Ադրբեջանում առաջարկում են տուգանք սահմանել ընտրություններին չմասնակցելու համար
Թուրքիայի օրինակով՝ Ադրբեջանում առաջարկվում է ընտրողներին տուգանել ընտրություններին չմասնակցելու համար։ Այսպիսի առաջարկով է հանդես եկել «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը։ Սոցցանցերի օգտատերերը կողմ են նախաձեռնությանը։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) ներառում է աշխարհի 37 առաջատար երկիր և համարվում է միջազգային տնտեսական կազմակերպությունների շրջանում լրջագույններից մեկը։ Նրա խոսքով՝ OECD երկրներում ընտրություններին ընտրողների մասնակցության միջին ցուցանիշը հավասար է 68 տոկոսի։ Սակայն Թուրքիայում, որը նույնպես այդ կազմակերպության անդամ է, այդ ցուցանիշը 86 տոկոս է։
Ընդդիմադիր գործչի առաջարկը
«Ցուցանիշների այդ տարբերությունը բացատրվում է նրանով, որ Թուրքիայում մասնակցությունն ընտրություններին պարտադիր է։ Այլ կերպ ասած՝ չմասնակցելու համար տուգանում են, թեև՝ ոչ մեծ գումարով», — ընդգծում է «Հանրապետական այլընտրանքի» (REAL) նախագահը։
«Մեզ մոտ էլ կարելի է մտածել այդպիսի տուգանքի մասին։ Շնորհիվ REAL-ի կողմից ընտրությունների բոյկոտի դեմ ակտիվ քարոզչության՝ այդ պրակտիկան մեր երկրում արդեն մահվան եզրին է։
Մրցակցությունից չվախեցող իշխանությունը չի անհանգստանալու ընտրություններին ժողովրդի մասնակցության համար, չի քարոզելու հօգուտ բոյկոտի։ Թուրքիայի էլիտան այս տեսանկյունից հարգանքի արժանի է։ Ճիշտ է, այդ կանոնը Թուրքիայում կիրառվել է անջատողականության չեզոքացման նպատակով, սակայն արդյունքում՝ այդ մշակույթը վերածվել է գործոններից մեկի, որը պահպանում է ժողովրդավարությունը», — գրել է Իլգար Մամեդովը Ֆեյսբուքի իր էջում։
Թուրքիա և տուգանքներ՝ ընտրություններին չմասնակցելու համար
Թուրքիայում ընտրություններին չմասնակցելու համար տուգանքի չափը յուրաքանչյուր քվեարկությունից առաջ սահմանում է երկրի Գերագույն ընտրական հանձնաժողովը։
2019 թ-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին այդ տուգանքը կազմում էր 22 լիր [մոտ 4 դոլար՝ 2019 թ-ի մարտի միջին փոխարժեքով]։
Ընտրություններին չներկայացած ընտրողները տուգանքի մասին իրազեկվում են։ Վճարումն իրականացվում է ծանուցումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում, տեղի փոստային բաժանմունքներում։
Մեկնաբանություններ
Այս թեմայով առավել բնորոշ մեկնաբանություններ սոցցանցերում․
«Եթե տուգանքը լինի նույնիսկ ընդամենը 10 մանաթ [մոտ 5,88 դոլար], մարդիկ կգնան ընտրություններին, միայն թե չվճարեն այդ գումարը։ Իսկ ընդհանրապես, սեփական ապագայի նկատմամբ անտարբերության համար պատիժը պետք է շատ ավելի մեծ լինի»։
«Ընտիր կլիներ, եթե տուգանեին, ասենք, 10 մանաթով։ Բոլորը կմասնակցեին ընտրություններին։ Իսկ ով չգնա, բյուջեն կլցնի»։
«Այսինքն՝ հավատում եք, որ Ադրբեջանում արդար ընտրություններ են անցկացվում, և խնդիրը միայն ընտրողների մասնակցությո՞ւնն է»։