Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 31 ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները
-
Իրադրությունը ռազմաճակատում Արցախի ՊՆ-ից, մեկնաբանություն Հայաստանի ՊՆ-ից
Առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները: Արցախի պաշտպանության բանակը վերահսկում է հակառակորդի շարժերն ու նպատակային հարվածներ հասցնում:
Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում:
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նշված ուղղությունների վրա աշխատող հակառակորդի կրակային դիրքերին ՊԲ ստորաբաժանումները հասցրել են թիրախային հարվածներ:
Ադրբեջանական կողմը 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ է ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն խոցվել է հայկական կողմից և հետ շպրտվել:
Մեկնաբանելով հակառակորդին հետ շպրտելու մասին Արցախի ՊՆ-ի տեղեկատվությունը, Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հորդորել է շատ չոգևորվել և ընդհանրապես ծայրահեղությունների մեջ չընկնել․
«Սա շատ կարևոր լուր է, բայց ամեն ինչ հիանալի չէ։ Պատերազմը շարունակվում է իր բոլոր ծանրություններով։ Երեկվա բրիֆինգից հետո նորից նկատեցի չարդարացված ծայրահեղ էմոցիաներ։ Ամեն ինչ կատաստրոֆիկ չէ և առավել ևս հիանալի չէ։ Պատերազմ է, և մեր ողջ ներուժը պետք է կենտրոնացնել, պայքարը դժվար է ու պետք է դնել առավելագույնը»:
-
Ադրբեջանը չի պահպանում Ժնևի համաձայնությունները, շարունակվում է խաղաղ բնակավայրերի գնդակոծումը. Արցախի արտակարգ իրավիճակների պետծառայություն
Գերատեսչությունից հայտնում են, որ նոյեմբերի 1-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը ռազմական ավիացիա են կիրառել և հարվածներ են հասցրել Մարտունի քաղաքին և հարակից բնակավայրերին: Առավոտյան գնդակոծությունը վերսկսվել է, կան ավերածություններ:
Գիշերը Ասկերանի շրջանի Ավետարանոց և Սզնեք գյուղերը գնդակոծվել են «Գրադ» և «Սմերչ» կայանքներից: Բնակիչները չեն տուժել, ճշտվում է պատճառված նյութական վնասի չափը:
Հրթիռա-հրետանային հարվածներ են հասցվել նաև Շուշի քաղաքին և Քարին տակ գյուղին։
-
Մարտերը շարունակվում են, հաջողություններ ունի և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմը՝ տարբեր ուղղություններով. Հայաստանի ՊՆ
Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, ամփոփելով իրավիճակը ռազմաճակատում նախորդ օրվա ընթացքում, հաղորդեց, որ հակառակորդը սկսել է գրոհել վաղ առավոտից, մարտական գործողությունները տեղի են ունեցել բոլոր ուղղություններով: Մարտերի ինտենսիվությունը եղել է ընդհանուր առմամբ ոչ բարձր, լարվածություն նկատվել է որոշակի հատվածներում:
«Հարավային և հարավարևելյան ուղղությունների որոշ տեղային մարտերում մեր զինված ուժերը կարողացել են վերադարձնել որոշ դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում»,- ասել է Հովհաննիսյանը:
Սակայն կենտրոնական ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հետևազորի խոշոր ստորաբաժանումներ, ինչպես նաև զրահատեխնիկա և հրետանի: Այդպիսով հակառակորդին հաջողվել է այստեղ հասնել հաջողության և դիրքային փոփոխությունների:
Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը կրկին շեշտել է վերահսկողության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: Առանց վերիֆիկացիոն մեխանիզմների, նրա կարծիքով, դժվար կլինի հասնել հրադադարի ռեժիմի պահպանման: Եվ դա է վկայում ադրբեջանական կողմից պայմանավորվածությունների հերթական խախտումը, այս անգամ արդեն հոկտեմբերի 30-ին Ժնևում ձեռք բերված համաձայնությունից հետո:
-
Խաղաղ բնակիչը զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի գնդակոծման արդյունքում. Արցախի ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հաղորդում է, որ զոհվել է Մարտունու շրջանի Հերհեր գյուղի 59-ամյա բնակիչը: Հրթիռահրետանային հարվածներ են հասցվել նաև Մարտունի, Մարտակերտ և Շուշի քաղաքներին: Տուժածների և նյութական վնասների մասին տվյալները ճշտվում են:
Բեգլարյանը հիշեցնում է, որ հոկտեմբերի 31-ի առավոտյան, մարդասիրական հարցերի շուրջ Ժնևում համաձայնության գալուց հետո, գնդակոծման են ենթարկվել նաև մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի թաղամասերը, որտեղ չկա ռազմական նշանակության ոչ մի օբյեկտ:
-
Ադրբեջանի ռուսական համայնքը ակցիա է անցկացրել՝ ի աջակցություն բանակի
Բաքվում կայացել է Ադրբեջանի ռուսական համայնքի կողմից կազմակերպված ավտոերթ՝ ի աջակցություն ադրբեջանական բանակի:
-
Պատերազմի մեկնարկից ի վեր Ադրբեջանում զոհվել է 91 խաղաղ բնակիչ. Ադրբեջանի գլխավոր դատախազություն
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը թարմացրել է զոհված և վիրավոր խաղաղ բնակիչների թվի վերաբերյալ տվյալները:
«Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է 91 մարդ, ևս 404-ը վիրավորվել են», — ասվում է վարչության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
-
Ադրբեջանի ՊՆ. «Ադրբեջանական բանակը չունի արգելված զենք և զինամթերք»
«Ադրբեջանական բանակի կողմից ֆոսֆորային զինամթերքի ենթադրյալ օգտագործման մասին Հայաստանի հայտարարություններն անհիմն են:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակը չունի միջազգային իրավունքով արգելված զենք և զինամթերք: Նման անհիմն տեղեկատվություն տարածելով՝ Հայաստանը փորձում է քողարկել Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ կատարված իր ռազմական հանցագործությունները», — հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
-
Ադրբեջանի զինված ուժերը օգտագործում են արգելված ֆոսֆորային զինամթերք, որը պարունակում է քիմիական զենքի տարրեր. Արցախի ՊՆ
ՊԲ մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում ապացուցում է, որ Ադրբեջանը ֆոսֆորային զենք է օգտագործում:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ «սա միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևի կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով և փաստաթղթերով ամրագրված դրույթների կոպիտ խախտում է»:
Հաղորդագրության մեջ բացատրվում է, որ այս զենքը զանգվածային անտառային հրդեհներ է առաջացնում և կարող է բնապահպանական աղետի պատճառ դառնալ: Բացի այդ, հայտնի է, որ այժմ անտառներում, որտեղ ֆոսֆորային զինամթերք է օգտագործվում, Ադրբեջանի զինված ուժերի գնդակոծություններից թաքնվում են Արցախի շատ խաղաղ բնակիչներ: Այս կապակցությամբ Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը շտապ հետաքննություն է անցկացրել և հրապարակել դրա արդյունքները.
«Այս զինամթերքն ունի զանգվածային ոչնչացման ակնհայտ բնույթ և օգտագործվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ այժմ խաղաղ բնակչության դեմ: Եվ նման իրավիճակում դա միջազգային իրավունքի բացահայտ խախտում է»:
-
«Ղարաբաղը ազգային արժանապատվության հարց է». Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել գերմանական ARD հեռուստաալիքին:
Լրագրողի հարցին՝ «Երբ մենք այնտեղ էինք (Ղարաբաղում) այսպիսի հարց ծագեց. ինչո՞ւ է Ղարաբաղը այդքան կարևոր Ադրբեջանի համար: Այնտեղ ռեսուրսնե՞ր կան, թե՞ դա իր մեջ ինչ-որ սիմվոլիկ իմաստ է կրում», Ալիևը պատասխանել է.
«Արդյոք կարևո՞ր են ձեզ համար Էլզասը և Լոթարինգիան, կարևո՞ր է արդյոք Բավարիան: Կամ գուցե Ռեյն-Վեստֆալիան: Դա մեր հողն է, միջազգայնորեն ճանաչված մեր տարածքը: Դա ռեսուրսների հարց չէ, մեր հիմնական ռեսուրսները գտնվում են այստեղ՝ Բաքվում: Դա արդարության հարց է, ազգային արժանապատվության և միջազգային իրավունքի հարց է: Միջազգային իրավունքը և ողջ միջազգային հանրությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի անքակտելի մաս: Մենք վերականգնում ենք արդարությունը, և ինքներս ենք իրականացնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք 27 տարի մնացել են թղթի վրա»:
-
Եթե մարտերը տեղափոխվեն Հայաստանի տարածք, Ռուսաստանը կօգնի Երևանին. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակին, որում նա խնդրել էր խորհրդակցություններ սկսել Հայաստանին աջակցության հարցի շուրջ՝ նրա անվտանգությունն ապահովելու համար:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումի կապակցությամբ, որը վերաբերում է օգնության տեսակի և ծավալի նպատակով խորհրդակցություններ սկսելու խնդրանքին, որոնք Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին՝ երկրի անվտանգության ապահովման համար, հաստատում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը հետամուտ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ դաշնակցային պարտավորություններին, որոնք այդ թվում նաև բխում են 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրից։ Այդ պայմանագրի մի շարք դրույթներ ենթադրում են կոնկրետ գործողություններ զինված հարձակման սպառնալիքի առաջացման կամ միմյանց տարածքների նկատմամբ ագրեսիայի ակտի դեպքում: Ռուսաստանը, պայմանագրի համաձայն, անհրաժեշտ օգնություն կցուցաբերի Երևանին, եթե մարտերը տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք»:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է, որ խոսքը ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշման մասին է, որը հնչել է հայտարարության մեջ, իսկ Հայաստանին ցուցաբերվող օգնության բոլոր մանրամասները և հատուկ ձևաչափերը լրացուցիչ կքննարկվեն:
-
Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է Ստեփանակերտ և Շուշի քաղաքների գնդակոծման մասին հաղորդագրությունները
«Հայկական ԶԼՄ-ների տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական բանակի ստորաբաժանումները առավոտվանից գնդակոծում են Ստեփանակերտ և Շուշի քաղաքները, կեղծ է և միտված է իրավիճակը սրելուն:
Հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հարվածներ են հասցնում միայն հակառակորդի կրակակետերին», — ասվում է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության հաղորդագրությունում:
-
Հայկական կողմը հաղորդում է Ադրբեջանի կողմից Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման մասին
Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ այսօր առավոտյան, ժամը 07.08-ի սահմաններում, հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին: Ստեփանակերտում Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են կենտրոնական շուկան և մեկ բնակելի շենք: Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ խաղաղ բնակավայրերի գնդակոծումը խախտում է հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների 6 ժամ տևած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ: Դրա մեջ ասվում է, որ կողմերը պարտավորվել են պահպանել հումանիտար հրադադարը և կանխամտածված չթիրախավորել խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական օբյեկտները:
-
Ադրբեջանի ՊՆ. «Աղջաբեդի շրջանի Գիյամեդինլի գյուղը գնդակոծվել է»
«Հայկական զինված ուժերը գնդակոծել են Աղջաբեդի շրջանի Գիյամեդինլի գյուղը»:
Ավերածություններ և տուժածներ չկան»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
-
Պատասխան կրակ է բացվել հակառակորդի կրակակետերի ուղղությամբ. Ադրբեջանի ՊՆ
Հայկական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը՝ այդ երկրի ՊՆ ներկայացուցչին հղումով, Գաֆան քաղաքի մոտակայքում գտնվող Դավիթ-Բեկ գյուղի ուղղությամբ ադրբեջանական բանակի կողմից իբր ռազմական գործողությունների վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը:
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել հակառակորդի կրակակետերի ուղղությամբ, որոնք հրետանային կրակի էին ենթարկել Կուբաթլիի տարածքը նշված ուղղությամբ:
Հայտարարում ենք, որ այսուհետ նույնպես համարժեք պատասխան միջոցներ կձեռնարկվեն թշնամու նկատմամբ»,- հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը:
-
Նամակ Հայաստանի վարչապետից Պուտինին
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, խնդրելով սկսել անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը ՌԴ-ն կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար: Այս մասին հաղորդվում է Հայաստանի ԱԳՆ-ի կայքում:
Հայաստանի ղեկավարությունը դիմել է երկրի ռազմավարական դաշնակցին, հաշվի առնելով մարտական գործողությունների՝ Հայաստանի սահմանին մոտենալու, «ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը»:
Նամակում Հայաստանի վարչապետը մանրամասն նկարագրել է նաև Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները:
-
Ադրբեջանի ՊՆ. «Երեք շրջաններ ենթարկվել են հրետանային կրակի»
«Հոկտեմբերի 31-ին ժամը 06:00 Հայաստանի զինված ուժերը հրետակոծել են Թերթերի, Աղդամի և Աղջաբադի շրջանները»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
-
Մարտական գործողությունները շարունակվում են. Ադրբեջանի ՊՆ
«Հոկտեմբերի 30-ի ցերեկը և 31-ի գիշերը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր զինատեսակներից, այդ թվում հրթիռներով և հրետանիով ռմբակոծել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիրքերը և բնակավայրերը ռազմաճակատի տարբեր ուղղություններով:
Մարտական գործողությունները շարունակվել են հիմնականում ռազմաճակատի Աղդերինի, Խոջավենդի և Ղուբաթլիի ուղղությամբ»,- հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
-
Իրավիճակը հոկտեմբերի 31-ի դրությամբ՝ հակիրճ
Ղարաբաղում մարտերի մեկնարկի երկրորդ ամիսը
• Հոկտեմբերի 30-ին ողջ օրը հայ զինվորականները գնդակոծել են Ադրբեջանի մի քանի շրջաններ՝ Ղուբաթլիի, Գորանբոյի, Թերթերի, Աղդամի և Աղջաբեդի, հաղորդել է Ադրբեջանի ՊՆ-ն:
• Հոկտեմբերի 30-ին ողջ օրը ադրբեջանցի զինվորականները հրթիռային կրակի են ենթարկել Արցախի բնակավայրերը, հաղորդել է Արցախի ՊՆ-ն:
• Հայաստանի ՊՆ-ն հաղորդել է հոկտեմբերի 30-ի օրվա ընթացքում գրեթե բոլոր ուղղություններով ծանր մարտերի մասին:
• Եվս 9 բնակավայր անցել է ադրբեջանական բանակի վերահսկողության տակ, հաղորդել է Իլհամ Ալիևը:
• Մահացել է այն 84-ամյա տղամարդը, որին Ադրբեջանը հոկտեմբերի 29-ին ուզում էր հանձնել հայկական կողմին, բայց նրան չէին կարողացել տեղափոխել առողջական պատճառներով:
• Սեպտեմբերի 27-ի մարտական գործողությունների մեկնարկից հետո ադրբեջանական կողմից զոհվել է 91 խաղաղ բնակիչ, 400 մարդ վիրավորվել է, հաղորդել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:
• Հայտարարվեց և հետո հետաձգվեց Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղևորությունը Մոսկվա, նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Քոչարյանը ծրագրել էր գնալ Հայաստանի մեկ այլ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որպեսզի «ռուս քաղաքական էլիտայի հետ քննարկեն իրավիճակը Ղարաբաղում և ապա Հայաստանի կառավարությանը առաջարկեն կոնկրետ լուծումներ»:
• Amnesty International и Human Rights Watch-ը հաստատել է հայ զինվորականների կողմից ադրբեջանական Բարդա քաղաքում խաղաղ բնակչության դեմ արգելված կասետային ռումբերի օգտագործման փաստը: Ավելի վաղ Human Rights Watch-ը հայտարարել էր, որ ադրբեջանցի զինվորականները Ղարաբաղում խաղաղ բնակչության դեմ օգտագործում են կասետային ռումբեր:
-
Մարտեր Արցախում։ 2020 թ․հոկտեմբերի 30-ի նորություններ, ռեպորտաժներ, տեսանյութեր-լուսանկարներ։