Ռուսական բիզնեսը Սիրիայում իր աշխատանքը կարգավորում է Հարավային Օսիայի միջոցով
Հարավային Օսիայի ընկերությունները հնարավորություն են ստացել Սիրիայի հետ առևտուր անել։ Դամասկոսը Հարավային Օսիային առաջարկել է քաղաքի կենտրոնում, երկու հեկտար տարածքի վրա մշտական տաղավար ստեղծել և այնտեղ ներկայացնել իր արտադրանքը։
«Հարավային Օսիայում գրանցված ցանկացած ձեռնարկություն կարող է իր արտադրանքն այդ տաղավարում ցուցադրել, — ասել է Հարավային Օսիայի Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Վախթանգ Ջիգկաևը։ — Մենք ուզում ենք «մեկ պատուհանի» ռեժիմ ստեղծել Սիրիայի հետ աշխատելու ցանկություն ունեցող ազգային և արտասահմանյան ընկերությունների համար»։
Սակայն նախագծին հենց օսական ընկերությունների մասնակցության հեռանկարը շատերին է կասկածելի թվում։
• Կարծիքներ. Հարավային Օսիայի օգոստոսյան պատերազմից 10 տարի անց՝ ինչ իրավիճակ է
Հարավային Օսիայում բիզնեսը բավականաչափ զարգացած չէ նույնիսկ նրա համար, որպեսզի մասնակիորեն բավարարի տեղի պահանջարկը։ Իսկ Սիրիայի պես մեծ և, բացի այդ, տարիներով չդադարող պատերազմից հարստահարված երկրում աշխատելու համար, մեծ փորձ և արտադրանքի մեծ ծավալներ են պահանջվում։
Փորձագետները կարծում են, որ իրականում Սիրիայում աշխատելու են ռուսական ընկերությունները, թեև գործընթացը ձևակերպվելու է Հարավային Օսիայի միջոցով։
Այս ամենի մասին՝ հերթով։
Արդյո՞ք Սիրիայի և Հարավային Օսիայի միջև հնարավոր է առևտուր։
Տեսականորեն Սիրիայի և Հարավային Օսիայի միջև առևտրային կապեր հնարավոր են։
2018թ-ի մայիսին Դամասկոսը ճանաչել է Հարավային Օսիայի անկախությունը, նրա հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Նախագահներ Բաշար Ասադի և Անատոլի Բիբիլովի ստորագրած պայմանագիրը բարեկամության և համագործակցության մասին նախատեսում է նաև փոխազդեցություն առևտրատնտեսական ոլորտում։
Ո՞վ և ի՞նչ է վաճառելու
Հարավօսական ՌԵՍ տեղեկատվական գործակալությունը հաղորդել է, որ «Օսիայի մոդուլային տեխնոլոգիաներ» ընկերությունն առևտրային համաձայնագիր է ստորագրել սիրիական «Hamsho International Group» հոլդինգի հետ։
Վախթանգ Ջիգկաևն ասում է, որ Հարավային Օսիայից Սիրիա են ուղարկվելու հավաքվող կոնստրուկցիաներ։
Դրանից առաջ նա ևս մեկ ընկերություն էր հիշատակել՝ «Օսիայի ավտոմատիկան»։
Սակայն, ինչպես պարզվել է, երկու ընկերություններն էլ մոսկովյան են և միայն հիմա են գրանցվում Հարավային Օսիայում։
• Արդյո՞ք բեռների վրաց-ռուսական տարանցումն Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով կիրականացվի
• Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը: Ի՞նչ է կանգնած դրա ետևում
Ջիգկաևն այդ իրավիճակն այսպես է բացատրել։
2018թ-ի սեպտեմբերին Հարավային Օսիայի Առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությունը մասնակցել է Դամասկոսի միջազգային ցուցահանդեսին, այդ ժամանակ էլ հենց Սիրիայի նմանատիպ կառույցի հետ համաձայնագիր է ստորագրվել։
«Սիրիայի շինարարության նախարարը մեզ ասաց․ «Մեզ, առաջին հերթին, հետաքրքրում է շինությունների արագ կառուցումը»։ Նրանց երկրի կեսը սարսափելի փլատակների մեջ է։ Մենք, բնականաբար, սկսեցինք պարզել, և այսպիսի առաջարկ հայտնվեց․ Ռուսաստանում կա մի ընկերություն, որն այդպիսի տեխնոլոգիաներ ունի։
Սակայն պայման կար, որ ընկերությունը պետք է հարավօսական լինի։ Եվ այդ ժամանակ մենք այդ ընկերությանն առաջարկ արեցինք։ Եվ նրանք մեզ պատասխանեցին․ «Մենք պատրաստ ենք նույնիսկ արտադրություն բացել Հարավային Օսիայում, որ ավելորդ հարցեր չլինեն»», — նշել է Վախթանգ Ջիգկաևը։
Այժմ, ըստ նրա, Հարավային Օսիայում հողատարածք կառանձնացվի, որտեղ ռուսական ընկերությունը կկառուցի «Օսիայի մոդուլային տեխնոլոգիաներ» ձեռնարկությունը։ Ենթադրվում է, որ այնտեղ կստեղծվի մոտ 140 աշխատատեղ։ Այդտեղ դպրոցների և մանկապարտեզների համար հավաքվող կոնստրուկցիաներ կարտադրվեն։ Հարավային Օսիայից դրանք կտեղափոխվեն Նովոռոսիյսկ քաղաքի նավահանգիստ, իսկ այնտեղից՝ նավերով դեպի Սիրիա։
Ենթադրվում է, որ արտադրանքի թողարկումը կսկսվի կամ 2018թ-ի ավարտին, կամ 2019-ի սկզբին։
Հարավային Օսիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Ալան Ալբորովը հանրապետության համար առավել հեռանկարային է համարում այն, որ Սիրիան արաբական այլ պետությունների հետ առանց տուրքի առևտրի մասին պայմանագիր ունի, և այդ գոտին նշանակում է նվազագույնը 350 մլն մարդ ունեցող շուկայի հասանելիություն։
«Մենք շրջել ենք Սիրիայի տարածքի 30-40%-ում և տեսել, որ այնտեղ շատ մեծ ավերածություններ կան։ Իսկ սիրիական կառավարությունը հստակ ռազմավարություն ունի․ Սիրիայի վերականգնմանը մասնակցելու են միայն նրա ընկերները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանն, Աբխազիան և Հարավային Օսիան։ Ուրիշ երկրների նրանք շինարարության գործընթացին մոտ չեն թողնի։ Այնպես որ, մենք բացառիկ հնարավորություն ունենք մասնակցելու այդ մերձավորարևելյան երկրի վերականգնման գործին», — ասել է Ալբորովը։
Նրա տեղակալ Վախթանգ Ջիգկաևը պատմել է, որ Հարավային Օսիան Սիրիայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել նաև փայտանյութի մատակարարման մասին, և դրա համար Հարավային Օսիայում պլանավորվում է եվրոպական չափանիշներին համապատասխան փայտյա տախտակների արտադրություն սկսել։
«Մենք հաճարենիներն ենք հատելու, և դա նույնիսկ անհրաժեշտ է մեր անտառները նորմալ վիճակում պահելու համար», — ասել է Ջիգկաևը։
Սակայն, նրա իսկ խոսքով, գործարանի գլխավոր հումքը կլինի ռուսական Սիբիրի փայտանյութը։
Փորձագետներ․ զգուշավոր լավատեսություն և անթաքույց հեգնանք
Տնտեսագետ Վյաչեսլավ Ջաբիևը հիշեցնում է, որ երկու ընկերություններն էլ, որոնց մասին խոսք է գնում Սիրիայի հետ առևտրի համատեքստում՝ «Օսիայի մոդուլային տեխնոլոգիաներն» ու «Օսիայի ավտոմատիկան», Ցխինվալում վերջերս են հայտնվել և, «հավանաբար, կգործեն ռուսական կողմի հետ համատեղ»։
Սակայն, կարծում է նա, ցանկացած դեպքում «Սիրիայի վերականգնմանը Հարավային Օսիայի մասնակցությունը լուրջ քայլ է հանրապետության միջազգային ներկայացվածության ճանապարհին»։
«Հանուն միասնական Օսիայի» միջազգային հասարակական շարժման ղեկավար Ալիխան Խուգաևը JAMnews-ին տված հարցազրույցում թերահավատորեն է արտահայտվել Դամասկոսի և Ցխինվալի տնտեսական համագործակության հեռանկարների մասին։
«Հարավային Օսիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարի հարցազրույցը հեգնանք է առաջացնում։ Ինչպե՞ս կարող է Հարավային Օսիան օգնել Սիրիային։ Սիրիայի բնակչությունն ու արդյունաբերական-շինարարական ներուժը հարյուրավոր անգամներով գերազանցում է Հարավային Օսիայի ներուժը։ Իսկ հենց Հարավային Օսիայի վերականգնումը տասնամյակ է տևել և իրականացվել է կրկին ռուսական շրջանների շինարարական ընկերությունների կողմից։
Ինձ թվում է, որ Հարավային Օսիայում ծառերի արժեքավոր տեսակներ ոչ ոք թույլ չի տա հատել։ Միակ բանը, որ կա Հարավային Օսիայում՝ բնությունն է։ Ավելի շուտ, Առևտրաարդյունաբերական պալատն ու դրա անունից ելույթ ունեցող գործարարները, ցանկալին իրականի տեղ են ներկայացնում։
Նրանք փաստացի հանդես են գալիս որպես դեկորացիաներ ռուսական ընկերությունների համար, որոնք Ռուսաստանի արևելյան շրջաններում տասնյակ հազարավոր հեկտար շինարարական անտառներ են հատում։ Եվ, ըստ իմ տվյալների, Ռուսաստանի մասնավոր ընկերություններն արտասահմանյան երկրներին ավելի շատ փայտանյութ են վաճառում, քան հենց պետությունը»։