«Ուզում ենք աջակցել ՀՀ-ին՝ գտնելու ՌԴ-ից բացի այլ շուկաներ»․ Նիդեռլանդների ԱԳ նախարար
Նիդեռլանդները կաջակցի հայ տնտեսվարողներին
«Նիդեռլանդներն ուզում է աջակցություն տրամադրել տնտեսվարողներին, ծաղկեգործներին՝ գտնելու Ռուսաստանից բացի այլ շուկաներ իրենց արտադրանքի համար»,- Երևանում հայտարարել է Նիդեռլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը։
Հայ գործընկերոջ՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Բերենդսենն ընդգծել է՝ Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական սահմանափակումները դժվարություններ են ստեղծում բիզնեսների համար։ Օրինակ է բերել, մասնավորապես՝ ծաղկաբուծության ոլորտը։
«Մենք մեծապես ողջունում ենք ԵՄ ինքնավար առևտրային գործիքակազմից օգտվելու հնարավորությունները Հայաստանի համար: Հուսանք, որ ՀՀ-ն լիովին կօգտվի այս հնարավորությունից»,- նկատել է նա և վստահեցրել՝ շարունակելու են սատարել ՀՀ-ի տնտեսության դիվերսիֆիկացիային։
Ասուլիսի ժամանակ նախարարներն անդրադարձել են տարբեր թեմաների՝ տնտեսությունից մինչև մարդասիրական հարցեր։
2026 թ․-ի սեպտեմբերի 24-ին հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորման առաջարկը վերջնական հավանության արժանացավ ԵՄ խորհրդի կողմից։ Եվրամիության այս կարգավորմամբ ազատականացվում են դեպի ԵՄ տարածք Հայաստանի արտահանումների շուրջ 80%-ը՝ կասեցնելով ներմուծման մաքսատուրքերն ապրանքների լայն շրջանակի, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ։ Արտոնյալ ռեժիմը գործելու է 2 տարի:
Կարևոր դրվագները՝ հակիրճ
- «Ուղերձ ծանր հարվածների մասին»․ ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցության հնարավոր կասեցումը
- Հայ արտադրողների արձագանքը ռուսաստանյան սահմանափակումներին․ կարծիքներ, թվեր
- Հայաստանի արտահանման նոր քարտեզը․ ԵՄ սահմանած արտոնյալ ռեժիմի մասին
«Հույժ կարևոր նախագիծ է»․ Նիդեռլանդների ԱԳ նախարարը՝ անհետ կորածների հայտնաբերմանն աջակցելու մասին
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ողջունել է այն զգալի քայլերը, որ Հայաստանն ու Ադրբեջանն անցյալ տարվանից ի վեր կատարել են խաղաղության գործընթացում:
«Այս տարածաշրջանի խաղաղության հաստատման համար շատ կարևոր է, որ գործընթացն ամփոփվի խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ։ Մենք մինչև վերջ աջակցում ենք ձեզ այս հարցում»,- ընդգծել է նա։
Բերենդսենը հայտարարել է ՀՀ-ի և Ադրբեջանի համար նոր նախագծի մեկնարկի մասին։ Նշել է, որ պատրաստվում են ֆինանսական աջակցության տրամադրել անհետ կորած անձանց ճակատագրերի պարզման համար։
«Հույժ կարևոր է այստեղ, որ վստահության կամուրջներ կառուցվեն, որ սա խաղաղության գործընթացի մի մասը կազմի: Նիդեռլանդները ցանկանում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել, նաև, եթե հնարավոր լինի՝ այլ եղանակներով ևս»,- մանրամասնել է արտգործնախարարը։
Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն, իր հերթին, նկատել է՝ անհետ կորած անձանց հարցը բավական զգայուն և կարևոր ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար․
«Սա այն ոլորտն է, այն ուղղությունն է, որտեղ երրորդ գործընկերների՝ Նիդեռլանդների միջամտությունը, մասնակցությունը և ներդրումը, կարծում եմ, ողջունելի է բոլորի կողմից»։
Հայկական ԶԼՄ-ների՝ Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ հարցին Նիդեռլանդների ԱԳ նախարարն ուղիղ պատասխան չի տվել։
Հերթական անգամ նշել է, որ աջակցում են ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը, և որ այդ ճանապարհին կան լուծման ենթակա «դժվար և հեշտ հարցեր»։
«Գուցե կա քաղաքական հանձնարարություն»․ ԱԳՄԱ նախարարը՝ ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հնարավոր հեռացման մասին
Լրագրողները Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարից հետաքրքրվել են նաև ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցության և վերջերս Եվրասիական միջկառավարական խորհրդի հրապարակած զեկույցի մասին։
Փաստաթղթում խոսվում է Վիեննայի կոնվենցիայի հիման վրա Հայաստանի անդամակցությունը կասեցնելու հնարավորության մասին։ Ըստ կոնվենցիայի՝ բազմակողմ պայմանագրի էական խախտման դեպքում մյուս մասնակիցները կարող են միաձայն որոշմամբ կասեցնել կամ դադարեցնել պայմանագրի գործողությունը խախտում թույլ տված պետության նկատմամբ։
«Այդպիսի բան տեղի ունենալու համար անհրաժեշտ է, որ գործընկերը, որից մյուսները դժգոհ են և ուզում են հեռացնել կամ սառեցնել, խախտի իր՝ այդ կազմակերպության շրջանակներում ունեցած պարտավորությունները, որ մյուս 4 գործընկերը կարողանան ասել՝ դու մեր կանոնները խախտում ես, հարգելի հինգերորդ բարեկամ, շնորհակալություն, ցտեսություն»,- կոնվենցիան այսպես է մեկնաբանել Արարատ Միրզոյանը։
Ասում է՝ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում որևէ պարտավորություն չի խախտել, բարեխղճորեն կատարել է իր պարտավորությունները և նույնն ակնկալում է նաև ԵԱՏՄ գործընկերներից։
Նախարարի գնահատմամբ՝ ԵԱՏՄ գործընկերները ջանքեր են գործադրել ՀՀ-ին կառույցից հեռացնելու համար իրավական հիմնավորումներ գտնելու համար, սակայն ինքը համաձայն չէ այդ հիմնավորումների հետ․
«Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա և, գուցե, քաղաքական հանձնարարություն իրավաբաններին, որ քաղաքական հիմնավորում գտնեն»։
Վստահեցրել է՝ պաշտոնական Երևանի որոշումների առանցքում Հայաստանի պետականությունն է, ինքնիշխանությունն ու անկախությունը, այդ թվում՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը։ Նաև հավելել է՝ դա «սակարկության առարկա չենք դարձնելու»։ Միրզոյանի խոսքով՝ Երևանը կշարունակի կառուցողական համագործակցությունը գործընկերների հետ։
Հայաստան-Նիդեռլանդներ երկկողմ համագործակցության մասին
Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ինչպես ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացման, այնպես էլ Հայաստանում ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումների հարցում Նիդեռլանդների աջակցությունը։
Միրզոյանի փոխանցմամբ՝ առանձնազրույցի, այնուհետև նաև ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ քննարկել են ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունները, Հարավային Կովկասում և մեծ տարածաշրջանում ընթացող զարգացումները, ինչպես նաև երկկողմ օրակարգի հարցեր, մասնավորապես՝ առանձնահատուկ տեղ է հատկացվել տնտեսական գործակցությանը:
Ասում է՝ քննարկումների առանցքում է եղել 2025 թ․-ի մարտին Հայաստանի ու Նիդեռլանդների ստորագրած ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրում ամրագրված առաջնահերթությունների իրականացումը։
«Քաղաքական երկխոսությունը բավականին բարձր մակարդակի վրա է, ակտիվ և արդյունավետ: Տեսնում ենք նաև, որ տնտեսական համագործակցությունը ևս քայլ-քայլ առաջ է գնում, թվերն աճում են։ Բայց նաև տեսնում ենք, որ կա զգալի, մեծ, չիրականացված պոտենցիալ»,- հայտարարել է նախարարը։
Ըստ Միրզոյանի՝ գյուղատնտեսություն, ծաղկաբուծություն, առողջապահություն և ենթակառուցվածքների ոլորտներում կան «ուրվագծվող համագործակցություններ»։
«Համագործակցություն է հաստատվել մեր ծաղիկների ու ծաղկի արտադրությամբ զբաղվող ընկերությունների և Նիդեռլանդների աշխարհահռչակ համապատասխան ընկերությունների միջև»,- հիշեցրել է նա։
Նախարարը նաև նշել է, որ նիդեռլանդական «Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնը» 2026 թ․-ից ՀՀ-ում իրականացնում է մեկամյա ծրագիր։ Այն միտված է 21 հայկական չիր և ընկուզեղեն արտադրող ընկերությունների՝ դեպի Նիդեռլանդներ և ԵՄ շուկաներ արտահանման կարողությունների զարգացմանը, այդ թվում՝ ԵՄ ստանդարտներ, սերտիֆիկացում, փաթեթավորում, լոգիստիկա և այլն։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Նիդեռլանդները կաջակցի հայ տնտեսվարողներին