2026 թ․-ի հունիսի 7-ին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Ընտրությունների նախաշեմին Աբխազիայի ընդդիմության որոշ ներկայացուցիչներ հայերին կոչ են արել քվեարկել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ։
Ընդդիմության մյուս անդամները բացասաբար են արձագանքել այս կոչին՝ այն համարելով միջամտություն Հայաստանի ներքին գործերին։
Մի քանի ընդդիմադիր կազմակերպություններ, որոնց ոչ ֆորմալ ղեկավարը Ադգուր Արձինբան է, դիմել են տեղի հայ համայնքի ղեկավար Ալիկ Մինասյանին, որպեսզի նա, իր հերթին, հայ քաղաքացիներին կոչ անի կատարել «ճիշտ ընտրություն»։ Այսինքն՝ աջակցել այն քաղաքական ուժերին, որոնց հիմնարար սկզբունքներն են Ռուսաստանի հետ դաշինքն ու բարեկամությունը։
«Ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում Հայաստանի և մեր ռազմավարական գործընկեր, դաշնակից Ռուսաստանի միջև հարաբերությունների ամրապնդումն Անդրկովկասում կայունության, անվտանգության և Հայաստանի շարունակական բարգավաճման երաշխիք է։
Մենք վստահ ենք, որ Հայաստանի քաղաքացիները կլսեն Աբխազիայի հայ համայնքի ձայնը, ընտրություն կկատարեն հօգուտ Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության»,— ասված է կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ։
Ալիկ Մինասյանը դեռևս չի արձագանքել կոչին։ Սակայն աբխազ ընդդիմադիր այլ գործիչներ բավականին կտրուկ են արձագանքել։ Նրանց կարծիքով՝ քանի որ աբխազներին դուր չի գալիս, երբ դրսից որոշ մարդիկ փորձում են ազդել իրենց հանրապետությունում անցկացվող ընտրությունների վրա, տրամաբանական կլիներ, եթե նրանք նույնպես չխառնվեին այլ երկրների ընտրություններին։
«Մենք կարծում ենք, որ մեր հասարակության ներքին խնդիրների վրա կենտրոնանալն ավելի տրամաբանական և օգտակար կլիներ», — հայտարարել է «Այդգիլարա» կազմակերպությունը, որը ղեկավարում է ընդդիմության երկրորդ ոչ ֆորմալ առաջնորդ Կան Կվարչիան։
Մեկ այլ ընդդիմադիր կազմակերպություն՝ «Ապսուաա Ռիմչ»-ը, կարծում է, որ տեղի հայերը, առաջին հերթին, Աբխազիայի քաղաքացիներ են, ուստի «ազգային համայնքի գործիքայնացումն ու այն արտաքին ընտրական գործընթացներում ներգրավելու փորձը կարճատես քայլ է, որը չի նպաստում ներքին քաղաքացիական ներդաշնակությանը, պարզապես օտար քաղաքական ճգնաժամերը պրոյեկտում է մեր հասարակության վրա»։
«Ախյացա» հասարակական կազմակերպության ղեկավար Ախրա Բժանիան նույնպես տարակուսանք է հայտնել կոչի վերաբերյալ և զուգահեռներ անցկացրել Աբխազիայի հետ.
«Պատկերացրեք, թե Հայաստանում կա աբխազական համայնք, և հանկարծ հայկական հասարակական-քաղաքական կազմակերպությունները համատեղ կոչ են անում նրանց Աբխազիայի ընտրություններում աջակցել որևէ կոնկրետ թեկնածուի: Հետաքրքիր է՝ արդյո՞ք մեզ դուր կգային նման խորհուրդները»։