Ի՞նչ է սպասվում արցախցիներին Ադրբեջանի կազմում. ադրբեջանագետի կանխատեսումը
ԼՂ-ն կարո՞ղ է լինել Ադրբեջանի կազմում
Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն կարողանում համաձայնության գալ Լեռնային Ղարաբաղի հարցում՝ չնայած բանակցային գործընթացի ակտիվացմանը՝ այժմ նաև արևմտյան միջնորդների մասնակցությամբ։ Առաջընթաց չկա անգամ այն հարցում, թե ինչ ձևաչափով կարող է ընթանալ հակամարտության քննարկումը։ 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո Բաքուն հայտարարեց, որ հակամարտությունն ավարտված է, և ինքը մտադիր չէ որևէ մեկի հետ քննարկել իր «ներքին խնդիրները»։
Ի պատասխան վերջին առաջարկին՝ ստեղծել Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմ, Ադրբեջանի նախագահն ասել է. «Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են։ Նրանց հետ շփումը մեր ներքին գործն է, որը մենք չենք պատրաստվում քննարկել երրորդ երկրի հետ»։ Իլհամ Ալիևի խոսքով՝ Ղարաբաղի հայերը պետք է ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը, կամ բնակության այլ վայր փնտրեն։ Սա Լեռնային Ղարաբաղում բողոքի ակցիաների և հայ հասարակության մեջ բացասական արձագանքի պատճառ է դարձել։
Ստեղծված իրավիճակի մանրամասները, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դիրքորոշման արձագանքը, ինչպես նաև ադրբեջանագետի կարծիք
- Ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն․ տեղեկություններ Հայաստանի ԱԽ քարտուղարից
- «Ով էլ ստանձնի մոդերատորի դերը, ցավոտ զիջումներ են սպասվում»․ կարծիք
- «Խաղաղության պայմանագրում Ղարաբաղի հարցին կարող է անդրադարձ չլինել»․ Փաշինյան
- Պրահայի հայտարարությունը խաղաղություն կբերի՞։ Վերլուծություն Երևանից և Բաքվից
Հայաստանը փոխել է իր մոտեցումը
Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը հանգեցրեց նրան, որ Հայաստանը փոխեց իր դիսկուրսը Ղարաբաղի հարցում։ Եթե մի քանի ամիս առաջ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի հետ քննարկվող խաղաղության պայմանագիրը կապում էին ԼՂ-ի կարգավիճակի վերջնական որոշման հետ, ապա այժմ այդ հարցերը տարանջատված են միմյանցից։ Ասվում է, որ «ղարաբաղյան հիմնախնդրի համապարփակ լուծման համար Հայաստանը ռեսուրսներ չունի», այժմ անհրաժեշտ է «ապավինել միջազգային հանրության գործիքակազմին և նրան հասցնել այն գոյութենական խնդիրները, որոնց առնչվում են մեր հայրենակիցներն Արցախում»։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս սեպտեմբերի 27-ի վաշինգտոնյան հանդիպումից հետո խոսել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև «հայերի անվտանգության և իրավունքների հարցի շուրջ» երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծման մասին։ Նա ասել է, որ այդ հարցը քննարկվել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը, որին մասնակցում էին նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Այս հայտարարությանն անմիջապես արձագանքեց ադրբեջանցի բանակցողը։ Հիքմեթ Հաջիևը բացառեց ԼՂ-ի հետ երկխոսության համար միջազգային մեխանիզմ ստեղծելու հնարավորությունը.
«Դրա մասին խոսք լինել չի կարող։ Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների ապահովման հարցը Ադրբեջանի ներքին գործն է։ Իսկ Բաքուն երկրի ինքնիշխան իրավունքներին վերաբերող հարցերը չի քննարկի որևէ երրորդ կողմի հետ»։
Բողոքի ակցիա Լեռնային Ղարաբաղում
Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը բուռն բողոքի ալիք առաջացրեց Լեռնային Ղարաբաղում։ Մարդիկ փողոց դուրս եկան «Արցախը Ադրբեջան չէ» կարգախոսով։ Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրենց ապագան չեն տեսնում «Ադրբեջան կոչվող բռնապետության» կազմում և «բռնապետ Ալիևի իշխանության ներքո»։
Չճանաչված ԼՂՀ խորհրդարանն, իր հերթին, «կարմիր գիծ է անվանել Արցախի ապագան Ադրբեջանի կազմում դիտարկելու ցանկացած փորձ»։ Պատգամավորները հայտարարել են պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացը վերսկսելու իրենց հանձնառության մասին։
Տեղի փորձագիտական հանրությունը հիմնականում համակարծիք է, որ անհրաժեշտ է միջազգային կառույցներում բարձրացնել Ղարաբաղի անվտանգության հարցը։
Վերլուծաբան Դավիթ Կարաբեկյանը, մասնավորապես, գտնում է, որ պետք է դիմել Միջազգային քրեական դատարան։ Նա Ադրբեջանի դիրքորոշումը համարում է Հայաստանի ձախողված դիվանագիտության արդյունք, սխալ է համարում «աշխարհն անտեսում է մեզ» կարծրատիպը.
«Այդ մենք էինք արհամարհում միջազգային կառույցներին, մեզ թվում էր, թե ով ուժեղ է, ավելի շատ իրավունքներ ունի, հույսը դրել էինք Ռուսաստանի վրա։ Հիմա սկսել ենք գիտակցել միջազգային կառույցների դերը։ Տեսնում ենք, որ միջազգային կոնյունկտուրան փոխվում է։ Գործընթացները գլոբալացվում են։ Եթե միջազգային մակարդակով հարցը գրագետ կերպով բարձրացվի, մեր իրավունքները չեն կարող անտեսվել։
Հայկական կողմը պետք է դադարի իրավիճակային մտածել և ինչ-որ հրահանգների սպասել։ Մենք պետք է համախմբվենք, որպեսզի մշակենք գործողությունների ալգորիթմ այս փոփոխվող իրավիճակում և Ուկրաինայում ընթացող պատերազմի այս կամ այն ելքով պայմանավորված»։
- «Եթե Հայաստանը չընտրի, կընտրեն նրա փոխարեն»․ կարծիք
- «Ադրբեջանը մտադիր է օկուպացնել Հայաստանի այլ տարածքներ»․ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից
- «Հայաստանի տարածքի որևէ միլիմետր քննարկման առարկա լինել չի կարող»․ Փաշինյան
Մեկնաբանություն
Տաթևիկ Հայրապետյան, ադրբեջանագետ
Գործող իշխանությունների ձախողումը
«Հայաստանի իշխանությունները հայտարարում են 2020 թվականի պատերազմի արդյունքում Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները ապահովելու ռեսուրսների կորստի մասին՝ մոռանալով, որ մեկ տարի առաջ իշխանություն հաստատեցին ԼՂ-ի հայերի ինքնորոշման իրավունքի համար պայքարելու ծրագրով։ Խոսքս 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին է։ Ավելին, նրանց ծրագրում խոսք էր գնում ոչ միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման համար մղվող պայքարի, այլև պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի մասին։
Եվ հիմա՝ մեկ տարի անց, իշխանությունները հայտարարում են, որ սեփական ծրագիրն իրականացնելու ռեսուրսներ չկան։ Ի՞նչ է փոխվել մեկ տարում։
Նույն հաջողությամբ իշխանությունները կարող են հայտարարել Հայաստանի անվտանգության ապահովման հարցում իրենց անզորության մասին։ Մեկ ամիս առաջ Հայաստանի վրա իրականացված լայնածավալ հարձակման ժամանակ Ադրբեջանը օկուպացրեց հայկական նոր տարածքներ՝ սպանելով հարյուրավոր հայ զինվորների, ինչպես նաև խաղաղ բնակիչների։ Հայտարարելը, թե Հայաստանը ռեսուրսներ չունի, պատասխանատվությունից խուսափելու ամենահեշտ ճանապարհն է։ Եթե չես կարող խնդիրը լուծել, պետք է հեռանաս, որ անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ, կամք ու փորձ ունեցող մարդիկ գան»։
Խաղաղության չի կարելի հասնել զիջումներով
«Խաղաղության պայմանագիրը և Արցախի հարցը սերտորեն փոխկապակցված են, թեև Հայաստանի իշխանությունները հերքում են դա։
Պրագմատիկ դատելու պարագայում կարելի է նկատել հետևյալ օրինաչափությունը՝ ամեն անգամ, երբ Հայաստանը զիջումների էր գնում, Ադրբեջանը ագրեսիվ գործողությունների էր դիմում։
Օրինակ՝ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունից հետո ադրբեջանցիները հարձակվեցին Լաչինի միջանցքի վրա և ժամանակից շուտ փոխեցին դրա երթուղին՝ բազմաթիվ խնդիրներ առաջացնելով հայկական կողմի համար։ Հետո Հայաստանի իշխանություններն ընդհանրապես հրաժարվեցին բարձրացնել Արցախի հարցը, իսկ Ադրբեջանը սեպտեմբերին հարձակվեց Հայաստանի վրա։ Սա նշանակում է, որ Ադրբեջանին զիջումներով չես բավարարի, նրա ախորժակը միայն գրգռվում է»։
Պետք են նոր նախաձեռնություններ
«Խնդիրը կարող է լուծվել միայն ռազմական, արտաքին քաղաքական, միջազգային իրավական գործիքակազմի կիրառմամբ։
Միջազգային իրավականը Ադրբեջանին ժամանակավորապես զսպելու ռեսուրս է, և խելացի մոտեցմամբ կարելի է ժամանակ ձգել։ Սակայն ադրբեջանական ագրեսիայի երկարաժամկետ զսպումը հնարավոր է միայն ռազմական ուժերով։
Այսօր կարճաժամկետ հեռանկարում վտանգի տակ է հայտնվել Արցախը, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ Հայաստանը։ Այս գործընթացները սերտորեն կապված են միմյանց հետ, ուստի «ԼՂ-ն հանձնենք որ փրկենք Հայաստանը» թեզը կեղծ է։ Ամեն զիջման հետ մենք ավելի ու ավելի ենք թուլանում, իսկ հետո կորցնում ավելին։
Ներկա պայմաններում Արցախը պետք է ինքնուրույն նոր դիսկուրս ձևակերպի։ Պետք են նոր նախաձեռնություններ, որոնք ցույց կտան Ադրբեջանին, որ ԼՂ-ում կամ Հայաստանում ոչ ոք չի պատրաստվում համակերպվել իր ծրագրերի հետ։
Միջազգային դատարաններում որոշման կայացումը պահանջում է ժամանակ՝ սովորաբար տարիներ: Մինչ այդ Հայաստանն ու Արցախը պետք է հզորանան, ուժեղացնեն բանակը։ Պետք է փոխել այն մարդկանց հոգեբանությունը, ովքեր կարծում են, թե զիջումները բերելու են խաղաղության։
Ժողովուրդը պետք է հասկանա՝ կա՛մ մենք պաշտպանում ենք մեր երկիրը, հայրենիքը, կյանքի իրավունքը, պատիվը, կա՛մ հայտնվում ենք անհետացման վտանգի տակ»։
- Քաղաքական նախագիծ. ինչպես Հայաստանը հայտնվեց խոշոր խաղացողների շահերի բախման կիզակետում
- «Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի էլեմենտներ կան»․ կարծիք
- «Որևէ մեկը պատրաստ չէ թեթևացնել Ռուսաստանի բեռը». խաղաղապահների մանդատի մասին
Ռամիլ Սաֆարովի հոգեբանությունը
«Լեռնային Ղարաբաղի հայերին սպասում են նոր ցեղասպանություն, էթնիկ զտումներ, եթե Ալիևի ծրագրերն իրագործվեն։ Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումներում հստակ ասվում է, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը քարոզում է ռասիզմ հայերի նկատմամբ։ Այդ մասին ասվում է նաև միջազգային կազմակերպությունների բազմաթիվ զեկույցներում։
2020 թվականի պատերազմի ընթացքում Բաքվի ռազմական հանցագործությունները և հետագա գործողությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանում մեծացել է Ռամիլ Սաֆարովի [ադրբեջանցի սպա, ով կացնահարելով սպանել էր քնած հայ զինվորականի, որի հետ մասնակցում էր դասընթացների ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում] հոգեբանությամբ սերունդ։
Հենց այդ պատճառով էլ արցախցիներն անհնար են համարում որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում լինելը։ Նման որոշումը հավասարազոր կլինի հայերի ֆիզիկական ոչնչացմանը։
Ադրբեջանը դա ապացուցել է 1988 թ․-ին Սումգայիթում, 1990 թ․-ին Բաքվում, ապա Մարաղայում։ Եթե այդ ժամանակ հայերը զենք չվերցնեին ու չպաշտպանվեին, Ստեփանակերտը նույնպես կհայտնվեր ոչնչացման վտանգի տակ։
Խաղաղության հնարավոր չէ հասնել, քանի դեռ Ադրբեջանի քարոզչամեքենան ակտիվորեն տարածում է ռասիզմ, ատելություն և այլատյացություն հայերի նկատմամբ»։
Ոչ թե հայտարարություններ են պետք, այլ պատժամիջոցներ
«Վերջին օրերին բոլորը քննարկում են Մակրոնի հայտարարությունը։ Դրանում արտացոլված է Ռուսաստան-Արևմուտք առճակատումը։ Մեր խնդիրն է ոչ թե հակադրել այդ շահերը, այլ փորձել սեփական խնդիրները լուծելու համար դրանցում գտնել շփման եզրեր։ Մենք չենք կարող լինել Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման գոտի։
France 2-ին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահը Ադրբեջանին է մեղադրել 2020 թվականին Ղարաբաղում և այս տարվա սեպտեմբերին Հայաստանի հետ սահմանին պատերազմական գործողություններ սկսելու մեջ։ Մակրոնի խոսքով՝ Ռուսաստանը «օգտագործել է տասնամյակներ ձգվող այս հակամարտությունը, միջամտել է դրան, ակնհայտորեն խաղացել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի մասնակցությամբ և վերադարձել է այնտեղ՝ թուլացնելու Հայաստանը»։ Նա հավելել է, որ Ֆրանսիան «երբեք չի լքի» հայ ժողովրդին, «մեր արժեքներն ու սկզբունքները չեն կարող գնել ոչ գազով [ադրբեջանական], ոչ նավթով»։
Իրական քայլերը, որոնք մեր իրավիճակում կարող է ձեռնարկել Արևմուտքը (ԱՄՆ, ԵՄ), պատժամիջոցներն են, թեկուզ կոնկրետ Ալիևների ընտանիքի դեմ, քանի որ նրանց բիզնեսները դրսում են։ Դրանք կարող են զսպել Ադրբեջանի նախագահին։
Չեմ կարծում, թե Ֆրանսիան հիմա կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղը, բայց Ալիևի դեմ պատժամիջոցները մեզ շատ կօգնեին»։
ԼՂ-ն կարո՞ղ է լինել Ադրբեջանի կազմում