Մանրամասներ և վրացի փորձագետների մեկնաբանություններ" />

Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը: Ի՞նչ է կանգնած դրա ետևում

Մանրամասներ և վրացի փորձագետների մեկնաբանություններ

Լուսանկարը՝ Վլադիմիր Վալիաշվիլիի

Մեկ օրում՝ մայիսի 29-ին, երկու իրադարձություն տեղի ունեցավ: Սիրիան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, և Վրաստանը հայտարարեց, որ խզում է հարաբերությունները Սիրիական Արաբական Հանրապետության հետ:

Հարավային Օսիայի արտգործնախարարության կայքում և Աբխազիայի նախագահի կայքում հաղորդագրություն է հրապարակվել Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և փոխադարձ ճանաչման մասին պայմանավորվածության վերաբերյալ:

Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը 2008թ-ի օգոստոսի 26-ին: Այդ երկրների անկախությունը ճանաչել են նաև Նիկարագուան, Վենեսուելան և Նաուրուն: 2011թ-ից հետո սա Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ՄԱԿ անդամ երկրի կողմից ճանաչման առաջին դեպքն է 2011թ-ից ի վեր:

Թբիլիսիում կայացած հատուկ բրիֆինգի ժամանակ Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Դոնդուան ասել է, որ Ռուսաստանը «Դամասկոսին մանիպուլյացիայի է ենթարկում», իսկ այդ որոշումը ինքնիշխան պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտության պահպանման միջազգային իրավական  խախտում է:

«Վրաստանը Սիրիայի Արաբական Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների խզման գործընթաց է սկսել», – ասաց Դոնդուան:

Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանն ադեկվատ արձագանքել կատարվածին և «պատասխան միջոցներ ձեռնարկել Ասադի ռեժիմի ապօրինի որոշման դեմ»: Նախարարությունում չեն հստակեցրել, թե ինչ միջոցների է սպասում Վրաստանը միջազգային հանրությունից:

Վրացի քաղաքական գործիչներն ու փորձագետները գնահատում են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը Սիրիայի կողմից ճանաչելու իրավիճակը

«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը, միջազգային հարաբերությունների փորձագետ Սերգի Կապանաձե.

Ռուսաստանը թշնամի է և շարունակում է իր թշնամական քաղաքականությունը: Պետք է դադարել խաբել ինքներս մեզ: Ոչ մի զիջում, որն անում է Վրաստանը, ոչինչ չի փոխի: Չեն օգնի ոչ ժնևյան բանակցությունները, ոչ «Կարասին-Աբաշիձե» բանակցային ձևաչափը [Մոսկվայի և Թբիլիսիի 2 հատուկ ներկայացուցիչների բանակցային գործընթացը – JAMnews], ոչ էլ Վրաստանի վարչապետի շողոքորթ նամակները:

•  Ի՞նչ էր Կրեմլին ուղղված նամակում գրել Վրաստանի վարչապետն ու ինչ էին նրան ասել վրացի փորձագետները

• Ի՞նչ է վրաց-աբխազական և վրաց-օսական կոնֆլիկտների վերաբերյալ բանակցությունների «ժնևյան ձևաչափը» և ինչ նախապատմություն այն ունի

Ռուսաստանի հենքը միջազգային հարթակում կիսալեգիտիմ ռեժիմներն են դարձել, որոնց չի աջակցում քաղաքակիրթ աշխարհը: Այդ ռեժիմներն անցյալ կդառնան և Աբխազիայի ու Հարավային Օսիայի ինքնիշխանությունների ճանաչումը հօդս կցնդի:

Ի՞նչ պետք է ձեռնարկի Վրաստանը: Անմիջապես խզի դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ և ուժեղացնի Մերձավոր Արևելքի պետությունների և Արաբական լիգայի երկրների հետ դիվանագիտական աշխատանքը:

Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլի.

Սիրիան այնքան է սկսել կախվածություն ունենալ Ռուսաստանից, որ Վրաստանի իշխանությունները ոչ մի կերպ չէին կարող ազդել կատարվածի վրա, ասել է Զաքարեիշվիլին «Ինտերպրեսնյուս» տեղեկատվական գործակալությանը:

«Ռուսաստանը բավականին երկար է աշխատել Սիրիայի հետ, որպեսզի համոզի ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը: Սիրիան էլ թերևս չի դիմացել ճնշմանը: Այն, որ Սիրիան երկար ժամանակ զերծ էր մնում այդ քայլից, կարող է վկայել այն մասին, որ Սիրիայում այդ հարցի վերաբերյալ տարբեր մոտեցումներ կային: Սակայն արդյունքում, ճանաչելով Աբխազիան և Հարավային Օսիան, Սիրիան այդպիսով շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար»:

Նրա խոսքով՝ հիմա կարևոր է, որ միջազգային հանրությունն ադեկվատ արձագանքի, որպեսզի այլ պետությունները, որոնք, հնարավոր է, նույնպես քննարկում են Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման հնարավորությունը, հասկանան, թե որքան թանկ կնստի նրանց վրա այդ քայլը:

«Վրաստանը պետք է ՄԱԿ-ում Սիրիայի պատասխանատվության հարցը բարձրացնի և ահազանգի: Հիմա շատ կարևոր է, որպեսզի արաբական պետությունները Սիրիայի որոշման դեմ հանդես գան, և Վրաստանը պետք է աշխատի այդ ուղղությամբ: Կարելի է Ռուսաստանի դեմ էլ հանդես գալ, սակայն Սիրիան ինքնիշխան պետություն է, և ուշադրությունն ամբողջությամբ Ռուսաստանի վրա տեղափոխել, նրա վրա պատասխանատվություն դնել չի ստացվի: Մենք պետք է ամենայն լրջությամբ Սիրիայի դեմ հանդես գանք»:

Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր, Քաղաքականության ինստիտուտի տնօրեն Կորնելի Կակաչիա.

Մինչև այսօր ոչ մի արաբական պետություն չէր ճանաչել դե ֆակտո ռեժիմները, սակայն Սիրիայի որոշումն արաբական աշխարհում կարող է շղթայական արձագանք առաջացնել, ասել է Կորնելի Կակաչիան «Ինտերպրեսնյուս» տեղեկատվական գործակալությանը:

Նա համարում է նաև, որ Վրաստանի ԱԳՆ-ն պետք է ակտիվանա չճանաչման քաղաքականություն իրականացնելու գործում:

«ԱԳՆ-ն պետք է հաշվարկեր Սիրիայի այս քայլը, քանի որ Բաշար Ասադի ռեժիմը ռուսական սվինների վրա է պահվում և պատրաստ է կատարել Ռուսաստանի ցանկացած կամք: Նախարարությունն այժմ պետք է բացատրի, թե ինչու է իր աշխատանքը ոչ բավականաչափ եղել»:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն։

Կարդալ ավելին JAMnews-ում