ՀՀ խորհրդարանական ընտրություններ-2026. կարևոր իրադարձությունները, լուսանկարներ և տեսանյութեր
-
ՀՀ ընտրությունների արդյունքները հայտնի են, առաջատարը Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն է
ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ ամփոփվել են բոլոր՝ 2005 ընտրատեղամասերի արդյունքները։ Ամենաշատ ձայները ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 49․81% (727.160 ձայն):
Գլխավոր ընդդիմադիր ուժերի ստացած ձայներն են՝
- «Ուժեղ Հայաստան» դաշինք- 23․29% (340․062)
- «Հայաստան» դաշինք- 9․94% (145․097)
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն -4% (58․368)
-
Փաշինյանի գիշերային մամուլի ասուլիսը և նրա կուսակցության հաղթանակի մասին հայտարարությունը
Ժամը 2:00-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս հրավիրեց և հայտարարեց իր կուսակցության հաղթանակի մասին։ Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի։ Դեռևս պարզ չէ միայն, թե քանի մանդատ կստանա կուսակցությունը խորհրդարանում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին հաղորդագրության համաձայն՝ 362 ընտրատեղամասերում ձայների հաշվարկից հետո, «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 54.58%, «Հզոր Հայաստան»-ը՝ 21.98%, «Հայաստան» դաշինքը՝ 8.79%, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 5.19%:

-
ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է 59 վարույթ
Ժամը 20:00-ի դրությամբ՝ Քննչական կոմիտեում ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ, որից՝
- 9-ը՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածով(ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը),
- 30-ը՝ Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով(մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը),
- 17-ը՝ Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով(քվեարկության գաղտնիությունը խախտելը),
- 3-ը՝ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով(ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը):
Հաղորդվում է, որ քրեական վարույթների շրջանակում ձերբակալվել է 9 անձ։
-
Քվեարկությանը մասնակցել է ՀՀ քաղաքացիների 58.97%-ը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ ժամը 20:00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է 1.476.597 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 58.97%-ը:
-
Խախտումներ են արձանագրվել շուրջ 800 տեղամասերում. «Անկախ դիտորդ»
Քվեարկության ավարտից հետո «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը հայտնել է, որ այցելել են 1830 տեղամաս՝ ընդհանուր տեղամասերի գրեթե 92%-ը։
Նրա փոխանցմամբ՝ խախտումներ արձանագրվել են շուրջ 800 տեղամասերում կամ դիտարկված տեղամասերի 44%-ում։
Ըստ Իոաննիսյանի՝ հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝
- 7%-ում՝ ընթացակարգային խախտումներ,
- 6%-ում՝ քվեարկության գաղտնիության հետ կապված խնդիրներ,
- 6%-ում՝ գաղտնիության հետ կապված ռիսկեր ստեղծող խախտումներ։
Բացի այդ, բանավեճ կամ լարված մթնոլորտ է արձանագրվել ընտրատեղամասերի 3%-ում, իսկ քարոզչության դրսևորումներ՝ ևս 3%-ում։
«Քարոզչության դրսևորումները հիմնականում եղել են քարոզչական բովանդակություն պարունակող շապիկներ, գլխարկներ և կրծքանշաններ։ Այդ դեպքերը հիմնականում արձանագրվել են օրվա սկզբին»,- պարզաբանել է Իոաննիսյանը։
Դեպքերի մոտ 7.5%-ում խախտման հեղինակը եղել է տեղամասային ընտրական հանձնաժողովը, մոտ 1%-ում՝ ոստիկանության ծառայողները, մոտ 7.8%-ում՝ վստահված անձինք, իսկ մոտ 9.5%-ում՝ ընտրողները։
Շեշտել է՝ առանձին դեպքերում հնարավոր է եղել պարզել խախտում կատարողի կուսակցական պատկանելիությունը: Մասնավորապես՝ դեպքերի 39%-ում խախտման հեղինակը եղել է «Ուժեղ Հայաստան»-ը, 29%-ում՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, 9%-ում՝ «Հայաստան» դաշինքը, իսկ մոտ 8%-ում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
-
«Բոլոր ընտրատեղամասերն ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ». ՀԷՑ-ի ժ/պ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերն ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ։ Վստահեցրել է՝ ընտրատեղամասերում, որոնցում խափանումներ էին արձանագրվել, էլեկտրականությունն արդեն վերականգնված է։
«Առաջիկա ժամերին հնարավոր հոսանքազրկումների դեպքում հերթապահության մեջ գտնվող ՀԷՑ-ի շուրջ 2.000 աշխատակիցներից բաղկացած խմբերն ամենասեղմ ժամկետներում օպերատիվորեն կվերացնեն անջատման հետևանքները և կվերականգնեն էլեկտրամատակարարումը բոլոր հասցեներում»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա:
Պետրոսյանի խոսքով՝ բոլոր դեպքերում ընտրատեղամասերն ապահովված են անհրաժեշտ լապտերներով, ինչպես նաև պահուստային սնուցման աղբյուրներով:
-
Քվեարկությունն ավարտվեց, մեկնարկել է ձայների հաշվարկը
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը ժամը 20։00-ին ավարտվել է:
Փակվել են երկրի ողջ տարածքում բացված բոլոր 2005 ընտրատեղամասերը, որոնցից 9-ը՝ քրեակատարողական հիմնարկներում: Մեկնարկել է ձայների հաշվարկը։

Լուսանկարը՝ JAMnews-ի -
Որոշ ընտրատեղամասերում հոսանքազրկումներ են
17/37, 18/6, 18/14, 18/32, 18/54, 18/79, 11/8 ընտրատեղամասերում հոսանքազրկումներ են: Այդ մասին հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը: ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ նշված տեղամասերը գտնվում են Արագածոտնի մարզում:
Ուշագրավ է, որ հոսանքազրկումների մասին լուրից ժամեր առաջ «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը հայտարարել էր՝ ստացել են ահազանգեր, որ երեկոյան ժամերին կարող են լինել որոշակի հոսանքազրկումներ։
«Եթե լինեն հոսանքազրկումներ, մենք ունենք գործողությունների հստակ ալգորիթմներ։ Նախ՝ 1996 թիվը չէ, որ հոսանքը գնալու դեպքում բոլորը սկսեն մոմ ման գալ մթության մեջ։ Բոլորը հեռախոս ունեն, հեռախոսները լապտեր ունեն, բայց նաև տեսախցիկներն են շարունակելու աշխատել։ Տեսախցիկները UPS-ով են և շարունակելու են նկարահանել ու հեռարձակել տեղի ունեցածը»,- ընդգծել էր նա:
Միևնույն ժամանակ նկատել էր, որ ՀԷՑ պատասխանատուները վստահեցրել են՝ բոլոր ենթակայանները խիստ վերահսկվում են, այդ թվում՝ ուժային կառույցների կողմից:
-
Ընտրողներին ուղղորդելու կասկածանքով վստահված անձ է ձերբակալվել
Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձ Ա.Հ.-ն մի խումբ անձանց ուղղորդել է ընտրել տվյալ համարի ներքո հանդես եկող կուսակցությանը.
«Ա.Հ.-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել է»:
Կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով (ընտրական իրավունքի իրականացումը, ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը): Կատարվում է նախաքննություն:
-
«Ուժեղ Հայաստան»-ին առնչվող 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառքի սխեմա է բացահայտվել
Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ կոմիտեի և ՆԳՆ քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների կողմից բացահայտվել է ընտրակաշառք տալու հանցավոր սխեմա:
«Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, այդ թվում՝ նույն քաղաքական ուժի պատգամավորի թեկնածու գրանցված անձը, այլ համակիրների հետ խմբի կազմում նախնական համաձայնությամբ շուրջ 45 ընտրողների 7.5 միլիոն դրամի չափով խոստացել և տվել են ընտրակաշառք»,- ասված է հաղորդագրությունում:
Կոմիտեից հայտնում են, որ հարուցվել է քրեական վարույթ, ձերբակալվել է 7 անձ:
-
«Հեղաշրջման մասին մտածողները գլուխները պատին են տվել». Արարատ Միրզոյան
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ եթե ընտրություններն ազատ և արդար լինեն, ապա դրանց արդյունքները չընդունելը մարտահրավեր կլինի սահմանադրական կարգին։ Լրագրողները Միրզոյանին հարցեր են ուղղել նաև հետընտրական հնարավոր զարգացումների մասին:
«Նրանք, ովքեր մտածում են հեղաշրջման մասին, գլուխները պատին են տվել։ Ասվել է հազար անգամ ու էլի կասվի՝ պետության համը բերաններումդ է մնալու։ Ով կհանդգնի մարտահրավեր նետել Հայաստանի պետականությանը, ինքնիշխանությանը և սահմանադրական կարգին, տարիներով կփտի բանտում»,- հայտարարել է նա:
-
JAMnews-ի թղթակիցների նոր լուսանկարները ՀՀ ընտրատեղամասերից
JAMnews-ի թղթակիցները շարունակում են հետևել ընտրական գործընթացին մայրաքաղաք Երևանում։ Նրանք դեռևս որևէ լուրջ խախտում կամ միջադեպ չեն նկատել այն ընտրատեղամասերում, որտեղ օրվա ընթացքում հասցրել են լինել:


Ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների համարներով քվեաթերթիկներ 
Ընտրողները քվեախցիկներում 

Բոլոր ընտրողները թողնում են մատնահետք 
Ընտրողները հերթ են կանգնում, ոստիկանությունը պահպանում է կարգուկանոնը 
-
Ժամը 17։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է քաղաքացիների 48.92%-ը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ 17:00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է 1.224.957 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48.92%-ը:
-
ՆԳՆ-ն ստացել է 57 ահազանգ, այդ թվում՝ տեղամասում սառը զենք կրելու մասին
ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ժամը 17։00-ի դրությամբ ստացվել է 57 ահազանգ։
Նախարարությունից տեղեկացրել են, որ գրանցվել են հետևյալ խախտումները՝
- կրկնաքվեարկության 19 դեպք,
- քվեարկության գաղտնիության խախտման 15 դեպք,
- ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու 2 դեպք,
- ընտրակաշառք տալու 1 դեպք,
- ընտրատեղամասում սառը զենք կրելու 1 դեպք:
«Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձերբակալվել է 14 անձ»,- հայտնել են կառույցից:
Նշվում է նաև, որ ստուգման փուլում են ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 198 տեղեկություններ։
-
«Մենք քեզ հետ ենք, Հայաստա՛ն». Զուրաբիշվիլիի գրառումը
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ի իր էջում գրել է.
«Հայաստա՛ն, քո պայքարը նաև մեր պայքարն է։ Այս ընտրությունները կորոշեն քո ժողովրդավարական և եվրոպական ապագան։ Մենք քեզ հետ ենք»։

Փաշինյանի և Զուրաբիշվիլիի հանդիպումը Թբիլիսիում 2020 թ.-ի մարտին, արխիվային լուսանկար -
Քվեարկության գաղտնիությունը խախտելու կասկածանքով Աբովյանում համատիրության նախագահ է ձերբակալվել
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Աբովյանի 29/09 ընտրատեղամասում համատիրության նախագահ Ա.Գ.-ն ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին և նրանց հետ զրույցներ վարել քվեարկության վերաբերյալ։ Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը):
«Ա.Գ.-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին»,- նշել են կոմիտեից:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
-
Ընտրակաշառք՝ ընտրությունների օրը. 3 անձ ձերբակալվել է
ՆԳՆ-ում ստացվել է ահազանգ, որ Գյումրի քաղաքի ընտրատեղամասերից մեկի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչները ընտրակաշառք են բաժանում.
«Ոստիկանության օպերատիվ խմբերն անմիջապես մեկնել են նշված հասցե և ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալել և Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են տեղափոխել 3 անձի»։
Հաղորդվում է, որ հայտնաբերվել են նաև ընտրողների ցուցակներ։
ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածներն «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցներ են:
-
Խախտումներ են արձանագրվել 387 տեղամասերում. «Անկախ դիտորդ»
«Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի փոխանցմամբ՝ կազմակերպության դիտորդները ներկա են եղել 1420 ընտրական ընտրատեղամասերում: Խախտումներ են արձանագրվել 387 տեղամասերում.
«Դիտարկված տեղամասերի մոտ 5.5%-ը ընթացակարգային, ոչ էական խախտումներ են, մոտ 4.5%-ում խախտումները գաղտնիության հետ կապված են, 4%-ում վերահսկողության դրսևորումներ են՝ ընտրողների հոգեբանորեն վերահսկողության մասով»:
Նրա փոխանցմամբ՝ խախտումների 20%-ը թույլ են տվել տեղամասային հանձնաժողովների անդամներն ու վստահված անձինք:
«41%-ը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ, 26%-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ»,- ասել է Դանիել Իոաննիսյանը:
Միաժամանակ հայտնել է՝ էլեկտրոնային գրանցման սարքերը, կտրոնները որոշ տեղերում խոտան են տալիս, որոշ տեղամասերում սարքերի վրա տպված համարը չի համապատասխանում ցուցակային համարին ու դանդաղեցնում է ընտրական գործընթացը. հանձնաժողովի անդամը պետք է «հին ձևերով գտնի՝ ընտրողը որտեղ է ցուցակում»:

Լուսանկարը՝ JAMnews-ի -
Ժամը 14։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է քաղաքացիների 33,84%-ը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ 14:00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է 847 հազար 226 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 33,84%-ը:

Լուսանկարը՝ JAMnews-ի -
Քվեարկության ընթացքը Երևանում։ տեսանյութը՝ JAMnews-ի
Այս տեսանյութը նկարահանվել է JAMnews-ի թղթակցի կողմից Երևանի ընտրատեղամասերից մեկում։
-
Ժամը 14։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 29 ահազանգ
Ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ստացվել է 29 ահազանգ։
Գերատեսչության փոխանցմամբ՝
- արձանագրվել է կրկնաքվեարկության 6, քվեարկության գաղտնիության խախտման 5 դեպք,
- ձերբակալվել է 6 անձ,
- ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 121 տեղեկությունները ստուգման փուլում են։
-
Որոշ ընտրատեղամասերում ռումբերի տեղադրման մասին ահազանգերը կեղծ են
Օտարերկրյա հեռախոսահամարներից և էլեկտրոնային փոստի հասցեներից ՀՀ քաղաքացիներին զանգեր և հաղորդագրություններ են ստացվել այն մասին, թե, իբր, որոշ ընտրատեղամասերում ռումբեր են տեղադրված: ՆԳՆ-ն հերքել է այդ լուրերը՝ պնդելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը.
«Նման գործողությունները կարող են դիտարկվել որպես հիբրիդային ազդեցության և տեղեկատվական-հոգեբանական ճնշման փորձեր, որոնց նպատակն է խաթարել բնականոն ընտրական գործընթացը, հասարակության մեջ տարածել անհանգստություն և անվստահություն, ինչպես նաև ծանրաբեռնել պետական կառույցների աշխատանքը»:
Կառույցից վստահեցրել են՝ ոստիկանությունն ու իրավապահ համակարգը լիովին վերահսկում են իրավիճակը։
-
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան»-ի ևս մեկ վստահված անձ, նա խախտել է քվեարկության գաղտնիությունը
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ 2026 թ.-ի հունիսի 7-ին ժամը 08։15-ին Հ.Խ.-ն մոտենալով 12/20 ընտրատեղամաս և ստանալով քվեաթերթիկները, մտել է քվեախցիկ, որից հետո հանձնաժողովի անդամին չի ներկայացրել քվեարկության կտրոնը և հայտարարել է, որ այն մոռացել է ընտրախցիկում և որոնելուց չի գտել:
«Այնուհետև, հանձնաժողովի որոշմամբ նախագահը մտել է խցիկ և ստուգել կտրոնի առկայությունը, որի ընթացքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձ Ս.Թ.-ն մոտեցել է ընտրախցիկին և տեսանկարահանել չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը և քվեաթերթիկները։ Ս.Թ.-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել է»,– հայտնում են կոմիտեից։
Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը): Նախաքննությունը շարունակվում է:
-
Ինչպե՞ս է ընթանում քվեարկությունը Երևանում. JAMnews-ի թղթակիցների լուսանկարները
JAMnews-ի թղթակիցները հետևում են ընտրական գործընթացին Երևանի տարբեր ընտրատեղամասերում: Նրանց խոսքով՝ ամեն ինչ ընթանում է օրենքի շրջանակներում և բարենպաստ մթնոլորտում:
Ստորև ներկայացնում ենք նրանց լուսանկարներից մի քանիսը:





-
Աննախադեպ մասնակցություն ընտրատեղամասում, որտեղ քվեարկել է Ծառուկյանը
Առինջի 29/29 ընտրատեղամասում, որտեղ ընտրել էր «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, քաղաքացիների հերթ է գոյացել:
Այս ընտրատեղամասի ավելի քան 2000 ընտրողներից շուրջ 600-ն արդեն ընտրել են։
«Ազատության» փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահը դա պայմանավորում է ընտրողների ակտիվ մասնակցությամբ։ Ավելի վաղ նման պնդում էր արել նաև Ծառուկյանը՝ ասելով, թե առավոտյան ժամը 8-ից ժողովուրդը մասնակցում է ընտրություններին, այսպիսի բան չի եղել:

-
«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը ձերբակալվել է կրկնակի քվեարկության փորձի համար
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ 2026 թ.-ի հունիսի 7-ին՝ ժամը 08:19-ին, թիվ 20/56 ընտրատեղամասում «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձ Ա.Ս.-ն կատարել է կրկնակի քվեարկության փորձ, որից հետո սարքը «կրկնակի քվեարկության փորձ» գրառմամբ կտրոն է տպել:
«Ընտրատեղամասի հանձնաժողովի կողմից կտրոնը վերցվել է ԿԸՀ ներկայացնելու համար, որից հետո Ա.Ս.-ն դուրս է հրավիրվել ընտրատարածքից և ներկայացվել է ոստիկանության ծառայողին: Ա.Ս.-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է»,– ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-214-րդ հոդվածի 1-ին մասով (մեկից ավելի անգամ քվեարկելը): Նախաքննությունը շարունակվում է:
-
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 17 ահազանգ
17 ահազանգերը ստացվել են Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գժին:
Արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 53 տեղեկությունները ստուգման փուլում են։
Հաղորդվում է, որ ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։
-
Ռոբերտ Քոչարյանը վստահ է՝ Փաշինյանը չի ստանա վստահության քվե
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը նշել է՝ իր ղեկավարած ուժը պատրաստ է ձայները տալ առավելագույն քվե ստացած ընդդիմադիր ուժին: Եթե, իհարկե, այդ ուժն իրենք չլինեն:
Վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը չի ստանա վստահության քվե: Հակառակ պարագայում, ըստ նրա, դա կլինի «կատաստրոֆա» Հայաստանի համար:
Լրագրողներից մեկը հետաքրքրվել է՝ եթե Փաշինյանը հաղթի, կհաղթի՞ «եվրոպական հեքիաթը», ամենայն հավանականությամբ, նկատի ունենալով ՀՀ եվրաինտեգրման ուղին:
«Չի հաղթի եվրոպական հեքիաթը, կպարտվի երկրի զարգացման ռացիոնալ իմաստը: Առաջարկվում է մի բան, որի հեռանկարները տեսանելի չեն առնվազն մոտակա 20-30 տարիներին»,- արձագանքել է Քոչարյանը:
Երկրորդ նախագահ Քոչարյանի համոզմամբ՝ Փաշինյանի վերընտրման դեպքում կպարտվեն ողջախոհությունը, պետությունն ու ժողովուրդը:
Անդրադառնալով ՀՀ-ՌԴ հարաբերություններին և Մոսկվայի սահմանած տնտեսական սահմանափակումներին՝ նկատել է՝ ռուսական կողմը կարող է մինչև անգամ միակողմանի սառեցնել ՀՀ հետ տնտեսական կապերը, ինչը համարժեք է ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության սառեցման:
Ընդդիմադիրների նկատմամբ հարուցված ընտրակաշառքի հետ կապված քրեական գործերը խայտառակություն է որակել:
«Տպավորություն է, որ այս երկրում բոլոր քաղաքացիները գաղտնալսվում են՝ տեղաշոր են մտնում, խոհանոց են մտնում: Ես այդպիսի բան չեմ հիշում, որ հարյուրավոր մարդկանց վրա՝ բոլորն անխտիր ընդդիմադիր, քրեական գործեր, տնային կալանքներ: Սա ուղղակի խայտառակություն է»,- շեշտել է նա և հավելել՝ նպատակը վախ սերմանելն է:
-
Ծառուկյան. «Էնքան ասեց՝ խաղաղություն, մինչև բերեց ՌԴ հետ տնտեսական պատերազմ»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ առավոտյան ժամը 8-ից ժողովուրդը մասնակցում է ընտրություններին, այսպիսի բան չի եղել: Ասում է՝ ժողովուրդը ուզում է փոփոխություն, արդեն հոգնել է:
«Իսկ մենք էլ քվեարկել ենք լավ փոփոխությունների համար, որ ժողովուրդը լավ ապրի, փող աշխատի, տրամադրությունը բարձր լինի, էդքան մի բան»,- լրագրողների հետ զրույցում նշել է նա:
Ծառուկյանը վստահ է՝ հավաքական ընդդիմությունը շանս ունի ընտրություններում հաղթելու.
«Անպայման հաղթելու ենք, հաղթած ենք արդեն, մնացածը կնայենք: Ովքեր, որ ավելի շատ ձայն հավաքեն, նա էլ իր վարչապետը կառաջարկի»:
ԲՀԿ ընտրական ցուցակը հենց Ծառուկյանն է գլխավորում: Նախընտրական ողջ քարոզարշավի ընթացքում նա հայտարարեց, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին, ունի 3-4 թեկնածու: Նրանցից որևէ մեկի անունը, սակայն, այդպես էլ հանրությանը հայտնի չդարձավ:
Գագիկ Ծառուկյանը քննադատել է գործող իշխանություններին, մասնավորապես՝ մատնանշելով Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկայիս վիճակը:
«Էնքան ասեց՝ խաղաղություն, մինչև բերեց ՌԴ հետ տնտեսական պատերազմ: Եթե տնտեսությւոն չկա, պետություն չկա: Ժողովուրդը աղքատանալու ա, սնանկանալու են, եղած-չեղածը կորցնելու են: Եվրոպա մենք ուղարկել ենք 1 մեքենա, օրը հազար հատ ավտո Ռուսաստան ա գնում: Մի մեքենայով երկրի հարց կարգավորվո՞ւմ ա, ժողովուրդ ջան»,- հայտարարել է նա:
-
«Դուք տեսե՞լ եք, որ ՌԴ-ն ինձ աջակցել է». Սամվել Կարապետյանը՝ Մոսկվայի շահերի և Փաշինյանի վերընտրվելու մասին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, ով տնային կալանքի տակ է իշխանազավթման կոչ հնչեցնելու համար, ընտրատեղամաս է եկել իրավապահների ուղեկցությամբ:
Կարապետյանը հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ «Ուժեղ Հայաստան»-ը ընտրակաշառք է բաժանում:
«Եթե բաժանած լինեինք, հիմա ինձ նորից կալանավորած կլինեին»,- հայտարարել է միլիարդատեր գործարարը:
Արձագանքելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանի հաղթանակի դեպքում ինչի՞ է պատրաստ, Սամվել Կարապետյանն ասել է, որ իշխանափոխության սցենարը կախված է հայ ժողովրդից և կլինի այնպես, ինչպես ժողովուրդը կորոշի.
«Եթե Փաշինյանը ընտրվի, չնայած դրա հնարավորությունը ձգտում է զրոյի, բայց հայ ժողովուրդը, եթե կհամակերպվի, ուրեմն կհամակերպվի»:
Անդրադառնալով ընտրություններին ՌԴ միջամտությանն ու իր թիմին աջակցելուն՝ հարցրել է՝ Դուք տեսե՞լ եք, որ ՌԴ-ն ինձ աջակցել է կամ չէ:
Լրագրողները հիշեցրել են Փաշինյան-Պուտին հանդիպումն ու դիտարկում արել, թե ՌԴ նախագահն, ըստ էության, աջակցություն էր հայտնում ռուսամետ ուժերին: Սամվել Կարապետյանը դա աջակցություն չի համարել, պնդել է՝ Պուտինն ընդամենը հայտարարել է, որ մարդիկ հնարավորություն ունենան մասնակցել ընտրություններին:
«Ուժեղ Հայաստան»-ի թիմը պնդում է, որ ընտրացուցակում չներառված Սամվել Կարապետյանն է իր վարչապետի թեկնածուն: Այդ պաշտոնին, սակայն, Կարապետյանը չի կարող հավակնել: Կա սահմանադրական արգելք. նա ոչ միայն ՀՀ, այլև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացի է:
-
Ձերբակալվել է ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին անվճար փոխադրում խոստացած անձ
ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին անվճար փոխադրում խոստացած անձ:
ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ 2026 թ.-ի մայիսի 31-ին ՌԴ-ից ՀՀ ժամանած «ՌԴ հայկական գործարար խորհրդի» կազմակերպության փոխնախագահ Ա.Գ.-ն տելեգրամյան ալիքով հրապարակային եղանակով՝ ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին խոստացել է անվճար տեղափոխել ՀՀ և հոգալ բոլոր կազմակերպչական հարցերը՝ հունիսի 7-ին ՀՀ-ում կայանալիք ընտրություններում նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով:
Քրեական վարույթի նախաքննության շրջանակում իրականացվում են մի շարք վարութային և ապացուցողական այլ գործողություններ՝ հանցավոր սխեմայում ընդգրկված բոլոր անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար։
-
«Սա չպետք է լինի օտար շահերի ընտրություն». Թաթոյան
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի բնորոշմամբ՝ խորհրդարանական ընտրություններն ունեն պատմական նշանակություն, որոշվում է երկրի ապագան:
Այս ընտրություններից մեծ սպասելիքներ ունի: Ասում է՝ իրենց ընտրողները ողջ քարոզարշավի ընթացքում ցույց են տվել՝ գիտակցում են այս պատմական պահը.
«Իսկապես մեր երկրում այս փոփոխությունը ես զգում եմ, մարդն արժևորում է իր ձայնը, դա շատ կարևոր է»:
Թաթոյանի խոսքով՝ ՀՀ-ին պետք է պատասխանատու իշխանություն, որ կաշխատի միայն հանուն պետականության:
Քաղաքացիներին հորդորել է ընտրություն կատարելիս հաշվի առնել, թե ով կարող է կայացնել ճիշտ որոշումներ երկրի ու իրենց երեխաների համար: Շեշտել է՝ չպետք է թողնենք, որ որոշումը կայացնեն դրսում:
«Սա չպետք է լինի օտար շահերի հանրաքվե, ուրիշների շահերի ընտրություն: Ընտրությունը պետք է կատարենք մենք ինքներս, մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը»,- հայտարարել է նա:
Ընտրություններից հաշված օրեր առաջ FIP.am-ը պարզել էր, որ ՌԴ-ում բնակվող և ՀՀ քաղաքացիություն ունեցող ընտրողների «հավաքագրման գործընթացն» իրականացվում է ոչ ավել, ոչ պակաս ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) համակարգմամբ։ Ուլյանովսկի հայ համանքի ղեկավար Արսեն Աբրահամյանը ենթադրյալ ԱԴԾ սպայի (իրականում՝ լրագրողի) հետ զրույցում նշել էր, որ համայնքի անդամները հստակ հրահանգավորված են քվեարկել «Ռուսաստանի թիմի» օգտին։ Որպես այդ թիմի մաս՝ մատնանշել էր նաև Թաթոյանի առաջնորդած «Միասնության թևեր» կուսակցությունը:
-
Ժամը 11։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է քաղաքացիների 14,48%-ը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ 11:00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է 362 հազար 657 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14,48%-ը:

-
Անակնկալ առաջին անգամ ընտրողների համար և ոչ միայն
Երևանի 5/16 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Տիգրան Գալստյանն «Ազատության» հետ զրույցում նշել է՝ քաղաքացիներն ակտիվորեն մասնակցում են խորհրդարանական ընտրություններին:
Տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անակնկալ է պատրաստել 18 տարին լրացած և առաջին անգամ ընտրություններին մասնակցող քաղաքացիների համար: Նրանք ընտրատեղամասում նվեր են ստանում ԿԸՀ լոգոյով կախազարդեր:
«Մեկ հոգի էլ … այսօր իրենց հարսանիքն էր, հարս ու փեսայով եկել էին ընտրություն կատարելու, նրանց էլ տվեցինք այդ կախազարդից»,- պատմել է Գալստյանը:
-
Փաշինյան. «Կհաղթեն Հայաստանի քաղաքացիները»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, ով 2018 թ.-ից ղեկավարում է երկիրը, քվեարկել է Երևանի 8/20 տեղամասային կենտրոնում:
Քվեարկելուց հետո Փաշինյանը պատասխանել է տեղական և միջազգային ԶԼՄ-ների մի շարք հարցերի: Նշել է, որ ընտրությունների արդյունքում ակնկալում է տեսնել ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը.
«Ժողովուրդը ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվի պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը և երեխաների հեղափոխությանը տեր կանգնելու անհրաժեշտությամբ»:
Ինքը՝ Փաշինյանը, վստահ է՝ ընտրությունների արդյունքում Հայաստանի քաղաքացիները կհաղթեն:
Նիկոլ Փաշինյանը հերքել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի դեմ, այսպես կոչված, «բռնաճնշումների» մասին պնդումներն ու հիշեցրել՝ եղել են ընտրակաշառքի փաստեր, որոնց, իհարկե, պետք է արձագանքեին երկրի պետական մարմինները:
Խոսելով ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին՝ նկատել է՝ որոշ ուժեր փորձում են ստեղծել արհեստական լարվածություն, սակայն դա չի ստեղծվում, քանի որ ինքն ու ՌԴ նախագահն ունեն սերտ կապեր, իսկ երկու երկրների հարաբերությունները՝ ինստիտուցիոնալ խորք:
Լրագրողները հարցրել են՝ արդյո՞ք վերընտրվելու և Մոսկվա մեկնելու դեպքում Պուտինի հետ քննարկելու է ՌԴ-ից ընտրողներ բերելու մասին տեղեկությունները:
«Այն սխեմաները, որոնք չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությանը, պետք է արժանանան ՀՀ պետական ինստիտուտների գնահատականին:Կքննարկենք բոլոր հարցերը՝ ըստ անհրաժեշտության»,- ի պատասխան նշել է նա և ենթադրել՝ ընտրությունների արդյունքում նման հարց քննարկելու անհրաժեշտություն չի առաջանա:
Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարներին՝ Փաշինյանը շեշտել է՝ այսօր ՀՀ-ն «օբյեկտիվորեն պատրաստ» չէ դիմել ԵՄ անդամակցության և պետք է շարունակի բարեփոխումները:
«Խորհրդարանի ընդունած օրենքը շատ հստակ և վառ արտահայտությունն է այն բանի, որ մենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհից չենք հրաժարվի ոչ մի պարագայում: Այդ բարեփոխումներն ունեն բարդություններ, վերելքներ ու վայրէջքներ, բայց մեր ռազմավարությունը դա է»,- հայտարարել է նա:
-
ՄԻՊ-ն իրականացնում է մշտադիտարկում, թեժ գծի համարն է 116
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնել են, որ վաղ առավոտից իրականացվում է արտակարգ ռեժիմով հերթապահություն, որի նպատակն է՝
- անհապաղ ընդունել ու քննարկել ընտրական գործընթացներին առնչվող մարդու իրավունքների հարցերով ստացվող բողոքներն ու ահազանգերը,
- հասցեագրել դրանք համապատասխան մարմինների,
- իրականացնել քաղաքացիների ընտրական իրավունքների արդյունավետ պաշտպանություն:
- Բացի այդ, քաղաքացիները կարող են ընտրական գործընթացում մարդու իրավունքներին առնչվող բողոքները, ահազանգերն ու դիմումները ներկայացնել ՄԻՊ աշխատակազմի թեժ գծի միջոցով՝ զանգահարելով 116 կամ (096) 116 100 հեռախոսահամարներով։
Աշխատակազմից հայտնել են նաև, որ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում հրապարակվող՝ ընտրական գործընթացում մարդու իրավունքներին վերաբերող տեղեկությունները, որոնք ևս ենթարկվում են մշտադիտարկման։
-
Առաջինը քվեարկել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը
Դաշինքի ընտրացուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը քվեարկել է Տաշիր քաղաքում: Լրագրողների հետ զրույցում նշել է՝ քվեարկել է հանուն մեծ փոփոխությունների և վերակառուցվող Հայաստանի:
Արձագանքելով «Ուժեղ Հայաստան»-ի միջոցով ընտրություններին ՌԴ միջամտություն մասին պնդումներին՝ դրանք որակել է իշխանության տեղեկատվական հնարքներ: Միևնույն ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի ԱԳ նախարարն է ուղիղ աջակցություն հայտնել ՀՀ գործող իշխանություններին, ինչն, ըստ Կարապետյանի, մասնակցություն է երկրի ներքին գործընթացներին:
«Մենք կողմ ենք նրան, որ Հայաստանի ներքին գործերին ոչ մի երկիր չխառնվի, ունենանք ներքին, ժողովրդավարական ընտրություններ»,- նշել է նա: