Հայաստանին դեֆոլտ չի սպառնում․ վստահեցնում է երկրի Կենտրոնական բանկը
Հայաստանում դրամական արտահոսք չկա և չի եղել։ Իսկ դա նշանակում է, որ դեֆոլտի որևէ սպառնալիք չկա։ Այս մասին հայտարարել են Հայաստանի Կենտրոնական բանկի ներկայացուցիչները։
Ի՞նչ են հաղորդել լրատվամիջոցները
Հայկական լրատվամիջոցներն ավելի վաղ հաղորդում էին, որ երկրին դեֆոլտ է սպառնում, և հայկական դրամի փոխարժեքի անկում էին կանխատեսում։
«Սպասվում է, որ տոներից անմիջապես հետո Հայաստանի տնտեսությունը լուրջ խնդիրների կբախվի, իսկ իշխանությունը ստիպված կգնա ազգային արժույթի փոխարժեքի 20 տոկոս արժեզրկման», — կանխատեսել էր «Ժամանակ» օրաթերթը։
Հայկական լրատվամիջոցները հաղորդում էին նաև, որ նկատվում է կապիտալի արտահոսք Հայաստանից և երկիր մտնող տրանսֆերտների ծավալի կրճատում։
• Ինչո՞ւ հայ բանվորների համար էլ շահեկան չէ Ռուսաստան մեկնելը
• Հայաստանի բնակիչների 10-ից 3-ն աղքատ են․ իշխանությունները կոչ են անում մեղավորներ չփնտրել
Կենտրոնական բանկի արձագանքը
Այս հաղորդագրություններն անմիջապես հերքեց Հայաստանի Կենտրոնական բանկը։
«Հայաստանի ֆինանսական համակարգն այսօր կայուն է և դիմացկուն։ Իսկ նման հայտարարություններն ու հրապարակումները կարող են հանրության մոտ անհիմն մտավախություններ առաջացնել, որոնք տեղին չեն երկրի երկարատև զարգացման տեսանկյունից», — նշել է Կենտրոնական բանկի մամուլի քարտուղար Հարութ Կբեյանը։
Իրավիճակը մեկնաբանել է նաև Հայաստանի ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը։ Նա հերքել է այն լուրը, թե Հայաստանից կապիտալը դուրս է բերվում։ Իսկ դրամական տրանսֆերտների կրճատումն, ըստ նրա, չի կարող զգալի ազդեցություն գործել Հայաստանի տնտեսության վրա․
«Տրանսֆերտների նշանակությունը Հայաստանի տնտեսության համար այնքան մեծ չէ, որքան 10 տարի առաջ։ Եթե այն ժամանակ դրամական փոխանցումները կազմում էին ՀՆԱ 20-26%, իսկ հետագայում կրճատվեցին մինչև 17-18%, ապա հիմա այդ ցուցանիշը գտնվում է մոտ 10%-ի մակարդակում»։
Փորձագետների կարծիքները
Հայ փորձագետները նաև նշում են, որ երկրի տնտեսությանը մոտ ապագայում ոչինչ չի սպառնում։ Նրանց կարծիքով՝ հեղափոխությունն ազդել է տնտեսական աճի տեմպերի վրա, սակայն նոր կառավարությունը կարողացել է խուսափել զգալի սթրեսներից։
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կարծում է, որ դեֆոլտի մասին տվյալ պահին անիմաստ է խոսել․
«Հանրապետությունում տնտեսական իրավիճակն անհանգստության առիթներ չի տալիս։ 5 տոկոս տնտեսական աճ է ակնկալվում, բյուջեի եկամտային մասը հաջողությամբ կատարվում է, պակասուրդը պլանավորվածից ցածր է լինելու, ֆինանսական շուկան կայուն է։ Արժեզրկման մակարդակն ամենացածր ցուցանիշից ցածր է և տատանվում է 1,8%-ի սահմաններում։ Նույնիսկ «թավշյա» հեղափոխության ժամանակ մեզ մոտ ֆինանսական ապակայունացում չէր դիտվում, թեև դա սպասելի էր և լիովին օրինաչափ նման իրավիճակներում»։
Վարդան Բոստանջյանի կարծիքը կիսում է մեկ այլ տնտեսագետ Հայկ Մնացականյանը։ Նա վստահ է, որ հայկական արժույթի փոխարժեքը կպահպանի իր կայունությունը՝ չնայած դրա հնարավոր անկման մասին հաղորդումներին․
«Այդպիսի սպասումներ չկան և մոտ ապագայում չեն կարող լինել։ Հետևաբար, քաղաքացիները կարող են ապագայում հանգիստ լինել։ Կապիտալի արտահոսքն ու ներհոսքը կայուն մակարդակում են»։
The Ecomomist։ Հայաստանը՝ տարվա երկիր
Մինչ հայկական լրատվամիջոցները գրում էին հնարավոր դեֆոլտի մասին, The Economist հեղինակավոր պարբերականը Հայաստանը «տարվա երկիր» ճանաչեց․
«Հին և հաճախ վատ կառավարվող երկիրը, որը գտնվում է անհանգիստ տարածաշրջանում, այս տարի ցույց տվեց, որ ժողովրդավարության և նորացման շանսեր ունի։ Այդ պատճառով Հայաստանը մեր «տարվա երկիրն» է։
Յուրաքանչյուր տարի «տարվա երկիր» է ճանաչվում ոչ թե ամենաազդեցիկ, ամենահարուստ, ոչ էլ ամենահամեղ սնունդ ունեցող պետությունը։ Այս անվանակարգը կոչված է առաջընթացը նշելու»։
The Economist պարբերականի այս որոշման առիթը հայկական հեղափոխությունն է եղել, որը հանգեցրեց իշխանությունից «Պուտինի դրածոյին» հեռացնելուն և խաղաղ իշխանափոխության։