«60 զրույց Պուտինի հետ». Փաշինյանը պատերազմի դադարեցման նոր մանրամասներ է հայտնել
Նիկոլ Փաշինյանի ելույթը Քննիչ հանձնաժողովում
Հայաստանի վարչապետը մասնակցել է 2020 թվականաի Արցախյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի դռնբաց նիստին և հանդես եկել ծավալուն զեկույցով։ Երեք ժամից ավելի ձգված ելույթում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի պատմությանը, 44-օրյա պատերազմին, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման հետ կապված հանգամանքներին և ոչ միայն։ Նիստը կշարունակի հունիսի 27-ին, հանձնաժողովի անդամները հնարավորություն կունենան իրենց հարցերի պատասխանները ստանալ առաջին ձեռքից։
JAMnews-ն առանձնացրել է վարչապետի ելույթի կարևորագույն դրվագները
Մեղրիի հետ փոխանակումն «իրենց կյանքով են կանխել»
44-օրյա պատերազմը դադարեցնելու համար հնչել է նաև Մեղրիում խաղաղապահների տեղակայման առաջարկ, որպեսզի ապահովվի հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Այսօր այդ մասին հայտարարել է կառավարության ղեկավարը։
«Ես չհամաձայնվեցի դրան, չհամաձայնվեցի, որ ՀՀ տարածքում վերահսկողության տակ չգտնվող շերտ, այսինքն՝ միջանցք ստեղծվի»,- նշել է Նիկոլ Փաշինյանն ու հավելել՝ իր դիրքորոշումը չի փոխվել՝ ճանապարհները պետք է բացվեն, բայց ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո:
Վարչապետը հիշեցրել է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում 1999 թվականի Ստամբուլյան գագաթնաժողովի պահին շրջանառվող տարածքների փոխանակման փաստաթղթի մասին։ Կարծիք է հայտնել, որ այդ փաստաթղթի իրականացումն իրենց կյանքով կանխել են Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը [նկատի ունի 1999 թ․-ի հոկտեմբերի 27-ը — JAMnews]։
«Այս փաստաթուղթը իրականում արձանագրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայկական հիմնարար պատկերացումների մահը»,- ասել է նա։
Փաշինյանի դիտարկմամբ՝ թեև փաստաթուղթը իրավական ուժ չի ստացել, բայց նման փաստաթղթերի ձևավորած բովանդակությունն այսօր էլ հայտնվում է բանակցային սեղանին։
Ասում է՝ Մեղրին Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու մասին փաստաթուղթը մի կողմից որևէ առնչություն չուներ ինքնորոշման իրավունքի հետ, մյուս կողմից խախտում էր թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը։
«Սա ոչ այլ ինչ, քան Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու ակտ հնարավոր չէ ձևակերպել։ Եթե քո տարածքից մի շրջան պիտի տաս, որ Ադրբեջանից ստանաս Ղարաբաղը, նշանակում է՝ Ղարաբաղը ճանաչում ես որպես Ադրբեջան, իսկ սեփական տարածքդ՝ հանում սակարկության»,- հայտարարել է նա։
Ինչո՞ւ բանակցությունները սկսեց «սեփական կետից»
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն իր սեփական կետից սկսելու մասին Փաշինյանը հայտարարել էր 2018 թվականին։ Բացատրելով իր այս հայտարարությունը՝ նշում է, որ 2018 թ․-ի մայիսի դրությամբ սեփական կետից չսկսելու երկու տարբերակ կար՝
- «Ադրբեջանը փաստացի պիտի ճանաչեր Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը Կազանյան փաստաթղթի տրամաբանությամբ։ Նման բան տեղի ունենալ չէր կարող, որովհետև ինչո՞ւ պիտի Ադրբեջանը ընդուներ մի բան, որ դեռ 7 տարի առաջ մերժել էր ու դրա մերժումն ապահովելու համար սկսել էր Ապրիլյան քառօրյա պատերազմը»։
- «Ես պետք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղը ճանաչեի Ադրբեջանի մաս, այլև պիտի համաձայնեի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի շուրջ հաստատված ստատուս-քվոյին, այլև հենց բուն ԼՂ-ի ներսում առկա ստատուս-քվոյի ապամոնտաժմանը։ Նման բան նաև այսօրվա տեսակետից անհնար է պատկերացնել»։
Նկատում է՝ Հայաստանի հանրության համար նորություն կարող է լինել նաև ԵԱՀԿ նախագահի դեռևս 1996 թվականի դեկտեմբերին արված հայտարարությունը, որում ասվում է․ «Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը պետք է որոշվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, որը նրան կտա բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում»։
Պատերազմը կանգնեցնելու փորձերի մասին
Փաշինյանի խոսքով՝ պատերազմը կանգ առավ հենց նոյեմբերի 9-ին և այդ հարցում շրջադարձային դեր ունեցավ Շուշիի անկումը։ Մատնանշում է քաղաքի ոչ թե խորհրդանշական, այլ ռազմավարական դերը․
«Շուշիի կորստից հետո, ըստ էության, հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պետք է ուժեղանար ճնշումը Մարտունու վրա, և որ ամենակարևորն է` մեր շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեին շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ»։
Ըստ վարչապետի՝ նոյեմբերի 9–ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու հինգերորդ փորձն էր։
Նա Քննիչ հանձնաժողովին ներկայացրել է այդ փորձերն ու մանրամասներ Վլադիմիր Պուտինի հետ իր զրույցներից։ Ի սկզբանե, ադրբեջանական կողմը հրադադարի համար նախապայմաններ է ներկայացրել։ Դրանք են եղել՝
- առանց մարտի Ֆիզուլիի հանձնում,
- հայկական ուժերի նահանջ Արաքսի երկայնքով մինչև Խոդաֆերինի ջրամբար այնպես, որ ջրամբարը լինի ադրբեջանական վերահսկողության տակ,
- Արցախում սպանության և մարդու առևանգման համար իրենց պատիժը կրող Գուլիևի և Ասկերովի վերադարձ՝ հայ գերիների վերադարձի հնարավորությամբ։
Այս նախապայմանները հայկական կողմի համար ընդունելի չեն եղել։ Բացի այդ, Փաշինյանի փոխանցմամբ՝ դրանց բավարարման դիմաց Բաքուն խոստանում էր ոչ թե ռազմական գործողությունների դադարեցում, այլ ընդամենը «հումանիտար հրադադար զոհվածների հուղարկավորությունը կազմակերպելու համար»։
Հրադադար հաստատելու մի քանի փորձեր ձախողվել են, Բաքուն ոչ միայն չի պահպանել կրակի դադարեցման ռեժիմը, այլև ավելի է ակտիվացրել «իր գրոհային գործողությունները՝ հարձակում ձեռնարկելով նախկին ԼՂԻՄ տարածքի վրա, հրթիռային հարվածներ հասցնելով Ստեփանակերտին, Մարտակերտին, գրոհելով Հադրութի ուղղությամբ»։
Ասում է՝ գրոհը կասեցնելուն զուգահեռ հայկական կողմը գործադրել է նաև դիվանագիտական ջանքեր․
«Դիտարկվում էր շփման գծի երկու կողմերից ռուս ռազմական դիտորդների տեղակայումը, որոնք կհետևեն իրադրությանը և կարձանագրեն հրադադարի ռեժիմի խախտումները։ Ադրբեջանը, սակայն, անընդհատ խուսափում էր նման լուծման գնալուց և ավելի ինտենսիվ էր դարձնում ռազմական գործողությունները»։
Տասնյակ քննարկումներ Պուտինի հետ
Փաշինյանի խոսքով՝ Պուտինի հետ այդ օրերի 60 զրույցներից 20-ը կայացել են հենց նոյեմբերի 8-ին և 9-ին եռակողմ հայտարարության տեքստի շուրջ բանակցությունների ընթացքում։ Հայաստանի վարչապետը համաձայնել է այդ թեմայով բանակցություններ սկսել՝ պայմանով, որ փաստաթղթում չլինեն Շուշիին և Հայաստանի տարածքով միջանցքին վերաբերվող դրույթներ։ Ասում է՝ հայկական կողմից եղել է նաև առաջարկ վերադարձնել Աղդամի շրջանը Հադրութի շրջանի դիմաց․
«Ես հասկանում էի, որ հասել ենք շրջադարձային կետի։ Եթե կարողանում ենք պահել Շուշին, դա շրջադարձ է, եթե չենք կարողանում պահել Շուշին՝ դա էլ է շրջադարձ»։
Փաշինյանի փոխանցմամբ՝ ինքը հայտարարությունը ստորագրել է դեռևս նոյեմբերի 9–ի առավոտյան, սակայն Ադրբեջանն այն չի ստորագրել և առաջ է քաշել նոր պահանջներ․
«Գործընթացի կուլմինացիան նոյեմբերի 9–ի երեկոն էր, երբ պարզվեց, որ Ադրբեջանը գործնականում համաձայնեցված տեքստին նոր ավելացումներ է անում։ Սա նշանակում էր, որ առավոտյան իմ ստորագրած տեքստը այլևս ուժի մեջ չէ»։
Նրա փոխանցմամբ՝ Ադրբեջանը չի ընդունել Աղդամը Հադրութի դիմաց բանաձևը, տեքստում հիշատակում չի եղել նաև Շուշիի և Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին։ Խոսվել է բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու և այդտեղ ու ԼՂ–ում ռուս խաղաղապահների տեղակայման մասին։
«Բայց այն պահին, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը ասաց, որ Ադրբեջանն առաջարկում է տեքստի մեջ ավելացնել կետ Տավուշի մարզի անկլավների վերադարձի մասին, ես հայտարարեցի, որ բացառվում է, որ այդպիսի փաստաթուղթ ստորագրեմ»,- հայտարարել է նա։
Որոշ ժամանակ անց կողմերին հաջողվել է համաձայնության գալ և անկլավների մասին կետը հանել փաստաթղթից։ Ըստ Փաշինյանի, փաստաթուղթը ստորագրվել է «բարդ, տևական» քննարկումներից հետո և մի իրավիճակում, երբ լուրեր էին տարածվում «մարտական գործողությունների ակտիվացման և այն մասին, որ Ստեփանակերտի երկնքում մեծ թվով անօդաչու թռչող սարքեր կան»։
«Կանգնեցնել պատերազմը՝ ըստ ռուսական պլանի»
Ի՞նչ անել, որպեսզի հրադադար հաստատվի ու պատերազմը կանգնեցվի։ Առաջին անգամ Փաշինյանն այս հարցով ՌԴ նախագահին է դիմել հոկտեմբերի 13-ին։ Պուտինն ասել է, որ «կարելի է փորձել 5 շրջանների վերադարձի դիմաց պատերազմը կանգնեցնելու մասին խոսել»։ Օրեր անց՝ հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում նա վերահաստատել է՝ կարելի է կանգնեցնել պատերազմը դեռևս տարիներ առաջ մշակված ռուսական պլանի պայմաններով․
«Իսկ պայմանը հետևյալն է` 7 շրջանները վերադարձվում են 5+2 ձևաչափով, լուծվում է Լաչինի միջանցքով ԼՂ–ՀՀ կապի հարցը, Ղարաբաղում տեղակայվում են ռուս խաղաղապահներ, կարգավիճակի հարցը մնում է առանց հստակեցման, և հարցը մնում է անորոշ ապագային»,– արձանագրում է նա։
Փաշինյանը համաձայնել է, սակայն ադրբեջանական կողմը նշել է, որ ակնկալում է ստանալ միանգամից բոլոր 7 շրջանները։
«Շուշին պետք է 90 տոկոսով բնակեցվեր ադրբեջանցիներով»
Վարչապետը պատմում է, որ հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահից տեղեկացել է Բաքվի ևս մեկ պայմանի մասին, այն է՝ երաշխիքներ, որ ադրբեջանցի փախստականները, որոնք «կազմել են Շուշիի բնակչության 90 տոկոսը», կվերադառնան Շուշի։ Ընդ որում, Հայաստանի ղեկավարի խոսքով՝ «հետագա ավելացման սահմանափակում» չի եղել․
«Սա նշանակում է, որ այնտեղ կարող էին լինել ադրբեջանական զինված ստորաբաժանումներ, սա էլ իր հերթին նշանակում է, որ խոսքը առանց չափազանցության, Շուշին Ադրբեջանին հանձնելու մասին էր»։
Բաքվի առաջարկը ներառել է նաև ադրբեջանցիների անարգել շարժ ապահովող նոր՝ Լաչինի միջանցքի վերահսկողությունից դուրս գտնվող ճանապարհի կառուցում։
«Առաջարկի համաձայն ոչ միայն Շուշիում ապրող, այլև բոլոր ադրբեջանցիները պետք է ուղիղ և անարգել հասանելիություն ունենային դեպի Շուշի։ Օրինակ՝ 50 հազար ադրբեջանցի կարող էր հյուր գնալ Շուշիում ապրող հայտնի չէ, թե ինչքան ադրբեջանցու և այստեղ որևէ սահմանափակում չէր կարող լինել։ Ընդհուպ, կարող էին գնալ և մնալ»։
Նիկոլ Փաշինյանը չի ընդունել առաջարկը։ Ասում է՝ մտավախություն ունեի, որ Լաչինի միջանցքն այլևս չի գործի ու ադրբեջանական կողմը ցանկացած պահի կկարողանա փակել այն, որովհետև Շուշին Լաչինի միջանցքի մեջ չէր մտնելու, իսկ միջանցքն անցնելու էր Շուշիից մի քանի մետր այն կողմ։ Փաստում է` վերջին իրադարձությունները, այսինքն Լաչինի միջանցքի արգելափակումը, ապացուցեցին դա։
Ինչ վերաբերում է Շուշիի անկման դրվագին, Փաշինյանը նկատում է՝ հանգամանքները պետք է պարզաբանվեն հարուցված քրեական գործերի շրջանակներում։ Շեշտում է՝ իր բոլոր հրահանգները եղել են Շուշին ամրացնելու և քաղաքի պաշտպանությունը կազմակերպելու վերաբերյալ։ Ստացել է հավաստիացումներ, որ քաղաքը կպահվի։ Անկման մասին հակասական տեղեկություններ են ստացվել ԼՂ նախագահից և ԶՈՒ Գլխավոր շտաբից։
«Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ-ի վերահսկողության տակ է»,— ասել է նա։
Նախկինների մասին
Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի նախկին ղեկավարներին։ Հիշատակել է առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» վերնագրով հոդվածը, որտեղ խոսվում է փոխզիջումների անհրաժեշտության մասին։
«Եթե կարճ ձևակերպենք Տեր–Պետրոսյանի ասածները, կստացվի` «ստատուս–քվոն երկար ժամանակով պահպանել հնարավոր չէ, ինքնախաբեությամբ չզբաղվենք և զուր հույսեր չփայփայենք, Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք»,- նկատել է նա։
Ընդգծել է՝ Տեր–Պետրոսյանն այդպես էլ հստակ և բառացի չի պատասխանում այն հարցին, թե ի վերջո ինչ կարգավիճակ է ունենալու Լեռնային Ղարաբաղը, լինելու է անկա՞խ, Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի կազմում։ Հոդվածն, ըստ նրա, «Ղարաբաղի հարցում մեր խճճվածությունն ավելացնող հերթական մի բան էր»։
Վարչապետի գնահատմամբ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է ԼՂ-ին զրկել «որևէ ինքնուրույնությունից և խախտել ԼՂ ժողովրդի կամքը»՝ դուրս թողնելով Ղարաբաղը բանակցություններից։
«Ավելին, նա զրկեց ԼՂ–ին միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակից, որը հնարավորություն կտար միևնույն սեղանի շուրջ նստել ՌԴ–ի, ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Ադրբեջանի և ՀՀ ներկայացուցիչների հետ։ Սա, ըստ էության, ԼՂ–ի միջազգային սուբյեկտայնության վերջն էր»,- հայտարարել է նա։
ԼՂ-ը բանակցություններից դուրս թողնել Քոչարյանի մոտիվացիան, ըստ նրա, այն էր, որ միջազգային հանրությունը չնկատի 1998 թ. ՀՀ–ում իր կողմից «իշխանությունը ընտրակեղծիքներով զավթելու» հանգամանքը։ Ասում է՝ կարգավիճակը զոհեց լեգիտմություն ձեռք բերելու համար։
Քննադատել է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ մատնանշելով նրա թիմի առաջ բերած «կասկածելի կարգախոսը», այն է՝ վատագույն բանակցություններն ավելի լավ են, քան լավագույն պատերազմը։ Ասում է՝ վատագույն բանակցություններով Ադրբեջանին ժամանակ են տվել պատրաստվել իր համար լավագույն պատերազմին:
«Այս կարգախոսով նրանք կապում էին Հայաստանի ձեռքերն ու ոտքերը, որ մի իքս պահի Հայաստանն ու Ղարաբաղը հայտնվեն անելանելի վիճակում»,– հայտարարել է Փաշինյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Նիկոլ Փաշինյանի ելույթը Քննիչ հանձնաժողովում