Ռուսաստանում ոչնչացվել է Բելառուսով տեղափոխվող ենթադրաբար հայկական 40.000 վարդ
ՌԴ-ում ոչնչացվել են ենթադրաբար հայկական վարդերը
Ռուսաստանի Սմոլենսկի շրջանում «Ռոսսելխոզնադզոր» պետական վերահսկողական գործակալության աշխատակիցները հայտնաբերել են ենթադրաբար Հայաստանից թարմ կտրված վարդերի մեծ քանակ, որը տեղափոխվել է Բելառուսի տարածքով։
Բելառուսական «Եվրոռադիո» պարբերականը հայտնում է, որ սա համարվել է հանցագործություն, քանի որ ՌԴ-ն գարնանից ի վեր արգելել է գրեթե բոլոր հայկական ապրանքների ներմուծումը։

Մոսկվան Հայաստանից ապրանքների ներմուծման արգելքը բացատրում է «բուսասանիտարական պահանջների խախտումներով»։ Սակայն սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարել են Եվրամիության հետ ինտեգրման իրենց արտաքին քաղաքական ուղու մասին, ուստի և՛ Երևանը, և՛ ԵՄ-ն այս գործողության մեջ քաղաքական դրդապատճառներ են տեսնում։
Ռուսաստանը նախկինում նմանատիպ միջոցներ է կիրառել Վրաստանի և Մոլդովայի դեմ՝ որպես քաղաքական անհամաձայնությունների դեպքում կիրառվող տնտեսական լծակ։
Փաստաթղթերի համաձայն՝ Մինսկի մարզից Մոսկվա մեկնող տրանսպորտային միջոցը տեղափոխում էր գազավորված զովացուցիչ ըմպելիքներ։ Սակայն ստուգման արդյունքում գազավորված ըմպելիքների փոխարեն մեքենայում հայտնաբերվել է 39.200 վարդ։
Դրանք տեղափոխվել են առանց ուղեկցող բուսասանիտարական և առաքման փաստաթղթերի։
«Ռոսսելխոզնադզոր»-ի տվյալներով՝ որոշ տուփերի վրա դեռևս փակցված են եղել պիտակներ, որոնց վրա որպես ծագման երկիր նշված է եղել Հայաստանը։
Վարդերը ոչնչացվել են, իսկ փոխադրողը ենթարկվել է վարչական պատասխանատվության։
ՀՀ-ից վերաարտահանման կասկածների պատճառով ՌԴ-ն կասեցրել է Իրանից ծաղիկների ներմուծումը
Բելառուսով տեղափոխվող հայկական վարդերի ոչնչացման հետ գրեթե միաժամանակ «Ռոսսելխոզնադզոր»-ը (Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) կասեցրել է Իրանից Ռուսաստան արտահանվող ծաղիկների հավաստագրումը, այդ թվում՝ Հայաստանից վերաարտահանման կասկածների պատճառով։
Հայտարարության մեջ նշվում է, որ 2026 թ.-ին Իրանից ծաղիկների առաքման ծավալը զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալին։
«Ռոսսելխոզնադզոր»-ը նաև նշել է, որ չնայած Իրանն է նշված եղել որպես արտահանող երկիր, արտաքին տեսքն ու փաթեթավորումը նույնական են եղել նախկինում Հայաստանից առաքված ծաղիկների հետ։
Համատեքստ
2026 թ.-ի գարնանից Ռուսաստանը հայկական արտադրանքի ներմուծման սահմանափակումներ է մտցրել։
Սկզբում սահմանափակումներ են ուժի մեջ մտել «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծման, ապա որոշ ալկոհոլային խմիչքների հետ կապված։
- Մայիսի 30-ից սկսած Ռուսաստանն արգելել է Հայաստանից լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչիների և ելակի ներմուծումը։
- Հետագայում Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը հայտարարել է ծաղիկների և դեկորատիվ բույսերի ներմուծման ժամանակավոր արգելքի մասին։
- «Ռոսսելխոզնադզոր»-ը նաև հայտնել է կենդանական ծագման որոշ մթերքների, ձկան և ձկնամթերքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին։
- Բացի այդ, Հայաստանը գրություն է ստացել Ռուսաստանից, մասնավորապես՝ բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման մասին համաձայնագիրը կասեցնելու հնարավորության մասին:
Ռուսաստանի կիրառած սահմանափակումները զգալի նշանակություն ունեն Հայաստանի համար, քանի որ տասնամյակներ շարունակ ՌԴ-ն եղել է հայկական գյուղատնտեսական արտադրանքի հիմնական շուկան։
Ներկա պահին ՀՀ իշխանությունները Եվրամիության ակտիվ աջակցությամբ աշխատում են օպերատիվ կերպով հայկական արտադրանքի համար արտահանման այլընտրանքային ուղիներ բացելու ուղղությամբ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՌԴ-ում ոչնչացվել են ենթադրաբար հայկական վարդերը