Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմ է սահմանվել, տարեցներին արգելվել է փողոց դուրս գալ
Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմ է սահմանվում, որը կտևի մարտի 24–ից մինչև ապրիլի 20–ը։ Այսպիսի որոշում է ընդունել նախարարների կաբինետը։
Ըստ պաշտոնական տվյալների՝ մարտի 23–ին Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 72 դեպք։ Մեկ մարդ մահացել է, տասն՝ ապաքինվել։
Հտուկ ռեժիմի շրջանակում
- 65 տարեկանից բարձր անձանց արգելվում է փողոց դուրս գալ։ Եթե մարդը մենակ է ապրում, նրան սոցիալական ծառայություններ կմատուցվեն։
- Կասեցվում է միջքաղաքային և միջշրջանային տրանսպորտային հաղորդակցությունը, սահմանափակվում է ելքն ու մուտքը Բաքու, Սումգայիթ և Ապշերոնի թերակղզի (սահմանափակումները չեն վերաբերում շտապօգնության մեքենաներին, բեռնափոխադրումներին)։
- Բաքվի բնակիչներին խորհուրդ է տրվում քիչ օգտվել մետրոյից, դրա փոխարեն օգտվել հատուկ էքսպրես–ավտոբուսներից, որոնք նույն երթուղով կերթևեկեն (մետրոյի կայարանների միջև)։
- Արգելվում է հասարակական վայրերում ավելի քան տասը հոգով հավաքվելը։
Միաժամանակ սրճարանները, ռեստորաններն ու հասարակական սննդի այլ հաստատությունները կշարունակեն աշխատանքը կարճ գրաֆիկով՝ 12:00–ից մինչև 15:00–ն, և չկա ոչ մի ժամանակային սահմանափակում սննդի առաքման առնչությամբ։
Հատուկ ռեժիմի կատարումը վերահսկելու է ներքին գործերի նախարարությունը։