Շուռնուխ․ պատերազմով կիսված գյուղը

22.06.2022


2020-ի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղը կիսեց երկու մասի։


Սահմանային ճշգրտումների արդյունքում Շուռնուխի մի հատվածն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ այդտեղ բնակվող 13 ընտանիք ստիպված եղավ լքել իր տունը։


Առօրյա խոսքում «Կիսված գյուղը» Շուռնուխի երկրորդ անվանումը դարձավ։

Ադրբեջանցի զինվորների տեղակայումից հետո Շուռնուխը մեկուսացել է, ու նույնիսկ գյուղում հարազատներ ունեցողները զգուշանում են այստեղ գալ։ Իսկ շուռնուխցիները, հարմարված նոր կյանքին, գյուղը լքել չեն պատրաստվում։

Սյունիքի մարզի Տաթեւ-Կապան ճանապարհով որքան մոտենում ենք Կարմրաքար գյուղին, այնքան երթեւեկությունը նվազում է։ Կարմրաքարի ուղեկալի մոտ հայաստանցի զինվորը ստուգում է անձնագրերն ու հարցնում, թե ուր ենք գնում։ Հետո սկսվում է դեպի Շուռնուխ ամայի ճանապարհը. մի քանի կիլոմետր՝ ո՛չ մարդ, ո՛չ մեքենա։ Միայն որոշ հատվածներում աջից` ադրբեջանական, ձախից՝ հայկական դիրքեր ու դրոշներ են։

Սյունիքի մարզի Տաթեւ-Կապան ճանապարհով որքան մոտենում ենք Կարմրաքար գյուղին, այնքան երթեւեկությունը նվազում է։ Կարմրաքարի ուղեկալի մոտ հայաստանցի զինվորը ստուգում է անձնագրերն ու հարցնում, թե ուր ենք գնում։ Հետո սկսվում է դեպի Շուռնուխ ամայի ճանապարհը. մի քանի կիլոմետր՝ ո՛չ մարդ, ո՛չ մեքենա։ Միայն որոշ հատվածներում աջից` ադրբեջանական, ձախից՝ հայկական դիրքեր ու դրոշներ են։ 

Tilda Publishing
Շուռնուխի բաժանումը

44-օրյա պատերազմի արդյունքում երկու կողմից էլ զոհվեցին հազարավոր մարդիկ, հարյուրավորներ դարձան հաշմանդամ և նոր իրավիճակ ստեղծվեց նաեւ հայ-ադրբեջանական սահմանին:


Շուռնուխը գյուղ է Հայաստանի Սյունիքի մարզում՝ Ադրբեջանի հետ սահմանին։


2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերը, ռուս խաղաղապահների մասնակցությամբ, որոշեցին սահմանը՝ ղեկավարվելով, ըստ պաշտոնական Բաքվի, GPRS համակարգով եւ ղարաբաղյան առաջին պատերազմից առաջ կազմված քարտեզներով։ 12 տուն հայտնվել ադրբեջանական կողմում։ Հայաստանում, սակայն, համարում են, որ գյուղը պետք է մնար Հայաստանի կազմում՝ վկայակոչելով թե՛ քարտեզների, թե՛ GPRS-ի տվյալների սխալները։


Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը 2020-ի դեկտեմբերի 27-ին է տեղեկացել, որ գյուղի ներքեւի թաղամասից դուրս գալու համար ընդամենը 10 օր ունեին: Բնակիչները պատմում են, որ այդ ընթացքում ով ինչ կարողացել, հանել էր տնից, հետո դռները փակել ու դուրս էին եկել։


Հիմա Շուռնուխը բաժանված է երկու մասի: Ճանապարհից ձախ` հայաստանցի, աջ՝ ադրբեջանցի զինվորներն են, մեջտեղում՝ ռուս խաղաղապահները։ Շուռնուխի՝ Ադրբեջանի հսկողության տակ հայտնված հատվածում քաղաքացիական բնակչություն չկա, միայն զինվորականներ են: Միջադեպեր, բարեբախտաբար, չեն եղել։ Բոլորը՝ մեծից փոքր, գիտեն սահմանը, որից այն կողմ անցնել չի կարելի։


Կիսվելուց հետո գյուղը, կարծես, հեռացել, մեկուսացել է Հայաստանի մյուս բնակավայրերից: Նախկինում՝ 40 րոպե, հիմա այլընտրանքային ճանապարհով մոտ երկու ժամ է պահանջվում Գորիսից Շուռնուխ հասնելու համար:

Շուռնուխցիները երբեմն նեղսրտում են՝ թողնելու ենք, գնանք, բայց մինչ օրս ոչ ոք չի հեռացել՝ բացի ներգևի թաղամասում տունը կորցրած 4 ընտանիքից։ Անտուն մնացած մյուս ընտանիքներն մնացել են Շուռնուխում՝ տնակներում կամ համագյուղացիների ազատ տներում: Պետությունն այդ 13 ընտանիքի համար տներ է կառուցում:  Նրանց թվում նաեւ Շուռնուխի վարչական ղեկավարն է։ Մեկ տարուց ավել՝ գյուղապետարանի շենքը նրա համար տուն ու աշխատավայր է։ 
Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը
«Հաճախ բարձրանում, նայում եմ մեր թաղամասին, տանը, տեսնում եմ թուրքը ելումուտ է անում։ Շատ դժվար է»: 


Շուռնուխի կիսվելուց հետո նա մի անգամ գնացել է իր նախկին տուն:  


«Սահմանապահ զորքերից ասացին, որ անհրաժեշտ է 2 օր ադրբեջանցիներին ջուր տալ, մինչեւ այդ ընթացում մեր տղաները հարցեր կարգավորեն։ Թուրքը եկել, ասում է՝ дайте воды, пожалуйста։ Ես էլ ինձ ծանր եմ պահում, բայց գիտեմ, որ պիտի տամ։
Ջուրը տվեցի, ասացի՝ կստացվի՞ իջնեմ մեր տուն. 2 շան թուլա էի բերել, հետ են դարձել, գնամ դրանց հետեւից։ Միասին իջանք։ Տունը ոնց կար, էդպես մնացել էր։ Դուրս գալուց առաջ ախպերս մեր պատին գրել էր՝ մենք դեռ վերադառնալու ենք։ Թուրք զինվորները հարցնում են՝ հայհոյա՞նք եք գրել, ասում եմ՝ չէ, мы еще вернемся, ասում ա՝ нет»։ 

Նկարը, որ Շուռնուխի վարչական ղեկավարը պահում է իր աշխատասենյակում, նկարել են սփյուռքահայ երեխաները՝ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի մասնակից զինվորների համար

1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին՝ ղարաբաղյան հակամարտության սրման ժամանակ, Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվեցին փախստականներով. գրեթե բոլոր հայերը հեռացան Ադրբեջանից և գրեթե բոլոր ադրբեջանցիները՝ Հայաստանից։ Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների ադրբեջանական բնակչությունը տեղափոխվեց Բաքու, Ադրբեջանի այլ քաղաքներ և բնակավայրեր։

Այդ մարդկանցից շատերը հեռացան՝ վախենալով իրենց ֆիզիկական անվտանգության համար, շատերը վտարվեցին։ Արդյունքում՝ Հայաստանում հայտնվեցին ավելի քան 500 հազար փախստականներ Բաքվից և այլ քաղաքներից, իսկ Ադրբեջանում, տարբեր գնահատականներով, 750 հազարից մինչև մեկ միլիոն (պաշտոնական տվյալներով) փախստականներ և հարկադիր տեղահանվածներ։

Անահիտ Ալեքյանը Շուռնուխ է տեղափոխվել 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո. տունը կորցրել ու նոր կյանքի հույսով եկել էր Շուռնուխ։ Ապրել է ադրբեջանցիների թողած տներից մեկում, վերակառուցել այն, մեծ այգի տնկել ու Շուռնուխի հետ կապել իր բոլոր նպատակները։ 

Հիմա տիկին Անահիտը միայն հեռադիտակով է նայում իր տան կողմը, որը մի ակնթարոում դարձավ ադրբեջանական տարածք։ 

«Էնպիսի այգի ունեի, որ գյուղում ոչ մեկը չուներ՝ մալինա, պոպոք, դամբուլ, սխտոր, ինչ խելքիս բրդել է, տնկել եմ։ Հիմա մեկ-մեկ իջնում, ներքեւից նայում եմ։ Մի անգամ տեսա, որ իմ տնկած ելակն էին ուտում։ Մի կերպ ինձ տիրապետեցի, լացելով բարձրացա վերեւ»։  

72-ամյա կինը ինչ կարողացել, հանել է տնից՝ հացի վառարանը, անկողինը, հեռուստացույցը, ծաղիկները։ Ժամանակավոր ապրում է համագյուղացու դատարկ տանը։ Պայմանները վատն են, խոնավ է, ցուրտ, բայց Շուռնուխը լքել չի պատրաստվում։ 


Կիսված Շուռնուխում գյուղացիները դժվարանում են անասնապահությամբ զբաղվել


Մովսիսյանների տունը միակն է ներքեւի թաղամասում, որ մնացել է հայկական կողմում: Բայց գյուղի կիսվելուց հետո այս ընտանիքն էլ անասնագոմի մի հատվածն է կորցրել: 

Ինչպես շատ շուռնուխցիներ, նրանք էլ վաճառել են անասունները, միայն 2 հորթ է մնացել։ Գյուղացիներն ասում են՝ անասուններին վերահսկելը հիմա դժվար է. աչքդ թարթեցիր, սահմանն անցան, տերը չես։ 



«Գոմը նոր էինք սարքել՝ մեծ, ընտիր գոմ։ 37 գլուխ խոշոր անասուն ունեինք, 100 ոչխար։ Հենց առանք ոչխարները, պատերազմը սկսվեց։ Խնամիներս Եղեգնաձորում են, տեղափոխեցինք իրենց մոտ։ Հետո խոշոր անասունները էժան վաճառեցինք եզդիներին։ Տեղափոխելուց ահագին ոչխար սատկեց, բայց վարկը մինչեւ հիմա դեռ փակում ենք»,-ասում է ընտանիքի ավագի կին Նարինե Խուրշուդյանը։


Մեկ տարուց ավելի է՝ ամուսնու հետ տնակում են ապրում։ Ինքը գյուղապետարանում է աշխատում, ամուսինն անասնապահությամբ է զբաղվում։

«Չէի հավատում, որ իսկապես թուրքը կհասնի մեր գյուղ ու մեր տները կվերցնի: Մինչեւ վերջին պահը չէի ուզում տնից հանել իրերս»։


Սկզբում վախ, անհանգստություն ունեին, հիմա հարմարվել են նոր կյանքին։ Միայն թե Կապանում ու Գորիսում ապրող տղաներին չեն թողնում, որ հաճախ գան գյուղ՝ ճանապարհները երկար են, վտանգավոր։

Շուռնուխը հիմա հազվադեպ է հյուրեր ունենում 

Ձմռանը՝ առատ տեղումների պատճառով, այլընտրանքային գրունտային ճանապարհը դժվարանցանելի է դառնում ու ավելի մեկուսացնում սահմանամերձ դարձած գյուղերը։ Հաճախ նաեւ սննդի ու առաջին անհրաժեշտության պարագաների խնդիր է առաջանում: Իշխանությունները ամեն օր անվճար հաց են հասցնում շուռնուխցիներին։

Բայց անկախ եղանակից ու վտանգից՝ ամեն օր զինվորական «Ուրալ»-ով Գորիսից Շուռնուխ են հասնում դպրոցի 2 ուսուցիչները։  

«Դասերը չենք դադարեցրել։ Առաջին շրջանում թեկուզ վախով, բայց եկել եմ։ Ասում էի՝ ես գնում Գորիս, հանգստանում եմ, կարողանում եմ [խաղաղ] քնել, բա երեխաներն ի՞նչ անեն»,-պատմում է պատմության եւ աշխարհագրության ուսուցչուհի Նոնա Միրաքյանը։ 

Պատերազմից հետո Նոնան Գորիսում աշխատելու հնարավորություն ուներ, բայց մերժեց։ «Խաղաղ պայմաններում իրենց հետ եմ եղել, էս դժվար պահին, ո՞նց թողնեմ մենակ։ Հատկապես գիտեմ, որ դժվար թե մեկն ուզենա գալ, էստեղ դասավանդել», – ասում է նա։ 

Նոնան դասերը ժամը 2-ին մոտ ավարտում, բայց դեռ  երկու ժամ էլ սպասում է, որ հարեւան Որոտան, Բարձրավան գյուղերում աշխատանքը վերջացնեն նաև գորիսեցի մյուս ուսուցիչները, ու զինվորական «Ուրալ»-ը բոլորին նորից քաղաք տանի։  

Ասում է՝ աշխատանքի պատճառով տանը երբեմն խոսակցություններ են լինում, տան անդամները համոզում են, որ թողնի դպրոցը։ «Հենց ասում եմ՝ բա էրեխե՞քը, բոլորը լռում են»։ 






















Նոնան ասում է՝ փորձում է երեխաներին հուսադրել՝ ամեն ինչ լավ է լինելու։ Աշակերտներն էլ դպրոցի հարեւանությամբ իրենց պատրաստած խրամատ են ցույց տալիս։ Երևի մտածում են, որ իրենք էլ այսպես կարող են օգնել Շուռնուխին։

Հեղինակ
Լուսինե Ղարիբյան 

Լուսանկարները՝
Վաղինակ Ղազարյանի 

Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։
Made on
Tilda