Թե ինչպես են Ռուսաստանում թմրանյութերի գործ սարքում նրանց վրա, ովքեր քննադատում են իշխանություններին
«228․ բոլորի գրպանը թմրանյութ չեն գցի»։
Այսպիսի կարգախոս էին վանկարկում Մոսկվայում հունիսի 12-ին ի աջակցություն հետաքննող լրագրող Իվան Գոլունովի երթի մասնակիցները։
Գոլունովին փորձում էին նստեցնել՝ նրա մոտ թմրանյութեր գցելով։ Նրան սպառնում էր Քրեական օրենսգրքի 228 հոդվածը, այստեղից էլ՝ կարգախոսը։
• Հազարավոր մարդիկ են Ռուսաստանում փողոց դուրս եկել՝ պաշտպանելու Իվան Գոլունովին։ Տեսանյութ և գործի մանրամասները
Ռուսաստանում 228 հոդվածն ընդդիմադիրների և պարզապես ինչ-որ բանից դժգոհների դեմ պայքարի հայտնի միջոց է։ Ռուսական «Նովայա գազետան» վերլուծել է այդ հոդվածի շուրջ գործընթացները։
•Թե ինչպես է Պուտինի օրոք փողոցային հանցավորությունը փոխարինվել մաֆիոզ պետությամբ։ Հետաքննություն
Քրեական օրենսգրքի «ժողովրդական հոդվածը»
228-ն անվանում են «ժողովրդական»․ դրանով միայն 2018թ-ին 74,752 մարդ է դատապարտվել։
Դա ավելին է, քան Ռուսաստանի Քրեական օրենսգրքի ցանկացած այլ հոդվածով դատապատվածների թիվը։
228 հոդվածով դատապարտվածների կեսից ավելին՝ 61%-ը, 18-34 տարեկան անձինք են։
Դատապարտվածների կեսից ավելին՝ 57%-ը, 2-5 տարի ժամկետով են դատապարտվել։ Նրանք օգտագործողներ են։
Եթե խոսքն իրացման մասին է, ժամկետը կարող է հասնել մինչև 15 տարվա։ Հենց այդ մեղադրանքն էր առաջադրվել Իվան Գոլունովին։
Նույն կերպ ժամկետն աճում է, եթե թմրանյութերի ծավալը «զգալի է» կամ «խոշոր»։
Հստակ քանակը
«Զգալի» է համարվում 6գ մարիխուանան, 2գ հաշիշը, 0.2գ մեֆեդրոնը, 0.5գ հերոինը։
«Խոշորը» մարիխուանայի 100 գրամն է, հաշիշի 25 գրամը, մեֆեդրոնի 2.5 գրամը, հերոինի 2.5 գրամը։
Իրավակիրարկման խնդիրների ինստիտուտի փորձագետները, որոնք 2017թ-ին հետազոտություն էին հրապարակել, նվիրված թմրանյութերի առգրավման վիճակագրությանը, միտում են նշում․ անձինք, որոնցից այս կամ այն նյութն է առգրավվում, ունեն հենց այնքան թմրանյութ կամ մի փոքր ավելին, քան պետք է քանակը «զգալի» կամ «խոշոր» ճանաչելու համար, շատ ավելի հազվադեպ՝ դրանից քիչ (վերլուծվել է միայն հերոինի առգրավման ավելի քան 54 հազար դեպք)։
Այլախոհների դեմ պայքարի գործիք
Ռուսաստանում թմրանյութերի պահպանման և իրացման մեղադրանքը հաճախ օգտագործվում է գործող իշխանության քննադատների դեմ։ Լրագրող Իվան Գոլունովի գործը բնավ առաջինը չէ։
Ցցուն օրինակ կարելի է համարել Պսկովում կատարված դեպքը, որտեղ արդեն հինգ ամիս է կալանքի տակ է «Բաց Ռուսաստան» ընդդիմադիր կազմակերպության տեղի ակտիվիստ Արտյոմ Միլուշկինը։ Նրա կինը՝ Լիա Միլուշկինան, տնային կալանքի տակ է։ Նրանց մեղադրում են թմրանյութերի խոշոր քանակի իրացման համար։
Միլուշկիններին ձերբակալել են 2019թ-ի հունվարի 16-ին։ Արտյոմի և Լիայի տուն են ներխուժել Թմրանյութերի ապօրինի շրջանառության վերահսկողության վարչության աշխատակիցները հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ՝ դիմակներով և զենքով։ Նրանք կոտրել են ապակիները՝ վախեցնելով մանկահասակ երեխաներին, ամուսինների ձեռքերին ձեռնաշղթաներ են հագցրել և չորս ժամ խուզարկություն իրականացրել։
«Ինձ թվում է, տղայիս և Իվան Գոլունովի գործերը նման են։ Ես նույնիսկ զանգահարել եմ Իվանի փաստաբանին, երբ նա դեռ կալանքի տակ էր, և խնդրել Իվանին փոխանցել մեր աջակության խոսքերը։
Որդիս՝ Արտյոմ Միլուշկինը մեկուսարանում է արդեն հինգ ամիս։ Նա ճնշված է և հուսալքված։ Ծանր բրոնխիալ ասթմա և հիպերտոնիա ունի։ Նա երբեք գործ չի ունեցել թմրանյութերի հետ։ Երևի նրա քաղաքական ակտիվության համար մեկը հաշիվ է մաքրում», — պատմել է Արտյոմի մայրը՝ Իրինա Միլուշկինան։