«Մայր Աթոռի ազատագրման մեկնարկ». Փաշինյանի մասնակցությամբ պատարագն առանց միջադեպերի չանցավ
Փաշինյանը Հովհաննավանքում պատարագի մասնակցեց
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասօր ազդարարեց «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը»: Տևական ժամանակ է, ինչ Փաշինյանը խոսում է Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի անհրաժեշտության մասին, պնդում, որ նա խախտել է կուսակրոնության ուխտը և դուստր ունի: Ավելի վաղ չէր բացառել նաև Էջմիածնի հրապարակում հանրահավաքի անցկացման հնարավորությունը:
Երկրի ղեկավարը, սակայն, որոշեց ազատագրման մեկնարկ համարել Հովհաննավանքում մատուցված պատարագին իր ներկա գտնվելը: Պատարագը մատուցել է եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Արամ քահանա Ասատրյանը, որը միացել է Փաշինյանի պայքարին: Եկեղեցական կանոնների համաձայն՝ Ասատրյանը պատարագ մատուցելու իրավունք չուներ, օրեր առաջ կարգալույծ է հռչակվել:
Պատարագին ներկա էին հարյուրավոր քաղաքացիներ, վարչապետին ուղեկցում էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Հովհաննավանք էին եկել նաև գործադիրի այլ անդամներ, իշխող ուժի պատգամավորներ:
Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտել էր վարչապետի աջակցությունը կարգալույծ քահանայի «հոգեկործան նախաձեռնությանը, որն իրականացվում է պատարագի անվան ներքո»: Շեշտել էին՝ Հովհաննավանքում ծեսերը պետք է իրականացնեն տեղում սպասավորող քահանաները և հիշեցրել՝ ծեսերի մատուցմանը որևէ կերպ խոչընդոտելը «ոչ միայն կանոնական կոպտագույն խախտում է, այլև քրեորեն պատժելի արարք»:
«Իմ շուրթերով ես չեմ խոսում, Աստված է խոսում մեր բերանով: Երբ այդ բերանը փակում են, լռեցնում են նաև Աստծո խոսքը»,- քարոզի ժամանակ հայտարարել է կարգալույծ հռչակված քահանան:
Ասատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նշել, որ պատարագին վարչապետի ներկայությունը իր բերանը բաց պահելն է, որ «Աստված շարունակի իր ժողովրդի հետ խոսել, որ այս ականջները մաքուր խոսք լսեն, Աստծո խոսք լսեն, որպեսզի կարողանան նաև փրկվել»:
Հովհաննավանքի պատարագից կես ժամ առաջ պատարագ էր մեկնարկել նաև Էջմիածնի Մայր տաճարում: Ավելի վաղ Մայր Աթոռից հայտնել էին՝ Գյուտ Խաչի տոնին Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում:
Բոլոր մանրամասները՝ պատարագի ընթացքում գրանցված միջադեպերը, քահանայի քարոզը, Փաշինյանի առավոտյան հայտարարությունը, մեկ այլ հոգևորականի անվան հետ կապված սկանդալը
- Հոգևորականի օրագիրն ու ՀՀ-ում հեղաշրջման փորձը․ մանրամասնում է ՔԿ-ի նախագահը
- Կոմպրոմատային շանտա՞ժ, թե՞ ուղերձ կաթողիկոսին. Փաշինյանի գրառումների հետքերով
- «Բագրատ Սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելը սխալ ճանապարհ է»․ կարծիք
«Պատարագ մատուցելու իրավունք չունի». միջադեպ
Օհանավան գյուղ տանող ճանապարհին, ինչպես նաև եկեղեցու շրջակայքում ուժեղացված ծառայություն էր իրականացնում ոստիկանությունը: Ոստիկանապետը լրագրողների հետ զրույցում նշեց, որ որևէ մեկի մուտքը չեն արգելում, պարզապես «հասարակական կարգն են ապահովում»:
Չնայած դրան՝ Մայր Աթոռի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանին և մի խումբ հոգևորականների թույլ չէին տվել մոտենալ եկեղեցուն: Փաստաբանի փոխանցմամբ՝ պատարագը պետք է մատուցեր Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհք աբեղա Պալոյանը, սակայն ոստիկաններն ու տեղի բնակիչները խոչընդոտել են սկզբում մեքենայի, այնուհետև իրենց տեղաշարժը:
«Առավոտվանից [թեմի] բոլոր քահանաների տան մոտակայքում ոստիկանական վերակարգեր են նկատվել: Հետևել են, թե ուր են գնում քահանաները, երկու քահանայի նույնիսկ բռնել են: Երբ համոզվել են՝ չի գալիս Հովհաննավանք, նոր բաց են թողել»,- հայտնել է Զոհրաբյանը:
Իսկ եկեղեցում գտնվողներից մեկը հենց պատարագի ընթացքում բղավել է․
«Ստեփան Ասատրյանն [քահանայի աշխարհիկ անունն է] իրավունք չունի այստեղ պատարագ մատուցելու»:
Քաղաքացիական հագուստով անձինք, որոնք, ենթադրաբար, ուժայիններ էին, նրան դուրս են բերել եկեղեցուց՝ փակելով բերանը:
Հովհաննավանքում ծառայող հոգևորականներից Տեր Սարգիս քահանա Պետրոսյանը լրագրողներին հայտնել էր, որ Տեր Արամի կարգալուծության բերումով կիրակնօրյա պատարագն ինքն է մատուցելու: Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականներ կիրակի օրը Քննչական կոմիտե էին հրավիրվել: Հրապարակային հայտարարությամբ նրանք տեղեկացրել էին՝ պատարագ պետք է մատուցեն թեմի եկեղեցիներում, ուստի հարգելի պատճառով չեն կարողանա ներկայանալ քննչական մարմին: Հայտնի չէ՝ արդյո՞ք Պետրոսյանը կոմիտե է ներկայացել, թե նրան էլ չի հաջողվել մոտենալ Հովհաննավանքին:
Քահանայի քարոզն ու շնորհակալությունը Փաշինյանին
Արամ քահանա Ասատրյանը Մարկոսի Ավետարանից քարոզ է ներկայացրել, այնուհետև հայտարարել․ «Եթե հետևենք Քրիստոսին, ճշմարտությունը մշտապես պիտի հաղթող դուրս գա»:
Նրա խոսքով՝ այսօր էլ կան մարդիկ, որոնք որոշակի շնորհներ ունեն Աստծուց, և շատերը կարող են այդ աստվածային շնորհի նկատմամբ հակառակություններ անել՝ ելնելով նախանձից.
«Հերովդեսի կողմից ճշմարտությունը գլխատելուց անցել է 2000 տարի: Այս օրերին մեր իրականության մեջ տեսնում ենք, որ դարձյալ ծնվում են այնպիսի մարդիկ, ովքեր փորձում են Աստծո խոսքը տարածել, քարոզել, բայց այսօր ևս աշխարհում գործում են փարիսեցիներ: Իմ շնորհակալությունը անկեղծ ուզում եմ հայտնել մեր երկրի ղեկավարին, վեր վարչապետին, որ 2000 տարի անց մեր վարչապետը Հերովդեսի պես չի գործում, այլ ճիշտ հակառակը»:
Կարգալույծ հռչակված քահանան խորանից շնորհակալություն է հայտնել Փաշինյանին, որ պատարագին իր ներկայությամբ թույլ է տալիս, որ ժողովուրդն Աստծո խոսքը լսի: Պատարագի մասնակիցներն այդ շնորհակալությունը ողջունել են ծափահարություններով:
«Տարածում են ոչ թե Քրիստոսի ուսմունքը, այլ պղծություն». Փաշինյանի հայտարարությունը
Պատարագին մասնակցելուց առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում հրապարակել է տեսանյութ, որում նշել է.
«Պրոբլեմն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը [կաթողիկոսի աշխարհիկ անունն է] իր արդեն հայտնի խմբակի հետ պղծության շղթաների մեջ է կալանել մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Նրանք ամենևին մեր տեր և ուսուցիչ Հիսուս Քրիստոսի ուսմունքը և վարդապետությունը չեն տարածում, այլ տարածում են պղծություն, կոռուպցիա, քրեական ենթամշակույթ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը վաղուց է հասունացել: Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է մեր սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը: Եվ մեզնից յուրաքանչյուրը պետք է կատարի իր ընտրությունը, ներառյալ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու քահանաները»:
«Եկեղեցին պառակտելու հերթական փորձն է». Գերագույն հոգևոր խորհուրդ
Հայ Առաքելական եկեղեցու իշխանության բարձրագույն գործադիր մարմինը՝ Գերագույն հոգևոր խորհուրդն օրերս տարածել էր հայտարարություն, որով հիշեցրել էր՝ քահանան կարգալույծ է արված, ուստի եկեղեցու կանոնների համաձայն՝ չի կարող կատարել եկեղեցական ծեսեր:
Մայր Աթոռի գնահատմամբ՝ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներն անհարկի շահարկում են Արամ քահանայի կարգազանց ընթացքի հետևանքով ձեռնարկված կարգապահական միջոցառումներն ու կայացված կարգալուծության որոշումը:
«Դատապարտելի է հատկապես վարչապետի աջակցությամբ Հովհաննավանքում Սուրբ Պատարագի անվան ներքո միջոցառում կազմակերպելու Ստեփան Ասատրյանի հոգեկործան նախաձեռնությունը։ Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով»,- ասված է հաղորդագրությունում:
Հոգևոր խորհրդից արձանագրել էին, որ նախկին եկեղեցականի կողմից ձեռնարկվող քայլերով «խոչընդոտվում է Հովհաննավանքում սպասավորող քահանաների օրինավոր ծառայությունը, պղծվում է սրբավայրը՝ հակականոնական գործողություններին մեղսակից դարձնելով մերժելի ընթացքին մասնակից անձանց»:
Իրավապահներին հորդորել էին կանխել ապօրինությունները, ապահովել Հովհաննավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունն ու սրբավայրի հոգևոր-աղոթական մթնոլորտը։
Ո՞վ է Տեր Արամն ու ինչո՞ւ է կարգալույծ արվել
Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորներից Տեր Արամ քահանա Ասատրյանը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց 2025 թ.-ի սեպտեմբերի կեսերին: Հանրային հեռուստատեսության եթերում հոգևորականը խոսել էր եկեղեցում առկա խնդիրների մասին, նաև բարձրաձայնել, որ 2021 թ.-ին մասնակցել է ընդդիմության գրեթե բոլոր ցույցերին և դա արել է ոչ թե սեփական կամքով, այլ վերադասի հրահանգով: Այս մասին էր, ենթադրաբար, ակնարկում վարչապետ Փաշինյանը, երբ նոր էր սկսում իր «եկեղեցու մաքրման և ազատգրման» արշավը։
Ասատրյանի այս հայտարարությունից գրեթե մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 15-ին բերման ենթարկվեցին մի շարք հոգևորականներ, այդ թվում՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։
Պռոշյանը, ով կաթողիկոսի քրոջ որդին է, երկամսյա կալանքի տակ է: Նա մեղադրվում է իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով ընտրական իրավունքին խոչընդոտելու և հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեջ:
Հոկտեմբերի 21-ին Մայր Աթոռից հայտնեցին, որ Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել: Տեղեկացրել էին, որ որպես հիմք է ընդունվել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրն ու Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։ Ըստ դրանց՝ Ասատրյանը հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է եկեղեցին, թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին:
Նշվում է նաև, որ քահանան վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է կաթողիկոսի և թեմի առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով «իրեն դուրս դնելով եկեղեցուց»:
Մայր Աթոռը նախկին քահանայից պահանջել էր հոկտեմբերի 23-ին ազատել Հովհաննավանքն ու հանձնել եկեղեցու բանալիները: Ասատրյանը, սակայն, անտեսել էր պահանջը: Ավելին, շարունակում է իրականացնել պսակադրության և մկրտության արարողություններ:
Զուգահեռ սկանդալ․ պատարագից մեկ օր առաջ ինտիմ բնույթի տեսանյութեր էին հրապարակվել
Նորահայտ տելեգրամյան ալիքում հրապարակվել էին ինտիմ բնույթի տեսանյութեր, որոնք նկարված էին մեկ այլ հոգևորականի տանը՝ հյուրասենյակում և լոգարանում տեղադրված գաղտնի տեսախցիկներով: Նշվում էր, որ կադրում երևում են Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ու նրա քեռակինը։
Խաչատրյանը Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբի անդամ է: Հենց այս հանձնախումբն է կայացրել Արամ քահանա Ասատրյանի կարգալուծության որոշումը:
Ինքը՝ Խաչատրյանը, արձագանքել էր՝ նշելով, որ այս ամենը վարչապետի «հակաօրինական ուղղորդումն» է, իսկ ինքը չի կարող լուրջ դեմքով լծվել «հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը»:
Իշխանական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածում, թե Արշակ արքեպիսկոպոսն Ամենայն հայոց կաթողիկոսից հրաժարական է պահանջել և նշել՝ լավ է ինքնակամ հեռանա, քանի դեռ հոգևոր վերնախավից մյուսների ուխտազանցության մասին չեն բարձրաձայնում: Սոցցանցերում իշխանականները գրում էին, թե այդ տեսանյութերի աղբյուրը հենց Մայր Աթոռն է:
«Կներեք, պարոնայք, բայց զզվեցրիք։ Ձեր սեռական կյանքն ու դրանից բխող կոմպրոմատները, դրանցով իրար դեմ պատերազմները վերցրեք ու հեռացեք եկեղեցուց։ Կրակը չենք ընկել, ամոթ է»,- նշել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:
Մայր Աթոռի դիվանապետը հերքել է կաթողիկոսի հրաժարականը պահանջելու մասին լուրերը՝ ասելով, որ «իրեն լրատվամիջոց համարող մի զրպարտչամիջոց երկնել է, իբրև թե Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրաժարական ներկայացնելու պահանջ եմ ներկայացրել»։
«Իշխող ուժի տխրահռչակ ղեկավարի օգտագործած բառապաշարի ու նախասիրությունների համատեքստում՝ շատ բնական եմ համարում, որ իրեն սպասարկող լրատվամիջոցները այլ ընտրություն չունեն, քան տարածելու «Երկրի հակառակ կողմը» վերնագրված պղծապատումին չզիջող այլասերություններ ու զրպարտություններ»,- նկատել էր Արշակ արքեպիսկոպոսը:
Իրավապաշտպանները քննադատել էին քաղաքացու անձնական տարածքում ապօրինի գաղտնի նկարահանման իրականացումն ու տարածումը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։ Մինչ այս պահը հայտնի չէ՝ իրավապահները վարույթ նախաձեռնե՞լ են, թե՞՝ ոչ:
Մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների համատարած խախտումներն անթույլատրելի է համարել նաև ՄԻՊ Անահիտ Մանասյանը: Առանց որևէ կոնկրետ դեպք մատնանշելու պաշտպանը իրավասու մարմիններից պահանջել է «պատշաճ քննության առարկա դարձնել իրավունքների խախտման դեպքերը»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանը Հովհաննավանքում պատարագի մասնակցեց