Ինգուշներն ու չեչենները ազգակից ժողովուրդներ են, որոնք հանկարծակի ներգրավվել են տարածքային կոնֆլիկտի մեջ" />

Ցույցեր Ինգուշիայում՝ Չեչնիայի հետ սահմանի փոփոխման պատճառով․ պատճառներն ու հետևանքները

Ինգուշներն ու չեչենները ազգակից ժողովուրդներ են, որոնք հանկարծակի ներգրավվել են տարածքային կոնֆլիկտի մեջ

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Ինգուշիայում շարունակվոմ է զանգվածային ցույցը, որը կապված է հարևան Չեչնիայի հետ սահմանի փոփոխությանը։ Պատմում ենք, թե ինչ է տեղի ունենում և ինչու՝ ռուսական «Կավկազսկի ուզել» տեղեկատվական գործակալության ռեպորտաժների հիման վրա։

Ի՞նչ է կատարվում

2018 թ-ի հոկտեմբերին Հյուսիսային Կովկասի երկու հարևան ռուսաստանյան շրջաններ Ինգուշիան ու Չեչնիան պայմանագիր են ստորագրել սահմանների ամրապնդման մասին։ Այդ փաստաթղթի համաձայն՝ կողմերը տարածքներով են փոխանակվում Ինգուշիան ու Չեչնիան միմյանց են փոխանցում մոտ 17 հազարական հեկտար հող։

Երբ հայտարարվել է այս որոշման մասին, Ինգուշիայում ցույցեր են սկսվել։ Դրանք նախաձեռնել են երիտասարդները, հետո նրանց են միացել ավագ սերնդի ներկայացուցիչները։ Ցուցարարները պահանջում են սահմանի մասին համաձայնագրի չեղարկում և այդ հարցով հանրաքվեի անցկացում, ինչպես նաև Ինգուշիայի ղեկավար Յունուս-բեկ Եվկուրովի հրաժարականը։

Հոկտեմբերի 10-ին Ինգուշիայի խորհրդարանը պետք է քվեարկություն անցկացներ տարածքների փոխանակման մասին որոշման չեղարկման հարցի շուրջ, սակայն չի կարողացել քվորում ապահովել։

Ինգուշիայի Սահմանադրական դատարանը վճռել է, որ հարցը պետք է հանրաքվեի միջոցով լուծվի։

Ցուցարարները շարունակում են մնալ Ինգուշիայի մայրաքաղաք Մագասի հրապարակում։

Պուտինի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Մոսկվան չի միջամտում այդ վեճին, հարցը պետք է լուծվի դաշնության սուբյեկտների միջև։

Ցույցի առաջին իսկ օրվանից դրան շատ կանայք են մասնակցում։ Նրանք օգնում են սնունդ պատրաստել և լուծել ակցիայի մասնակիցների կենցաղային հարցերը։ Լուսանկարը՝ «Կավկազսկի ուզելի»

Խնդրի էությունը

Չեչնիայի և Ինգուշիայի միջև վարչական սահմանի խնդիրն առաջացել է 1991թ-ին, երբ Խորհրդային Միության հետ մեկտեղ լուծարվեց նաև Չեչեն-Ինգուշական Ինքնավար Հանրապետությունը։

Այն ժամանակ սահմանն ամրապնդվեց Չեչնիայի և Ինգուշիայի ղեկավարների  միջև բանավոր պայմանավորվածությունների օգնությամբ, ոչ մի ֆորմալ որոշում այս տարիների ընթացքում չի ընդունվել։

Այն տարածքում, որն այժմ փոխանցվում է Չեչնիային, պատմականորեն ապրել են և ինգուշներ, և չեչեններ։ Նրանք ազգակից վայնախ ժողովուրդներ են։

Կայքում կարդացեք նաև․ Բախումներ կաբարդինների և բալկարների միջև Հյուսիսային Կովկասում։ Ի՞նչ և ինչո՞ւ է տեղի ունեցել

Ինգուշիայի համար տարածքների հարցն առանձնապես ցավոտ է հարևան Հյուսիսայի Օսիայի հետ տարածքային այլ վեճի պատճառով։

Ինգուշական տարածքի մի մասը՝ Պրիգորոդնի շրջանն, Ինգուշիայից Հյուսիսային Օսիային է փոխանցվել 1944թ-ին վայնախ ժողովրդի ստալինյան արտաքսման ժամանակ։

Տարածքների փոխանակման մասին պայմանագիրն այսպիսի վրդովունք է առաջացրել ինգուշական հասարակությունում մեծ մասամբ նաև այն պատճառով, որ սկզբունքային որոշումն ընդունվել է առանց համաժողովրդական քննարկման։

«Համաձայն չեմ», «Կպաշտպանենք հանրապետությունը» գրառումներով պաստառներ։ Լուսանկարը՝ «Կավկազսկի ուզելի»

Ցույցի առանձնահատկությունները

Ռուս և արտասահմանցի լրագրողները, որոնք աշխատում են Մագասում, մի քանի հանգամանք են նշում

  • Ինգուշական ցույցը խաղաղ բնույթ է կրում։ Այս ընթացքում միայն մեկ անգամ է բանը հասել օդ կրակելուն, այդ օրվանից ոստիկանների հետ բախումներ տեղի չեն ունեցել։
  • Ցույցը գլխավորում են մինչև 40 տարեկան երիտասարդները։ Մեծերին պատվաբեր, բայց ոչ վճռորոշ դեր է հատկացվել։
  • Ցույցը միավորել է ինգուշական հասարակությունը։ Նույնիսկ տեղի ոստիկաններն են հայտարարում, որ սեփական ժողովրդին դեմ չեն գնա, և աղոթում են ցուցարարների հետ միասին։

 Բողոքի ցույցին ակտիվորեն մասնակցում են տարեցներ։ Տեղի սրճարանների տերերը ցուցարարներին իրենց հաշվին հյուրասիրում են։ Լուսանկարը՝ «Կավկազսկի ուզելի»

Ի՞նչ է լինելու

Ակնհայտ է, որ Ինգուշիայում ցույցն ուժով ճնշելը ամենաավերիչ հետևանքներն է ունենալու։ Դրան չեն գնա ոչ տեղական իշխանությունները, ոչ Մոսկվան։

Ինքն իրեն ցույցը չի ավարտվի․ դրա պատճառը չափազանց հիմնարար և ցավոտ է։

Ռամզան Կադիրովը՝ Չեչնիայի ղեկավարը, որը սահմանի մասին պայմանագրի նախաձեռնողն է, սպասողական դիրք է գրավել։

Առավել խելամիտ ճանապարհ է հանրաքվեի անցկացումը։ Սակայն դրան դեմ կլինի Մոսկվան։ Ռուսաստանում հանրաքվեներ չեն անցկացվել ավելի քան 20 տարի, և ռուսական իշխանությունները վախենում են ժողովրդի ուղղակի կամարտահայտման նախադեպ ստեղծել։

Ինգուշիայում կատարվող իրադարձություններին առանձնահատուկ ուշադրությամբ հետևում են հյուսիսկովկասյան մյուս հանրապետությունները՝ Կաբարդա-Բալկարիան, Կարաչաևո-Չերկեսիան և Հյուսիսային Օսիան, որտեղ բազմաթիվ սեփական կոնֆլիկտային կետեր կան։

Ցույց Ինգուշիայի Մագաս քաղաքում։ Լուսանկարը՝ «Կավկազսկի ուզելի»


Կարդալ ավելին JAMnews-ում