Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները ոչ ժողովրդավարական են գնահատել ԵԱՀԿ– ն և մյուս միջազգային կազմակերպությունները
Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարության եվրոպական նորմերին և չեն կարող համարվել բնակչության ազատ կամքի արտահայտում։ Այսպիսին է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ դիտորդների միացյալ առաքելության գնահատականը, հաղորդում է Turan գործակալությունը։
• Ամեն ինչ Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին մեկ րոպեում։ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արտահերթ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում անցկացվել են փետրվարի 9–ին։ Դրանցում հաղթել է իշխող «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը, որը խորհրդարանում ստացել է տեղերի մեծ մասը։
Մրցակցության բացակայություն և խախտումներ
Ըստ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելության համակարգող Արթուր Գերասիմովի, քանի որ հեռուստաալիքներն ու մյուս ավանդական մեդիաները գրեթե չէին լուսաբանում թեկնածուների նախընտրական արշավները, բացակայում էր իրական քաղաքական բանավեճն ու ընտրողներին իմաստավորված ընտրություն կատարելու հնարավորություն չէր տրվել։
ԵԽԽՎ առաքելության համակարգող Ֆրանկ Շվաբեն խոսել է բազմաթիվ խախտումների մասին ինչպես քվեարկության, այնպես էլ ձայների հաշվարկի ժամանակ։
Այսպես, ընտրատեղամասերի 16%–ում գրանցվել է քվեաթերթիկների լցոնում, 5%–ում՝ «կարուսելներ», 4%–ում՝ գաղտնիության խախտում։ 39 դեպքերում ընտրական հանձնաժողովների անդամները չեն համագործակցել դիտորդների հետ, իսկ 6 դեպքերում կուսակցությունների ներկայացուցիչներին և թեկնածուներին վռնդել են տեղամասերից։ 44 ընտրատեղամասերում կողմնակի անձինք են եղել, որոնք չպետք է այնտեղ գտնվեին (օրինակ՝ զինվորականներ և պետական պաշտոնյաներ)։
113 դեքերից 66–ում քվեների հաշվարկի ժամանակ անտեսվել են կարևոր ընթացակարգեր։
«Մենք արդեն սովոր ենք»
Մեկնաբանելով բացասական արձագանքներն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է․
«Մենք արդեն վաղուց սովոր ենք բացասական կարծիքին։ Նրանց եզրակացությունները որոշ դեպքերում նախապես են գրվում, ընդ որում՝ ոչ նրանց կողմից, այլ ուրիշ վայրերում, այնուհետև փոխանցվում են նրանց։ Մենք բազմիցս ականատես ենք եղել դրան։ Դուք էլ եք նկատել մեր նկատմամբ Եվրախորհրդի բացասական վերաբերմունքը»։
Իսկ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ բոլոր խախտումները հետաքննվում են, և համապատասխան միջոցներ են ձեռնարկվելու։ Ընդ որում, նախարարությունը պնդում է, որ «այս ընտրություններն արտահայտում են Ադրբեջանի ժողովրդի կամքն ու մեր երկրի հերթական հաջող քայլ են ժողովրդավարական զարգացման ճանապարհին»։