«Եռիշխանություն» Արցախի արևելքո՞ւմ։ Երեք չհամընկնող հաղորդագրություն նույն փաստի մասին
Եռիշխանություն Արցախի արևելքում
Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տարօրինակ և աննախադեպ իրավիճակ է ստեղծվել՝ Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից ի վեր: Երեք գերատեսչություններ հաղորդել են Քարագլուխ բարձունքում և մերձակա Փառուխ գյուղում զորքերի տեղակայման մասին, սակայն բոլոր հաղորդագրությունները բացարձակապես չեն համընկնում։ Լուրեր՝ բոլոր մասնակից կողմերից, ինչպես նաև Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի փորձագետների կարծիքները։
- Հայաստանը հաղորդում է Արցախում Ադրբեջանի ԶՈւ կողմից բարձունքի գրավման, Բաքուն՝ դիրքերի ճշգրտման մասին
- «Անհրաժեշտ է հետաքննել ռուս խաղաղապահների գործողությունները»․ Փաշինյանը դիմել է Պուտինին
- Արցախից տեղահանվածները` Հայաստանի գյուղերում։ Անձնական պատմություններ
Կիրակի՝ մարտի 27-ի երեկոյան, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Արցախում խաղաղապահ զորախմբի հերթական տեղեկատվական ամփոփագիրը։ Դրանում ասվում է, որ խաղաղապահները բանակցությունների միջոցով կարողացել են դուրս բերել ադրբեջանական զինված ուժերը Ֆուռուխ գյուղից (այսպես է Փառուխ գյուղը նշված հաղորդագրությունում)։ Ասված է նաև, որ ադրբեջանական բանակն ու հայկական զինված ուժերը կորուստներ են կրել․ երկու կողմերից էլ երկու վիրավոր կա։
Քարագլուխ բարձունքում տիրող իրավիճակի մասին ռուսական պաշտպանական գերատեսչությունը ոչինչ չի հաղորդել։
Ռուսաստանի ՊՆ տեղեկատվական ամփոփագրի հրապարակումից անմիջապես հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական կտրուկ հայտարարությունն է արել, որում ուղիղ տեքստով Մոսկվայի գործընկերներին մեղադրել է սուտ տեղեկություն տարածելու մեջ։ Բաքվի տեղեկություններով՝ ադրբեջանական զորքերը ոչ մի տեղ չեն հեռացել մարտի 24-ին զբաղեցրած դիրքերից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը կոչ է արել ճշգրիտ լինել իր վերահսկողության տակ գտնվող տարածքի գյուղերի անվանումների հարցում։
Իր հերթին՝ սխալ տեղեկություն տարածելու համար Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մեղադրում է նաև Հայաստանի ԱԳՆ-ն իր հայտարարությունում։
Իսկ Արցախի Տեղեկտվական շտաբն այսօր առավոտյան ներկայացրել է կատարվածի իր վարկածը։ Արցախի Հանրապետության իշխանության կարծիքով՝ Փառուխ գյուղը խաղաղապահների վերահսկողության տակ է, իսկ Քարագլուխ բարձունքի մի հատվածը վերահսկում են ադրբեջանցիները, մյուսը՝ հայերը։
Մանրամասներ՝ բոլոր կողմերի հաղորդագրությունների մասին։
Տեղեկություններ Մոսկվայից
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մարտի 27-ի տեղեկտվական ամփոփագրում ասված է․
«Ասկերանի շրջանում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի երկու խախտում է գրանցվել։ Փոխհրաձգության հետևանքով երկու կողմից երկու մարդ է վիրավորվել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով՝ կոնֆլիկտի կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցության արդյունքում՝ իրավիճակը կայունացել է։
Անցկացված բանակցությունների ադրյունքում՝ ադրբեջանական կողմն իր ստորաբաժանումները հետ է քաշել ՖՈւՌՈւԽ բնակավայրի հատվածից»։
Տեղեկություններ Բաքվից
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ափսոսանք է հայտնում, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության 2022 թ-ի մարտի 27-ի հայտարարությունում արտացոլված կետերը չեն համապատասխանում իրականությանը», — ասված է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։
«Ադրբեջանական բանակի դիրքերը Ֆառուխ գյուղում, որը մեր երկրի ինքնիշխան տարածքի կազմում է, և դրան հարող լեռնային շրջաններում փոփոխություններ չեն կրել։ Այդ դիրքերից ադրբեջանական բանակի դուրսբերման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Մեր բանակն ամբողջությամբ վերահսկում է օպերատիվ իրավիճակը։
Ռուսաստանի ՊՆ հայտարարությունն այն մասին, որ հրադադարի ռեժիմն իբր խախտվել է Ադրբեջանի կողմից, նույնպես չի համապատասխանում իրականությանը, և ադրբեջանցի զինծառայողների շրջանում տուժածների մասին նույնպես չի հաղորդվում։ Ուզում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ Ադրբեջանի տարածքում չկա «Լեռնային Ղարաբաղ» անվամբ վարչատարածքային միավոր։
Ռուսաստանի ՊՆ մարտի 26-ի և 27-ի հայտարարություններում «Լեռնային Ղարաբաղ» արտահայտության օգտագործումն անհարգալից վերաբերմունք է Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, որը ճանաչված և ընդունված է միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից։
Ցանկանում ենք հիշեցնել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը․ 2022 թ-ի փետրվարի 22-ին դաշնակցային համագործակցության մասին երկու երկրների նախագահների ստորագրած հռչակագրում նշվում է, որ «Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը բնորոշում են իրենց հարաբերությունները՝ որպես դաշնակցային համագործակցություն, որը հիմնված է երկու երկրների անկախության, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և պետական սահմանների անձեռնմխելիության նկատմամբ փոխադարձ հարգանքի, ինչպես նաև ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վրա, դրանք հիմնված են վեճերի խաղաղ հանգուցալուծման, բռնության և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքներին հավատարիմ լինելու վրա»։
Բացի այդ, հռչակագրի 18-րդ կետի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը միավորում են ջանքերը՝ միջազգային ահաբեկչության, էքստրեմիզմի և անջատողականության դեմ պայքարի և դրանց չեզոքացման համար։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հայտարարությամբ նաև անհարգալից վերաբերմունք է ցուցադրում հռչակագրի նկատմամբ, որը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ Ադրբեջանի Խոջալուի շրջանում «Ֆուռուխ» անվանումով գյուղ չկա։ Նշված գյուղի անվանումը Ֆառուխ է։ Հույս ունենք, որ հետագա հայտարարություններում գյուղի անվանումը ճիշտ կնշվի», — ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում։
Տեղեկություններ Երևանից
Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում, առաջին հերթին, գոհունակություն է արտահայտվում այն առնչությամբ, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի»։
Հայաստանի ԱԳՆ-ն մեջբերում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, որում ասվում է, որ ադրբեջանական կողմը դուրս է բերել իր ստորաբաժանումներն Արցախի Փառուխ բնակավայրից և փաստում․
«Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է:
Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը կոնկրետ միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար: Կարևոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա և տրվեն մի շարք հարցերի պատասխաններ»։
Հայտարարության տեքստին կցված են քարտեզներ։ Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու ուրվագիծը վերցված է ՌԴ պաշտպանության նախարարության կայքէջից: Ասվում է նաև, որ մարտի 24-ի իրադրությունը նկարագրող քարտեզում հստակ երևում է, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական հենակետեր չկան:
Մարտի 28-ի առավոտի դրությամբ իրադրությունը արտահայտող քարտեզում երևում է, որ Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տեղադրված են ադրբեջանական հենակետեր:
Տեղեկություններ Արցախից
Արցախի Հանրապետության Տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որում ասված է, որ մարտի 28-ին՝ ժամը 12։00 դրությամբ, իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:
Ինչ վերաբերում է Փառուխ գյուղին, ապա, ըստ շտաբի հաղորդագրության՝ այն գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։ Ավելին՝ հաղորդագրությունում ընդգծվում է, որ, «շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի, հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը»․
«Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։ Աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ ադրբեջանական կողմի՝ ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են»:
Մեկնաբանություն Բաքվից
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների հաղորդագրությունների միջև տարաձայնությունները։
«Վերջերս տեղի ունեցած երկու միջադեպերը սրել են իրավիճակն ու հանգեցրել ՌԴ և Ադրբեջանի ՊՆ կոշտ հաղորդագրությունների փոխանակման։ Ռուս զինվորականները, հղում անելով տեղի հայերի բացասական արձագանքին և ի հեճուկս ստանձնած պարտավորույթունների, հրաժարվել են ուղեկցել ադրբեջանական շարասյան անցումն Աղդարայի (նախկին Մարդակերտի) շրջանով դեպի Քելբաջար։
Որպես հետևանք՝ Բաքուն որոշում է կայացրել նոր ճանապարհ գցել Սարսանգի ջրամբարի հյուսիսային ափով, ինչն, իր հերթին, առաջացրել է հայերի նյարդային արձագանքը։
Այնուհետև ուղիղ կոնֆլիկտ է տեղի ունեցել Ֆառուխ գյուղի և համանուն լեռան հատվածում, որի վրա հայկական ապօրինի կազմավորումները սկսել են հենակետեր կառուցել։ Այդ գործողությունների անթույլատրելիության մասին բոլոր նախազգուշացումները, որոնք փոխանցվել են ինչպես ռուսական խաղաղապահ զորախմբի, այնպես էլ բարձրախոսների միջոցով, անտեսվել են։ Ավելին՝ ավարտին չհասցված հենակետերից սկսել են կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Հաշվի առնելով այն, որ Ֆառուխ գյուղն իր դիրքով բարձր է Աղդամ քաղաքից, որը վերականգնվում է, և շուտով խաղաղ բնակիչները պետք է այնտեղ վերադառնան, այդ սպառնալիքը ժամանակին չեզոքացնելու որոշում է կայացվել և իրագործվել։ Ինչ «խստաշունչ» հայտարարություններ էլ անեն օտարերկրյա հայ լոբբիստները, Ադրբեջանն իրավունք ունի իր տարածքում ապահովել անվտանգությունն ու կամայականություններ չի հանդուրժի հայկական ռազմական կազմավորումներից»։
Մուսաբեկովը գնահատել է նաև Կրեմլի կողմից պաշտոնական Բաքվին նման «անհնազանդության» համար «պատժելու» հավանականությունը։
Նշենք, որ որոշ ռուս բլոգերներ կարծիք են հայտնել, թե Ռուսաստանը կարող է հարվածներ հասցնել Ադրբեջանի ռազմավարական օբյեկտներին։
«Եթե Մովայում ինչ-որ մեկի մոտ Ադրբեջանին «պատժելու» մտքեր կամ կոնֆլիկտային իրավիճակը սրելու ցանկություն առաջանա, որպեսզի դա օգտագործվի՝ որպես մեր ռազմավարական նշանակության խողովակաշարային ենթակառուցվածքին հարվածելու առիթ, ապա դա վատ միտք է։
Հայտնի է, որ մտացածին առիթով (իբր բեռնման արտաքին կետերում վթարի հետևանքով) կասեցվել է ղազախական նավթի արտահանումը Նովոռոսիյսկից։ Եթե որոշ «թեժ» գլուխներ կարծում են, որ ադրբեջանական նավթի և գազի արտահանման համար դժվարություններ ստեղծելով՝ արևմտյան երկրներին կարելի է ստիպել հրաժարվել կամ մեղմել ռուսական էներգակիրների էմբարգոն, ապա նրանք չարաչար սխալվում են։
Կարծում եմ՝ Բաքուն, Թբիլիսին և Անկարան նախապես միջոցներ կձեռնարկեն խողովակաշարային ենթակառուցվածքների անվտանգության ամրապնդման ուղղութամբ։ Ուկրաինա ներխուժման պատճառով ՆԱՏՕ-ի հետ առճակատման պայմաններում սթափ դատող ռուս քաղաքական գործիչներին և զինվորականներին օգտակար կլինի հիշեցնել Թալեյրանի իմաստուն արտահայտությունը, որ «լավ դիվանագիտությունը չպետք է բազմապատկի թշնամիների թիվը»։ Որովհետև Մոսկվայի սպառնալից գործողությունների դեպքում ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան չեզոք չեն մնա», — նշել է խորհրդարանականը։
Մեկնաբանություն Երևանից
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ հայկական կողմն ակնարկել է, թե Արցախում տեղակայված խաղաղապահները հանցավոր գործարքի են գնացել։ Այս մասին, փորձագետի կարծիքով, ասված է մարտի 26-ին կայացած հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունում․
«Երևանը Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մեջ օգտագործում է դիվանագիտական խիստ լեզու, ընդհուպ այն, որ Հայաստանի վարչապետը ՌԴ նախագահին հայտնել է ռուս խաղաղապահների գործողությունները հետաքննելու անհրաժեշտության մասին: Այլ կերպ ասած՝ կա ակնարկ, որ խաղաղապահները հանցավոր գործարքի են գնացել Բաքվի հետ: Իսկ կարո՞ղ էին առանց Կրեմլի: Ակնարկից բխող հռետորական հարցադրում է, իհարկե»։
Մեկնաբանություն Արցախից
Ստեփանակերտի մամուլի ակումբի ղեկավար Գեղամ Բաղդասարյանը Ֆեյսբուքում գրում է․
«Կարծում եմ, որ մինչև պաշտոնական Ստեփանակերտը սկզբունքային քաղաքական գնահատական չտա իրավիճակին՝ այս կործանարար ընթացքը փոխել հնարավոր չի լինի։ Սկզբունքային ու արժանապատիվ գնահատական՝ իրերը կոչելով իրենց անուններով։ Վերջնականապես հրաժարվելով ադրբեջանական ոտնձգությունները որպես խաղաղապահ առաքելությունը վարկաբեկելու փորձեր որակելուց, որոնք անգամ եփած հավերի ծիծաղն են առաջ բերում՝ ի չիք դարձնելով մեր նկատմամբ հարգանքի վերջին փշրանքները։
Մինչև չտա ազնիվ ու սկզբունքային գնահատական՝ չի լինելու արցախյան ԱԳՆ-ի պահանջածը, այն է՝ «Ադրբեջանի հայատյաց և սանձազերծ քաղաքականությունը պետք է արժանանա միջազգային հանրության ամենախիստ գնահատականին»: Միջազգային այս հանրությունն էլ մեզնից է սպասում ամենախիստ ու համակողմանի գնահատական մեզ մոտ առկա իրավիճակին, որից էլ պիտի բխեցնի իր դիրքորոշումը։
Ինչ խոսք, արցախյան հանրության ինքնակազմակերպումն ու դրան միտված հանրային ակցիաներն այս առումով շատ կարևոր են, բայց դրանք, կարծում եմ, պետք է լցնել նոր բովանդակությամբ։ Ոչ միայն և ոչ այնքան միջազգային հանրությանը հղված կոչերով, որքան հենց բուն Արցախում քաղաքական նոր օրակարգ և քաղաքական նոր միտք ձևավորելուն, հանրային ճնշման տակ [պետական] հաստատությունների արդիականացմանն ու արդյունավետացմանն ուղղված ջանքերով։
Երկրի ճակատագրով մտահոգ իշխանությանը պիտի սկզբունքորեն ձեռնտու լիներ հանրային նախաձեռնողականությունը։ Սակայն Արցախի իշխանությունները գնում են այլ ճանապարհով՝ փորձելով ըստ ամենայնի կաշկանդել նույն այդ նախաձեռնողականությունը։ Իսկ արցախյան արդեն իսկ առկա քաղաքական ինստիտուտներն էլ քաղաքական նոր օրակարգ ձևավորել ունակ չեն։ Փակուղին ուրիշ ո՞նց է լինում»։