«Կրիտիկական զանգված չկա, շարժումը չի հաջողի»․ քաղաքագետ
Փաշինյանին իմփիչմենթ հայտարարելու գործընթաց
«Ակնհայտ է, որ Ազգային ժողովում որևէ բան չի ստացվելու։ Նույնիսկ կասկածում եմ, որ իրենց մոտ կստացվի Հայաստանի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, քանի որ ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ձայների մեկ երրորդը չունեն»,- կարծում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը։
Նրա խոսքով՝ Կիրանցից Երևան հասած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որդեգրել է փուլ առ փուլ իրավիճակը սրելու ռազմավարություն։ Ասում է՝ խորհրդարանական գործընթացը ձախողելուց հետո կընտրեն ընդվզման այլ մեթոդներ։ Օրինակ՝ կփակեն փողոցներ, ինչպես 2018 թ․-ի հեղափոխության ժամանակ։ Քոչինյանի խոսքով՝ հասարակության մեջ, սակայն, ընդդեմ որևէ օրակարգի կամ գործչի նույն կոնսոլիդացիան չկա։
«Արդյոք շարժման կազմակերպիչները, ղեկավարները կկարողանա՞ն հավաքել կրիտիկական զանգված հաջողության հասնելու համար։ Փորձը ցույց է տալիս, որ դրա համար պետք է մինչև 300 հազար մարդ հավաքվի: Բայց հրապարակի կադրերը, մեղմ ասած, այդ թվին մոտ չէին»,- հայտարարել է Քոչինյանը «Հանրային» հեռուստաընկերության եթերում։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ տվյալներով՝ մայիսի 9-ին կազմակերպված հանրահավաքի ժամանակ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31.700 մարդ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթ էր մեկնարկել մայիսի 4-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղից։ Մասնակիցները Երևան հասան մայիսի 9-ին։ Ի սկզբանե ասվում էր, որ շարժման և քայլերթի նպատակը հայ-ադրբեջանական սահմանին իրականացվող «ապօրինի սահմանազատումը» դադարեցնելն է։ Նախօրեին, սակայն, շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ իրենց պահանջը վարչապետի հրաժարականն է՝ Փաշինյանին տալով 1 ժամ ժամանակ։ Որևէ արձագանք, սակայն, չհաջորդեց։
Շարժման անդամներն այսօր վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են իրականացնում, երթեր դեպի բուհեր, մտադիր են երեկոյան կրկին հանրահավաք անցկացնել։ Բացի այդ, խորհրդակցություններ են վարում ԱԺ խմբակցությունների հետ՝ նախաձեռնելու համար վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Նոր վարչապետի իր թեկնածուին շարժումը դեռ չի բացահայտում։
Ո՞վ է նոր վարչապետի թեկնածուն
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքով՝ «տարբեր անուններ քննարկվում են», սակայն համաձայնություն դեռևս չկա։ Ասում է՝ հարցը պետք է քննարկվի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների հետ։
Վստահեցնում է՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության հարցը չի քննարկվում։
«Մարդիկ ստեղծեցին այդ միֆը։ Ես գնացել եմ ոտքերս վիրակապելու, իրենք ասում են, որ գնացել է Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու։ Էս մարդիկ ստախոս են»,- նկատում է նա։
Ավելի ուշ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասաց, թե «Բագրատ Սրբազանը ճիշտ ճանապարհի վրա է»։
«Այս պահի դրությամբ վարչապետի թեկնածուն Սրբազանը պետք է լինի երևի։ Այդ կառավարությունը լինելու է ժամանակավոր, կկարգավորվեն որոշ խնդիրներ, դրանից հետո պետք է լինեն արդար ընտրություններ»,- հայտարարեց Օսկանյանը։
Ի պատասխան Բագրատ Սրբազանը նկատեց, որ նման հավակնություններ չունի։
Մինչ շարժման մասնակիցներն ու ընդդիմությունը քննարկում են, թե ով պետք է լինի վարչապետի թեկնածուն, իշխող թիմից հայտարարում են.
«Իշխանությունը զավթել չի ստացվելու՝ անկախ նրանից ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով»։
Ի՞նչ ընթացակարգ է սահմանում երկրի մայր օրենքը
Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը։ Եվ դա այն դեպքում միայն, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու: Իսկ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48, և ոչ ուշ, քան 72 ժամ հետո:
Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել:
Քաղաքագետները անհավանական են համարում, որ ԱԺ-ում նման որոշում ընդունվի։ Բացատրում են, որ ընդդիմության ձայները չեն բավարարի, իսկ իշխող ուժի պատգամավորները նրանց պահանջին չեն միանա։
Ըստ Սահմանադրության՝ եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան 6 ամիս հետո:
Ընդդիմադիր պատգամավորները միանում են, իշխանականները՝ հրաժարվում
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենց խմբակցությունը՝ 6 հոգի, անվստահության գործընթացին միանալու պատրաստակամություն է հայտնել։
Աբրահամյանի փոխանցմամբ՝ 35 պատգամավորներ պատրաստ են ստորագրել ձևաթղթի տակ։
Իսկ վարչապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ ներկայացնելու համար անհրաժեշտ է առնվազն 36 պատգամավորի ստորագրություն։
Ավելի վաղ Բագրատ Սրբազանը հայտնել էր, թե իրենց պայքարին միանալու ցանկություն ունեն նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ Իշխող թիմի անդամները, սակայն, բացառում են այդ սցենարը։
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ «վարչապետը գուցե գնա որոշակի քայլերի այն դեպքում, երբ հրապարակում 400 հազար կամ ավելի մարդ հավաքվի»։
Արեգ Քոչինյան, քաղաքագետ
«Սահմանազատման դադարեցումը կնշանակի կոնֆլիկտի շարունակություն»
Քոչինյանն ասում է՝ եթե որևէ մեկը դեմ է արտահայտվում սահմանազատման գործընթացին, ըստ էության, խոսում է կոնֆլիկտի շարունակության օգտին։
«Ուժային այն հարաբերակցության պարագայում, որն այս պահին կա գետնի վրա, կոնֆլիկտի շարունակություն, ամենայն հավանականությամբ, կարող է լինել ՀՀ տարածքում»,- նկատել է նա և հավելել, որ չի տեսնում ուժային բալանսի հավասարակշռում ՀՀ և Ադրբեջանի միջև։
Ասում է՝ խոսք չի գնում մարդկանց պատերազմով վախեցնելու մասին, ինչպես պնդում են շարժման մասնակիցները։ Պնդում է՝ քաղաքականության մեջ պետք է առաջնորդվել բացառապես հաշվարկներով․
«Եթե նախապես գիտես, որ մարտի մեջ մտնելով պարտվելու ես, այդ մարտի մեջ չի կարելի մտնել»։
«Շարժման շահառուն Ռուսաստանն է»
Նկատում է՝ կոնֆլիկտի շարունակությունը ձեռնտու է միայն մեկ երկրի՝ Ռուսաստանի Դաշնությանը, քանի որ դա կնշանակի «անկայունություն, ռուսական հավելյալ ներկայություն»։
«90-ականներին ՌԴ դաշնակիցը ՀՀ-ն էր, քանի որ հաղթել էր պատերազմում։ Հիմա Ադրբեջանն է։ Բայց Հարավային Կովկասում Ռուսաստանն ունի մեկ դաշնակից՝ կոնֆլիկտը»։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ ՌԴ-ն է այս շարժման շահառուն՝ անկախ նրանից՝ շարժման հեղինակներն ուզո՞ւմ են սպասարկել Մոսկվայի շահերը, թե՞ ոչ։
Ռուսաստանի հետ հարաբերություններն, ըստ նրա, մոտավորապես այսպիսին են՝ «կամ ամեն ինչ տալիս ես ռուսներին կամ իրենք քեզ հարվածում են»․
«Եթե ՀՀ-ում կան մարդիկ, որոնք կարծում են, թե պետության իմիջը կարելի է վերականգնել ամեն ինչ տալով ռուսներին, այդ մարդիկ չարաչար սխալվում են»։
Քոչինյանն ասում է՝ կոնֆլիկտի շարունակությունը կնշանակի անդառնալիորեն ընկնել Ռուսաստանի գերիշխանության և դիկտատի տակ։
«ՀՀ տարածքից որևէ բան չի զիջվում»
Հայտարարել է՝ մինչ այս պահը ՀՀ-ն իր ինքնիշխան տարածքից որևէ բան չի տվել։ Ինչ վերաբերում է Տավուշի մարզին հարակից 4 գյուղերն Ադրբեջանին վերադարձնելուն, դրանք, ըստ նրա, հայկական բանակը զբաղեցրել է ժամանակավորապես և անվտանգության նկատառումներից ելնելով։
Սակայն սահմանազատումից հետո դա լինելու է ոչ թե առաջնագիծ, այլ սահմանագիծ։ Քոչինյանի խոսքով՝ դա է պատճառը, որ հայկական զինված ուժերն այդ տարածքներից դուրս են գալիս․
«Խոսակցությունները, թե որևէ մեկը Ոսկեպարից կամ Կիրանցից որևէ հատված տալիս է հակառակորդին, բացահայտ սուտ են, ապատեղեկատվություն»։
«Երկու կողմերն էլ հետքայլեր անում են»
Քաղաքագետն ասում է՝ Տավուշի համայնքապետերն էլ են հայտնել, որ ադրբեջանական կողմն արդեն իսկ որոշ տեղերում 10, 20, 30 մետր հետ է գնացել։ Այսինքն՝ սահմանազատումը փոխադարձ զիջումներով է առաջ գնում, երկու կողմերն էլ սահմանազատման տրամաբանության մեջ հետքայլեր անում են։
«Այսօր փորձում են հասարակության վրա վաճառել իրենց այն համոզմունքը, որ վաղը Ադրբեջանը որևէ զիջման չի գնալու կամ որևէ տեղ հետ չի քաշվելու։ Փորձում են դա դարձնել քաղաքական կապիտալ և գալ իշխանության»,- նկատել է նա։
Ինքը՝ Քոչինյանը, սակայն, չի կարծում, որ եթե սահմանազատումը մեկնարկել է հայկական կողմի համար խնդրահարույց հատվածից, ապա այլ տեղերում ևս, օրինակ՝ Ջերմուկում, Բաքուն հետ չի քաշի իր զորքերը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյանին իմփիչմենթ հայտարարելու գործընթաց