Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանն առաջարկում է 2021 թ-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել՝ որպես ելք ներքաղաքական ճգնաժամից։ Դեկտեմբերի 29-ին վարչապետը հանդիպել է խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր երկու խմբակցությունների առաջնորդների հետ։
Ընդդիմադիր երկու գործիչներն էլ՝ և՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, և՛ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել են՝ յուրաքանչյուրն իր կարծիքին է մնացել։ Սա նշանակում է, որ ընդդիմության ներկայացուցիչները մտադիր չեն սպասել ընտրություններին և շարունակելու են պահանջել Փաշինյանի հրաժարականը։
Նրանց այս պահանջն անփոփոխ է նոյեմբերի 10-ից՝ Արցախի վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր։ Ընդդիմությունը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը «դավաճանական համաձայնագիր» է ստորագրել և Ադրբեջանին տարածքներ է հանձնել։
Սակայն վարչապետը չի պատրաստվում լքել պաշտոնը։ Այս ընթացքում նա բազմիցս հայտարարել է, որ վարչապետի աթոռը զբաղեցրել է ժողովրդի կամքով և կհեռանա միայն ընտրություններից հետո, որոնց ժամանակ ողջ հասարակությունը կարող է իր կարծիքը հայտնել, ոչ թե միայն ընդդիմության սակավաթիվ կողմնակիցները։ Նրա կարծիքով՝ «վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր գործընթացը ժողովրդի աջակցությանը չի արժանացել»։
Դեկտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է, որ պատրաստ է լքել վարչապետի պաշտոնը և շահագրգիռ քաղաքական ուժերին հրավիրել է 2021 թ-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ խորհրդակցությունների։
Նախքան վարչապետի հետ հանդիպումը Գագիկ Ծառուկյանն արդեն հայտարարել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հրաժարվելու Փաշինյանի հրաժարականի պահանջից։
Վարչապետի հետ հանդիպումից հետո Ծառուկյանը հաղորդել է զրույցի որոշ մանրամասներ․
«Ես Փաշինյանին ասացի, որ միակ ելքը նրա հրաժարականն է, և մեր կուսակցության դիրքորոշումը չի փոխվել։ Իսկ արտահերթ ընտրությունների մասին եթե խոսենք, ապա ես կարծում եմ, որ նա չպետք է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը լինի։ Եթե նա ընդունի սա, մնացածի մասին կխոսենք»։
Սակայն Ծառուկյանը չի մեկնաբանել այն, թե ինչպես է այս հայտարարություններին արձագանքել վարչապետը, և առաջարկել է այդ հարցի պատասխանն իրենից ստանալ։
Ի՞նչ է ասել Մարուքյանը
Վարչապետի հրաժարականն է պահանջում նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը․
«Մենք առաջարկել ենք, որ վարչապետը տա հրաժարական, խորհրդարանն ընտրի նոր վարչապետ, ձևավորվի անցումային կառավարություն վարչապետի հետ կոնսենսուսի հասած ուժերից, հաջողության հասած մարդկանցից։ Այս բոլորով կայունացում ենք երկիրը և նախապատրաստում ընտրությունների», — ասել է խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
Այն հարցին, թե արդյոք հաջողվել է փոխհամաձայնության գալ, Մարուքյանը պատասխանել է, որ «քաղաքական ճգնաժամը երկրում շարունակվում է»։
Ըստ ընդդիմադիր գործչի՝ Փաշինյանն առաջարկում է, որ «ինքը մնա իր պաշտոնում, այդպես գնանք խորհրդարանական ընտրությունների»․
«Մենք ասել ենք, որ դեմ ենք և հիմա էլ մեր դիրքորոշումը վերահաստատեցինք»։