Դատապարտված բլոգերի դեմ նոր գործը կարճվել է, նա բանտից ազատ կարձակվի իր երկամյա պատիժը կրելուց հետո " />

Ադրբեջանի իշխանությունները մեկամսյա ցույցերից հետո «գթացել են» Մեհման Հուսեյնովին․ ի՞նչ է դա նշանակում

Դատապարտված բլոգերի դեմ նոր գործը կարճվել է, նա բանտից ազատ կարձակվի իր երկամյա պատիժը կրելուց հետո

Դատապարտված բլոգեր Մեհման Հուսեյնովի դեմ նոր քրեական գործը կարճվել է երկրի նախագահի միջամտությունից հետո։ Մինչ այդ բլոգերը մեկ ամսից ավել բանտում հացադուլ էր անում՝ ցույցերի ալիք առաջացնելով հասարակությունում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների միջամտությունը, բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով Եվրախորհրդարանի բանաձև և ընդդիմության արտասովոր զանգվածային հանրահավաք։ Հունվարի 21-ին Հուսեյնովը դիմել էր նախագահ Իլհամ Ալիևին՝ խնդրելով «ապահովել իր գործով անաչառ և արդար հետաքաննություն»։ Եվ արդեն մի քանի ժամ անց գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Հուսեյնովի դեմ նոր մեղադրանքը կարճվել է։

Ո՞վ է Մեհման Հուսեյնովը

26-ամյա Մեհման Հուսեյնովը հայտնի վիդեոբլոգեր է։ Իր տեսանյութերում նա քննադատում էր իշխանություններին և կոռումպացված պաշտոնյաներին։ Հուսեյնովը երկու տարվա ազատազրկման էր դատապարտվել 2017թ-ի մարտին Բաքվի ոստիկանության շրջանային վարչության պետի հասցեին հնչեցրած զրպարտության մեղադրանքով։ Նա պատմել էր, որ իրեն կտտանքների են ենթարկել ոստիկանական բաժանմունքում։ Հուսեյնովի այս խոսքերը դատարանը հերյուրանք էր համարել։ «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը Հուսեյնովին «խղճի գերի» է ճանաչել։ Մեհմանի ազատազրկման ժամկետը լրանում է այս տարվա մարտին, սակայն անցյալ տարվա դեկտեմբերին նրան նոր մեղադրանք առաջադրվեց, թե բլոգերը ծեծել է բանտապանին։ Դա Մեհմանին սպառնում էր ևս մի քանի տարվա ազատազրկմամբ։ Որպես բողոքի նշան նա հացադուլ հայտարարեց։

Գործի կարճում

Գլխավոր դատախազության հայտարարությունում ասված է.

«Հաշվի առնելով Հուսեյնովի երիտասարդ տարիքը, այն, որ նա պատիժը կրելիս վարչական պատասխանատվության չի ենթարկվել, ուղղվելու ուղին է բռնել, ինչպես նաև հաշվի առնելով, որ Մ. Հուսեյնովի տարեց և միայնակ հայրը հոգածության կարիք ունի, իսկ Հուսեյնովի կատարած հանցանքը ծանրների շարքին չի դասվում, և նա հասարակության համար վտանգ չի ներկաայցնում, Մեհման Հուսեյնովի հանդեպ քրեական գործը կարճվել է»։

Այլ կերպ ասած, դատախազությունը  ոչ թե փոխել է իր կարծիքը այն մասին, որ Մեհմանը ծեծել է լեյտենանտին, այլ որոշել է գթալ բլոգերին։

Ի՞նչ է դա նշանակում

Մեհման Հուսեյնովի գործի այս շրջադարձն ադրբեջանական հասարակությունում ոչ միայն ուրախություն, այլ նաև վեճեր է առաջացրել։ Չէ՞ որ Մեհմանի վրայից երկրորդ մեղադրանքը հանելու պահանջն ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքացիների և իշխանությունների ամենախոշոր դիմակայությունն էր վերջին մի քանի տարում։ Ի՞նչ է նշանակում այս հանգուցալուծումը։ Մի կողմից, ժողովրդի պահանջը կարծես թե ընկալվել է և բավարարվել։ Մյուս կողմից, մեղադրանքը Մեհմանի վրայից չեն հանել, նրան «գթացել են», «ներել»։ Եվ ընդհանրապես, դա արել է հենց այն կառավարությունը, որին ժամանակին այդքան ակտիվորեն քննադատում էր Մեհմանը։ Մյուս կողմից, Մեհմանի մեղադրանքը չի հանվել, սակայն «հայցվորին համոզել են ներել նրան»։ Եվ դա արել է հենց այն կառավարությունը, որին ակտիվորեն քննադատում էր Մեհմանն իր տեսանյութերում։

Ահա թե ինչ են այդ առթիվ մտածում և խոսում «կոնֆլիկտի կողմերը»։

Խադիջա Իսմայիլ, լրագրող, որը հինգ օր հացադուլ է արել ի նշան Մեհմանի հետ համերաշխության․

«Ընկերներ, սա հաղթանակ չէ։ Մեհմանն ու մյուս 128 քաղբանտարկյալները դեռ բանտում են։ Թող նրանց բոլորին ազատ արձակեն, և նախագահն այս իրավիճակում հաղթող կլինի։ Իսկ մինչ այդ բոլորը դեռ պարտվող կողմ են։ Շարունակում ենք բողոքի ակցիան»։

Գլխավոր դատախազության մամուլի ղեկավար Էլդար Սուլթանով.

«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն, ինչպես միշտ, հետևելով արդարության և մարդասիրության սկզբունքներին, հաշվի է առել այդ դիմումներն ու հորդորել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազությանը քրեական գործի անաչառ հետաքննություն անցկացնել, ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցներն արդար և մարդասիրական որոշում կայացնելու համար»։

Թոֆիգ Յագուբլու, «Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչ, որը 13 օր հացադուլ էր անում ի նշան Մեհմանի հետ համերաշխության.

«Մենք կարողացանք Իլհամ Ալիևին ստիպել դադարեցնել Մեհման Հուսեյնովի հանդեպ նոր շինծու գործը, որը հարուցվել էր անձամբ իր հրահանգով։ Սա առաջին և շատ փոքր հաղթանակն է։ Սրանով նա ուզում է հանգստացնել բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են գալ հունվարի 26-ի հանրահավաքին։ Չի՛ տացվի։ Բանտում բազմաթիվ մարդիկ կան, որոնք նստած են շինծու մեղադրանքներով։ Նրանք բոլորը պետք է ազատ արձակվեն։ Եկեք հունվարի 26-ի հանրահավաքին»։

Սոցցանցերի արձագանքը

Գրեթե մեկ ամիս շարունակ Մեհման Հուսեյնովի հացադուլի թեման ալեկոծում էր Ադրբեջանի սոցցանցերը. ոմանք ամեն կերպ աջակցություն էին հայտնում բլոգերին, մյուսները պարզապես հետևում էին իրադարձությունների զարգացմանը։ Այդ պատճառով լուրը, որը նրա մեղադրանքը չեղարկվել է, մեծ արձագանք առաջացրեց։ Մարդիկ տարբեր կերպ արձագանքեցին.

«Երկրի համար ամոթ է, որ դատարանն ու քննությունը հետևում են նախագահի հրահանգներին։ Նախագահը ոչ մի լիազորություն չունի, դա մեկ։ Եթե նա այդքան բարի է, ինչո՞ւ իր բարությունը չի կիրառում մնացած քաղբանտարկյալների հանդեպ»։

«Խնդիրն արագ է լուծվում, երբ ժողովուրդը համախմբվում է։ Իշխանությունը վախեցավ»։

«Իսկ ո՞ւմ են պատժելու շինծու քրեական գործի համար»։

«Այս ի՞նչ էր։ Շոու է, կարծես»։

«Շնորհակալություն ժողովրդին և Եվրախորհրդարանին, որ լավ գործեցին։ Պետությունն իրեն ավելի շատ խայտառակ չանելու համար որոշեց բաց թողնել նրան։ Միասին մենք ուժ ենք»։

«Ես սա չեմ համարում Մեհմանի հաղթանակ։ Այժմ նա հազիվ թե պահպանի իր հակաիշխանական դիրքորոշումը»։

Իրադարձությունների ժամանակագրությունը

Մեհման Հուսեյնովի շուրջ կատարվող իրադարձությունների ժամանակագրությունը

Դեկտեմբերի 26. Մեհման Հուսեյնովը հացադուլ հայտարարեց՝ պահանջելով իր վրայից հանել նոր մեղադրանքը;

Հունվարի 3 և 6. կայացավ երկու չարտոնված ցույց՝ ի պաշտպանություն Մեհման Հուսեյնովի, մասնակիցներից շատերը քսան օրով կալանավորվեցին կամ տուգանվեցին;

Հունվարի 5. որպես Մեհմանի հետ համերաշխության նշան «Մուսավաթ» կուսակցության գրասենյակում հացադուլ հայտարարեցին տարբեր ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստներ;

Հունվարի 6. Մեհմանն իր փաստաբանի միջոցով հայտարարություն տարածեց, որում նշում էր, որ պայքարելու համար իրեն շատ ուժեղ է զգում.

«Մինչև այսօր հարյուրավոր քաղբանտարկյալներ են նստել շինծու մեղադրանքներով և զոհել իրենց ազատությունը, սակայն այդ զոհողությունը ոչինչ չի փոխել, իրավիճակը նույնն է մնում և նույնիսկ ավելի է վատթարանում։ Նշանակում է, որ պետք է ավելի հեռուն գնալ և զոհաբերել էլ ավելի մեծ արժեքներ, հնարավոր է, ինչ-որ բան փոխելու համար»։

Հունվարի 7. Մեհմանի փաստաբանը հաղորդեց, որ նա շարունակում է հացադուլը, սակայն սկսել է կաթնամթերք ընդունել;

Հունվարի 7. խորհրդարանի պատգամավոր Սիավուշ Նովրուզովը հայտարարեց լրագրողներին, որ Մեհման Հուսեյնովը հանցագործություն է կատարել և պետք է պատժվի;

Հունվարի 10. մամուլում հայտնվեց ձեռագիր ուղերձի լուսանկար, որում Մեհմանն ասում է, որ չէր ցանկանում իր շուրջ իրարանցում ստեղծել, և իր առողջական վիճակը նորմալ է;

Հունվարի 11. Մեհմանին այցելեց Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչն ու եվրոպական երկրների դեսպանատների աշխատակիցներ;

Հունվարի 14. «համերաշխության հացադուլ» հայտարարեց հինգ քաղբանտարկյալ;

Հունվարի 15. հացադուլավորներին միացավ հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլը;

Հունվարի 16. որոշ ընդդիմադիրներ դադարեցրին հացադուլը, նրանց տեղը զբաղեցրին ուրիշները;

Հունվարի 17. բլոգերի եղբայր, իրավապաշտպան Էմին Հուսեյնովը, որն ապրում է Շվեյցարիայում, Եվրախորհրդարանի անդամներին բաց նամակ էր հղել՝ խնդրելով քվեարկել Մեհմանի և մյուս քաղբանտարկյալների փրկության համար։

Հունվարի 17-ի երեկոյան Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց՝ Ադրբեջանի իշխանություններից պահանջելով «անհապաղ ազատ արձակել Մեհման Հուսեյնովին և չեղարկել նրան առաջադրված նոր մեղադրանքները»։

Հունվարի 19. Բաքվում ի աջակցություն Մեհմանի և մյուս քաղբանտարկյալների բազմահազարանոց հանրահավաք տեղի ունեցավ։


Կարդալ ավելին JAMnews-ում