Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 21 ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները
-
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է Կարմիր շուկայի արկակոծության մասին լուրը
«Տեղեկություններն այն մասին, թե Հայաստանի օկուպացրած Կարմիր շուկա բնակավայրն արկակոծվել է «Սմերչ» ՀԿՌՀ-ով Ադրբեջանի բանակի կողմից, որի հետևանքով տուժել է քաղաքացիական բնակչությունն, անհիմն է և ստահոդ։
Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակը, որն ամբողջությամբ պահպանում է հումանիտար հրադադարի ռեժիմը, միայն անհրաժեշտության դեպքում և հակառակորդի ակտիվության ճնշման նպատակով է իրեն իրավունք վերապահում նրա լեգիտիմ ռազմական օբյեկտներին կրակային հարված հասցնել», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
-
«Արցախի հարցն այս փուլում դիվանագիտական լուծում չունի»․ Հայաստանի վարչապետ
Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում ուղիղ եթերում կոչ է արել բոլորին և յուրաքանչյուրին՝ պաշտպանել հայրենիքը, առաջին հերթին՝ զենքը ձեռքին, ինչպես նաև աջակցել բանակին գիտելիլքով և հմտություններով․
«Մենք պետք է գիտակցենք, որ արցախյան հարցը, համենայնդեպս, այս փուլում դիվանագիտական լուծում չունի»։
Նա պարզաբանել է, որ հայկական իշխանությունները բազմիցս հայտարարել են հարցը փոխզիջումների հիման վրա լուծելու պատրաստակամության մասին։ Սակայն հայկական կողմի համար ընդունելի տրամաբանությունն անընդունելի է Ադրբեջանի համար․
«Նրան, ինչին մենք համաձայն ենք կամ համաձայն կլինենք՝ հաշվի առնելով բանակցություններն ու այլ գործոնները, Ադրբեջանը համաձայն չէ։ Հետևաբար, մնում է հարցի միայն ռազմական լուծումը, որից հետո հնարավոր կլինի անցնել դիվանագիտական բանակցությունների»։
Վարչապետի ելույթը տեղի է ունեցել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահների, ինչպես նաև խոշոր կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպումներից և խորհրդակցություններից հետո, ինչից հետևում է, որ սա Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքական ուժերի ընդհանուր մոտեցումն է։
-
Հայաստանը Թուրքիայից ապրանքի ներկրման ժամանակավոր արգելք կսահմանի
Արգելքն ուժի մեջ կմտնի 2020 թ-ի դեկտեմբերի 31-ից և կգործի առայժմ կես տարի։ Հայաստանի կառավարությունն այս որոշումն ընդունել է հոկտեմբերի 21-ին։ Որոշման էությունը հայկական աղբյուրներից թուրքական բյուջե մտնող ֆինանսական հոսքերը կտրելն է։
«Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումն իրենից ենթադրում է, նախևառաջ, անվտանգային բաղադրիչ՝ հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց, Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին», — ասված է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի հայտարարությունում։
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2019 թ-ին Թուրքիայից Հայաստան է ներմուծվել $268,1 միլիոնի ապրանք։
-
ԱՄՆ Կոնգրեսին առաջին անգամ Արցախի անկախության ճանաչման նախաձեռնություն է ներկայացվել
Այս նախաձեռնությամբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հանդես է եղել կալիֆոռնիացի դեմոկրատ-կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն։ Նա իր ներկայացրած փաստաթուղթը հրապարակել է Թվիթերում։
The path forward is one of liberty, which is why I am today calling for official U.S. recognition of the Republic of Artsakh’s independence. pic.twitter.com/Kk4J31XVz5
— Rep.Grace Napolitano (@gracenapolitano) October 20, 2020
«Դեպի առաջ ուղին ազատության ուղին է, այդ պատճառով էլ ես Միացյալ Նահանգների կողմից Արցախի անկախության պաշտոնապես ճանաչման կոչ եմ անում», — ասված է հրապարակումն ուղեկցող գրառման մեջ։
Գրեյս Նապոլիտանոն գրում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մասն է եղել հազարամյակներ շարունակ, իսկ այժմ «այն անկախ հանրապետություն է, որը ստեղծվել է ամուր իրավական հիմքի վրա»․
«Սակայն ամենագլխավորն այսօր, երբ Ադրբեջանն ու Թուրքիան, նրանց իդլիբյան դաշնակիցները ռումբեր են նետում և հրթիռակոծում Արցախի քաղաքացիական բնակչությունը, այս է՝ ազատությունը, սա ոչ միայն պատմության և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի հարց է։ Ազատությունն է միակ պատասխանը, որը մնացել է Արցախի գոյատևման համար։ Հետդարձի ճանապարհ չկա։ Արցախը չպետք է վերադառնա Ադրբեջան»։
-
Սերգեյ Լավրովը հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ։
«Ի զարգացումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս ունեցած հեռախոսային շփումների՝ Մոսկվայում հոկտեմբերի 20-ին և 21-ին կայացան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումներն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։
Բանակցությունների ըթնացքում քննարկվել են անհետաձգելի հարցեր՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և դրա կայուն կարգավորման համար պայմանների ստեղծման հետ», — ասված է հաղորդագրությունում։
-
Ադրբեջանի արտգործնախարարը Մոսկվա է մեկնել
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել՝ ռուսական կողմի հետ խորհրդակցությունների նպատակով։
Այս մասին հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
-
Զոհվել է 63 մարդ, 292-ը վիրավորվել է․ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը՝ խաղաղ բնակչության շրջանում կորուստների մասին
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը թարմացրել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների մասին տվյալները։
«Հայկական զինված ուժերի հրետակոծության հետևանքով զոհվել է 63 խաղաղ բնակիչ, ևս 292 մարդ վիրավորվել է», — ասված է գերատեսչության հաղորդագրությունում։
-
Գիշերը ճակատում անցել է կայուն լարված, առավոտվանից շարունակվում են տեղական մարտերը. Ղարաբաղի ՊՆ
Գիշերը ռազմաճակատի որոշ հատվածներում շարունակվել է փոխհրաձգությունն ու հրետանային մարտերը:
Առավոտվանից տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատի հյուսիսային և հարավային հատվածներում:
«Լուսադեմին, կրկին անգամ խախտելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունները, Ադրբեջանը կրակի տակ է առել Մարտակերտ քաղաքի ու շրջակա գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքները», — ասվում է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հայտարարության մեջ:
-
Ադրբեջանի ՊՆ․ «Հայկական զինված ուժերը հրետակոծում են Տերտերը»
«Հայկական զինած ուժերն, առավոտից սկսած, հրետակոծում են Տերտեր քաղաքն ու շրջանի տարածքը», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
-
Հայաստանի նախագահը մեկնել է Բրյուսել, արտգործնախարարը`Մոսկվա
Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցի ընթացքում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի նախագահի հետ:
«Եվրոպական կառույցների ղեկավարների հետ Հայաստանի նախագահը նախատեսում է քննարկել Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի եւ դրանում Թուրքիայի բացահայտ ներգրավվածության հետ կապված հարցեր, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանային բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական կողմից հրետակոծման փաստերը:», — հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:
Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի և եվրոպական կառույցների ղեկավարությունը կփորձի դադարեցնել ռազմական գործողությորւնները հակամարտության գոտում:
Հայաստանի արտգործնախարարը կարճաժամկետ աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում: Զոհրաբ Մնացականյանի այցի այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
-
Տարբեր ինտենսիվությամբ մարտական գործողությունները շարունակվել են․ Ադրբեջանի ՊՆ
«Հոկտեմբերի 20-ին օրվա ընթացքում և լույս 21-ի գիշերը տարբեր իտենսիվությամբ մարտական գործողությունները շարունակվել են Աղդերե,Ֆիզուլի-Ջաբրայիլ և Գուբաթլի ուղղություններով։ Հակառակորդը հրետակոծել է ադրբեջանական դիրքերը հրազենով, ականանետներով և հրետանիով», — հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
-
Իրավիճակը հոկտեմբերի 21-ի առավոտվա դրությամբ՝ հակիրճ
Արցախում մարտերի 25-րդ օրը
• Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է հարավում՝ Իրանի սահմանին՝ Խուդաֆերինի ջրամբարի մոտ, ինտենսիվ մարտերի մասին։
• Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկությունների՝ մարտեր են ընթացել-Մարտակերտ-Աղդամ, Ֆիզուլի-Հադրութ-Ջաբրայիլ և Գուբաթլի-Զանգելան ուղղություններով, հրետակոծվել են Ադրբեջանի Տերտերի և Աղդամի շրջանները։
• Ադրբեջանական բանակն իր վերահսկողության տակ է առել ևս 24 գյուղ և Զանգելան քաղաքը ղարաբաղյան հակամարտության գոտում, հաղորդել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
• Հայաստանի վարչապետը ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է, որ պատերազմի ընթացքում արցախի Պաշտպանության բանակը մոտ մեկ տասնյակ «Բայրաքթար» ԱԹՍ-ներ է խոցել և կոչ է արել մյուս երկրներին հետևել Կանադայի օրինակին և դադարեցնել դրանց արտադրության համար բաղադրամասերի մատակարարումները Թուրքիային։
• Ադրբեջանը նոր տվյալներ է ներկայացրել խաղաղ բնակչության հատվածում զոհերի մասին․ 61 մարդ է զոհվել, 291-ը վիրավորվել է։
• Հայաստանի վարչապետը մի շարք հանդիպումներ է անցկացրել՝ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, արտախորհրդարանական խիստ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են «ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետ կապված հետագա գործողությունները»։
• «Հայ ժողովուրդն իրավունք չունի նահանջելու, այս պատերազմում վճռվում է պետության գոյության հարցը։ Կարգավորումն անընդունելի է առանց Արցախի անկախության ճանաչման», — հանդիպումից հետո հայտարարել է «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
• Ադրբեջանի Ռուս ուղղափառ եկեղեցին բողոք է հայտնել «Հայաստանի զինված ուժերի չարագործությունների» կապակցությամբ և դրանք անվանել «ահաբեկչական ակտեր», ինչպես նաև կոչ արել միջազգային հանրությանը «պատժել մեղավորներին»։
• Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը խորհրդարանում հայտարարել է․ «Ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում։ Ծայրահեղ ցավալի է տեսնել միջազգային հանրության, ՄԱԿ-ի արձագանքը։ […] Հայաստանը պատերազմական դրության մեջ է, որին ներգրավված է նաև Թուրքիան, ինչը նոր ցեղասպանության սպառնալիք է նշանակում»։
• Հայաստանի օմբուդսմենը հետաքննություն է սկսել Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների, մասնավորապես, կասետային ռումբերի կիրառման առնչությամբ։ Հետաքննության մյուս թեման Ադրբեջանում էթնիկ զտումների պրոպագանդան է և Հայաստանի ու Արցախի բնակչության դեմ պայքարում ահաբեկչական մեթոդների խրախուսումը։
• Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսով քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում և նոր բանակցությունների անհրաժեշտությունը։ Հեռախոսազրույցի այլ մանրամասներ չեն հաղորդվում։
-
Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 17-20 ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները