահանջել։ Նրան հաց են տվել, որից հետո դեռահասներից մեկը խոստացել է խանութ գնալ ծխախոտի։ Նա տնից դուրս է եկել և ոստիկանություն կանչել։
Այժմ Ջամիլ Բաբաևն Արցախի Ազգային անվտանգության ծառայությունում է, նա կալանավորված է։
Ֆեյսբուքի հայկական սեգմենտի օգտատերերը տարակուսում են, «թե ինչպես է ադրբեջացի զինվորը կարողացել հասնել Մարտակերտի բնակելի թաղամասեր», եթե մոտակա ադրբեջանական դիրքը գրեթե երկու կիլոմետրի վրա է։
Տեղեկություններ ադրբեջանական աղբյուրներից
«Ադրբեջանական բանակի ժամկետային ծառայության զինծառայող, շարքային Ջամիլ Նաթիգօղլու Բաբաևն ինքնակամ լքել է Գյանջայի հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքը», — հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Այս առնչությամբ քրեական գործ է հարուցվել, հետաքննություն է ընթանում։
Ենթադրվում է, որ ադրբեջանցի զինծառայողը հատել է տարածքը, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը», — ասված է հաղորդագրությունում։
Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում օգտատերերն ուշադրություն են հրավիրում Արցախում ձերբակալված զինծառայողի համազգեստին։ Բանն այն է, որ դա Ադրբեջանի զինծառայողների 1918 թ-ի նմուշի համազգեստ է, որը կրել են Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունում։
«Հետաքրքիր է, մարդիկ չեն կարողանում այցելել իրենց հայրենի հողեր․ մերթ ականների վրա են պայթում, մերթ ոստիկանությունն է ձերբակալում։ Իսկ այս հոգեկան հիվանդ մարդը Գյանջայից Աղդերե [Մարտակերտ — JAMnews] է հասել, այն էլ՝ զինվորական համազգեստով, որը կարելի է գտնել միայն թանգարաններում», — կատարվածն է մեկնաբանել օգտատերերից մեկը։