«Հավակնում եմ Հայաստանի վարչապետի պաշտոնին». նախկին ՄԻՊ-ի քաղաքական հայտը
ՀՀ նախկին ՄԻՊ-ը՝ վարչապետի պաշտոնի հավակնորդ
Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը պաշտոնավարել է2016-ից՝, 2018-ից՝ նաև Նիկոլ Փաշինյանի կառավարման առաջին շրջանում: Այժմ հայտարարում է, որ հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին: Շեշտում է՝ քաղաքականությամբ զբաղվելն անխուսափելի է դարձել, քանի որ «քաղաքական կյանքը հայանպաստ չէ»:
«2026 թ.-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու եմ իմ ղեկավարած «Միասնության թևեր» նախաձեռնությամբ»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է նախկին օմբուդսմենն ու հավելել՝ զարգացման դեպքում նախաձեռնությունը կդառնա «կուսակցություն կամ որևէ այլ քաղաքական միավոր»:
Թաթոյանը, սակայն, չի հստակեցրել՝ իր առաջնորդած ուժը դաշինքո՞վ, թե՞ միայնակ է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։
Շրջանցել է նաև հարցը, թե արդյո՞ք պատրաստվում է համագործակցել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած քաղաքական ուժի հետ։ Փորձագիտական շրջանակներում կարծում են, որ դա առավել հավանական սցենարն է։ Սակայն Թաթոյանը հայտարարել է, թե չի մտնելու «ո՞ւմ հետ, ո՞նց, ի՞նչ» դաշտ, քանի որ նախկին-ներկա օրակարգն իրենցը չէ: Վստահեցրել է՝ ինքնուրույն քաղաքական ուժ են:
Իշխող ուժի ներկայացուցիչները կոշտ են արձագանքել նախկին պաշտպանի քաղաքական հայտ ներկայացնելուն: Պնդել են՝ «Սերժ Սարգսյանի դեմքով քաղաքական գործընթացներին մասնակցելն անօգուտ և ամոթալի զբաղմունք է»։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը մինչև անգամ հայտարարել է, թե «Սերժի [ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի] Թաթոյանն ասում է՝ ինքնուրույն ուժ է: Սրանք ժողովրդի՞ն են միամիտի տեղ դրել, թե՞ իրանց՝ էշի: Մի հատ էլ թող երդում ուտի, որ Սերժի հետ կապ չունի ու չի միանալու նրան»։
Քաղաքական ուժի օրակարգը, Թաթոյանի հայտարարությունները, իշխանական գործիչների կարծիքները
- «Ալիևը տորպեդահարում է Թրամփի նախաձեռնած խաղաղության գործընթացը»․ հայ քաղաքագետ
- «Հայաստանն ամուր տեղ ունի Եվրոպայի ժողովրդավարական երկրների շարքում»․ Փաշինյան
- Հռչակագիր Հայաստանի Չորրորդ Հանրապետության մասին. իշխող կուսակցության մտադրությունները
Ի՞նչ է հաղորդվել քաղաքական ուժի օրակարգի մասին
Արման Թաթոյանի խոսքով՝ առաջ են շարժվելու ոչ թե նախկին-ներկա, այլ հասարակության ջանքերը միավորելու՝ հանունի օրակարգով: Արման Թաթոյանը ներկայացրել է ներքին ու արտաքին քաղաքականության, անվտանգության, տնտեսության և այլ ոլլորտների բարեփոխումների վերաբերյալ նախաձեռնության պատկերացումները: Հավաստիացրել է՝ փորձելու է իր և թիմակիցների բոլոր ջանքերն ուղղել պետության և ժողովրդի շահերի պաշտպանությանը:
«Մենք գնալու ենք հիմնախնդիրները լուծելու ճանապարհով։ Հայտարարել ենք, որ այդ հիմնախնդիրները լուծելու համար միավորելու ենք ողջ հասարակությանը և խոսելու ենք բոլորի հետ»,- նկատել է նա:
Քաղաքական ո՞ր ուժերի հետ են պատրաստվում համագործակցել: Այս հարցը Թաթոյանը շրջանցել է.
«Բոլոր քաղաքական ուժերի հետևորդները, նրանց ընտրողները մեր քաղաքացիներն են, չէ՞։ Մենք բոլոր քաղաքացիների հետ աշխատելու ենք, մեր օրակարգն այս է։ Նախկին-ներկա, սև-սպիտակի դաշտ չեմ մտնելու, դա մեր օրակարգը չէ»:
«ՌԴ հետ հարաբերություններում կան խնդիրներ, պետք է բաց խոսել»
Նախկին ՄԻՊ-ի դիտարկմամբ՝ արտաքին քաղաքականության հիմքում որպես գաղափար պետք է ընկած լինի անկախ, ինքնիշխան, անվտանգ և կայուն զարգացող Հայաստանը:
«ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ռազմավարությունը պետք է ծառայի որպես ուղեցույց նրա համար, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի դերը տարածաշրջանում և աշխարհում։ Սեփական ժողովրդի և միջազգային հանրության համար կանխատեսելի և պատասխանատու, շահերի համադրման և ոչ թե հարմարվողականության վրա հիմնված արտաքին քաղաքականություն՝ հավատարիմ մնալով ազգային շահերին»,- մանրամասնել է նա:
Անդրադառնալով ՌԴ հետ հարաբերություններին՝ Թաթոյանը նկատել է՝ ակնհայտ է, որ կան խնդիրներ․
«Այս ժամանակահատվածում պետք է ազատ ու բաց խոսել, որպեսզի նոր ուղղությունների պարագայում հասկանանք՝ ինչպես ենք առաջ շարժվում»։
Ռուսաստանին ուղղված մի քանի հարցադրումներ է արել, մասնավորապես՝
- ՌԴ խաղաղապահների ներկայության պայմաններում Ադրբեջանի՝ ԼՂ-ում էթնիկ զտում իրականացնելու,
- 2020 թ.-ի 44-օրյա պատերազմի ընթացքում պատշաճ աջակցության բացակայության,
- 2022 թ.-ին Սյունիքի և Ջերմուկի հատվածներում Ադրբեջանի հարձակումների ժամանակ աջակցության բացակայության վերաբերյալ:
«Կան հարցեր, որոնք պետք է պարզվեն, որովհետև մենք ապրում ենք մի այնպիսի տարածքում, որ բախվելու ենք նման անվտանգության հարցերի: Պետք է հասկանանք՝ ինչո՞ւ են այդպես պարզաբանում այն պայմաններում, երբ մենք ունենք ստորագրված փաստաթղթեր»:
Թաթոյանն անընդունելի է համարել այն, որ ժամանակին քննարկման առարկա է դարձել հարցը, թե պայմանագրի որ կետով է 2022 թ.-ին Երևանը դիմել ՀԱՊԿ-ից աջակցություն ստանալու համար: Դա, ըստ նրա, ձևական պատճառաբանություն է եղել:
«Շարժման մաս կարող է կազմել յուրաքանչյուրը»
Թաթոյանի փոխանցմամբ՝ յուրաքանչյուրը՝ անկախ քաղաքական նախընտրություններից, կարող է իրենց շարժման մաս կազմել: Նրա նախաձեռնությանն է միացնել նաև Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը: Նա հրաժարական էր ներկայացրել 2020 թ.-ին կորոնավիրուսի համավարակի շրջանում Փաշինյանի՝ մաքսային ծառայությունում համաճարակի կանոնները չպահպանելու դժգոհություններից հետո:
Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ «Միասնության թևեր» նախաձեռնությանն է միացել նաև իշխող ուժի նախկին ներկայացուցիչ Աննա Կարապետյանը: 2018-ին Կարապետյանը փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարն էր, ապա «Իմ քայլի» պատգամավոր, սակայն 2021 թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ չընդգրկվեց ցուցակում: Ինքը՝ Կարապետյանը, ոչ հերքել, ոչ էլ հաստատել է տարածվող տեղեկությունները:
«Իսկ կուսակցություն կա՞ արդեն: Ես մի քիչ ուրիշ բան գիտեմ։ Եվ քանի որ մենք տարբեր բաների մասին ենք խոսում, եկեք այդ մասին չխոսենք: Իսկ Թաթոյանն իմ շատ մտերիմ ընկերն է, մենք վաղուց ենք իրար ճանաչում»,- արձագանքելով կուսակցության ակտիվում լինելու լուրերին՝ նկատել է նա:
Թաթոյանը՝ խաղաղության օրակարգի, արցախցիների վերադարձի և դատական հայցերի հետկանչման մասին
Լրագրողները նախկին ՄԻՊ-ից հետաքրքրվել են Հայաստանի իշխանությունների հայտարարած խաղաղության օրակարգի մասին: Թաթոյանը պատասխանել է, որ խաղաղությունը բացարձակ արժեք է, բայց նաև արդյունք բազմաթիվ գործընթացների: Մասնավորապես, ըստ նրա, անհրաժեշտ է՝
- ունենալ ուժեղ անվտանգային համակարգ,
- առաջնորդվել միասնությամբ, ոչ թե հակադրություններով,
- աշխատել հանունի տրամաբանությամբ, որպեսզի խնդիրները լուծվեն:
Խոսելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 120 հազար հայերի մասին՝ հայտարարել է՝ նրանք ունեն իրենց հայրենիք վերադառնալու իրավունք․
«Սա ես ինձանից չեմ հնարում, միջազգային սկզբունք է: Մասնավորապես՝ Արդարադատության միջազգային դատարանը 2023 թ.-ի նոյեմբերին հստակ արձանագրել է, ճանաչել է արցախցիների վերադարձի իրավունքը: Բայց մենք չենք առաջնորդվելու պատրանքներով՝ կապված Արցախի վերադարձի հետ։ Այդ խոսույթը չենք ունենալու, և դա մեզ համար օրակարգային հարց չենք համարում»։
Մարդու իրավունքների նախկին պաշտպանն ակնարկել է՝ իշխանության գալու դեպքում չեն պատրաստվում հրաժարվել Բաքվի դեմ միջպետական հայցերից․
«Հայաստանի ապագայի համար դա վտանգավոր է։ Հայցերի հետքաշումը շահեկան է միայն Ադրբեջանի համար, քանի որ հստակ գիտակցում է՝ այդ հայցերի արդյունքում մեծագույն խնդիրներ է ունենալու ՀՀ-ի դեմ զավթողական ծրագրերն առաջ տանելու հարցում»։
Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված միջպետական հայցերը հետ կանչելու պարտավորություն են ստանձնել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրով:
Ակնկալվում է, որ պայմանագրի վերջնական ստորագրումից, վավերացումից և ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում կողմերը պետք է հետ կանչեն, չեղարկեն կամ այլ կերպ լուծեն որևէ իրավական հարթակում ներկայացված բոլոր միջպետական հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը, որոնք վերաբերում են մինչև համաձայնագրի ստորագրումն առկա խնդիրներին:
Մեկնաբանություններ
Իշխանական թևի ներկայացուցիչներից շատերը արձագանքել են Թաթոյանի քաղաքականություն մտնելու մասին հայտարարությանը։ Մյուս քաղաքական ուժերը դեռ լռում են։
Վահագն Ալեքսանյան, իշխող ուժի պատգամավոր
«Սերժի Թաթոյան Արմանը դեռ չի՞ ասել, որ սերժաքոչարյանական մամուլը իրենից մի նոր Պրոմեթևս էր կերտում ոչ թե Սերժի դրածոն լինելու, այլ միայն ու բացառապես իր սիրուն աչքերի համար»:
Արայիկ Հարությունյան, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
«Ինչ եմ խորհուրդ տալիս մեր քաղաքացիներին՝ շարունակել բնականոն կյանքը, լինի պետական հիմնարկներում, թե մասնավորում, ներդրում անել բիզնեսում, երեխաների կրթության մեջ, հանգստին ուշադրություն դարձնել: Բայց, իհարկե, ուշադիր լինել այս շրջիկ կրկեսին, որ «վարդանիկ» օպերացիան [նկատի ունի Գյումրիում ընտրությունները] թույլ չտանք: Ու չի լինելու»։
Խոսքը գնում է Գյումրիում մարտի 30-ին կայացած արտահերթ ընտրությունների մասին։ Դրանց արդյունքներով ոչ մի ուժ 50+1% ձայն չէր հավաքել։ Ամենաշատ ձայները ստացել էր ՔՊ-ն։ Սակայն ոչ ոք կոալիցիա չկազմեց իշխող ուժի հետ։ Անցողիկ շեմը հաղթահարած 4 ընդդիմադիր ուժերից 3-ը՝ աջակցեցին Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանին։ Այժմ իշխող կուսակցությունը ենթադրում է, որ նման «օպերացիա» կարող է կրկնվել 2026 թ․-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Արփի Դավոյան, իշխող կուսակցության վարչության անդամ, պատգամավոր
«Մի 100-150 տարի առաջ Ռուսաստանում նման հասկացություն կար` «վառված թատրոնի դերասաններ»։ Շրջիկ դերասանները տեղից տեղ էին շրջում և հայտարարում, որ իրենց թատրոնը վառվել է` ստիպված են թափառել և ներկայացումներ բեմադրել։ Մարդիկ էլ թույլ էին տալիս նրանց ծաղրածություն անել և օրվա հաց վաստակել։
Հիմա ասածս ինչ է` հայաստանյան քաղաքական դաշտն այսօր լցվել է շրջիկ դերասաններով ու ձայն փախցնողներով։ Հունիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ամեն օր շռնդալից թափ է հավաքում։
Ամեն օր հավաքական ընդդիմության առաջամարտիկ, տխրահռչակ ՀՓՇ-ից [Հայրենիքի փրկության շարժում] մի ծվեն է պոկվում ու քաղաքական հայտ ներկայացնում, ինչը ավելի է հետաքրքիր դարձնում այն փաստը, որ ամեն օր մասնատվում են նրանց սահմանափակ քանակությամբ աջակիցները, որոնց բոլորս գիտենք և որոնք նախկինում փոքրիշատե միասնական էին։
Ժամանակին, երբ հավաքական ՀՓՇ-ն հավաքվում էր ու հանրահավաքանման մի բան անում, բոլորը միասնական էին սկսում գոռալ` էլ գող փիսո, էլ քաչալ շուն։ Հիմա, քանի որ թատրոնը վառվել է, այլևս վաղեմի ՀՓՇ-ի մասնատումից առաջանում են տարբեր թևեր, որոնք պայքարելու են արևի տակ իրենց ընդդիմադիր տեղն ամրագրելու համար։
Թերևս, բոլորս էլ հասկանում ենք, որ նրանք մի սանրի կտավն են, ցանկացած հարմար առիթով միավորվելու են և պայքարելու են ոչ թե հանուն Հայաստանի Հանրապետության, այլ ընդդեմ… Եվ այս ամենը հայրապետական [Գարեգին Բ-ի] օրհնությամբ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ նախկին ՄԻՊ-ը՝ վարչապետի պաշտոնի հավակնորդ