Ոստիկանական արշավներ, ագրեսիա և ընկճվածություն. ինչպես անցան «կարանտինային հանգստյան օրերը» Ադրբեջանում
Հունիսի 8-ի առավոտը Բաքվի բնակելի համալիրներից մեկում սկսվեց ոստիկանական գրոհով: Մարդկանց ձերբակալում էին հենց բնակարաններից և տանում՝ ձեռքերը ոլորելով, նույնիսկ չթողնելով հագնվել: Նախորդ օրը պատշգամբներից աղբ և պլաստիկ շշեր էին նետել ոստիկանների վրա, որոնք ձերբակալում էին բնակիչներից մեկին՝ կարանտինը խախտելու համար:
Սա է Ադրբեջանում «կարանտինային հանգստյան օրերի» արդյունքը: Շաբաթ և կիրակի օրերին (հունիսի 6-7-ին) խոշոր քաղաքների բնակիչներին արգելված էր տանից դուրս գալ ցանկացած առիթով, փակ էին բոլոր խանութները և նույնիսկ դեղատները: Այդպիսով իշխանությունները փորձում էին կանգնեցնել COVID-19 վարակի աճը: Փորձը չհաջողվեց: Տնային կալանքը ոստիկանության կամայականությունների ֆոնին մարդկանց մոտ առաջացրեց ագրեսիա, ընկճվածություն և խուճապ:
Պաշտոնական վիճակագրությամբ՝ այս պահին Ադրբեջանում արձանագրված է կորոնավիրուսով վարակի 7553 փաստ: 4149 մարդ ապաքինվել է, 88-ը մահացել, 3316-ը շարունակում են բուժումը:
Մի քանի խոշոր քաղաքների և ողջ Ապշերոնյան թերակղզու բնակիչները երկու օր չեն կարողացել տանից դուրս գալ նույնիսկ աղբ թափելու կամ շանը զբոսանքի տանելու, գլխացավի կամ այրոցի դեղ գնելու համար: Դատարկ փողոցներով թափառում էին ոստիկանական մեքենաները և ձերբակալում խախտում անողներին, հաճախ նրանց հետ վարվելով ինչպես վտանգավոր հանցագործների: Բացի այդ, շտապօգնությունը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է գնալ կանչերին:
- Ի՞նչ տեսք ունի Բաքուն պատուհանից․ այլ կերպ այն այժմ հնարավոր չէ տեսնել
- Կորոնավիրուսն ու օրենքը․ ադրբեջանական կարանտինի իրավաբանական կողմը
- Եկեղեցի, որն ապաստան է տվել տրանսգենդերին։ Տեսանյութ
Երկու օր շարունակ սոցցանցերի օգտատերերը հրապարակում էին տեսանյութեր, որոնցում ոստիկանները հետապնդում էին ինչ-որ մեկին: Գիշերվա ժամերին ոմանք սողոսկում էին իրենց տների տանիքները՝ օդ շնչելու համար, կամ նույնիսկ ռիսկ էին անում բակ դուրս գալ: Այդ երկու օրերը շատ լարված անցան:
Երկուշաբթի՝ հունիսի 8-ին, ամեն բան կարծես թե վերադարձավ իր բնականոն հունին. նորից աշխատեց տրանսպորտը, բոլոր խանութները, սրճարանները, ռեստորանները, մարդիկ աշխատանքի գնացին:
Ներքին գործերի նախարարությունը շնորհակալություն հայտնեց բնակիչներին «ըմբռնումով մոտենալու և կանոնները պահպանելու համար»:
Բայց քաղաքացիներն իրենք, սոցցանցերից դատելով, դեռ չեն մոռացել անցած օրերի իրադարձությունները: Իսկ «ըմբոստացած» շենքի բնակիչների և մյուսների ձերբակալության կադրերը շատերին են ցնցել:
Արդյունքում ձերբակալվել է 11 մարդ: Ինչ-որ կոնկրետ մեղադրանքներ նրանց դեռ չեն ներկայացվել:
«Նրանք, ովքեր կազմակերպել են զանգվածային անօրինական ձերբակալություններ բնակելի համալիրում, պետք է անմիջապես պատժվեն: Երկար ժամանակ գոյություն ունեցող սոցիալական պայմանագիրը (մարդու իրավունքների սահմանափակումը նավթի եկամուտների աղքատիկ բաշխման դիմաց) արդեն դադարում է գործել, և երկիրը բացարձակապես ոստիկանական պետություն դառնալու ռիսկի առաջ է»,- ասում է ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» կուսակցության ղեկավար Իլգար Մամեդովը:
Սակայն ոստիկաններին պաշտպանողներ գտնվեցին.
«Ոստիկանությունը չի ձերբակալել ու տանից դուրս չի հանել ոչ մի մարդու, ով կանոնները պահպանել է: Կարելի է մտածել, թե ոստիկաններին դուր է գալիս կիրակի օրը աշխատել 35 աստիճան շոգին: Նրանք իրենց պարտքն են կատարում: Եվ նրանց գլխին աղբ շպրտելը առնվազն անդաստիարակություն է»,- գրում է լրագրող Սաբուխի Մամեդլին:
Դեռ հայտնի չէ՝ արդյոք կկրկնվի «կիրակնօրյա արգելափակումը» նաև այս շաբաթվա վերջին: Հաշվի կառնե՞ն արդյոք իշխանությունները բոլոր սխալները և թերությունները, նույնպես առայժմ պարզ չէ: