Շանտաժ, կոռուպցիա և պոպուլիզմ․ ինչո՞ւ է որոշվել Չեչնիայի բնակիչների գազի պարտքերը ներել
Չեչնիայում դիմակայություն է սկսվել Ռամզան Կադիրովի կառավարության և ռուսական «Գազպրոմ» ընկերության միջև։ Եվ թեև կառավարությունը փաստացի սատարում է չունևոր բնակչության շահերը և ցանկանում է ներել գազի դիմաց նրանց պարտքերը, «Գազպրոմը» պնդում է, որ գումարներն, այնուամենայնիվ, պետք է վճարվեն․ փորձագետներից շատերը ոչ թե աղքատ բնակչության կողմից են, այլ գազային հսկայի։
Ավելին, շատերը խոսում են այն մասին, որ չեչենական իշխանությունների նախաձեռնությունում լիովին կարող է զգալի կոռուպցիոն բաղադրիչ լինել։
Պատմում ենք մանրամասների մասին։
•Ցույցեր Ինգուշեթիայում Չեչնիայի հետ սահմանի փոփոխման առիթով․ պատճառներն ու հետևանքները
•Վախեցած ծնողները Չեչնիայում հրաժարվում են երեխաներից
Վեճի էությունը
Չեչնիայի բնակչության՝ գազի դիմաց կուտակված հին պարտքերը ներելու գաղափարով է հանդես եկել Չեչնիայի դատախազությունը։ Գլխավոր փաստարկն այն էր, որ այդ պարտքերի վաղեմության ժամկետը սպառվել է, իսկ պարտքը մարելու «Գազպրոմի»՝ որպես մատակարարի պահանջները «հասարակությունում սոցիալական լարվածություն էին առաջացնում և կարող էին բնակչության կողմից ցույցերի հանգեցնել»։
Խոսքը գնում է ավելի քան 9 մլրդ ռուբլու [մոտ $140 մլն] մասին, և հունվարի 16-ին Չեչնիայի մայրաքաղաքի Զավոդսկոյի շրջանային դատարանը պարտքը ներելու անհրաժեշտության մասին վճիռ էր կայացրել։
Ինչպես վճիռն, այնպես էլ գլխավոր փաստարկը փորձագետներից շատերը գնահատել են որպես տարօրինակ և աննախադեպ։
«Գազպրոմն», իր հերթին, հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի վճիռը։
Ինչո՞ւ է չունևորներին օգնելու և գազի դիմաց նրանց պարտքերը մարելու առաջարկը, որի տակ փորձագետները տեսնում են հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի որոշումը, մասնագետների զարմանքն ու բողոքը հարուցել։ Ներկայացնում ենք փորձագետների մեկնաբանությունները, որոնց հետ խոսել են ռուսական «Կավկազսկի ուզել» տեղեկատվական գործակալության լրագրողները։
Շանտաժ
Շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտի փորձագետ, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Նատալյա Զուբարևիչն ասում է, որ մինչ այս երբեք չէր լսել գազի դիմաց շրջանի բանկիչների պարտքերի նման ներման մասին, հատկապես՝ հնարավոր «ցույցերի» կանխարգելման դրդապատճառով։
«Եթե ճիշտ եմ հասկանում, դա կարելի է հետևյալ կերպ մեկնաբանել․ «Տղաներ, քանի դեռ մենք ձեզ վրա չենք սկսել կրակել, դուք մեզ ամեն ինչ ներեք»։ Ես դա կոչում եմ շանտաժ», — ասել է Զուբարևիչը։
Նրա տեղեկության համաձայն՝ Հյուսիսային Կովկասի հանրապետությունների կոմունալ ծառայությունների դիմաց պարտքերը զգալիորեն գերազանցում են ընդհանուր առմամբ Ռուսաստանի մյուս շրջանների պարտքերը։
Թաքցնել հափշտակությունները
Ռուսաստանում գազի դիմաց բնակչությանը պարտքեր վերագրելու կոռուպցիոն պրակտիկա կա, որը թույլ է տալիս թաքցնել վառելիքի կորուստներն ու հափշտակությունները, նշել է էներգետիկայի ոլորտի փորձագետ Նիկոլայ Խրենկովը։
Փիար և պոպուլիզմ
Պարտքերի ներման որոշումը կայացվել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի անմիջական մասնակցությամբ, վստահ է «Քաղաքակրթությունների երկխոսություն» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն։
Կադիրովը գիտակցում է հանրապետությունում աճող սոցիալական լարվածությունն ու ձգտում է այն թուլացնել՝ միաժամանակ ցուցադրելով, որ ինքը «պաշտպանում է ժողովրդի շահերը», ասել է փորձագետը։
«Իրավիճակը ձեռնտու է Կադիրովին․ նա կարող է իրեն ներկայացնել որպես համարձակ և քաջ մարդ դաշնային կենտրոնի մոտ, որը տվյալ դեպքում ներկայացված է «Գազպրոմի» տեսքով», — եզրակացրել է Ալեքսեյ Մալաշենկոն։
«Քաղաքացիական աջակցություն» կոմիտեի ղեկավար Սվետլանա Գանուշկինան պարտքերը ներելու մասին որոշումը նույնպես կապել է Կադիրովի փիիարի հետ։ Նման որոշումը կծառայի նրա պոպուլյարության իրական բարձրացմանը, նշել է նա։
«Գազպրոմը» հարուստ կազմակերպություն է, կդիմանա, կառավարությունը կօգնի՝ հարկերն ավելացրել են, իսկ Ռամզան Կադիրովին նրա թիմի հետ միասին պետք է գոհացնել», — ասել է նա։
Ի՞նչ է լինելու
Չնայած տնտեսական տեսանկյունից կասկածելի դրդապատճառին՝ գազի դիմաց Չեչնիայի պարտքերը լիովին կարող են ներվել դաշնային կենտրոնի որոշմամբ, կարծում է Սվետլանա Գանուշկինան։
«Ըստ ամենայնի, ՌԴ կառավարությունը կփոխհատուցի «Գազպրոմի» վնասները, փողերը բյուջեից կվերցնի», — կարծում է իրավապաշտպանը։
«Տեսնենք, թե Ռուսաստանում ո՞վ է ավելի ուժեղ՝ «Գազպրո՞մը, թե՞ Չեչնիայի Պետը»», — «Կավկազսկի ուզելի» կայքում գրում է մեկնաբանողներից մեկը։