«Պետություն կառուցելը հեշտ գործ չէ». կարծիք Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին
Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում
Իրավիճակը Հայաստանում և նրա շուրջ օրեցօր ավելի սուր և վտանգավոր է դառնում։ Վերլուծաբանների կարծիքով՝ դրան կարող է հակազդել միայն ադեկվատ քաղաքական համակարգը։ Իսկ այն, որ Հայաստանը կանգնած է նոր մարտահրավերների առաջ, անհանգստացնում է ոչ միայն քաղաքագետներին։ Հասարակության տարբեր շերտեր քննարկում են՝ ինչպես դիմակայել դրանց։ Մարդիկ հիմնականում կարծում են, որ անհրաժեշտ է քաղաքական ուժերի համախմբում, անվտանգության համակարգի կատարելագործում և ճկուն դիվանագիտություն։
Կարծիք այն մասին, թե որքանով համարժեք է Հայաստանն արձագանքում իր շուրջ տեղի ունեցող գործընթացներին, երկրի ներքաղաքական իրավիճակի, իշխանությունների և ընդդիմության միջև հարաբերությունների բևեռացման, նրանց ժողովրդականության, քաղաքական ուժերի համախմբման և համակարգային փոփոխությունների հավանականության մասին։
Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյան
Նոր քաղաքական սերունդ՝ առանց գաղափարախոսության
«Այն, ինչ հիմա կատարվում է, վերադարձ է 2018 թվականից առաջ ստեղծված իրավիճակին։ Փոխվել է միայն ոճը, փոխվել են ժողովուրդն ու քաղաքական սերունդը։ Իսկ դա բավարար չէ քաղաքական մշակույթն ու կառուցվածքը փոխելու համար։ Ներկայիս իրավիճակը հաստատում է դա։
Այժմ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցության փոխարեն իշխանության է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այսինքն՝ 2018 թ․-ի «թավշյա հեղափոխությունից» հետո մի կուսակցություն փոխարինեց մյուսին և զբաղեցնում է խորհրդարանի 2/3-ը։ Այդպես է ամրագրված Սահմանադրությամբ։
Նոր իշխող կուսակցությունը չափազանց անձնավորված է, այն չի հենվում գաղափարախոսության վրա՝ դրա բացակայության պատճառով, ունի միայն որոշակի կարգախոսներ և լոզունգներ։ «Քաղաքացիական պայմանագիրը» կազմված է այն մարդկանցից, ովքեր խորհրդարանում իրենց ներկայացվածությամբ պարտական են իրենց առաջնորդին։
Եթե Փաշինյանը 100 տոկոսով այլ ցուցակ առաջարկեր, արդյունքը մոտավորապես նույնն էր լինելու։
Ընտրողները ձայն էին տվել ոչ թե այդ մարդկանց, այլ քաղաքական ուժին՝ ի դեմս առաջնորդ Նիկոլ Փաշինյանի»։
Ընդդիմություն՝ առանց ազդեցության
«Նույնն է եղել նաև հանրապետականների դեպքում։ Նրանք նույնպես ընդգծված գաղափարախոսություն չունեին, ծրագիր չկար, չկար մի բան, ինչի օգտին մարդիկ կարող էին քվեարկել։
Հայաստանն ունի ընդդիմության հիբրիդային համակարգ։ Ընդդիմությունը ներկայացված է խորհրդարանում, իրավունք ու հնարավորություն ունի խոսելու, կարող է արտահայտվել լրատվամիջոցներում, ունի պարբերականներ, որոնք աջակցում են իրեն: Այն չունի միայն որոշումների կայացման վրա ազդելու հնարավորություն։
Խորհրդարանում իշխող ուժին ընդդիմություն ընդհանրապես պետք չէ՝ առանց դրա էլ կարող է որոշումներ կայացնել, հետևաբար, կարող է անտեսել։
Արդյունքում ընդդիմությունն օգտվում է խոսելու և քննադատելու իր իրավունքից ճիշտ այնպես, ինչպես Փաշինյանն ու նրա «Ելք» խմբակցությունն էին քննադատում իշխանություններին մինչև 2018 թվականը։ Սա հանգեցնում է քաղաքական բողոքի ակցիաների և տարբեր տեսակի ակցիաների խորհրդարանից դուրս, այսինքն փողոցային ակտիվության»։
Բողոքի ակցիաներ՝ անտեղի
«Այս ամենը պատահականություն չէ։ Եվ ոչ այն պատճառով, որ նրանք այդքան վատն են կամ անկազմակերպ: Սա կառուցվածքային հարց է, այսպես է դասավորված մեր քաղաքական համակարգը։
Ընդդիմությունը, որը չի կարող ազդել խորհրդարանի որոշումների վրա, իսկ հասարակության մեջ լայն ժողովրդականություն չի վայելում, գործում է այնպես, ինչպես գործում է։ Այդպես էր մինչև 2018 թվականը, այդպես է և հիմա։
Ընդդիմությունը բացառապես բացասականի վրա է աշխատում, այսինքն՝ քննադատում է իշխանությանը։ Ընդ որում, քննադատում է տեղին, թե անտեղի՝ այնքան էլ կարևոր չէ։ Կարևորն այն է, որ ընդդիմությունը դրական ծրագիր չունի։ Իշխող ուժն էլ չունի։ Նրանցից ոչ մեկն այլընտրանք չի առաջարկում։
Ընդդիմությունը քննադատում է իշխանություններին, իշխանությունները քննադատում են ընդդիմությանը, պատմական հետազոտություններ անում՝ վկայակոչելով մինչ 2018 թ.-ի հայոց պատմության մեջ այս կամ այն անձի մեղավորության որոշ ապացույցներ։
Սա այն քաղաքական կառուցվածքի հետևանքն է, որը գոյություն ունի, և պարզապես մարդկանց փոխելով կամ նույնիսկ օրենքը փոխելով այն փոխել հնարավոր չէ։ Սա այդպիսի քաղաքական մշակույթ է։
Երբ հակառակորդները գործում են միայն բացասաբար, այսինքն՝ միմյանց դեմ, քաղաքականությանը փոխարինում է տրոլինգը։ «Դու վատն ես։ – Ոչ, դու ես վատը»: Իսկ դա չի կարող հանգեցնել հասարակության զանգվածային աջակցության։
Իշխանություն՝ իշխանության համար
«Փողոցում կանգնած հասարակ մարդն առավելապես անտարբեր մարդ է։ Իշխանությունը հիմնվում է ոչ թե աջակցության, այլ ապատիայի վրա։ Այդպես եղավ նաև հանրապետականների դեպքում: Նրանց վարկանիշը բավականին ցածր էր՝ ամենավերջում 10-20%-ի սահմաններում էր։ Բայց մարդիկ ոչ մի հեռանկար չէին տեսնում ու մտածուն էին՝ եթե ոչ մի հույս չկա, գնամ և նույն ուժի օգտին քվեարկեմ։
1992 թվականից մինչև 2018 թվականը իշխանությունը շատ ցածր լեգիտիմություն ուներ, իսկ հետո հեղափոխական Փաշինյանի ավելի քան բարձր լեգիտիմությունը փոխեց իրավիճակը։ Նա, օգտագործելով այդ գործիքը, հասավ իր նպատակին, այն է՝ վերցրեց իշխանությունը։ Սկզբում գործադիր, հետո օրենսդիր՝ հեռացնելով հանրապետականներին, հետո դատական, տեղական և այդպես շարունակ։
Այդ ռեսուրսը (բարձր լեգիտիմությունը) գործող իշխանությունն օգտագործել է միայն իշխանության հասնելու համար։ Իշխանություն՝ իշխանության համար։
Ըստ այդմ՝ իրավիճակը հակառակ ուղղությամբ է զարգացել։ Իշխանության ժողովրդականությունը նվազում է, և իշխանությունը սկսում է հույսը դնել ոչ թե հանրային, սոցիալական, այլ բյուրոկրատական ռեսուրսների վրա։ Իսկ դա նախկին իրավիճակի վերականգնումն է»։
Հայաստանը չանցավ ադեկվատության թեստը
«Այնուամենայնիվ, քաղաքական մշակույթում փոփոխություններ են տեղի ունենում։ Գուցե ոչ այնքան արագ, բայց դրանք կատարվում են։ Օրինակ՝ Հայաստանն այսօր այնպիսին չէ, ինչպիսին 1995 թվականին էր։ Եվ փոփոխությունները տեղի են ունեցել այս բոլոր տարիների ընթացքում, ոչ թե հենց 2018 թ.-ին։
Գործընթացներ էին ընթանում թե՛ Հայաստանի շուրջ, թե՛ երկրի ներսում։ Եվ այդ գործընթացները շատ նշանակալից էին։ Բայց Հայաստանը դրանց արձագանքում էր ոչ այնքան ադեկվատ։
Օրինակ՝ ներքաղաքական կյանքում։ Սահմանադրական փոփոխություններն ու Սերժ Սարգսյանի՝ իշխանությունը պահպանելու փորձը հանրապետականների ակնհայտ սխալն էին։
[Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն անցկացվել է 2015 թ. -ին։ Առաջարկվող փոփոխությունները երկրում կառավարման համակարգը փոխում էին կիսանախագահականից խորհրդարանականի։ Փորձագետները հայտարարում էին, որ սա հնարավորություն է նախագահ Սերժ Սարգսյանի՝ իշխանության մնալու համար։ Նախագահի պաշտոնում իր երկրորդ ժամկետի ավարտից հետո նա այլևս չէր կարող ընտրվել: Իսկ երկրի անցումը խորհրդարանական կառավարման ձևի նրան հնարավորություն էև տալիս ընտրվել վարչապետի պաշտոնում և պահպանել պետության ղեկավարի կարգավիճակը։
Կառավարման նոր ձևին անցնելու գործընթացը տեղի է ունեցել 2017-2018 թթ․-ի ընտրական փուլի ընթացքում։ 2018 թվականի գարնանը բնակչության մեծ մասը սատարեց Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրներին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։]
Սա հեղափոխության պատճառներից մեկը դարձավ, եթե ոչ հիմնականը։ Եթե Սերժ Սարգսյանը դրան չգնար, հեղափոխություն հենց այդ ժամանակ չէր լինի։
Այն բացթողումները, որոնք եղել են ներքին կառավարման, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, 2018 թ.-ին չեն սկսվել։ Առնվազն 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, իսկ գուցե և ավելի վաղ։ Բայց Հայաստանը ոչ ադեկվատ է արձագանքել բոլոր մարտահրավերներին։
Հիմա իրավիճակը շատ ավելի սուր է, իսկ մարտահրավերները՝ շատ ավելի բարդ։ Սա և՛ 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի, և՛ ուկրաինական պատերազմի արդյունքն է։
Բոլորովին այլ իրավիճակ է նաև աշխարհում։ Մինչ այս Հայաստանն ապրում էր մի իրավիճակում, երբ Ռուսաստանի և Արևմուտքի միջև նման ուղղակի և բուռն առճակատում չկար, և մենք մանևրելու ինչ-որ տեղ ունեինք։ Հիմա դա չկա»։
Բոլոր ոլորտներում կատարելագործվելու անհրաժեշտություն
«Մեզ ավելի շատ կազմակերպվածություն է պետք, հստակ գիտակցում, թե ինչ և ինչպես ենք ուզում, ինչպես և ինչ ուղղությամբ ենք շարժվում:
Պետք է աշխատանք տանել բոլոր ոլորտներում՝ անվտանգությունից մինչև դիվանագիտություն։ Եվ այդ ամենը պետք է կատարելագործել ավելի սուր իրավիճակում, երբ ոչ ոքի չես հետաքրքրում՝ ուկրաինական պատերազմի ֆոնին և բուն Հայաստանի թուլացման պայմաններում։
Այս ամենը առանց համապատասխան քաղաքական համակարգի անհնար է անել։ Պետք է կառուցել այդ համակարգը, և մենք բոլորս պետք է կառուցենք այն, այլ ոչ թե միայն քաղաքական գործիչները:
Մեր ներկայիս համակարգը լավ չի արձագանքում առկա մարտահրավերներին: Համապատասխան արձագանքելու համար
- նորմալ ընդդիմություն է պետք,
- քաղաքական կուսակցություններ, որոնք մշակում են ծրագրեր, ոչ թե պարզապես տրոլինգի ենթարկում հակառակորդներին,
- հարկավոր է, որ իշխանություններն իրենցից առաջ եղած բոլոր ուժերին հողին հավասարեցնելը ժողովրդավարություն չհամարեն,
- դիսկուրսները պետք է փոխվեն։
Այս ամենի առկայության դեպքում տեղի կունենա որոշումների կայացման մակարդակի բարձրացում, երկրի սուբյեկտայնության փոփոխություն։ Սա, ցավոք սրտի, այսօր տեղի չի ունենում՝ չնայած իրավիճակի կրիտիկական լինելուն»։
Հնարավո՞ր է համախմբում
«Այսօր չափազանց դժվար է պատկերացնել, որ բոլոր ուժերը կնստեն մեկ սեղանի շուրջ։
Համաշխարհային պրակտիկայում սա կոչվում է ազգային փրկության կառավարություն, երբ տարբեր ուժեր՝ անկախ իրենց քաղաքական նախասիրություններից միավորվում են ու փորձում ինչ-որ ճանապարհ գտնել երկիրը զարգացնելու համար։
Ներկայիս իրավիճակում, երբ մեր քաղաքական ուժերը միմյանց մերժում են, նրանց միջև տոտալ անվստահություն կա, նրանց հարաբերություններն ավելի քան արմատական են, նման բան պատկերացնելը դժվար է։
Ինչպես ընդդիմությունը, այնպես էլ իշխանությունը ասում է, որ հակառակ կողմն ընդհանրապես չպետք է լինի, այն չպետք է մասնակցի քաղաքականությանը։ Նրանց համար գլխավոր նպատակ է դարձել հակառակ կողմին քաղաքականությունից դուրս մղելը։
Ելք հոգնածության միջոցով
«Պետք է այնպիսի համակարգ կառուցել, որ ճիշտ մարդիկ լինեն ճիշտ տեղերում: Բայց դրա համար հասարակության մեջ պետք է նման պահանջարկ լինի։ Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում պետք է հոգնածության աճ լինի ստեղծված իրավիճակից, որպեսզի իրավիճակը փոխելու պահանջ ձևավորվի։
Երբ լիակատար հոգնածություն առաջանա և հասարակության մեջ ի հայտ գա փոխըմբռնումը, այն ժամանակ կարող են հայտնվել մարդիկ, կառույցներ, կուսակցություններ, գաղափարներ, որոնք կարող են հանգեցնել փոփոխությունների:
Նման բան եղել է 1988-1991 թթ., 1996-98 թթ., 2007-08 թթ.։ Եվ այդպես եղավ 2018 թվականին, երբ տեղի ունեցավ «թավշյա հեղափոխությունը»։ Ի դեպ, յուրաքանչյուրի փուլը տևել է 10 տարի (1988 — 1998, 1998 — 2008, 2008 — 2018 թթ.): Այս անգամ այն կարող է ավելի երկար ձգվել:
Ներկա պահին չեմ տեսնում որևէ նմանատիպ բան, ինչը կարող է այդ տեսակի փոփոխություն բերել քիչ թե շատ կարճաժամկետ հեռանկարում: Պետություն կառուցելը հեշտ գործ չէ»։
Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում