«Կեղծ թեզ է, թե Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին»․ Փաշինյան
Սերժ Սարգսյանը՝ իր հրաժարականի մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեղծ է որակել այն թեզը, թե երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցում խորհրդարանական ընտրություններին։
«Նախորդ ընտրություններին «Պատիվ ունեմ»-ով էր մասնակցում, այս ընտրություններին՝ «Ուժեղ Հայաստանով»։ Նախ հայտարարել է իր աջակցությունը, հետո ամբողջ կազմը՝ Աշոտյանով և մյուսներով, մասնակցում էին հանրահավաքներին։ Ընտրական գործընթացում ուզում են ռևանշի հասնել և վերականգնել 2016-17 թթ․-ի կոալիցիան՝ ՀՅԴ, ԲՀԿ և ՀՀԿ»,- Փաշինյանն այսպես է մեկնաբանել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը։
Այսօր՝ ապրիլի 23-ին, լրանում է Սարգսյանի հրաժարականի 8-րդ տարին։ Այդ առիթով նա հանդես է եկել հայտարարությամբ, որում ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև գալիք ընտրություններին։ Նա շեշտել է՝ ընտրություններին չմասնակցելու ՀՀԿ որոշումը «պարզապես քաղաքական դիրքորոշում չէ, այլ միասնական, կշռադատված և փաստարկված որոշում՝ պատմական որոշում»։
Սարգսյանի դիտարկմամբ՝ ժողովրդի մի ստվար մաս համարում է, որ Փաշինյանի իշխանությունը կա այնքան ժամանակ, քանի դեռ «նրա դեմ քաղաքական պայքարի առաջին շարքում «նախկիններն» են»։
«Եթե իմ և Հանրապետականի մասնակցությունն անգամ մեկ տոկոսով նպաստելու է այսօրվա վարչակազմի վերարտադրությանը, մենք հետքայլ ենք անում, որպեսզի մարդկանց հնարավորություն տանք սթափ, առանց էմոցիաների արտահայտել իրենց կամքը, իսկ մյուս ընդդիմադիր ուժերին՝ անխոչընդոտ իրականություն դարձնել ընտրություններով իշխանափոխության իրենց խոստումը»,- հայտարարել է Սարգսյանը։
Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանի գնահատականները
- Ռոբերտ Քոչարյանը՝ վարչապետի թեկնածու․ ո՞վ կստանա ընդդիմության ձայների առյուծի բաժինը
- «Սամվել Կարապետյանի օգտին ֆեյքերի բանակ է աշխատում»․ ուսումնասիրություն
- «Ընդդիմադիրները պատերազմի կուսակցություններ են»․ Հայաստանի ԱԺ նախագահ
Ի՞նչ է հայտարարել Սերժ Սարգսյանը
«Ընդդիմության հաղթանակն ապահովելու համար անհրաժեշտ է խոշոր միավորում»
Երրորդ նախագահի փոխանցմամբ՝ Հանրապետական կուսակցությունը չի ցանկացել մասնակցել 2021 թ․-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ստիպված են դիմել այդ քայլին՝ փորձելով կանխել «Արցախի վերջնական դավաճանումն ու հանձնումը»։ Արդեն այս տարի՝ 2026 թ․-ին կայանալիք հերթական ընտրություններին որոշել են չմասնակցել։
«Ես համոզված եմ, որ այս իրավիճակում ընդդիմության հաղթանակն ապահովելու համար անհրաժեշտ է խոշոր միավորում, որպեսզի կանխվի ձայների փոշիացումը, ինչը ծառայելու է այսօրվա վարչախմբի շահերին»։
Վստահեցրել է՝ Հանրապետականը կշարունակի պահպանել իր «ծանրակշիռ դերը՝ որպես արտախորհրդարանական ուժ՝ հանուն պատմական հիշողության, արժանապատվության և հայկական երազանքի»։
«Հայաստանն իր արմատից կտրած, ծնկի բերած, պարտքի մեջ թաղած ու ստով հեղեղած խմբակը պետք է հեռանա: Այլընտրանքը սարսափելի է՝ սարսափ մեր երկրի, մեր ժողովրդի ու հաջորդ սերնդի համար։ Սարսափ է հենց իրենց համար, պարզապես իրենք էլ դեռ չեն գիտակցում»,- շեշտել է Սերժ Սարգսյանը։
«Սխալ էի՝ լինելով ճիշտ»
Հայտարարության մեջ Սարգսյանն անդրադարձել է նաև 2018 թ․-ի իր հրաժարականին և «Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտությանը։
«Իմ հրաժարականի հայտարարությունում ես գրել էի մի նախադասություն, որը տեքստի շահառուներից մեկի խմբագրման և իմ «ոխերիմ» ընկերների հաջորդիվ մանիպուլյացիայի պատճառով փորձեցին դարձնել խարան ինձ համար»,- գրել է նա։
Երրորդ նախագահի խոսքով՝ 2018 թ.-ին վարչապետի պաշտոնում առաջադրվելն ու իր իսկ խոստումը դրժելը եղել է «ամենաճիշտ և դժվար որոշումը», միևնույն ժամանակ՝ «ամենամեծ սխալը»։
«Չստացվեց բացատրել մեր ժողովրդին, որ իմ առաջադրման նպատակը բնավ իշխանությունը պահելը չէր, այլ Ղարաբաղի և Հայաստանի անվտանգությունն ապահովելն էր»։
Սերժ Սարգսյանի գնահատմամբ՝ «Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ»։
«Ես չկարողացա ժողովրդին բացատրել, որովհետև ժողովուրդը չէր ցանկանում լսել։ Ես «սխալ» էի՝ լինելով ճիշտ»,- նկատել է նա։

Ըստ Սարգսյանի՝ ինքը կարծում էր, թե կկարողանա ժողովրդին բացատրել՝ «բանակցային այդ փուլում բանակցողի փոփոխությունը, բանակցությունների պատմության զրոյացումը ողբերգական հետևանք է ունենալու»։
«Ոչ թե որ ես ամենալավ բանակցողն էի, այլ որ խորությամբ ճանաչում էի բանակցություններին մասնակցող բոլոր կողմերին, ունեի ինստիտուցիոնալ հիշողություն ու գիտեի Ղարաբաղի ու հաղթանակի արժեքը՝ որպես այդ հաղթանակը կերտած, այնուհետև այն պահած թիմի անդամ»,- շեշտել է նախկին նախագահը։
Սերժ Սարգսյանի պնդմամբ՝ 8 տարի առաջ առաջադրվել է, որպեսզի սահմաններին չլինի արյունահեղություն, իսկ հետո հրաժարական է տվել, որպեսզի արյունահեղություն թույլ չտա սահմաններից ներս։ Վստահեցրել է՝ իր կառավարման շրջանում Հանրապետական կուսակցությունն արել է ամեն ինչ՝ հանուն անվտանգ Հայաստանի և հայկական Արցախի։
Փաշինյան․ «Ղարաբաղյան շարժումը չի ծառայել ՀՀ-ին և հայ ժողովրդին»
Արձագանքելով Սերժ Սարգսյանի հայտարարություններին՝ Փաշինյանը պնդել է՝ Ղարաբաղյան շարժումով «մտել ենք մի տեղ, որից ելք չկա»։ Նրա խոսքով՝ 1994 թվականից հետո ընկած ժամանակահատվածը եղել է «այս կամ այն պատրվակով պատերազմը հետաձգելու մասին»։ Խոսքն, ըստ նրա, պատերազմի գերակտիվ փուլի մասին է, քանի որ պատերազմն ինքնին «ոչ մի տարի չի հետաձգվել»․
«Մեր ընկալման մեջ կա՝ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»։ Այդպես չէ, մենք չենք ունեցել «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»։ Ունեցել ենք պատերազմ՝ տարբեր ինտենսիվությամբ»։
Հիշեցրել է՝ 2018 թ․-ի ապրիլին ինքը՝ Սերժ Սարգսյանն է ԱԺ ամբիոնից հայտարարել, որ «այլևս պատերազմի պայթյունը հնարավոր չի հետաձգել»։
Վարչապետը հիշեցրել է, որ կառավարությունը հրապարակել է նաև բանակցային փաստաթղթերը։ Սակայն նույնիսկ դրանից հետո չի հաջողվում դուրս գալ «նախկին-ներկա խոսույթից»։ Ըստ նրա՝ հայ հանրությունը 2020 թ․-ի 44-օրյա պատերազմի մասին գիտի «բացարձակապես ամեն ինչ»։
«Որևէ մեկը մտածո՞ւմ է, որ 44-օրյա պատերազմի մասին կարա լինի նորություն, որի մասին հանրությունը մինչև հիմա չգիտի։ Ով, որ այդպես մտածում է, անկեղծ չէ, կեղծում է։ Որևէ զեկույցի հրապարակում ․․․ որևէ զեկույցում նոր բան չի լինելու, ամեն ինչ ասված է, դրա [44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցի] հերթն էլ կգա»։
Փաշինյանի գնահատմամբ՝ ԼՂ-ի վերաբերյալ բանակցային փաստաթղթերում գրված է մեկ բան՝ «մենք մեր ժողովրդին լկտի ձևով խաբել ենք»։
«Ղարաբաղյան շարժումը չի ծառայել Հայաստանին և հայ ժողովրդին, ծառայել է նրանց, ովքեր ընկալել և ուզել են, որ հայ ժողովուրդը, ՀՀ-ն երբեք զոհի կարգավիճակից դուրս չգա։ Ես հիմա հպարտ եմ, որ մեր պետությունն այդ թակարդից դուրս եմ բերել։ Այո, զոհերի ու զոհողությունների գնով»,- ընդգծել է նա։
Անդրադառնալով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերին՝ վարչապետը հերթական անգամ «պատերազմի եռագլուխ կուսակցություն» է անվանել «Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն ու «Հայաստան» դաշինքը։ Մատնանշել է այն հանգամանքը, որ այդ ուժերը խոսում են «Ղարաբաղը հետ բերելու, կորսված հայրենիքի, վերադարձի» մասին։
«Ընտրությունները մեր ժողովրդի համար բացառիկ շանս են, որ քրեաօլիգարխա- նախկիններին քաղաքական դաշտից դուրս շպրտեն»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Սերժ Սարգսյանը՝ իր հրաժարականի մասին