Մարդիկ փողոց են դուրս եկել՝ պահանջելու հետաքննել լրագրող Իվան Գոլունովի ձերբակալության և ծեծի ենթարկելու հանգամանքները" />

Ձերբակալություններ Մոսկվայում՝ բազմահազարանոց բողոքի երթին

Մարդիկ փողոց են դուրս եկել՝ պահանջելու հետաքննել լրագրող Իվան Գոլունովի ձերբակալության և ծեծի ենթարկելու հանգամանքները

Մոսկվայում տեղի ունեցած չարտոնված բողոքի երթի ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան 150 մարդ: Ոստիկանությունը կիրառում է մահակներ:

Հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ ի աջակցություն հետաքննող լրագրող Իվան Գոլունովի, որին մեղադրում էին թմրանյութերի տարածման մեջ:

Բերման ենթարկվածների թվում են «Մեդուզա»-ի, Reuters-ի, «Կոմերսանտի» «Դոժդ» հեռուստաալիքի թղթակիցները, ինչպես նաև ռուս հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին:

Նախապատմություն

«Մեդուզա» պարբերականի հետաքննական բաժնի թղթակից Իվան Գոլունովը ձերբակալվել էր  Մոսկվայում հունիսի 6-ին, նրան ծեծի էին ենթարկել և մի քանի օր անց տնային կալանք նշանակել:

Ոստիկանները պնդում էին, որ նրա մոտ և բնականարանում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է թմրանյութի մի քանի փաթեթ, որոնք իբր նա պատրաստվում էր վաճառել:

Գոլունովը պնդում էր, որ արգելված նյութերն իր մոտ գցել են, և դա կապված է հուղարկավորությունների բիզնեսի մասին իր հետաքննության հետ:

Դրանից հետո Մոսկվայում և Ռուսաստանի մի քանի այլ քաղաքակներում սկսվեցին ցույցեր՝ հիմնականում անհատական պիկետներ:

Այնուհետև հայտարարվեցին բժշկական փորձաքննության արդյունքները. Գոլունովի ո՛չ օրգանիզմում, ո՛չ ձեռքերի վրա թմրանյութի հետքեր չէին հայտնաբերվել:

Հունիսի 11-ին Իվան Գոլունովի վրայից բոլոր մեղադրանքները հանվեցին:

Սկսվել է այդ գործի ներքին ստուգում, հայտարարեց Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը: Նա ասաց, որ Գոլունովին ձերբակալած ոստիկանության աշխատակիցները «ժամանակավորապես կհեռացվեն՝ ներքին ստուգման համար»:

Հունիսի 12-ին հայտարարված երթը Մոսկվայի իշխանությունները չարտոնեցին: Նախաձեռնողները, սակայն, հայտարարեցին, որ, այնուամենայնիվ, պատրաստվում են այն անցկացնել:

«Մեդուզա»-ի խմբագրությունը կոչ արեց նրանց  հրաժարվել այդ ծրագրերից:

Բողոքի երթի մասնակիցները վանկարկում են. «Մենթերը Ռուսատանի խայտառակությունն են»


Կարդալ ավելին JAMnews-ում