«ԱՄՆ-ի և Վրաստանի միջև հարաբերություններում ամենամեծ խնդիրն այն է, որ ամերիկացիներն այլևս չեն վստահում իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը»,- մեկնաբանելով Պետդեպարտամենտի ներկայացուցիչների՝ վերջերս Վրաստան կատարած այցի վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը՝ ասել է «Ռազմավարական վերլուծության կենտրոնի» հիմնադիր Նոդար Խարշիլաձեն։
Հեռուստահաղորդման ընթացքում Խարշիլաձեն խոսել է նաև վրացական ընդդիմության մասին՝ նշելով, որ այն այսօր շատ ավելի թույլ է, քան 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել Վրաստանի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների հետ ամերիկյան պատվիրակության հանդիպումների վերաբերյալ, որոնք կազմակերպվել էին Թբիլիսիում։ Հայտարարության մեջ անդրադարձ էր կատարվել նաև վրաց-ամերիկյան հարաբերությունների ապագայի վերաբերյալ Վաշինգտոնի տեսլականին: Հայտարարության համաձայն՝ ամերիկյան պատվիրակությունն ընդգծել է Վրաստանի հետ առևտրային համագործակցությունն ընդլայնելու իր հետաքրքրությունը և «քննարկել է կոնկրետ քայլեր», որոնք Վրաստանի կառավարությունը կարող է ձեռնարկել «այդ նպատակին» հասնելու համար:
Նոդար Խարշիլաձե.
«Ամերիկացիները, ըստ էության, «Վրացական երազանքին» ասացին. «Հեռու տարեք ձեր ճանապարհային քարտեզը»։ Ամերիկացիներն ասացին. «Ահա պայմանները, ուզո՞ւմ եք։ Եթե չեք ուզում, մենք կխոսենք միայն այն ժամանակ, երբ ձեր կարիքն ունենանք»։ Ամենամեծ խնդիրն այն է, որ «Վրացական երազանքին» այլևս չեն վստահում։ Նրանք չեն հավատա նրանց խոսքերին, մինչև չտեսնեն կոնկրետ գործողություններ։
Կար ժամանակ՝ 2018-2019 թվականներին, երբ նրանց վստահում էին և նախապես էին աջակցություն տրամադրում։ Սակայն, այն բանից հետո, երբ Բիձինա Իվանիշվիլին սպառնաց հրապարակել ամերիկացի դեսպանի հետ զրույցի ձայնագրությունը, նրանք դադարեցին վստահել։ Նման բաներն են փլուզում վստահությունը։ Միջազգային հարաբերություններում, եթե դուք ցանկանում եք գործընկերություն, վստահությունն ունի հսկայական նշանակություն։
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա իշխանության գալու երկու ճանապարհ կա. առաջինը՝ ինստիտուցիոնալ (ընտրություններ, խորհրդարան), երկրորդը՝ փողոց: Մեր ընդդիմությունն ընտրեց երկրորդ ճանապարհը, բայց, ցավոք, այս փուլում չկարողացավ հաջողության հասնել: Սա փաստ է, քանի որ այսօր «Վրացական երազանքը» դե ֆակտո կառավարություն է։
Ընդդիմությունն այսօր շատ ավելի թույլ է, քան ընտրություններից հետո էր: Ընտրություններից հետո հասարակության մեջ բողոքի բարձր մակարդակ կար, և ընդդիմությունը պետք է կարողանար օգտագործել այդ լիցքը: Ցավոք, նրանք չկարողացան դա անել: Շատ լավ է, որ այսօր խոսում ենք կոալիցիաների և միավորումների մասին. դա ճիշտ է, բայց ժամանակը ցույց կտա, թե դա որքանով արդյունավետ կլինի։ Ամեն ինչ չափվում է արդյունքներով և փաստերով»: