Հայաստանի ընդդիմությունը վերադարձել է խորհրդարան․ ի՞նչ օրակարգով
Հայաստանի ընդդիմությունը վերադարձավ խորհրդարան
«Մենք այստեղ ենք, և դուք ստիպված եք համակերպվել այս փաստի հետ»,- Հայաստանի խորհրդարանական մեծամասնությանն այսպես է դիմել ընդդիմադիր պատգամավոր Աղվան Հովսեփյանը։
Կես տարուց ավելի նիստերը բոյկոտած ընդդիմադիրները Ազգային ժողովի դահլիճ են վերադարձել «Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին հուզող կարևորագույն օրակարգով»։ Շեշտում են՝ մասնավորապես, խոսքը գնում է երկրի անվտանգության և պաշտպանության, սոցիալական խնդիրների և տնտեսության վիճակի, պետական կառավարմանը վերաբերող հարցերի մասին։
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ խորհրդարան վերադառնալու համար ընդդիմությունը կարող էր ունենալ տարբեր մոտիվներ՝ ներքին հաշվարկներից մինչև արտաքին աշխարհից եկող պատվեր։ Չի բացառում, որ նիստերին մասնակցելու որոշումը կայացրած լինեն մանդատները չկորցնելու համար։
«Հիմա փողոցում ժամանակավոր դադար է»
Նոյեմբերի 15-ին Հայաստանի խորհրդարանում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը։ Փողոցային պայքարի դուրս եկած երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները մասնակցել են նիստին։
«Սա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն է, նաև մեզ այստեղ գործուղած քաղաքացիների Ազգային ժողովը, ձեր սեփականություն չէ»,- դիմելով իշխող ուժի պատգամավորներին՝ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Նրա խոսքով՝ ԱԺ գործիքակազմը լիարժեք օգտագործելու որոշում են կայացրել, քանի որ «հիմա փողոցում ժամանակավոր դադար է»։ Վարդանյանը նկատի ունի փողոցային պայքարը, որն ընդհատումներով մեկնարկել է մայիսից։
ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները փողոցային պայքարը հաջորդեց «Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Մեկուկես ամիս ընդդիմության վրանները տեղադրված մնացին Երևանի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում։ Այնուհետև խմբակցությունները հայտարարեցին «մարտավարության փոփոխության» մասին։ Նստացույցը դադարեցվեց, հավաքների թիվն էլ պակասեց։
Աշնանային նստաշրջանը մեկնարկեց առանց ընդդիմության։ Պատգամավորները պնդում էին՝ խորհրդարանում քննարկվում են «կեղծ, Հայաստանի պետականության լրջագույն սպառնալիքների հետ որևէ առնչություն չունեցող» հարցեր։
Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ հիմա էլ պայքարելու են գործող «իշխանության կործանարար քաղաքականության դեմ»։
«Հայ ժողովրդի համար այս դժվար ժամանակներում այս իշխանությունը սպառնալիք է պետականության և հայկականության համար։ Այս իշխանությամբ Հայաստանն ու Արցախն ապագա չունեն, ապագա չունի մեր ժողովուրդը։ Այստեղ ենք թույլ չտալու, որ կործանարար ընթացքն անշրջելի դառնա»,- ելույթը եզրափակել է նա։
Թեմային անդրադարձել է նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Հարցին՝ մանդատից չզրկվելու համա՞ր են վերադարձել խորհրդարան՝ Օհանյանը պատասխանել է, թե ինքն ու մյուս պատգամավորները «անձեռնմխելիության հետ կապված մտավախություններ չունեն»։
Նիստի մեկնարկին ընդդիմադիր խմբակցությունների երեք նոր պատգամավորներ երդմամբ ստանձնել են իրենց մանդատները։
«ԱԺ-ում լինելը և փողոցային պայքարը միմյանց չբացառող գործընթացներ են»
Օրեր առաջ նման հայտարարությամբ էր հանդես եկել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Նա ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ ընդդիմադիր խմբակցությունը Ազգային ժողով վերադառնալու որոշում է կայացրել՝ շեշտելով, որ դա չի նշանակում, թե «Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարը չի շարունակվելու»։
Ընդդիմադիր պատգամավորը վստահեցրել էր՝ իրենց դիրքորոշումը չի փոխվել, ձեռքի տակ եղած ողջ գործիքակազմն օգտագործելու են իշխանությունների հեռացման համար․
«Փողոցում, այլ ձևաչափի պայքարի միջոցները կիրառվելու են Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, նրա շարունակականությունը կասեցնելու դեմ, բայց այս պահին կլինենք նաև խորհրդարանում»։
Ընդդիմության օրակարգում գործող իշխանությանը հեռացումն է
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով՝ երկրի իրական օրակարգն իրենք արդեն ներկայացրել են արտախորհրդարանական քննարկումներում։
«Դրանք վերաբերում են անվտանգությանը, Արցախին, պաշտպանությանը, դրանք վերաբերելու են սոցիալական խնդիրներին, տնտեսության վիճակին, պետական կառավարմանը և այլն»,- ասել է նա։
Օհանյանը վստահեցրել է, որ իրենց օրակարգում նույն գլխավոր խնդիրն է՝ գործող իշխանությանը հեռացնելը, կորուստները, անհաջողությունները կանխելը:
Նրա գնահատմամբ՝ ընդդիմությունը փողոցային պայքարի ընթացքում շատ կարևոր գործ է արել՝
- գեներացրել է համակիրների և ժողովրդի պայքարի ոգին,
- միջազգային հանրությանը ցույց է տվել, որ հայ ժողովուրդն ի վիճակի է շարունակել պայքարել Հայաստանի ինքնության համար,
- կանխարգելել է ինչ-որ փաստաթղթերի ստորագրումը։
«Հիմա փողոցային գործընթացներն ավարտվել են, և մեր համակիրները մեզ մանդատ են տվել, որ մենք շարունակենք մեր գործունեությունն ԱԺ-ում»,- ընդգծել է նա՝ հակասելով մյուս խմբակցության տեսակետին, թե փողոցային պայքարը շարունակվելու է։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը դժվարանում է ասել՝ ինչու է ընդդիմությունը հենց հիմա որոշել խորհրդարան վերադառնալ։ Ասում է՝ նրանց գործելաոճը «չի տեղավորվում քաղաքագիտական ընկալումների համատեքստում», կարող են լինել տարբեր մոտիվներ՝ ներքին հաշվարկներից մինչև արտաքին աշխարհից եկող պատվեր։
«Շատ լավ գիտենք, որ նրանք արտաքին ուժերի հետ սերտ համագործակցությամբ են իրենց քաղաքական օրակարգերը կազմակերպում ՀՀ-ում։ Գուցե արտաքինից եկող ստրատեգիայի փոփոխություն լինի, գուցե իրենց ներքին խմորումների համատեքստում լինի, գուցե զուտ հասկանում են, որ չեն կարողանում ոչ մի ազդեցություն ունենալ, գոնե մանդատները չկորցնեն, պետության հաշվին աշխատավարձ ստանան և այլն»,- JAMnews-ի հետ զրույցում ասել է նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ որևէ կառուցողական գործունեությամբ իշխանությանը պրեսինգի ենթարկելու փոխարեն ընդդիմադիրները փաստացի վատնել են իրենց ժամանակը փողոցում։
Ըստ Սիմոնյանի՝ երբ խոսում ենք Հայաստանի խորհրդարանական ընդդիմության մասին, վերապահումով պետք է մոտենանք փողոցային պայքար եզրույթին։ Նկատում է՝ նման պայքար իրականացվում է քաղաքացիական լայն զանգվածների ներգրավմամբ, ոչ թե փոքրաքանակ խմբերով։ Ասում է՝ գործ ունեինք ոչ թե փողոցային պայքարի, այլ հանրային կարգի խաթարման փորձերի հետ։
Անդրադառնալով ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ միմյանց հակասող հայտարարություններին՝ քաղաքագետը ընդգծում է՝ պառակտումը միշտ էլ տեսանելի է եղել, «համախմբված գործողություններ չեն էլ եղել»։
«Դեռևս ունենք ընդդիմություն ձևավորելու օրակարգային հիմնահարց։ Կարծում եմ՝ այն արտախորհրդարանական ուժերի համատեքստում կձևավորվի։ Խորհրդարանի ընդդիմադիր ուժերն արդեն ցույց են տվել իրենց քաղաքական հնարավորությունների սահմանագիծը, որն ամենևին էլ բավարար չէ գործող իշխանություններին այլընտրանք դառնալու համար»,- շեշտել է նա։
Խոսելով Սեյրան Օհանյանի մատնանշած «կարևոր գործերի» մասին՝ Սիմոնյանը նկատում է՝ դափնիները յուրացնելու և որպես քաղաքական կապիտալ ներկայացնելու փորձ է։
«Հայաստանը գոյաբանական խնդիրների առաջ է, բայց հասարակության մեջ հուսալքություն չի նկատվում։ Մարդիկ պատրաստ են իրենց հայրենիքի համար պայքարել։ Դա պայմանավորված չէ քաղաքական ուժի գեներացրած որևէ գործողությամբ, դա ազգային պահանջ է»,- եզրափակել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստանի ընդդիմությունը վերադարձավ խորհրդարան