Մեր ամեն ինչը
Տոլմայի փառատոնը Բաքվում այդ ուտեստի հիմնական գաղափարն արտահայտեց՝ միսը կարելի է փաթաթել ցանկացած տերևի մեջ և տեղավորել ցանկացած բանջարեղենի մեջ, և կստացվի տոլմա: Տեղեկատվական կայքերը միջոցառումից հետո պարծենում էին, որ այս փառատոնին առկա էին տոլմայի մինչ այժմ անհայտ տեսակներ:
Դասական ադրբեջանական տոլման պատրաստվում է աղացած ոչխարի մսով (երբեմն՝ տավարի մսի հետ խառնած), որին ավելացնում են կանաչի, բրինձ և փաթաթում խաղողի տերևով, կամ նույն մսով լցոնվում են լոլիկը, բուլղարական պղպեղն ու սմբուկը: Ինչպես ադրբեջանական խոհանոցի յուրաքանչյուր ուտեստ պատրաստելիս, այնպես էլ այստեղ հատուկ ուշադրություն է դարձվում համեմունքներին:
Որքան մանր ու կոկիկ է փաթաթված տոլման, այնքան տանտիրուհու աշխատանքի որակը բարձր է: Ադրբեջանական ընտանիքներում տոլման փաթաթում են տան բոլոր կանայք, քանի որ դա բավականին աշխատատար գործ է: Խաղողի նուրբ տերևները մի փոքր թթվաշ համ են հաղորդում, բրնձի շնորհիվ միսը կծիկի չի վերածվում և փափուկ է մնում:
Ընդհանուր առմամբ, փառատոնին ներկայացված տոլման ավելի շատ անշուք էր, քանի որ ավանդական ադրբեջանական տոլման պատրաստում են ընտանեկան տոների համար հարսների կողմից՝ սկեսուրների խիստ վերահսկողության տակ և բակում աճող խաղողի որթերից հավաքած թարմ տերևներով: Տերևները մի քանի օր են հավաքում, քանի որ դրանք պետք է հավասար լինեն և ամեն օր այդ չափսի են դառնում նորանոր տերևներ: Այդ ժամանակ տոլման էլ է պահանջված չափսն ունենում՝ կոկիկ, քառանկյուն ծրարների պես: Բացարձակ բոլորը միաչափ: Երբ տոլման մատուցում են ամենագեղեցիկ ափսեում, վրան առատորեն իր հյութից են լցնում, բոլոր հյուրերին պարզ է, որ տանն ամեն ինչ կարգին է, և տնտեսությունն այստեղ վարվում է լավագույն կերպով:
Հավանաբար, այդ պատճառով էլ տոլմայի պատկանելիության մասին վեճերը (այն պատրաստում են նաև Հայաստանում, Թուրքիայում և Վրաստանում) շատերի մոտ ոչ ադեկվատ արձագանք է առաջացնում: Այս ուտեստն ընտանեկան բարքերի և գրեթե ազգի պատվի յուրօրինակ խորհրդանշան է: Մի խոսքով, մեր ամեն ինչն է:
Հրապարակվել է 03.07.2016