Հայաստանում և հետխորհրդային տարածքում առաջին անգամ ցմահ դատապարտյալը բուհական կրթություն ստացավ և դարձավ իրավաբան
Լուսանկարը՝ hetq.am-ի
22 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը դարձել է իրավաբան՝ ավարտելով Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժինը: Սա առաջին նման դեպքն է Հայաստանում և հետխորհրդային երկրներում, որ դատապարտյալը իրավաբան է դառնում:
«42 տարեկանում իրականություն դարձավ իմ մանկության երազանքը, ես դառնում եմ իրավաբան: Կարծես, ճակատագրի հեգնանք է, որ դատապարտյալի կարգավիճակում եմ դառնում իրավաբան», — ասել է Մհեր Ենոքյանը:
Մհեր Ենոքյանի դիպլոմային աշխատանքը վերաբերում է հենց իր խնդրին՝ այն վերնագրված է «Ուժի մեջ մտած դատավճիռների վերանայումը. տեսական և պրակտիկ խնդիրները»։
1996 թվականից նա աշխատում է հասնել սեփական գործի վերաբացմանը: Վերջին անգամ իր բողոքարկումը մերժվել է այս տարի՝ 3 ամիս առաջ:
«Հայաստանում չկա որևէ նախադեպ, երբ մահապատժի դատապարտվածի գործ վերաբացվի և նա արդարացվի կամ գոնե պատժաչափ վերանայվի: Արդյո՞ք սա վկայում է, որ Հայաստանում մահվան դատապարտելիս դատարանները երբեք չեն սխալվել: Իսկ ԱՄՆ-ում, Եվրոպայում անգամ 20-30 տարի անց ցմահ դատապարտյալներ են արդարացվում»,- ասել է Մհեր Ենոքյանը լրագրողներին դիպլոմայինի պաշտպանության օրը: