Ադրբեջանական Գյանջա քաղաքում պահանջում են ազատ արձակել ամռանը քաղաքապետի նկատմամբ մահափորձից հետո կալանավորվածներին
Ադրբեջանի արևմուտքում գտնվող Գյանջա քաղաքում ՝գործադիր իշխանության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Այն երիտասարդների ծնողները, որոնք կալանավորվել են անցյալ տարվա հուլիսին տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, պահանջում էին ազատ արձակել նրանց։
Ի՞նչ է տեղի ունեցել Գյանջայում հուլիսին
2018թ-ի հուլիսի 3-ին մահափորձ էր կատարվել քաղաքի գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևի նկատմամբ։ Տեղի բնակիչ Յունիս Սաֆարովը կրակել էր Վելիևի և նրա թիկնապահի վրա։ Երկուսն էլ կենդանի էին մնացել, կրակողը ձերբակալվել էր։
• Մանրամասներ՝ Գյանջայի մահափորձի և դրա հետևանքների մասին
• Մեկամսյա ցույցերից հետո Ադրբեջանի իշխանությունները «ներել են» բլոգերին
Հուլիսի 10-ին Գյանջայի գործադիր իշխանության շենքի դիմաց բողոքի ակցիա էր սկսվել ի պաշտպանություն Յունիս Սաֆարովի։ Ակցիային մոտ 200 մարդ էր հավաքվել։ Ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև բախում էր տեղի ունեցել, երկու ոստիկան էր սպանվել։
Ոստիկանի սպանության կասկածյալներից մեկը մահացել էր մի քանի օր անց ձերբակալման ժամանակ, երկրորդը՝ կալանավորվել։
Բողոքի ակցիային մասնակցելու կասկածանքով կալանավորվել էր ավելի քան տասը մարդ։ Մարտին նրանցից ոմանք դատապարտվել էին հինգից ութ տարվա ազատազրկման զանգվածային անկարգությունների կազմակերպման և ոստիկանությանը դիմադրելու մեղադրանքով։
Մանրամասներ՝ ապրիլի 22-ի ակցիայի մասին
Ակցիայի մասնակիցները կարծում են, որ իրենց երեխաներին ապօրինի են կալանավորել։ Նրանք պնդում են նաև, որ կալանավորվածներին կտտանքների են ենթարկել։ Ոստիկանության աշխատակիցներն ակցիայի մասնակիցներից պահանջել էին ցրվել և դատախազություն կամ Վերաքննիչ դատարան դիմել։ Այնուհետև ոստիկանությունը սկսել էր հեռացնել նրանց տարածքից։ Ակցիայի մասնակիցները տեղափոխվել էին ոստիկանության շենքի մոտ, սակայն նրանց այնտեղից էլ էին հեռացրել՝ ասելով, որ «ակցիան ապօրինի է և խախտում է հասարակական կարգը»։