Նախագծի մանրամասները և թե ինչ են սպասում դրանից Վրաստանը, Ռուսաստանն ու Հայաստանը" />

Արդյո՞ք բեռների վրաց-ռուսական տարանցումն Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով կիրականացվի

Նախագծի մանրամասները և թե ինչ են սպասում դրանից Վրաստանը, Ռուսաստանն ու Հայաստանը

Թբիլիսի: Լուսանկարը՝ Շաքո Մամուկաշվիլիի, JAMnews

Գրեթե երկու տարվա բանակցություններից հետո Վրաստանն ու Ռուսաստանն ըմբռնման են սկսում հասնել քաղաքական իմաստով բարդ տնտեսական նախագծի շուրջ. խոսքը գնում է Ռուսաստանից դեպի Վրաստան, այնուհետև՝ Հայաստան բեռների տարանցման մասին չկարգավորված հակամարտությունների գոտու՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով:

Մայիսի 24-ին Պրահայում կանցկացվեն Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ հերթական բանակցությունները:

Վրաստանն ու Ռուսաստանը «Մաքսային վարչարարության և ապրանքի առևտրի մոնիթորինգի մեխանիզմի մասին» համաձայնգրի կատարման հատուկ աշխատանքային խումբ կձևավորեն:

Այդ համաձայանգիրը նախատեսում է Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով Ռուսաստանից դեպի Վրաստան և Հայաստան այսպես կոչված «առևտրային միջանցքների» ստեղծում: Այս մասին Ազատություն ռադիոկայանին հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

Մայիսի 20-ին Աբաշիձեն Ազատություն ռադիոկայանին հաղորդել է, որ «առևտրային միջանցքների» գործարկման վերաբերյալ վերջնական պայմանավորվածության գալու հնարավորություն է հայտնվել այն բանից հետո, երբ Ռուսաստանը վերջերս շվեյցարական SGS ընկերության հետ հատուկ պայմանագիր է ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով բեռների փոխադրումը շվեյցարական դիտորդների կողմից մշտադիտարկելու մասին:

«Վրաստանը նույնատիպ պայմանագիր է ստորագրել այդ նույն ընկերության հետ դեռ դեկտեմբերին», Աբաշիձեի խոսքերն է մեջբերում Էխո Կավկազան:

Վրացի դիվանագետը միաժամանակ հաղորդել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև 2011թ-ին կնքված «Մաքսային վարչարարության և ապրանքի առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» հիմնարար համաձայնագրի համաձայն, շվեյցարացի դիտորդները իրավիճակի «մոնիթորինգ» են իրականացնելու ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Վրաստանի տարածքում, սակայն առանց բեռների մաքսային ձևակերպման ընթացակարգերի անցկացման, այլ միայն բեռների տեղաշարժի մասին տեղեկատվություն հավաքելու նպատակով:

Ավելի վաղ Հարավային Օսիայի իշխանությունները կասկած էին հայտնել առանց Ցխինվալիի մասնակցության դեպի Հայաստան և Վրաստան բեռների տարանցման համար մասնակիորեն ճանաչված հանրապետության տարածքն օգտագործելու մասին ռուս-վրացական ցանկացած համաձայնգրի հեռանկարային լինելու վերաբերյալ:

Աբաշիձեն բացառել է Ցխինվալիի մասնակցությունն ու հայտարարել, որ Վրաստանը չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, իսկ համաձայնգրի և մոնիթորինգի իրականացման «երրորդ կողմ» կարող է լինել միայն Շվեյցարիան:

Այսպիսով, Ռուսաստանից Վրաստանի տարածքով և հակառակ ուղղությամբ բեռների տարանցման համար այլընտրանքային ճանապարհների ստեղծումը կրկին դարձել է երկու երկրների քաղաքական դիսկուրսի կարևոր թեման: Եվ դա հատկապես հետաքրքիր է այնքանով, որ այդ երկու երկրների միջև արդեն գրեթե 10 տարի է՝ խզված են դիվանագիտական հարաբերությունները:

JAMnews-ն առաջարկում է նախագծի մանրամասն տեսություն և հիմնական հացերի պատասխաններ, որոնք են.

• ինչո՞ւ է առաջացել նախագծի գաղափարը,

• ի՞նչ է այն ենթադրում,

• ինչպե՞ս է նախագիծն իրականացվելու, երբ (և եթե) բանը հասնի դրան,

• ի՞նչ սպասելիքներ ունեն շահագրգիռ կողմերը։

Ինչո՞ւ է առաջացել նախագծի գաղափարը: Նախապատմություն

Նախագիծը բացատրելու համար անհրաժեշտ է 7 տարի հետ գնալ:

2011թ-ին դիտարկվում էր Ռուսաստանի անդամակցման հարցը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (հետագայում այն ԱՀԿ ենք անվանելու): Այդ կազմակերպությանն անդամակցելու պայման է դրա առանց բացառության բոլոր մասնակիցների համաձայնությունը: Այսպիսով, Ռուսաստանը պետք է ստանար Վրաստանի համաձայնությունը, որը ԱՀԿ անդամ էր դարձել դրանից մի քանի տարի առաջ:

Վրաստանն օգտագործեց իրավիճակը իրեն վաղուց անհրաժեշտ նպատակին հասնելու համար, որը կայանում էր Ռուսաստանից Աբխազիա և Հարավային Օսիա (տարածաշրջաններ, որոնք Թբիլիսին համարում է Ռուսաստանի կողմից օկուպացված) գնացող բեռների վերահսկողության մեջ:

Եվ որպես Ռուսաստանին ԱՀԿ կազմում ներառելու իր համաձայնության պայման Թբիլիսին պահանջեց, որ Մոսկվան համաձայնի, որպեսզի երրորդ երկիր ներգրավվի այդ բեռների մոնիթորինգի գործում:

Երկար բանակցություններից հետո, որոնք անցկացվում էին Շվեյցարիայի միջնորդությամբ, Վրաստանի և ՌԴ կառավարությունները 2011թ-ի նոյեմբերի 9-ին ստորագրեցին «Մաքսային վարչարարության և առևտրաշրջանառության մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին երկկողմանի համաձայնագիր»:

Փաստաթղթում խոսքը գնում էր միայն Ռուսաստանի և Վրաստանի մասին, Աբխազիան և Հարավային Օսիան չէին հիշատակվում, ինչպես ասում են փորձագետներից շատերը, ռուսական կողմի պահանջով: Սակայն համաձայնգրի թեման հենց այն բեռների հանդեպ միջազգային վերահսկողությունն էր, որոնք Ռուսաստանից տեղափոխվում են այդ հանրապետություններ:

Այդ նույն ժամանակ կողմերը համաձայնեցին որ համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ չեզոք երկիր կդառնա Շվեյցարիան: Ընտրվել էր անգամ մասնավոր շվեյցարական ընկերությունը, որը պետք է անմիջականորեն բեռների մոնիթորինգ իրականացներ: Դա SGS ընկերությունն էր:

Հետագա մի քանի տարիներին Թբիլիսին և Մոսկվան շարունակում էին քննարկել համաձայնագրի մանրամասները, սակայն հաջորդ վճռորոշ քայլն արվեց միայն 2017թ-ին:

Դեկտեմբերի 19-ին Վրաստանի հարկային ծառայությունը պաշտոնապես պայմանագիր կնքեց SGS շվեյցարական ընկերության հետ: Երբ SGS-ի հետ նմանատիպ պայմանագիր կնքի նաև Մոսկվան, կսկսվի դրա պրակտիկ իրականացումը: Հենց դա էր քննարկվում (առանց որևէ հստակ արդյունքների) հունվարի 31-ին Կարասին-Աբաշիձե հանդիպմանը:

Ի՞նչ է նախագիծը ենթադրում 

SGS-ի հետ 2017թ-ի դեկտեմբերի 19-ին Վրաստանի ստորագրած պայմանագիրը հնարավոր չէ մեջբերել. այն մինչև հիմա ոչ մի տեղ հրապարակված չէ և անհասանելի է: Որոշ փորձագետներ այն «գաղտնի» են անվանում: Դա է պատճառը, որ փաստաթուղթը ներկայացնում ենք շնորհիվ փորձագետների մեկնաբանությունների՝ սակայն ձեռքի տակ չունենալով փաստաթղթի օրիգինալը:

Շ

վեյցարական SGS ընկերության հետ պայմանագիրը մի փոքր մոդիֆիկացնում է սկզբնական նպատակը, որը գրանցված է 2011թ-ի համաձայնագրի մեջ: Այնտեղ խոսքը գնում էր բացառապես բեռների մոնիթորինգի մասին, որոնք Ռուսաստանից անցնում են Վրաստանի տարածքով և հակառակ ուղղությամբ:

Ներկայիս պայմանագիրը խոսում է ոչ միայն այդ բեռների վերահսկողության, այլ նաև Ռուսաստանից Վրաստանի տարածքով բեռներ տեղափոխելու համար ընդհանուր առմամբ 3 տարանցիկ միջանցք ստեղծելու մասին:

Պայմանագրի համաձայն՝ այդ ճանապարհներից միայն մեկն է մշտապես բաց լինելու մարդկանց և բեռների տեղաշարժի համար, դա հենց այժմ գործող ավտոմայրուղին է, որը Հյուսիսային Օսիայից տանում է դեպի վրաց-ռուսական սահմանի «Վերին Լարս» հսկիչ անցակետ՝ վրաց-ռուսական սահմանով մարդկանց և բեռների միակ պաշտոնական ցամաքային կետը:

Այդ միջանցքը երկու հիմնական խնդիր ունի:

Մեկը նեղ մայրուղու ցածր թողունակությունն է. մեքենաները ստիպված են հերթ կանգնել երբեմն մեկ, նույնիսկ երկու օրով, հատկապես՝ զբոսաշրջային սեզոնին (ձմռանն ու ամռանը):

Երկրորդ խնդիրը ձյան հաճախակի ուժեղ տեղումներն են ձմռանը, ձնհալը տարվա մյուս եղանակներին, երբ մայրուղին ամբողջությամբ փակվում է օրերով կամ շաբաթներով:

Սա Վերին Լարսի անցակետում մեքենաների հերթն է

Իակ սա՝ նույն վայրն է սողանքից հետո

Պ

այմանագրում նշված երկու մյուս ճանապարհները հետևյալն են.

1) Վլադիկավկազից Հարավային Օսիա, այնուհետև՝ Վրաստանի Գորիի շրջան տանող ավտոճանապարհը,

2) Սոչիից Աբխազիա, այնուհետև՝ Վրաստանի Զուգդիդիի շրջան տանող ավտոճանապարհը:

Երկու ճանապարհներն էլ անցնում են հակամարտության գոտիներով, այդ պատճառով էլ 1990-ականների սկզբից մասնակիորեն կամ ամբողջությամբ փակված են: Ներկայիս պայմանագրի համաձայն՝ դրանք կարող են օգտագործվել միայն որպես այլընտրանքային ճանապարհներ արտակարգ իրավիճակների ժամանակ (թե որոնք են այդ իրավիճակները, համաձայնագրում չի հստակեցվում):

Ինչպես ասաց JAMnews-ին Գրիգոլ Ռոբակիձեի անվան համալսարանի պրոֆեսոր Պաատա Զաքարեիշվիլին, «SGS-ի հետ պայմանագիրը տարբերվում է 2011թ-ի համաձայնագրից նրանով, որ Վրաստանը համաձայնում է պոտենցիալ առումով բացել տարանցիկ երթևեկությունն Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանապարհներով: Եվ դա բնավ Վրաստանի սկզբնական նպատակը չէր, այլ նույնիսկ հակասում է դրան: Նախագիծն ավելի լայն համատեքստ է ստացել, սակայն եթե անգամ այն իրականացվի, հարցականի տակ է, թե արդյոք արտակարգ իրավիճակներում կբացվի տարանցիկ երթևեկությունը, թե պայմանագրի այդ հատվածը թղթի վրա կմնա»:

Այժմ այն մասին, թե ինչպես է նման դեպքերում տեղի ունենալու բեռների տարանցումն այդ երկու մայրուղիներով:

Տարանցման գործնական սխեման

Շվեյցարական SGS ընկերություն. այն կստանա համապատասխան իրավունքներ և պատասխանատու կլինի ցանկացած բեռի պարտադիր ստուգման համար, որը կանցկացվի վերոնշյալ երեք տարանցիկ միջանցքներից յուրաքանչյուրով: SGS-ը հաշվետու է լինելու միայն շվեյցարական կառավարությանը:

Ռուսական և վրացական կողմերը. դրանք պարտավոր կլինեն SGS-ին սպառիչ տեղեկատվություն տրամադրել բեռների մասին:

SGS-ը պետք է վերահսկողության իր կետերը (մաքսակետերը) ստեղծի նախապես համաձայնեցված վայրերում: Ըստ 2011թ-ի համաձայնագրի այդ կետերը պետք է գտնվեն բոլոր երեք առևտրային միջանցքների երկու կողմերում, սակայն ոչ Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքներում:

Շվեյցարական SGS ընկերության հսկիչ անցակետերի աշխարհագրական դիրքը

Սոչիից Աբխազիա, այնուհետև՝ Վրաստանի Զուգդիդիի շրջան տանող տարանցիկ ավտոճանապարհը:

Մաքսային զննության մի կետ ստեղծվելու է Ադլերի շրջանում (Կրասնոդարի երկրամաս, ՌԴ), երկրորդը՝ Վրաստանի Զուգդիդի քաղաքի մերձակայքում:

Վլադիկավկազից Հարավային Օսիա, այնուհետև՝ Վրաստանի Գորիի շրջան տանող տարանցիկ ավտոճանապարհը:

Մաքսային զննության մի կետ ստեղծվելու է Հյուսիսային Օսիայի Նարտ գյուղի (ՌԴ) մերձակայքում, երկրորդը՝ Վրաստանի Գորի քաղաքի մոտ:

Վլադիկավկազից (ՌԴ) «Վերին Լարս» հսկիչ անցակետով դեպի Կազբեգի (Վրաստան) տանող ճանապարհը համաձայնագրի մեջ ներառվել է վրացական կողմի խնդրանքով, որը կցանկանար, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև այս բոլոր երեք տարանցիկ ճանապարհները միանման կարգավորվեին: Այստեղ նույնպես շվեյցարական երկու անցակետ կստեղծվի՝ մեկը Վլադիկավկազ քաղաքի մոտ (ՌԴ), մյուսը՝ Կազբեգի (Վրաստան) քաղաքի մերձակայքում:

Ի՞նչ է նախագծի իրականացումից սպասում Վրաստանը

Վրացական խորհրդարանի «Եվրոպական Վրաստան» խմբակցության ներկայիս պատգամավոր Սերգի Կապանաձեն, որը գլխավորել է վրացական պատվիրակությունը 2011թ-ի համաձայնգրի շուրջ բանակցություններին, JAMnews-ին ասաց, որ դա «իրոք լավ և անհրաժեշտ համաձայնագիր է»:

«Վրաստանն առաջին անգամ է հասել նրան, որ օկուպացված շրջանների սահմաններին միջազգային դիտորդներ հայտնվեն:

Վրաստանը նաև միջազգային մակարդակում ստացել է մի մեխանիզմ, որը թույլ կտա օկուպացված տարածների միջոցով առևտրային գործարքներ իրականացնել:

Սակայն այստեղ կարևորն այն է, որ խոսքը գնում է հենց հնարավորությունների մասին. զուտ մեխանիզմն առևտրի իրականացում չի ենթադրում և նման բան չի պարտադրում կողմերից ոչ մեկին»:

Ի՞նչ է նախագծի իրականացումից սպասում Ռուսաստանը

«Մենք մեծ հույսեր ենք կապում այդ համաձայնագրի հետ. սպասում ենք, որ այն հզոր խթան կհանդիսանա տարածաշրջանում առևտուր իրականացնելու համար», – սրանք ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի խոսքերն են:

Կարասինը, սակայն, շվեյցարական մաքսային զննման կետերի մասին ոչ լրիվ տեղեկատվություն է հաղորդել: Նրա խոսքերից այնպես է ստացվում, որ դրանք միայն Վրաստանի տարածքում են լինելու, սակայն դա չի համապատասխանում համաձայնագրի տեքստին:

Թեև այլընտրանքային տարանցիկ ճանապարհները, որոնք ամրագրված են համաձայանգրում, անցնում են Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով, Գրիգորի Կարասինը «Կոմերսանտ» ռուսական թերթին տված նույն հարցազրույցում ընդգծել է, որ փաստաթուղթը «պարտավորություններ չի ենթադրում երրորդ երկրների համար՝ բնականաբար ներառյալ Աբխազիայի Հանրապետությունն ու Հարավային Օսիայի Հանրապետությունը»: Սակայն չի մանրամասնել, թե ինչ է դա նշանակում այդ հանրապետությունների համար:

Ի՞նչ է այդ նախագծի իրականացումից ակնկալում Հայաստանը

«Ես ճի՞շտ եմ հասկանում, որ այդ համաձայանգրի իրականացման շահառուն Հայաստանն է լինելու: Այսինքն, որ Մոսկվան դա ավելի շատ անում է ոչ այնքան իր համար, այլ Երևանի խնդրանքով», – հարցրել էր «Կոմերսանտ» թերթը Գրիգորի Կարասինին:

«Հայաստանի կողմից խնդրանք իրոք կա», – պատասխանել է նա:

Ինչո՞ւ է Հայաստանի համար այդքան կարևոր, որպեսզի վրաց-ռուսական երկկողմանի քաղաքական նախագիծն աշխատի, հակիրճ բացատրել է հայկական «Լրագիր» պարբերականի վերլուծաբան Նաիրա Հայրումյանը.

«Հայաստանը միայն մեկ ցամաքային ճանապարհ ունի, որը կապում է երկիրը Ռուսաստանի հետ Վրաստանի միջոցով: Այն վերականգնվել է 2008թ-ի ռուս-վրացական պատերազմից հետո Հայաստանի խնդրանքով: Սակայն, այդ ճանապարհը կլիմայական պայմանների պատճառով փակ է տարվա գրեթե կեսը: Եվ Հայաստանը չի թաքցնում, որ Վրաստանի տարածքով ավելի անվտանգ և վստահելի տարանցման կարիք ունի»:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

Կարդալ ավելին JAMnews-ում