Ռուբլու ցածր փոխարժեքն ու աշխատատեղերի կրճատումը ծանրակշիռ հիմք են այդ գաղափարից հրաժարվելու համար" />

Պատժամիջոցների պատանդները. ինչո՞ւ հայ բանվորներին այլևս ձեռնտու չէ Ռուսաստան մեկնել

Ռուբլու ցածր փոխարժեքն ու աշխատատեղերի կրճատումը ծանրակշիռ հիմք են այդ գաղափարից հրաժարվելու համար

Երևան: Լուսանկարը՝ Հրանտ Մարինոսյանի, JAMnews

Երևանյան բակերին այդքան բնորոշ խաղաղ լռությունն աստիճանաբար լցվում է շինարարական աղմուկով: Քառասուն աստիճան շոգին վիբրասղոցն անխախտ է աշխատում, մեթոդիկորեն պնդացնելով ասֆալտը: Մեր հերոսին միանգամից ենք ճանաչում, սակայն հարցազրույցի մեկնարկը հետաձգվում է. Արծրունի Կարապետյանը, կամ Արծրուն քեռին, ինչպես նրան անվանում են նրա հետ աշխատող երիտասարդները, պետք է ավարտի աշխատանքի իր հատվածը, այլապես ողջ բրիգադը պետք է սպասի:

Ընդհանուր նրանք 10 հոգի են, և, ինչպես հետո պարզվեց, նրանցից գրեթե յուրաքանչյուրը ժամանակին Ռուսաստան մեկնելիս է եղել սեզոնային աշխատանքի: Րոպեական ընդմիջմանը տղամարդը հայրենի Գյումրիի բարբառով հասցնում է ասել, որ արդեն մոտ երեք տարի է՝ հայրենիքում է մնում: Հարցին, թե արդյոք հեշտ է տեղում աշխատանք գտնելն, արդեն դեպի տեխնիկան քայլելով, պատասխանում է. լավ մասնագետ ամեն տեղ պետք է:

Այդ խոսքերում ճշմարտության մասնաբաժին, իհարկե, կա, սակայն, մեծ հաշվով, նրա բախտը բերել է: Հայաստանում աշխատանք գտնելը նախկինի պես հեշտ խնդիր չէ: Հանրապետությունում արդեն որերորդ տարին է, որ շինարարության ծավալներն անկում են ապրում: Այդ ֆոնին երկրում գործազրկության մակարդակը 2017թ-ի առաջին եռամսյակում, միայն պաշտոնական տվյալներով, հասնում է 19 տոկոսի: Եվ շատերի համար միակ որոշումը երկրից դուրս աշխատելն է:

Ավարտելով աշխատանքը՝ Արծրունին այնուամենայնիվ մեզ մի քանի րոպե հատկացնում է: Մինչ օպերատորը տեսախցիկն է պատրաստում, նա կատակում է, հումորով վերաբերվում բոլոր հրահանգներին, թե որտեղ կանգնի, ինչպես թեքվի, ուր նայի: Երևում է, որ ծանր ֆիզիկական աշխատանքն ու օտարության մեջ տարիներով ապրելը նրա լավատեսությանը չեն վնասել:

Արծրունին առաջին անգամ հյուսիսային ուղղությունը բռնել է դեռևս կոմունիստների ժամանակ՝ հեռավոր 1985թ-ին: Ասում է, որ այն ժամանակ փողը հերիքում էր, սակայն ավելին էր ուզում: ԽՍՀՄ փլուզումից հետո նրա սեզոնային այցերը Ռուսաստան նորմա դարձան և անհրաժեշտություն:

1990-ականների սկզբին Հայաստանը լուրջ տնտեսական և էներգետիկ ճգնաժամ էր ապրում, գրեթե ամբողջությամբ ոչնչացվել էր արդյունաբերությունը: Այդ ֆոնին հարավկովկասյան պետությունից բնակչության իսկական արտահոսք սկսվեց: Մարդիկ զանգվածաբար լքում էին երկիրը կամ ընդմիշտ, կամ մեկնում էին աշխատանքի:

Ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը նշում է, որ 1990-ականներին հայ աշխատանքային միգրանտներն ի սկզբանե Ռուսաստան էին մեկնում վերադառնալու մտադրությամբ, սակայն հետագայում շատերն այնտեղ մնացին. «Հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքի կոլապսից հետո ժամանակավոր միգրանտների հոսք ձևավորվեց, որոնք ձգտում էին այդ ճանապարհով վերապրել հանրապետությունում ստեղծված ոչ նորմալ իրավիճակը»:

Բացառություն չէր նաև Արծրունին. «Իհարկե, այնտեղ ավելի շատ էին վճարում: Ոչ ոք չի կարող ասել, որ, այստեղ՝ շինարարությունում աշխատելով, կարելի է ընտանիք պահել»:

Սակայն, չնայած ոչ մի բանի, մեր հերոսն արդեն մի քանի տարի հայրենիքում է մնում: Իր վերջին այցին հասցրել է աշխատել օլիմպիական շինարարությունում: 2014թից՝ ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումից և աշխատատեղերի կրճատումից հետո  այլևս չի մեկնել: Պարզ թվաբանությունը ցույց է տվել, որ այդ նույն գումարը նա կարող է վաստակել նաև այստեղ. «Մինչև 2014թը լավ գումար էինք վաստակում: Նույնիսկ ավելին, բայց ոչ քիչ: Իսկ հիմա ռուբլու փոխարժեքը կրկնակի անկում է ապրել: Դրա պատճառով չարժե գնալ: Քանի որ այնտեղ և ծխելու, և հեռախոսի և այլ ծախսեր ես անում: Եթե այդ ծախսերը հանենք, ոչինչ չի մնում: Ավելի լավ է այստեղ մնալ, ընտանիքի հետ»:

Արծրունին նախաճգնաժամային տարիներին տուն էր ուղարկում մոտ 800 դոլար: Ինչպես նա նշում է, նրանք, ովքեր շարունակում են Ռուսաստան մեկնել, հիմա ամսական միջինում 40-45 հազար ռուբլի են ստանում: Ռուբլու ցածր փոխարժեքի ֆոնին տուն են ուղարկում գրոշներ: «Իմ տարիքի և ավելի մեծերն արդեն չեն գնում: Քանի որ տաիրքն էլ է արդեն իրենն ասում: Իսկ երիտասարդներին ինչոր տեղ ձեռնտու է մեկնել: Քանի որ, ինչպես ասում են, մի գլուխ է: Ինչոր կերպ, բայց նա իրեն այնտեղ կպահի: Իսկ ընտանիք ունեցողները ձգտում են չգնալ», – ասում է Արծրունին:

Հայաստանից մեկնող որոշ նախկին աշխատանքային միգրանտներ աշխատանք են գտել հայրենիքում: Լուսանկարը՝ Դավիթ Ենգիբարյանի, JAMnews

Այն, որ Հայաստանից ավելի քիչ մարդ է սկսել մեկնել Ռուսաստան, հաստատում են նաև վիճակագրական տվյալները, թեև մինչև հիմա հետխորհրդային տարածքում աշխատանքային միգրացիոն հոսքերի հստակ մեխանիզմներ մշակված չեն: Օրինակ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ 2014թին, երբ նոր էին Ռուսաստանի հանդեպ արևմտյան պատժամիջոցներ մտցվել, Հայաստանից հյուսիսային ուղղությամբ 286 հազար մարդ է մեկնել:

Մեկ տարի անց, երբ ռուսական տնտեսությունում լճացում սկսվեց, իսկ ռուբլու փոխարժեքը կտրուկ իջավ, աշխատանքի տեղավորվելու նպատակով ռուսական սահմանը հատող հայկական անձնագրերով քաղաքացիների թիվը կրճատվեց մինչև 124 հազար: Նույն դինամիկան պահպանվել է նաև 2016թին: Ռուսաստանի ժողովրդական տնտեսության ակադեմիայի տվյալների համաձայն՝ Հայաստանից աշխատանքային միգրանտների հոսքը շարունակել է նվազել, չնայած որ Ռուսաստանն այս տարի սկսել է դուրս գալ միգրացիոն «փոսից»՝ վերադառնալով 2012-2013թթի նախաճգնաժամային ցուցանիշներին:

Ուրիշ ավելի հետաքրքիր վիճակագրություն էլ կա, որը մեծ մասամբ ողբերգական է հայկական տմտեսության համար և ուղղակիորեն հարվածում է երկրի քաղաքացիների բարեկեցությանը: 2014-2016թթին Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը կրճատվել է 38 տոկոսով:

Չնայած որ այս տվյալները պաշտոնական չեն, դրանք թույլ են տալիս եզրակացություն անել, որ հայ աշխատանքային միգրանտները սկսել են ավելի քիչ մեկնել Ռուսաստան սեզոնային աշխատանքի:

Հրաչ Խաչատրյանի համար ընտանիք կերակրելու միակ տարբերակն արդեն երկար տարիներ «շաբաշն» է Ռուսաստանում: Այլընտրանքը սեփական գյուղում մնալն ու հող մշակելն է: Սակայն այդ դեպքում նա կարող է պարտքեր հավաքել, պետք է նաև վճարել տղայի բուհական կրթության համար:

Չնայած ճգնաժամին՝ այս տարի նա այնուամենայնիվ մեկնել է Չիտա: Սակայն սպասումները ոչ փողի, ոչ աշխատանքային ծավալի առումով չեն արդարացել: Արդյունքում նա վերադարձել է արդեն օգոստոսի վերջին. «Մեկսենյականոց բնակարաններ էինք վերանորոգում, առանձնահատուկ որակ ոչ ոք չէր պահանջում: Շուտ ավարտեցինք, սակայն միջինում ամսական 25 հազար ռուբլի էինք ստանում: Հաշվեք նաև բնակարանի և սննդի ծախսերը, երկկողմանի տոմսերը և կհասկանաք, թե որքան եմ վաստակել այս տարի»:

Հրաչ Խաչատրյանի պատմությունը ստանդարտ է. գինը պայմանավորվել են, բրիգադով մեկնել, տեղում բոլորովին այլ պատկեր է եղել: Առանձնապես ընտրություն չի եղել, պետք էր մնալ և գոնե մեկնելու ծախսերը հոգալ: Եվ այդպիսի խոցելի իրավիճակում հազարավոր մարդիկ են հայտնվում: Պատմություններ այն մասին, որ Ռուսաստանում հաճախ խաբում են, այդ թվում՝ հայրենակիցները, շատերն են պատմում, ովքեր Ռուսատսանում շինարարությունում են աշխատում:

Երևան: Լուսանկարը՝ Հրանտ Մարինոսյանի, JAMnews

Խոսելով վերջին տարիներին Հայաստանից Ռուսաստան աշխատանքային միգրանտների թվի անկման մասին՝ ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը երկու գործոն է նշում. «Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների պատճառով զգալիորեն կրճատվել է երկրի ողջ բնակչության վաստակը, այդ թվում՝ աշխատանքային միգրանտներինը, ինչը բերել է եկվոր բանվորների թվի կրճատման: Երկրորդ գործոնն այն է, որ անընդհատ պետք է հաշվի առնել Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության հանդեպ մոտեցման փոփոխությունները: Հենց 2014թին է կիրառվել այն «դրակոնյան միջոցը», որի համաձայն՝ ինչոր նորմերի խախտման պատճառով ինչոր բանվորների արտաքսել են և արգելել մի քանի տարի մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք»:

Տնտեսական իրավիճակի վատթարացումն ուղղակիորեն ազդել է հայ աշխատանքային միգրանտների վաստակի մակարդակի վրա, կարծում է Ռուբեն Եգանյանը. «Ինչպես ցույց են տալիս մեր հետազոտական տվյալները՝ վերջին երեքից ավել տարվա ընթացքում աշխատանքային միգրանտների վաստակը կրճատվել է ավելի քան երկու անգամ: Այդքան քիչ են վաստակում մեր աշխատանքային միգրանտները, և այդքան քիչ դրամական հոսքեր են ուղղվում հանրապետություն»:

Պետք է նշել, որ սա Հայաստանից Ռուսաստան աշխատանքային միգրանտների հոսքերի կրճատման առաջին դեպքը չէ: 2000-ականներին, երբ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում մեկնարկեց երկրաշարժի գոտու վերականգնման ծրագիրը, այստեղ մեծ շինարարություն սկսվեց, ինչը բերեց աշխատանքային միգրանտների հոսքերի զգալի կրճատման: Սակայն հետո նախկին ցուցանիշները վերականգվել են: Հիմա իրավիճակը կկրկնվի:

Այդ տարի, հայկական կողմի պաշտոնական տվյալների համաձայն, Ռուսաստանից Հայաստան տրանսֆերների ծավալների 15 տոկոս աճ է գրանցվել 2016թի համեմատ: Մասնագետներն արդեն փաստում են, որ այդպիսի դինամիկան շուտով կհանգեցնի դեպի Ռուսաստան աշխատանքային միգրացիայի նախկին ցուցանիշների վերականգմանը:

Սակայն պետք չէ մոռանալ այն մասին, որ իրավիճակի վրա կարող են ազդել Ռուսաստանի հանդեպ նոր արևմտյան պատժամիջոցները, որոնց պատճառով ռուսական տնտեսությունը կարող է դժվարությունների հանդիպել: Ընդ որում, ինչպես հայտնի է, Ռուսաստանում նվազագույն բացասական միտումները միանգամից արտացոլվում են Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա: Իսկ աշխատանքային միգրանտներն ընդհանրապես այդ իրավիճակի պատանդներն են դառնում:

Ինչ էլ որ լինի, մի բան միանշանակ է. միայն հայկական տնտեսության իրավիճակի բարելավումն ու երկրում նոր աշխատատեղերի ստեղծումը կարող է բերել Ռուսաստան սեզոնային աշխատանքների մեկնողների թվի կրճատման: Սակայն, հաշվի առնելով Հայաստանի տնտեսական աճի ներկայիս տեմպերը, հազիվ թե կարելի է դրա վրա հույս դնել:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում