Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները՝ ղարաբաղյան պատերազմի միջանկյալ արդյունքների մասին
Սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի շուրջ մասշտաբային ռազմական կոնֆլիկտի մեջ ներքաշված Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պատասխանել են ռուսական ՌԻԱ Նովոստի պետական լրատվական գործակալության վեց հարցերին։
Հիմնական թեզեր․
Հարց․ ինչպե՞ս եք գնահատում սեպտեմբերի 27-ից ընթացող ռազմական գործողությունների արդյունքներն, ի՞նչ կորուստներ ունեն կողմերն ու շա՞տ են արդյոք գերիները։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան
Շատ փորձագետներ ասում են, որ սա իր մասշտաբներով 21-րդ դարում աննախադեպ պատերազմ է։
Գործարկված են սպառազինության բոլոր տեսակները՝ տանկեր, անօդաչու թռչող սարքեր և ուղղաթիռներ, զրահատեխնիկա, հրետանի, հրթիռային հրետանի։ Եվ շատ մեծ թվով զինվորներ և զորքեր են ներգրավված այս ռազմական գործողություններում։
Շատ մասշտաբային և դաժան մարտեր են ընթանում։ Մենք կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղը բլիցկրիգով վերահսկողության տակ առնելու Թուրքիայի և Ադրբեջանի պլանները ձախողվել են։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև
Ադրբեջանը ենթարկվել է հայկական զինված ուժերի հերթական գրոհին, դա վերջին երեք ամսում առաջին գրոհը չէր։
Այսօրվա դրությամբ խաղաղ բնակչության շրջանում մենք ունենք 43 զոհ և ավելի քան 200 վիրավոր, մոտ 2 հազար տուն է ամբողջությամբ քանդվել կամ վնասվել։
Զինծառայողների շրջանում կորուստների մասին մենք կհայտարարենք հակամարտության թեժ փուլի ավարտից հետո։
Այսօրվա դրությամբ օկուպացիայից ազատագրվել են տասնյակ բնակավայրեր։
Հարց․ Սիրիայից կամ Լիբիայից վարձկանների մասնակցություն ադրբեջանական կողմից, որքանո՞վ կարելի է սրան հավատալ։ Արդյո՞ք արտասահմանցիներ են կռվում Հայաստանի կողմից։
Նիկոլ Փաշինյան․
Ապացույցներ կան, որ Սիրիայից բերված զինյալ ահաբեկիչներ են մասնակցում Ղարաբաղի դեմ մարտերին։ Դրանք հրապարակված են զանգվածային լրատվամիջոցներում և սոցցանցերում։ Այս մասին է խոսում արդեն ողջ աշխարհը։
Ակնհայտ է, որ Թուրքիան է այս պատերազմի գլխավոր հովանավորը։ Թուրքիան այդ ահաբեկիչ զինյալներին վարձել և տեղափոխել է հակամարտության գոտի։
Նրանք ներգրավված են ոչ միայն ռազմական գործողությունների ղեկավարության գործում, այլև [ցամաքում ընթացող] գործողություներում։
Ըստ որոշ տեղեկությունների՝ ներգրավված են նաև Պակիստանի բանակի հատուկ ստորաբաժանումները։
Սա տարածաշրջանային լայնամասշտաբ հակամարտություն է, որը ներառում է տարածաշրջանի երկրների շահերը։
Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա կարող են որոշ հայեր լինել, որոնք սփյուռքից են ժամանել իրենց հայրենակիցներին սատարելու։ Սակայն նրանց չի կարելի վարձկան համարել։
Իլհամ Ալիև․
Ադրբեջանում արտասահմանյան ռազմական մասնակցության անհրաժեշտություն չկա։ Մեր բանակն ավելի քան հարյուր հազար մարտիկ ունի և անհրաժեշտության, զորահավաքի դեպքում այդ թիվը կարող է մի քանի անգամ ավելանալ։
Ադրբեջանը միշտ միջազգային ահաբեկչության դեմ հետևողական պայքար է մղել, մենք երբեք թույլ չենք տա, որ մեր տարածքում օջախներ ստեղծեն ինչ-որ ահաբեկչական կազմակերպություններ։
Ադրբեջանի տարածքում օտարերկրյա զինված կազմավորումների առկայության մասին, որոնք մասնակցում են ներկայիս ռազմական բախումներին, ոչ ոք ոչ մի ապացույց մեզ չի ներկայացրել։
Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ոչ մի օտարերկրյա վարձկան մենք չունենք։
Հարց․ հոկտեմբերի 10-ի մոսկովյան համաձայնագրերում [հրադադարի մասին] հիշատակվում են կարգավորման հիմնարար սկզբունքները։ Ինչպե՞ս եք դրանք ընկալում։
Նիկոլ Փաշինյան․
Ժողովուրդների ինքնորոշման իրավունք, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում և տարածքային ամբողջականություն։
Սակայն բանակցային գործընթացում պարզվել է, որ կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում այս սկզբունքները։
Եվ այժմ մի իրավիճակ է ստեղծվել, երբ այդ շատ կարևոր սկզբունքներից մեկն արդեն խախտվել է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը ղարաբաղյան խնդրի լուծման համար։
Իլհամ Ալիև․
Ադրբեջանի օկուպացված շրջանների ազատագրում։
Առաջին փուլում դա հարավ-արևելյան հատվածն է, հինգ շրջանները։
Երկրորդ փուլում՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ընկած տարածքները՝ Լաչինի ու Քելբաջարի շրջանները։
Բոլոր կոմունիկացիաների բացում։
Փախստականների և բռնի տեղահանվածների վերադարձ նրանց սկզբնական բնակության վայրեր, ինչը ենթադրում է ադրբեջանցի փախստականների վերադարձ Շուշիի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի մյուս շրջանների տարածքներ։
Բանակցություններ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման շուրջ։
Հարց․ ի՞նչ փոխզիջումների կարող էիք պատրաստ լինել։ Եվ արդյո՞ք կա գիծ, որից չեք նահանջի ոչ մի պարագայում։
Նիկոլ Փաշինյան․
Հայաստանի համար «կարմիր գիծը» Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն է։ Սրանից հայկական կողմը չի կարող հրաժարվել։
Մոսկովյան հայտարարությունում [հրադադարի մասին, ստորագրվել է 2020 թ-ի հոկտեմբերի 10-ին] հստակ քայլեր էին ամրագրվել բանակցային գործընթացի վերականգնման համար։
Մենք պատրաստ ենք համաչափ փոխզիջումների, որոնց պատրաստ է Ադրբեջանը։
Իլհամ Ալիև․
Ոչ մի պարագայում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող խախտվել։
Ոչ մի պարագայում Ադրբեջանը չի համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախությանը։
Մեր առաջարկն այն է, որ ապագայում Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղ ապրեն հայկական և ադրբեջանական համայնքները։
Հարց․ այս պատերազմի դաժանությունն արդեն մտել է պատմության մեջ։ Ինչպե՞ս կցանկանայիք մնալ պատմության մեջ։
Նիկոլ Փաշինյան․
Սա անձնական հավակնությունների հարց չէ։ Ես կցանկանայի, որ այս կոնֆլիկտի արդյունքում ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես լուծվեր։ Փոխզիջումների հիման վրա։
Որպեսզի մենք այնպիսի լուծում գտնեինք, որն ընունելի լինի բոլոր կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի համար։
Եվ որ դա վերջնական լուծում լիներ։
Իլհամ Ալիև․
Ցանկացած պատերազմ դաժանություն է։ Տարբերությունը միայն այն է, որ ադրբեջանցի ժողովրդի համար սա ազատագրական պատերազմ է, Հայաստանի համար՝ զավթողական։
Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված բանակ գոյություն չունի։ Այդ կազմավորման զինծառայողների 90 տոկոսը Հայաստանի քաղաքացիներն են։ Նրանք զորակոչվում են հայկական զինկոմիսարիատների կողմից։
Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներում այսօր հայկական օկուպացիոն ուժեր են։ Եվ սա ոչնչով հնարավոր չէ արդարացնել՝ ոչ միջազգային իրավունքի, ոչ բարոյականության տեսանկյունից։
Հարց․ ցանկանո՞ւմ եք ձեր կողմից որևէ բան ավելացնել։
Նիկոլ Փաշինյան․
Ես վստահ եմ, որ Թուրքիան (ուզում է) վերադառնալ Հարավային Կովկաս՝ հայոց ցեղասպանության քաղաքականությունը շարունակելու համար։
Սա Թուրքիայի կայսրական քաղաքականության շարունակությունն է։
Թուրքիան այն վարում է Միջերկրական ծովում, Լիբիայում, Իրաքում, Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ։
Թուրքիան ուզում է մասնատել Հարավային Կովկասը, այն իր վերահսկողության տակ առնել, դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք իր հետագա էքսպանսիայի համար այն պլացդարմ դարձնել։
Կարծում եմ, որ այս իրավիճակում գործարկվում են շատ երկրների, այդ թվում և առաջին հերթին՝ Ռուսաստանի ազգային անվտանգության շահերը։
Իլհամ Ալիև․
ԽՍՀՄ փլուզումը սկսվեց Լեռնային Ղարաբաղի անջատողականությունից։ Դա ձգան դարձավ։ Շատերը մոռանում են այդ հանրահավաքները, թե ովքեր էին դրանք կազմակերպում և ովքեր էին դրանց հետևում կանգնած։
Ես հաճախ եմ ասում, որ Փաշինյանը Սորոսի պրոդուկտ է։ Եվ կարծում եմ, որ ինձ հետ բոլորը կհամաձայնեն։
Սորոսն արդեն նույնիսկ անհատ չէ, այլ հասկացություն։ Ես բացարձակ չեմ բացառում, որ այն ժամանակ էլ հզոր երկիրը կազմաքանդելու համար այսպիսի գործիքներ են կիրառվել։
Ներսից պայթեցնել, պառակտում մտցնել, ժողովուրդներին կռվեցնել և փլուզել պետությունը։ Եվ դա տեղի ունեցավ։