ՀՀ ընդդիմությունը որոշել է պահանջել ոչ թե Փաշինյանի, այլ կառավարության հրաժարականը
Կառավարության հրաժարականի պահանջ
Մեկ ամիս է, ինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաքներ, բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում։ Հունիսի 9-ին շարժումը հայտարարեց պայքարի վերջնական փուլի մեկնարկի մասին։ Առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմեց խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններին՝ հորդորելով հունիսի 11-ին նախաձեռնել արտահերթ նիստ կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման օրակարգով։
Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակացություններն այսօր միջնորդություն ներկայացրին Ազգային ժողովի խորհրդին։ ԱԺ խորհուրդը, որի 15 անդամներից միայն երկուսն են ընդդիմադիր, մերժեց միջնորդությունը։ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ մերժման պարագայում նիստը պետք է կազմակերպվի 5-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ հունիսի 17-ին։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները մինչ այդ արդեն իսկ արձագանքել էին շարժման նոր օրակարգին և շեշտել՝ «ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում կառավարությանը անվստահություն հայտնելու ընթացակարգ»։
Փորձագիտական շրջանակները կարծում են՝ ընդդիմադիր շարժումը մարելու է, այլ հարց է՝ ինչպես։ Դա, ըստ նրանց, կարող է լինել ինչպես խաղաղ, այնպես էլ ռադիկալիցազիայի ճանապարհով։ Վերջին սցենարը հավանական է համարում նաև իշխող ուժը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի գնահատմամբ՝ շարժման առաջնորդը փորձում է ոստիկանների հետ բախումներ հրահրել, որպեսզի պայքարից դուրս գալու համար «դեմքը փրկելու» հնարավորություն ունենա։
4 օր «վճռական պայքարի» համար
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ շարժման պահանջը շարունակում է մնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․
«Մենք կարող ենք խնդիրը լուծել, եթե ընդամենը 4 օր՝ 96 ժամ առանց դադարի, առանց քնելու, առանց աշխատանքի գնալու լինենք փողոցում և մեր կամքը պարտադրենք։ 4 օր՝ 96 ժամ այս նույն բազմությամբ` և ավելի շատ խոստանում եմ ձեզ հասնել մեր ուզածին»:
Ասել է, որ չի բացառում նաև «քաղաքական լուծումների մնացած տարբերակները»՝ առանց մանրամասներ հայտնելու։ Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյո՞ք խոսք է գնում նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։ Ի պատասխան Բագրատ սրբազանն արձագանքել է՝ «այդ թվում դա»։ Մինչ այդ, սակայն, վստահեցնում էր՝ արտահերթ ընտրությունների հարց օրակարգում չկա։
Գալստանյանի փոխանցմամբ՝ 4 օր անց «կունենանք հավերժական Հայաստանի սկիզբը՝ պատիվ և հայրենիք վերականգնելու տեսիլքով, ընթանալու մեր ավետյաց երկրի ճանապարհով, հաղթանակած հայ ժողովրդի ճանապարհով, արժանի մեր հերոսներին, մեր ժառանգությանը և մեր գալիքին ու մեր հաղթանակներին»։
Հավաքից հետո, որին մասնակցում էր մոտ երկու անգամ ավելի քիչ մարդ, քան մայիսի 9-ին, շարժման անդամները փակել են Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրել և գիշերել այնտեղ։
Բագրատ արքեպիսկոպոսի խոսքով՝ կառավարության հրաժարականը «իմպիչմենտի գործընթացի առաջին քայլն է»։
Վարչապետի իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին շարժման առաջնորդը խոսել էր նաև մայիսի 9-ին կայացած հանրահավաքի ժամանակ, դրան հաջորդող մեկ-երկու շաբաթների ընթացքում։ Այնուհետև այդ մասին հայտարարությունները նվազել էին։
Նման որոշման նախագիծ խորհրդարան ներկայացնելու համար առնվազն 36 պատգամավորի ստորագրություն է պետք։ Ընդդիմությունը ունի միայն 35-ը։
Եթե նույնիսկ ընդդիմությանը հաջողվի ներկայացնել նախագիծը, որոշման ընդունման համար պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունն է պետք։ Այսինքն՝ անհրաժեշտ կլինի 72 ձայն։ Իշխող խմբակցությունը բացառում է, որ իր ներկայացուցիչները կմիանան ընդդիմության պահանջին։
«Հերթական խաբկանքն է հրամցնում իր սակավաթիվ հետևորդներին»
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն իր ֆեյսբուքյան էջում մի քանի գրառումներով անդրադարձել է շարժման նոր օրակարգին։ Շեշտել է՝ օրենսդրությունը կառավարությանը անվստահություն հայտնելու ընթացակարգ չի նախատեսում․
«Կա երկու տարբերակ: Կամ փիլոնասառեցվածի [Բագրատ Գալստանյանը սառեցրել է իր եկեղեցական ծառայությունը — JAMnews] հետ միասին սառեցվել են նաև վերջինիս իրավախորհրդատուները, կամ փիլոնասառեցվածը հերթական խաբկանքն է հրամցնում իր սակավաթիվ հետևորդներին: Երկուսն էլ վատ է»։
Ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ տարեսկզբից պարզ է ԱԺ հերթական նիստերի ժամանակացույցը։ Ուստի անհասկանալի է, թե ինչու է ընդդիմության առաջնորդը հայտարարում, թե «հունիսի 11-ին իր պահանջով պետք է Ազգային ժողովը նիստ գումարի», այն դեպքում, երբ հունիսի 11-ին մեկնարկում է հերթական նստաշրջանը։
Հիշեցնենք, որ շարժման առաջնորդն ասել էր, թե «դա իր խնդիրը չէ, ինքը ընդդիմադիր պատգամավորներին հանձնարարել է նիստ նախաձեռնել»։
Պատգամավորի գնահատմամբ՝ Բագրատ արքեպիսկոպոսը վա բանկ է գնացել, հետդարձի ճանապարհ չկա, ուստի «ամեն բան անում է իր ձախողումը այլոց վրա բարդելու համար»։
«96 ժամից հետո հայտարարելու է, որ իրեն չհաջողվեց բռնել Ավետյաց երկրի ուղին, քանի որ «ազգուրաց» մարդիկ չմիացան, ինքը ձախողվեց, քանզի խորհրդարանական ընդդիմությունը խորհրդարանում չկարողացավ գործարկել իրականում գոյություն չունեցող ընթացակարգը»,- գրել է նա։
Փորձում են բախումներ հրահրել, որ հետո ասեն՝ «իշխանությունը խեղդեց համազգային շարժումը»
Այս կարծիքին է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ «Ազատության» եթերում նա նշել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բախումները դիտարկում է որպես «դեմքը փրկելու հնարավորություն»՝ պայքարից դուրս գալու համար․
«Փորձում է հրահրել բախում՝ մեծ բախում, որի շրջանակներում կցրվի ակցիան։ Եվ նա հնարավորություն կունենա ասելու, որ հայ-հայ էր հեղափոխությունը ստացվում էր, սակայն իշխանությունը բռի ուժի մեջ խեղդեց այս համազգային, համատիեզերական շարժումը»։
Ընդդիմադիրների շարժումն, ըստ նրա, քաղաքական առումով սպառել է իրեն, չունի այն հանրային ուշադրությունը, որն ուներ առաջին օրերին։
Մեկնաբանություններ սոցցանցերից
«96 ժամը կարող է քչություն անել: Միգուցե՞ 98։ Հայր Կիրիլի օրհնությունը գլխիցդ անպակաս»։
«Հասկացար, որ մարդկանց քանակը եռակի քչացել է, արդեն պանիկայի մեջ ես ու վերջին հույսն ես փորձում։ Ոչ ոք չի կանգնի հոկտեմբերի 27 արած ոճրագործների կողքին, ինչի հետևանքով Հայաստանն օր օրի ջլատվեց»։
«Ես չեմ հասկանում՝ 15-16 հազար հոգով վարչապետի հրաժարական եք պահանջո՞ւմ, լավ, դուք ո՞ւմ եք ապուշի տեղ դնում»։
«Ոչ մի հարցի ուղիղ, ճշգրիտ պատասխան չունի այս մարդը»։
«Մեզ հայրենիքը սիրող, խելացի, բազմակողմանի կրթված առաջնորդ է պետք, որը անկուսակցական կլինի և շրջապատված չի լինի ոչ նախկիններով, ոչ էլ ներկաներով։ Այդ ժամանակ ամբողջ ժողովուրդը կգնա նրա հետևից»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Կառավարության հրաժարականի պահանջ