Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրառում է կատարել։ Նա կոչ է արել նրան լքել ռուսական դաշինքները՝ ԱՊՀ, ՀԱՊԿ, հրաժարվել ռուսական ռազմաբազայից, Մաքսային միությունից ու հայտ ներկայացնել ԵՄ ու ՆԱՏՕ անդամակցության։
«Դուք իշխանության եք եկել ժողովրդական ընդվզումների արդյունքում, այսինքն՝ Պուտինի տերմինաբանությամբ՝ գունավոր հեղափոխության, և հավատացեք ինձ, որքան էլ նրան շողոքորթեք կամ հավատարմության երդում տաք, նա երբեք Ձեզ չի ների և չի ներելու։ Ավելին, Ձեր վերջին հայտարարություններից, քաղաքական քայլերից և հատկապես Հռոմի ստատուտի վավերացումից հետո նա Ձեր ոխերիմ թշնամին է, և Ձեզ տապալելու է իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավորություններով՝ ներքին անկարգություններ, ռազմական գործողությունների խրախուսում։ Ձեզ տնտեսապես խեղդելու է և օգտագործելու է հիբրիդային պատերազմի ողջ զինանոցը»,— գրում է Սաակաշվիլին։
Վրաստանի նախկին նախագահը նշում է, որ թեև Հայաստանն «ուշացել է եվրաինտեգրումից», սակայն վերջին իրադարձությունները տարածաշրջանին նոր հնարավորություն են ընձեռում։ Կարծում է՝ «որոշ ժամանակ անց մենք կարող ենք ապրել Բալթյան երեք երկրների պես՝ բաց սահմաններով, ստեղծել լոգիստիկ, ֆինանսական, էներգետիկ հանգույցների մի ամբողջ համակարգ, օգտագործել մեր երեքից յուրաքանչյուրի առավելությունները»։
Վրաստանի նախկին նախագահը զգուշացնում է. «Շատ քիչ ժամանակ ունեք»։
«Պետք է շտապեք և մի կողմ թողնեք ցանկացած վարանում, գնաք վա-բանկ: Պահանջեք անհապաղ դուրս բերել ռուսական ռազմաբազան, դուրս եկեք ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, Մաքսային միությունից և հայտ ներկայացրեք Եվրամիություն ու ՆԱՏՕ»,- գրում է Սաակաշվիլին։
Նա նաև կոչ է անում Փաշինյանին «անհապաղ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր և դրանով ճանապարհ բացել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ հիմնարար փոփոխությունների համար»։