Վրաստանի մահմեդականների առաջնորդին մեղադրել են սաբոտաժի մեջ. նա կարծում է, որ պատճառը ընդդիմադիր ալիքին տված հարցազրույցն է
Վրաստանի Մահմեդականների բարձրագույն հոգևոր մարմնի առաջնորդ, շեյխ Միրթագ Ասադովի և կազմակերպության մի քանի հիմնադիրների դեմ գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի հատկանիշներով, որը ենթադրում է սաբոտաժ:
Դեռևս չկան բացատրություններ, թե կոնկրետ որոնք են եղել մահմեդականների ղեկավարի գործողությունները: Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ոչ մի կերպ չի մեկնաբանել իրավիճակը:
Միրթագ Ասադովը ապրիլի 17-ին պետք է ներկայանա Մառնեուլի պետական անվտանգության վարչություն, որտեղ նա բնակվում է:
Նրան փաստաբան է տրամադրել Վրաստանի մարդու իրավունքների և մոնիտորինգի կենտրոնը:
Միրթագ Ասադովն ինքը գտնում է, որ իր դեմ հարուցված գործը կապված է ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաալիքին տված հարցազրույցի հետ:
Հարցազրույցի ժամանակ Ասադովը մեկնաբանել է վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությունն այն մասին, որ Զատկին եկեղեցիները փակ չեն լինելու:
Ասադովն ասել է, որ Վրաստանը աստվածապետական երկիր չէ:
«Երկու կրոնների Աստվածը (մահմեդականության և քրիստոնեության) նույնն է: Ե՛վ մզկիթը, և՛ եկեղեցին Աստծո տուն են: Մեկը փակել և մյուսին թույլ տալ բաց մնալ՝ անարդար է:
Մենք փակեցինք մզկիթի դռները, քանի որ պատասխանատվություն ենք զգում հասարակության առաջ: Ապրիլի 25-ին սկսվում է Ռամադանը: Իսկ ինչ կլինի, եթե մենք էլ բացենք մզկիթի դռները և տեսնենք, թե արդյոք մեզ էլ այդպես ըմբռնումով կմոտենան, ինչպես եկեղեցուն»:
«Վարչապետի խոսքերը խտրական վերաբերմունք են կրում, նա երկրի բնակիչներին բաժանում է յուրայինների և օտարների, որը ճիշտ չէ»,- ասել է Ասադովը: