Հիմնական եզրակացություները. շատ ձեռքբերումներ են եղել, բայց գլխավոր քայլերը դեռ առջևում են" />

Բիզնեսը տարանջատել իշխանությունից. ինչ է տեղի ունեցել Հայաստանի տնտեսությունում Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվա ընթացքում

Հիմնական եզրակացություները. շատ ձեռքբերումներ են եղել, բայց գլխավոր քայլերը դեռ առջևում են

Նիկոլ Փաշինյանի՝ որպես Հայաստանի վարչապետի պաշտոնավարման հարյուր օրն, ըստ ամենայնի, կհիշվի նախևառաջ բազմաթիվ կոռուպցիոն բացահայտումներով և աղմկահարույց կալանավորումներով:

Սակայն այդ գործողությունները Հայաստանի «հեղափոխական» կառավարության նոր տնտեսական ծրագրի միայն աղմկոտ և սկանդալային մասն են: Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանության եկավ 2018թ-ի ապրիլին տեղի ունեցած «թավշյա» հեղափոխության արդյունքում: Անցել է ավանդական հարյուր օրն. ինչպիսի՞ տնտեսական բարեփոխումներ են գործարկվել, ի՞նչ ձեռքբերումներ են եղել, ի՞նչ ուղղություններ են նախանշվել: Առաջարկում ենք փորձագետների մեկնաբանությունների վրա հիմնված մանրամասն վերլուծություն:

Տնտեսության կայունացում

Տնտեսության ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2018թ-ի վեց ամսվա կտրվածքով կազմել է 8.9 %. նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է 6.1%: Ազգային արժույթը հեղափոխության օրերին և դրանից հետո զգալի տատանումներ չի ունեցել:

Սակայն որոշ ոլորտներում ցուցանիշներն, այնուամենայնիվ, անկում են ապրել: Այդ պատճառով էլ որպես կառավարության առաջնային խնդիր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է տնտեսության կայունացումը:

Հայաստանի նախարարների նախորդ կաբինետը՝ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ, 2018թ-ի համար պլանավորել էր 4.5% տնտեսական աճ: Առաջին կիսամյակից հետո պարզ երևում է, որ ցուցանիշը զգալիորեն ավելի բարձր է լինելու: Այս տարվա համար մասնագետները կանխատեսում են նվազագույնը 6.5% տնտեսական աճ:

Հրանտ Միքայելյան, տնտեսագետ.

«Տնտեսության արձագանքը հեղափոխությանը սթրեսային էր, ինչպես որ սովորաբար լինում է նման դեպքերում: Սակայն ազդեցությունն այնքան էլ խորքային չէր: Ըստ իմ գնահատականների՝ տնտեսությունը կորցրել է ՀՆԱ աճի ընդհանուր ծավալի 2.5%-ը»:

Բագրատ Ասատրյան, տնտեսագետ.

«Թավշյա» հեղափոխությունը բարդություններ է առաջացրել ֆինանսական շուկաներում, գրանցվել է փողերի արտահոսք: 2018թ-ի ապրիլին Հայաստանի միջազգային պահուստները դատարկվել են 200 մլն դոլարով:

Սակայն սկսված տնտեսական անկումն արդեն հաջողվել է կարգավորել: Տարին արդեն հիմա կարելի է հաջող համարել նաև գյուղատնտեսության համար: Վերջնական արդյունքները դեռ պետք է ամփոփել, սակայն, հուլիսի տվյալներով, մրգի ու բանջարեղենի արտահանումն աճել է 70%-ով: Զգալի աճ է գրանցվել նաև այլ ոլորտներում»:

Հրանտ Միքայելյան, տնտեսագետ.

«Ներկա պահին  լավ աճ է գրանցվում ծառայությունների և առևտրի ոլորտում: Ինչ-որ առումով՝ նաև շինարարությունում: Դա կապված է Հայաստանի շուրջ ստեղծված ընդհանուր դրական ֆոնի հետ: Հայաստանն ինտեգրվել է ԵԱՏՄ-ին, սակայն գործում են նաև GSP և GSP+ ռեժիմները համապատասխանաբար ԱՄՆ և ԵՄ հետ: Գործում է առևտրային պայմանագիր Վրաստանի հետ: Իրանն ազատվել է պատժամիջոցներից (համենայնդեպս, մինչև ԱՄՆ նոր պատժամիջոցները)»:

Պայքար՝ շուկայում մենաշնորհների դեմ

Նոր կառավարությունն իր աշխատանքի առաջին իսկ օրվանից հայտարարել է Հայաստանի շուկայում արհեստական մենաշնորհների դեմ պայքարի մասին: Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորություն ունենա անարգել  Հայաստան ներկրել ցանկացած ապրանք:

Զուգահեռ պարզվել է, որ առևտրով զբաղվող մի շարք ընկերություններ տարիներ շարունակ հարկ չեն վճարել, այդ թվում՝ «Երևան սիթի» սուպերմարկետների խոշոր ցանցը: Այդ բոլոր կառույցները պետբյուջե են վերադարձրել չվճարված հարկերն ու սկսել են աշխատել նոր կանոններով: Միաժամանակ ոչ մի ընկերություն չի դադարեցրել իր գործունեությունը:

Հրանտ Միքայելյան, տնտեսագետ.

«Նոր իշխանությունը ձգտում է ընդունելի քաղաքականություն վարել, առանց էքստրիմի՝ նույնիսկ խոշոր մենաշնորհ ունեցողների համար, և դա իրեն դեռ արդարացնում է. բոլոր խաղացողները մնացել են շուկայում, բայց արդեն այլ պայմաններով»:

Բիզնեսի և իշխանության տարանջատումը

Բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու նպատակը նույնպես առաջնահերթություն է համարվում: Նիկոլ Փաշինյանին մասամբ հաջողվել է հասնել դրան: Նախարարների նրա կաբինետի կազմում չկա ոչ մի օլիգարխ կամ բիզնեսում նկատված որևէ մարդ, որը կարող է իշխանությունն իր անձնական նպատակներով օգտագործել:

Քննադատություն

Չնայած ընդհանուր դրական ֆոնին և հասարակական աջակցությանը՝ կառավարության հասցեին շատ քննադատություն է հնչում:

Հիմնական պատճառն այն է, որ տնտեսական ծրագրում չկան թվերով արտահայտված կանխատեսումներ, և, ընդհանուր առմամբ, մինչև հիմա ներկայացված չէ երկարաժամկետ տնտեսական զարգացման որևէ հայեցակարգ:

Բագրատ Ասատրյան, տնտեսագետ.

«Կոռուպցիայի, բիզնեսի և իշխանության սերտաճման դեմ պայքարը կառուցվածքային փոփոխությունների կարևորագույն մաս է: Սակայն դա դեռ տնտեսական քաղաքականություն չէ: Փոփոխություններ են անհրաժեշտ անմիջականորեն տնտեսական քաղաքականությունում, ինչը կնպաստի ոչ միայն արտաքին, այլև ներքին ներդրումների ներգրավմանը: Տնտեսական մոդելը պետք է այնպիսին լինի, որպեսզի հնարավոր լինի երկարաժամկետ նախագծեր իրականացնել»:

Ամփոփում

Երեք ամսում գրանցված տնտեսական ցուցանիշները  մասնագետները դրական են գնահատում: Միաժամանակ փորձագետները նշում են, որ կարևորագույն և հիմնական քայլերը դեռ առջևում են, քանի որ Հայաստանում մինչ այսօր շարունակում է գործել հին տնտեսական մոդելը:

Եվ հենց այդ նոր տնտեսական ռազմավարությունը ցույց կտա, թե արդյոք Փաշինյանի կառավարությունն ունակ է ապահովելու տնտեսության այն թռիչքը, որին այդքան սպասում են Հայաստանում:


Կարդալ ավելին JAMnews-ում