Փողոցային պայքարի դուրս եկած պատգամավորները կարող են զրկվել մանդատից
Ընդդիմադիրները կզրկվե՞ն մանդատից
Մեկ շաբաթ է, ինչ Երևանում քննարկվում է փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը: Նիստերից երկարատև բացակայելու պարագայում օրենքը նախատեսում է պատգամավորի լիազորությունների դադարեցում, սակայն գործընթացը նախաձեռնելու դեպքում կարիք կլինի նախ ապացուցել, որ այդ բացակայությունները եղել են անհարգելի:
Թեմային անդրադարձել է Հայաստանի խորհրդարանի նախագահը՝ նշելով, որ խնդրին շատ լուրջ է պետք մոտենալ: Սակայն Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ՝ հարցը քննարկման առարկա կարող է դառնալ միայն գարնանային նստաշրջանի ավարտից՝ հունիսի 17-ից հետո:
Իշխանականների և ընդդիմադիրների մեկնաբանությունները, փորձագիտական կարծիք
Մեկ ամսից ավելի է, ինչ խորհրդարանական ընդդիմությունը փողոցային պայքարի է դուրս եկել վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Իշխանականները պարբերաբար քննադատում են պատգամավորներին աշխատանքի՝ ԱԺ չներկայանալու և վարձատրվելու համար: Ընդդիմությունը պատճառաբանում է, որ իշխանափոխությունն օրինականացնելու ճանապարհին այդ մանդատներն իրենց դեռ պետք են գալու:
Ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների՝ օրենքում ամրագրված բացակայությունների թույլատրելի սահմանը հատել է 14 պատգամավոր՝«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ինչպես նաև «Հայաստան» խմբակցության 13 պատգամավորներ՝ Իշխան Սաղաթելյանը, Վահե Հակոբյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Ռուստամյանը, Արթուր Ղազինյանը, Գեղամ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը, Անդրանիկ Թևանյանը, Աշոտ Սիմոնյանը, Արմեն Չարչյանը, Ասպրամ Կրպեյանը, Արթուր Խաչատրյանն ու Արեգնազ Մանուկյանը:
«Կա օրենք, որ պիտի գործի». իշխանության կարծիքը
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ դիտարկում են բացակայություններն անհարգելի համարելու հարցը, ինչպես նաև ընդգծել՝ խնդրին շատ լուրջ է պետք մոտենալ։
«Կա օրենք, գործում է, պիտի գործի, դա իմ կարծիքն է։ Քննարկում կանենք, կհասկանանք»,- նշել է Սիմոնյանն ու վստահեցրել, որ շարժվելու են օրենքի ճանապարհով:
ԱԺ խոսնակը նաև իր դիրքորոշումն էր հայտնել՝ ասելով, որ խիստ է տրամադրված.
«Բայց չեմ ուզում հիմա կանխորոշում անել: Ես համարում եմ, որ իմ գործընկերների հետ պետք է այդ ճանապարհով գնանք, պետք է ոչ մի պարագայում օրենքի խախտում տեղի չունենա»։
Սիմոնյանի փոխանցմամբ՝ հարցը քննարկման առարկա կարող է դառնալ միայն գարնանային նստաշրջանի ավարտից՝ հունիսի 17-ից հետո, քանի որ բացականերն ամփոփում են նստաշրջանի վերջում։
Խոսելով բոյկոտի իրավունքի մասին՝ Սիմոնյանը շեշտել է, որ օրենքն ընդդիմադիր պատգամավորներին թույլ չի տալիս բոյկոտել՝ երբ ուզում են, իսկ հետո վերադառնալ նիստերի դահլիճ:
«Երկրոդական հարց է». ընդդիմության արձագանքը
Խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակի գնահատմամբ՝ այս կերպ գործող իշխանությունը փորձում է «քաղաքական ճնշում բանեցնել, ազդել փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմադիրների վրա»։ Իշխան Սաղաթելյանը նման տեսակետ է հայտնել «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում.
«Մենք այդ մանդատը ստացել ենք մեր ժողովրդի և պետության շահը սպասարկելու։ Այսօր դա փողոցում է, խնդիրները հստակ ձևակերպված են, և մենք ասել ենք, որ խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով»:
Սաղաթելյանի փոխանցմամբ՝ ընդդիմության համար մանդատներից զրկվելը երկրորդական հարց է:
Ընդդիմադիր գործիչը թեմային անդրադարձել էր նաև օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված ասուլիսի ժամանակ: Սաղաթելյանը շեշտել էր, որ իրենք սպասարկում են ժողովրդի պահանջը, երբ օրակարգը լինի խորհրդարանում, այնտեղ կլինեն նաև իրենք․
«Մենք խորհրդարանում մի քանի ամիս օրենսդրական նախաձեռնություններով, արտահերթ նիստերով, ամբողջ գործիքակազմով սպասարկել ենք մեր ժողովրդի պահանջը և օրակարգը։ Հետո այդ օրակարգը թելադրել է դուրս գալ փողոց, այսօր փողոցում ենք: Անհրաժեշտություն կլինի, կտեսնենք՝ այդ օրակարգն այս պահին ինչ-որ հատուկ նիստով խորհրդարանում է, կլինենք խորհրդարանում»:
Թիմակիցների մասին որևէ բան չհայտնելով՝ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը ասել էր, որ անձամբ ինքը խորհրդարան վերադառնալու է:
Ի՞նչ է նախատեսում օրենքը
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ պատգամավորը կարող է զրկվել մանդատից, եթե մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում ոչ հարգելի պատճառով բացակայել է նիստերի առնվազն կեսից։ «Բացակաների» անհարգելի լինելը ենթակա է ապացուցման:
Պատգամավորի բացակայությունը հարգելի է համարվում մի քանի դեպքերում՝ գործուղման, հիվանդության՝ անաշխատունակության մասին տեղեկանքի առկայության պարագայում, ինչպես նաև կալանքի կամ ձերբակալության, քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասին խմբակցության հայտարարության:
Մանդատից զրկելու ընթացակարգը հետևյալն է՝ եթե պատգամավորը բաց է թողել նիստերի կեսը և ավելին, ապա Ազգային ժողովի խորհուրդը պատգամավորի լիազորությունների դադարեցման հարցով դիմում է Սահմանադրական դատարան: Մինչ այդ ՍԴ դիմելու մասին վերջնական որոշում պետք է կայացնի խորհուրդը՝ ԱԺ նախագահի նախաձեռնությամբ հրավիրված նիստում:
Խորհրդի նիստում որոշման չընդունման դեպքում հարցը չի փակվում: Նույն հարցով Սահմանադրական դատարան կարող է դիմել նաև պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ը։
Օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուր խմբակցություն նիստից կարող է բացակայել միայն մեկ անգամ։
Փորձագիտական կարծիք
Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ պատգամավորին մանդատից զրկելը իրավական քննարկումների առիթ տվող թեմա է, որի վերաբերյալ միանշանակ չեն նաև Վենետիկի հանձնաժողովի մեկնաբանությունները:
Իրավաբանի գնահատմամբ՝ ակցիաներ կազմակերպելը ընդդիմադիրների քաղաքական գործունեության դրսևորումներից մեկն է.
«Այդ հիմքով իշխող քաղաքական ուժը չի կարող նրանց նկատմամբ կիրառել այդ սանկցիաները»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Տարոն Սիմոնյանը։
Սիմոնյանի դիտարկմամբ՝ թեև օրենքը նման բան նախատեսում է, սակայն այն պետք է մեկնաբանել ոչ թե տառացի, այլ գրվածի նպատակը հասկանալով:
Ըստ նրա՝ օրենքի դրույթը նախատեսում է պատգամավորին մանդատից զրկել իր պարտականությունները չկատարելու, այդ թվում՝ ժողովրդի կամքը չբարձրաձայնելու դեպքում.
«Ընդդիմադիր քաղաքական գործիչները կարծում են, որ հիմա առաջնահերթ է այս կերպ ժողովրդի կամքը բարձրացնել, և ոչ թե՝ գնալ և օրենք գրել։ […] Այսինքն՝ այդ հոդվածը չի պահանջում միայն ֆիզիկական ներկայություն խորհրդարանում, այլ նրանցից հստակ պահանջում է ակտիվ քաղաքական և օրենսդրական աշխատանք»։
Իրավաբան Արա Ղազարյանի կարծիքով՝ ընդդիմադիրների փողոցային պայքարը հասարակական հիմունքներով է և կապ չունի նրանց պատգամավորական կարգավիճակի հետ։
«Պատգամավորին բացակայության համար մանդատից զրկելը, որքան հասկացա, կարգապահական պատասխանատվության ենթարկելու եղանակ է։ Բայց դա որևէ կապ չունի նրանց հանրային գործունեության հետ, որովհետև չէ՞ որ նրանք հանրային գործունեությամբ չեն զբաղվում՝ որպես պատգամավոր։ Պետք է նայել ու տեսնել, թե դա ինչի հիման վրա է, պետք է նայել ԱԺ կանոնակարգ օրենքը»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Ղազարյանը։
Օրենքն իրավաբանը չի մեկնաբանել, անդրադարձել է միայն պատգամավոր Արմեն Չարչյանի բացակայություններին:
«Իր կամքից անկախ է բացակայել, քանի որ գտնվել է անազատության մեջ: Այդ հանգամանքը Չարչյանը կարող է օգտագործել ի շահ իրեն»,- եզրափակել է Ղազարյանը։