Հետազոտություն. թե ինչպես Վլադիմիր Պուտինի օրոք փողոցային հանցավորությունը փոխարինվեց մաֆիոզական պետությամբ" />

Ռուսաստան. դրախտ գողերի՞ համար

Հետազոտություն. թե ինչպես Վլադիմիր Պուտինի օրոք փողոցային հանցավորությունը փոխարինվեց մաֆիոզական պետությամբ

Մոսկվա, 2018, լուսանկարը՝ REUTERS/Մաքսիմ Շեմետով

Բրիտանացի քաղաքագետ Մարկ Գալեոտին արդեն 30 տարի զբաղվում է Ռուսաստանի ուսումնասիրմամբ ընդհանուր առմամբ և ռուսական կազմակերպված հանցավորության ուսումնասիրմամբ մասնավորապես: Իր եզրակացություններով ու դիտարկումներով նա կիսվել է The Guardian բրիտանական թերթի ընթերցողների հետ: 

Սկիզբը

Առաջին անգամ Մարկ Գալեոտին Ռուսաստանում է եղել դեռևս ԽՍՀՄ տարիներին որպես ուսանող-պատմաբան, որը մասնագիտանում է այդ երկրի ուղղությամբ: Այն ժամանակ նա բախվել է մարդկանց հետ, ում կոչում էին «աֆղանացիներ» և որոնք մասնակցել էին Աֆղանստանում խորհրդային զորքերի մարտական գործողություններին:

Այդ մարդիկ վերապրել էին հրեշավոր բարոյական և հոգեբանական սթրես: Սկզբում նրանց ստիպում էին մասնակցել օտար երկրում դաժան պատժիչ գործողությունների: Իսկ վերադառնալուց հետո նրանք բախվում էին հասարակության կողմից չհասկացվածությանն և օտարվածությանը:

Շատ «աֆղանացիներ» այդ իրավիճակից դուրս գալու ճանապարհը փնտրում էին ալկոհոլի և թմրանյութերի մեջ:

Սակայն նրանց թվում կային նաև շատերը, որոնք համալրում էին կազմակերպված հանցավոր խմբավորումների շարքերը: Այդ միջավայրում բարձր էին գնահատվում դիպուկահարների և սակրավորների  ունակությունները, որոնք ձեռք էին բերվել Աֆղանստանում:

Սնող միջավայր

1980-ականների վերջին ԽՍՀՄ-ում ազատ շուկայի ձևավորման ժամանակաշրջան էր: Եվ այն գրավեց ոչ միայն ձեռնարկատերերին. դրանում իր շանսը տեսավ նաև խորհրդային քրեական աշխարհը, նրանք, ում ընդունված է անվանել «օրենքով գող»:

 

 

 

Դա  քրեական աշխարհ է՝ իր օրենքներով, կանոններով և պատկերացումներով: Գոյություն ունի նույնիսկ հատուկ գողական ենթամշակույթ: Օրինակ, գողի մարմնի դաջվածքներով փորձագետները հեշտությամբ կարող են վերականգնել նրա կենսագրությունը, բանտում անցկացրած տարիների քանակն ու անգամ հոդվածները, որոնցով նրանք նստել են:

 

 

Այն ժամանակ կրիմինալի առջև բացվող հնարավորություններն աննախադեպ էին: Ի լրումն ավանդական արհեստների՝ բնակարանային կողոպուտի, հափշտակությունների, ավազակության, հայտնվեցին նորերը՝ շորթում, վարձատրության դիմաց բիզնեսի ուժային պաշտպանություն, մասնակցություն սեփականաշնորհմանը, մասշտաբային մաքսանենգություն:

Այդ ամենի հետևանքը  1990-ականների գանգսթերական պատերազմներն էին, որոնք համակեցին խորհրդային, հատկապես՝ Ռուսաստանի քաղաքների փողոցները՝ ինքնաձիգներով փոխհրաձգությամբ, պայթյուններով և մրցակիցների դեմ թույնի կիրառմամբ: Այդ պատերազմներում մեծ պահանջարկ ունեին հատուկ ծառայություններում աշխատելու և բանակում ծառայելու ունակություններով մարդիկ:

Հաջորդ փուլը

1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին ռուսական կազմակերպված հանցավորությունը դադարեց ազգային երևույթ լինել: Այն դուրս եկավ գլոբալ հարթակ:

Այդ պահից սկսած՝ այն դարձավ այնպիսի քրեական շուկաների լիիրավ մասնակից, ինչպիսիք են աֆղանական հերոինի և կոլումբիական կոկաինի մատակարարումը Եվրոպա, զենքի ապօրինի վաճառք Աֆրիկայի տեղական հակամարտությունների գոտիներում, մարդկանց միջազգային վաճառք:

Կազմակերպված հանցավորության եկամուտները սրընթաց կերպով աճում էին, և նոր խնդիր առաջացավ. ինչպես՞ «լվանալ» փողերը և ինչպե՞ս դրանք հետո ներդնել: Այդ կապակցությամբ արդեն ոչ թե վարձու մարդասպաններ էին պետք, այլ բոլորովին ուրիշ մասնագիտության տեր մարդիկ՝ իրավաբաններ և ֆինանսիստներ:

Այդ ժամանակ բարձրացավ, օրինակ, Սեմյոն Մոգիլևիչի՝ ամերիկյան ՀԴԲ վարկածով աշխարհի ամենահետախուզվող մարդու աստղը: Նրան կասկածում են Ռուսաստանից, Թուրքմենստանից և Ադրբեջանից գազի մատակարարման հետ կապված  բազմամիլիարդանոց հափշտակությունների, արևմտյան երկրներում այդ փողերի լվացման, ինչպես նաև բազմաթիվ այլ հանցագործությունների համար:

Ինչը չի խանգարում Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Սեմյոն Մոգիլևիչին հանգիստ և բաց ապրել Մոսկվայում:

Օրինաչափ ամփոփում

Մարկ Գալեոտիի կարծիքով՝ Ռուսաստանում նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարման 18 տարվա ընթացքում կազմակերպված հանցավորության հետ կապված իրավիճակը որակապես այլ բնույթ է ձեռք բերել: Դժվար է դարձել տարբերելը, թե որտեղ են ավարտվում հանցավոր խմբավորումները և որտեղ է սկսվում ռուսական պետությունը: Պատճառը համակարգային կոռուպցիան է, որը համակել է իշխանության բոլոր մակարդակները:

Հատկանշանակն է ՌԴ ներքին գործերի նախարարության գնդապետ Դմիտրի Զախարչենկոյի գործը: Նրա բնակարանում խուզարկության ժամանակ 123մլն դոլար կանխիկ գումար էր հայտնաբերվել: Ըստ ամենայնի՝ խոսքը գնում է այսպես կոչված «ընդհանուրի»՝ հանցավոր խմբավորման համատեղ գանձարանի մասին: Տվյալ պարագայում դա ոստիկանների խմբավորում է:

Եվ դա հատկանշական է Ռուսաստանում առկա իրողությունների տեսանկյունից։

Ռուսական պետությունը հանցագործների է վարձում այնժամ, երբ պետք է «կեղտոտ» աշխատանք անել, օրինակ, ուրիշ պետության տարածքում կիբերհարձակում իրականացնել կամ սպանել անցանկալի մարդու: Ըստ Մարկ Գալեոտինի հենց դա տեղի ունեցավ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր հետ, որոնք վերջերս դարձան մահափորձի զոհ Մեծ Բրիտանիայի տարածքում նյարդապարալիտիկ նյութի կիրառմամբ:

Պետությունը Ռուսաստանում չի կառավարում մաֆիան և չի ենթարկվում դրան: Պետությունն ու մաֆիան այստեղ խաղաղ և արգասաբեր համագործակցում են միմյանց հետ, կարծում է Guardian-ի հեղինակը:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում