Արցախ․ ինչո՞ւ չի ստացվում չկրակել։ Ադրբեջանցի և հայ փորձագետների մեկնաբանությունները
Արցախում ադրբեջանական և հայկական բանակների միջև դաժան մարտերը շարունակվում են արդեն ավելի քան երեք շաբաթ։ Երկրորդ հրադադարը, որը կնքվել է հոկտեմբերի 18-ի կեսգիշերին Մոսկվայի միջնորդությամբ, ինչպես առաջինը՝ հոկտեմբերի 10-ին, միանգամից խախտվել է, ինչպես նախորդ անգամ։
Կողմերը կրկին դրա համար միմյանց են մեղադրել։
JAMnews-ն Ադրբեջանի և Հայաստանի փորձագետներին երկու հարց է տվել․
• ինչո՞ւ չի ստացվում հրադադար պահպանել,
• ի՞նչ է պետք անել։
• Արցախ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարը կրկին չի հաջողվել
Մեկնաբանություններ Բաքվից
Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնական Էլչին Ամիրբեկով․
«Հայաստանի զինված ուժերը բազմիցս խախտել են հրադադարը։ Նրանք հրետակոծել և ականակոծել են ադրբեջանական դիրքերը Տերտերի և Ջաբրայիլի շրջանների ուղղությամբ [Ղարաբաղի հարակից տարածքներ, որոնք ղարաբաղյան իշխանությունների վերահսկողության տակ են գտնվում 1990-ականների պատերազմից ի վեր — JAMnews]։
Օկուպանտ երկրի ղեկավարությունը հետաքրքրված չէ հակամարտության խաղաղ կարգավորման որոնմամբ և մտադիր է շարունակել ռազմական ագրեսիան։ Ադրբեջանն իրեն ինքնապաշտպանության օրինական իրավունք է վերապահում»։
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ուլվի Գուլիև․
«Ռուսաստանի իշխանություններին Փաշինյանի կողմից բազմիցս դիմելուց հետո հոկտեմբերի 10-ին Մոսկվայում հրադադար հայտարարվեց։ Սակայն մեկ օր անգամ չանցավ, և հայկական զինված ուժերը հրթիռային հարված հասցրին Ադրբեջանի Գյանջա քաղաքի խաղաղ բնակչությանը։ Զոհվեց 13 խաղաղ բնակիչ, ավելի քան 30 մարդ վիրավորվեց։
Հոկտեմբերի 18-ին հայտարարվեց երկրորդ հրադադարի մասին, սակայն հայկական ուժերն արդեն առավոտյան ժամերին զանգվածաբար հրետակոծեցին մեր շրջանները։
Ովքե՞ր և ի՞նչ նպատակ են հետապնդում՝ ձգտելով հերթական հրադադարը հաստատել։ Արդյո՞ք չեն ուզում փրկել Փաշինյանի իշխանությունը խայտառակ պարտությունից»։
Քաղաքական կոմիտեի անդամ, ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» կուսակցության գործադիր քարտուղար Նաթիկ Ջաֆարլի․
«Քանի դեռ օկուպանտն օկուպացված տարածքներից իր զորքերը դուրս բերելու գրաֆիկ չի ներկայացրել, կայուն հրադադար չի կարող լինել։ Մենք բոլորս խաղաղություն ենք ուզում, նորմալ մարդը չի կարող պատերազմ ուզել։ Սակայն խաղաղությունն իր պայմաններն ունի․ հայկական օկուպացիոն ուժերը պետք է լքեն Ադրբեջանը»։
Մեկնաբանություններ Երևանից
Քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյան․
«Հրադադարը չաշխատեց, որովհետև Մոսկվայում հոկտեմբերի 10-ին ձեռք բերված համաձայնագրում հստակ արձանագրվել էր, որ Թուրքիան բանակցություններում ակտիվ դեր չի խաղալու։
Հոկտեմբերի 10-ի հրադադարը խախտվեց Թուրքիայի ԱԳՆ Բաքու կատարած զանգից հետո։ Հոկտեմբերի 18-ին կրկին նա զանգահարեց, և Ադրբեջանը կրկին հրաժարվեց դադարեցնել կրակը։ Այս ամենը ցույց է տալիս, որ Բաքվի համար Անկարայի դիրքորոշումն ավելի կարևոր է, քան Մոսկվայինը։
Ընդհանուր առմամբ, այս պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանը գործնականում Ադրբեջանի վրա ազդելու լծակներ էլ չունի։
Միայն հայկական զորքերի խոշոր հաջողություններից հետո կարելի է ակնկալել, որ Բաքուն հրադադարի կհամաձայնի։ Կամ հակամարտությանը Ռուսաստանի ուղիղ միջամտության դեպքում։ Միայն դա կարող է կանգնեցնել Ադրբեջանին և Թուրքիային»։
Քաղաքական մեկնաբան Նաիրա Հայրումյան․
«Իրականում, առաջին հրադադարը կնքվել է Մոսկվայի միջնորդությամբ, երկրորդը՝ Ֆրանսիայի։ Դրանք երկուսն էլ խախտվել են այն բանից հետո, երբ Անկարայից համապատասխան զանգ է կատարվել Բաքու։ Եթե Բաքուն հրադադար չցանկանար, Ալիևը նախապես չէր համաձայնի։ Քանի որ նա համաձայնում է, այնուհետև՝ խախտում այն, կասկած չի մնում, որ որոշումները կայացվում են Անկարայում։
Հնարավոր է, դա արվում է ԱՄՆ նախագահ Թրամփին այս գործընթացում ներգրավելու և, հավանաբար, որոշ վատ հաշվարված քայլերի նրան հակելու համար։
Այնպես որ, հրադադարի ռուսական և ֆրանսիական նախաձեռնությունից հետո բոլորը սպասում են ամերիկյան միջնորդությանը։
Հոկտեմբերի վերջին պլանավորվում է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցն ԱՄՆ և նրա հանդիպումը պետքարտուղար Պոմպեոյի հետ։ Պոմպեոյի այն հայտարարությունները, թե ինքը հույս ունի՝ հայերը կկարողանան դիմակայել նրան, ինչ նրանց հետ անում են ադբեջանցիները, խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ում քաղաքական որոշումները կայացվելու են՝ ելնելով ճակատում տիրող իրավիճակից։
Այնպես որ, հազիվ թե այժմ պատերազմը դադարեցնելու հետաքրքրություն կա»։