«Ադրբեջանը ձգտում է միջազգայնորեն օրինականացնել իր ամբողջ ավարը»․ Վարդան Օսկանյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թերագնահատում է կորուստները, արդարացնում դրանք ու խոսում տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մասին, այնինչ Ադրբեջանը ձգտում է ոչ թե խաղաղության, այլ կիսատ թողածը ավարտին հասցնելու։ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կարծիքն է։
ԶԼՄ ներկայացուցիչներին Օսկանյանը փոխանցել իր վերջին հոդվածը, որտեղ նա վերլուծում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման 25–ամյա գործընթացն ու կանխատեսումներ անում։
Հայաստանի արտաքին գերատեսչության նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը կարծում է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների հնարավոր վերսկսման նախաշեմին, նոր դրսևորումներ է ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ցինիզմի և իդեալիզմի համադրությունը»․
«Առաջինն արտահայտվում է մեր կորուստների թերագնահատմամբ ու անտեսմամբ և, ինչն առավել ցավալի ու վտանգավոր է՝ դրանց արդարացմամբ, իսկ նրա իդեալիզմը՝ տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան բացելու առաջարկով։ Եկեք արձանագրենք, որ Ադրբեջանը չի ձգտում խաղաղության, այլ ձգտում է բանակցություններով ավարտին հասցնել իր կիսատ թողած պահանջները և իր ամբողջ ավարը միջազգայնորեն օրինականացնել»։
Ըստ Օսկանյանի՝ եթե Հայաստանի խաղաղության ձգտումը վերածվի ինքնանպատակ քաղաքականության, ապա պատերազմի վախը զենք կդառնա հակառակորդի ձեռքում, որն առնվազն մեզ կտանի բարոյական զինաթափման։
«Շատ կուզեի տեսնել, որ Փաշինյանը չկրկնի իր նախկին սխալները և անպատրաստ չգնա բանակցությունների», – գրում է Օսկանյանը։
Դիվանագետը լրահոսից ենթադրում է, որ Մինսկի խմբի շրջանակում Ղարաբաղյան բանակցությունները շուտով կվերսկսվեն․
«Թե ինչ զարգացում կունենա այդ գործընթացը, դժվար է կանխատեսել՝ հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմի արդյունքում ստատուս քվոն գլխիվայր փոխվել է»։
Ասում է՝ այսօր դիրքորոշման հարցում կողմնորոշվելը դժվար է նույնիսկ ՄԽ համանախագահ երկրների հմուտ դիվանագետների համար։
«Մի կողմից, հազիվ թե այսօր համանախագահ երեք երկրների դիրքորոշումները նախկինի նման միահունչ լինեն՝ հաշվի առնելով Ռուսաստանի խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում և, բնականաբար, այդ երկրի ուժեղացած դիրքերը քաղաքական հարթությունում։ Մյուս կողմից, համանախագահ երկրները չգիտեն, թե կողմերն ինչ դիրքորոշումով կներկայանան բանակցային գործընթացին»,- գրում է Օսկանյանը։
Օսկանյանի կարծիքով՝ առաջիկա հանդիպմանը հայկական կողմի ներկայացնելիք օրակարգն է պայմանավորելու, թե փաստաթղթային ինչ բովանդակություն կամրագրվի բանակցությունների հետագա ողջ ընթացքում։
Հոդվածում ԱԳ նախկին նախարարը Հայաստանի ներկայիս վարչապետին մի քանի առաջարկներ է արել՝ բնորոշելով դրանք որպես «տակտիկական»․
- Բանակցություններին լավ պատրաստվելու համար Փաշինյանը պետք է կարողանա վեր կանգնել նեղ շահերից և խորհրդակցել այս հարցում կարևոր ներդրման հնարավորություն ունեցող մարդկանց հետ, անկախ նրանց՝ իր տված պիտակավորումներից։
- Իշխանության գործադիր և օրենսդիր ներկայացուցիչները պետք է զերծ մնան կորուստների արդարացումից, ոչ հայանպաստ արտահայտություններից և առհասարակ զգույշ լինեն իրենց յուրաքանչյուր բառի նկատմամբ։ Մի բան, որի կարևորությունը, վախենամ, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները չեն գիտակցում:
- Բանակցություններում հայկական կողմը ոչ թե պետք է ձգտի խաղաղության, այլ օրինակարգ (legitimate) համակարգի հաստատման, որի անկյունաքարը լինի ոչ թե ուժերի հավասարակշռությունը, այլ կողմերի բավարարվածությունն ու արդար կարգավորման հեռանկարը։ Միայն սա կարող է բերել կայուն խաղաղություն։
- Երբեք չենթարկվել ճնշումների՝ ժամանակի առումով, և հապճեպություն չցուցաբերել հարցի համապարփակ հանգուցալուծմանը հասնելու ճանապարհին։ Հայկական կողմը հենց այստեղ պետք է որդեգրի խնդրի առաջխաղացման փուլային տարբերակը։
- Մտքում միշտ ունենալով գլոբալ և տարածաշրջանային մեծ պատկերը, գլխավոր դերակատարների տարաբնույթ շահերը՝ միշտ կենտրոնացած մնալ կոնկրետ մեր շատ նեղ խնդրի վրա՝ առաջնորդվելով միմիայն ազգային առաջնահերթություններով։
Անդրադառնալով իշխանությունը ստանձնելուց հետո Լեռնային Ղարաբաղի հարցում Փաշինյանի դիրքորոշմանը՝ Օսկանյանն այն որակել է անորոշ և քաոսային։
Ըստ ԱԳ նախկին նախարարի՝ Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել խորհրդակցել նախկիններից որևէ մեկի հետ․
«Հայտնվել էր «եթե չգիտես ուր ես գնում, ապա երբեք չես կորում» խաբուսիկ շրջանի մեջ, ուստի որևէ պահի կարիք չէր զգում ինքն իրեն հարց տալու, թե արդյո՞ք սխալ ճանապարհով չի գնում»։
Ավելի ուշ Հայաստանի վարչապետի մոտ ձևավորված և բազմիցս հնչած «հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար» միտքը Վարդան Օսկանյանը համարում է Փաշինյանի վարած ղարաբաղյան քաղաքականության անկյունաքարը։
«Շատ քննադատներ ու մեկնաբաններ պնդում են, որ պատերազմի բռնկման պատճառներից մեկը Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունն էր։ Ես կարծում եմ՝ նրա հենց այս գաղափարն էր, որ Ադրբեջանին աոիթ տվեց պատճառաբանելու բանակցային ճանապարհով հարցը լուծելու անհնարինությունը», — գրում է Օսկանյանը։
ԶԼՄ ներկայացուցիչներին տրամադրած հոդվածում ԱԳ նախկին նախարարն անդրադարձել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման 25–ամյա գործընթացին՝ վերլուծելով, թե ինչ կար բանակցային սեղանին Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին։
Օսկանյանի գնահատմամբ՝ նախորդ 25 տարիների ընթացքում Մինսկի խմբի ներկայացրած՝ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հինգ առաջարկություններից «յուրաքանչյուրն առանց բացառության արտացոլել է այդ օրվա Հայաստանի իշխանությունների՝ Ղարաբաղի հարցում որդեգրած սկզբունքները և վարած քաղաքականությունը»։
Ստորև բառացի մեջբերում ենք Վարդան Օսկանյանի հոդվածի այն հատվածները, որոնք վերաբերում են հայկական կողմից նախկին բանակցողների մոտեցումներին։
«Տեր-Պետրոսյանը փուլային տարբերակը համարեց չայրաց փոքրագույնը»
«Լեւոն Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականությունը խարսխված էր Հայաստանի այդ օրերի առկա եւ տեսանելի համախառն ներուժի սթափ գնահատման վրա՝ զուգորդված իր՝ միջազգային և աշխարհաքաղաքական իրադարձությունների նկատմամբ անվերապահ ռեալիզմով։ Տեր-Պետրոսյանը համոզված էր, որ հետսառըպատերազմյան միջազգային տրամադրություններն այնպիսին են, որ պարզապես անհնար է հասնել Ադրբեջանից դուրս Լեռնային Ղարաբաղի ամբողջական ինքնորոշման։ Նա, հետևապես, տրամաբանում էր, որ եթե ազգովի անպայման պահանջում ենք Ղարաբաղի խնդրի ամբողջական լուծում, ապա պետք է համակերպվել Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարության հետ, իսկ եթե ոչ, ապա պետք է գնալ փուլային ճանապարհով։
Հետաքրքրական է, որ 1997-ին Մինսկի խումբը մեզ առաջարկեց իրար հաջորդող երկու փաստաթուղթ, որոնք ամբողջությամբ արտացոլում էին Լևոն Տեր-Պետրոսյանի տրամաբանությունը։ Առաջինը «փաթեթայինն» էր, որով Լեռնային Ղարաբաղին տրվում էր բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ Այն անմիջապես մերժվեց Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կողմից, իսկ դրան հաջորդած «փուլայինը»՝ տարածքների վերադարձ առանց կարգավիճակի հստակեցման, Տեր-Պետրոսյանը համարեց չարյաց փոքրագույնը, ինչը և ավելի ուշ դարձավ նրա հրաժարականի պատճառներից մեկը»։
«Քոչարյանը ծայրահեղ պահանջներ չէր դնում»
«Ռոբերտ Քոչարյանի ղարաբաղյան քաղաքականությունը հիմնված էր ոչ թե Հայաստանի Հանրապետության առկա հնարավորությունների, այլ ապագա հնարավոր ներուժի վրա և զուգորդվում էր միջազգային քաղաքականության մեջ նրա խիստ պրագմատիզմով։ Քոչարյանը վստահ էր, որ կառավարման հարցերում լինելով խիստ նպատակային և կազմակերպված՝ առկա պայմաններում հնարավոր է զարգացում ապահովել և առավել բարենպաստ դիրքերից հանդես գալ բանակցային գործընթացում։
Այդ պրագմատիզմն արտահայտվում էր նրանում, որ նա, ճիշտ գնահատելով օրվա աշխարհաքաղաքական իրադարձությունները և միտումները, ինչպես նաև գլխավոր դերակատարների տրամադրությունները, ղարաբաղյան կարգավորման հարցում ծայրահեղ պահանջներ չէր դնում՝ հակառակ իր անձնական համոզմունքների։ Այդ օրերի հայկական պահանջներն էին․ ա) հորիզոնական կապ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, բ) Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովում, գ) անխափան կապ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջև։
Հետաքրքրական է, որ Քոչարյանի տասը տարիների ընթացքում Մինսկի խմբի կողմից եղել է երեք առաջարկություն՝ «ընդհանուր պետություն», որտեղ առաջարկվում էր հորիզոնական կապ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև; «Քի Վեսթ», որտեղ Ղարաբաղը դրվում էր Հայաստանի ինքնիշխանության ներքո, և վերջապես՝ «Մադրիդյան փաստաթուղթ», որտեղ Ղարաբաղը ստանում էր Ադրբեջանից դուրս միջանկյալ կարգավիճակ՝ ապագայում հանրաքվեի հեռանկարով»։
Սերժ Սարգսյանի օրոք «նոր փաստաթուղթ չի ծնվել»
«Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանը հիմնականում Քոչարյանի պրագմատիզմի մասամբ իներցիոն, մասամբ նախաձեռնողական շարունակությունն էր։ Այդ ժամանակահատվածում նոր փաստաթուղթ չի ծնվել, այլ ընդամենը տեղի են ունեցել Մադրիդյան փաստաթղթի տարատեսակ փոփոխություններ, այդ թվում այսպես կոչված՝ «Լավրովյան պլանը», որը թերևս Մադրիդյանի փուլային տարբերակն էր»։
Վարդան Օսկանյանը հոդվածն ամփոփել է 44-օրյա պատերազմից հետո հրապարակած հոդվածներից մեկի խորագրով՝ «Ամեն ինչ կորած չէ, շատ բան կարելի է վերականգնել», ու նշել, որ իր դիրքորոշումն անփոփոխ է մնում։