«Խնայում եք ժամանակ, էներգիա, գումար». HERA XXI ասոցիացիայի թվային ծառայությունները կանանց համար
Ասոցիացիա HERA XXI
Հետազոտություններն ու զեկույցները ցույց են տալիս, որ Վրաստանում հաճախակի և տարբեր ձևերով ոտնահարվում են կանանց վերարտադրողական առողջության և սեռական իրավունքները: Խոսքը, մասնավորապես՝ հղիության արհեստական ընդհատման անվտանգ ծառայությունների հասանելիության սահմանափակումն է, սելեկտիվ աբորտները, հակաբեղմնավորիչների օգտագործման կանոնների և դրանց հասանելիության իրավունքի խախտումը։ Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերն էլ հազվագյուտ չեն:
Վրաստանում երիտասարդների համար առողջապահական տեղեկատվության և որակյալ ծառայությունների հասանելիության ցածր մակարդակը նույնպես արձանագրված է որպես կարևոր խնդիր 2023-2026 թվականների երիտասարդության պետական ռազմավարության մեջ։ Դրա նպատակներն են.
- դեռահասների և երիտասարդների համար իրենց իրավունքների, առողջության և այլ հարցերի վերաբերյալ գիտականորեն հիմնավորված և տարիքին համապատասխան տեղեկատվության հասանելիությունը,
- երիտասարդների համար հասանելիությունը առողջապահական ծառայություններին (հատկապես սեռական և վերարտադրողական առողջության) և սոցիալականացման զարգացման համար անհրաժեշտ այլընտրանքային տարածքների ստեղծումը։
Ի պատասխան այս մարտահրավերներին՝ HERA XXI ասոցիացիան սկսեց զարգացնել առողջապահական թվային ծառայությունները Վրաստանում:
Այս հոդվածում կպատմենք, թե ինչու են առողջապահական թվային ծառայություններն արդյունավետ 21-րդ դարում. ինչպես է դա հեշտացնում կենսական նշանակություն ունեցող տարբեր ծառայությունների հասանելիությունը կանանց, հատկապես երիտասարդների և խոցելի խմբերի (սոցիալապես անապահով, գյուղաբնակ, հատուկ կարիքներով մարդկանց, երիտասարդության, ընտանեկան բռնության զոհերի) համար:
Եվ ընդհանրապես՝ ինչ տեսակի ծառայություններ կան կազմակերպությունում, ինչպես է աշխատում համակարգը։
HERA XXI ասոցիացիայի ծառայությունները
HERA XXI ասոցիացիայից Մադլենա Խուցիշվիլին երկար տարիներ սիստեմատիկ կերպով հակաբեղմնավորիչներ է ընդունում: Պարբերաբար անհրաժեշտության դեպքում խորհրդակցում է նաև ասոցիացիայի գինեկոլոգի հետ։ Այդ ծառայությունների համար վճար սահմանված չէ:
Մադլենան բացահայտել է այս կազմակերպությունը 2013 թվականին, երբ մասնակցել է դրա կազմակերպած դասընթացներից մեկին։ Այդ ժամանակվանից նա տարբեր ծառայություններ ստանալու համար HERA XXI է բերել բազմաթիվ մարդկանց՝ ընտանիքի անդամների, ընկերների և հարազատների:
«Մինչ օրս ես ինֆորմացիա եմ տարածում այն մասին, որ այստեղ ծառայությունները լիովին անվճար են և հասանելի», — պատմում է Մադլենան:
HERA XXI-ը սեռական ու վերարտադրողական առողջության և իրավունքների ոլորտում աշխատում է 1998 թվականից։
Կազմակերպության աշխատանքի բազմաթիվ ոլորտներից մեկը վերարտադրողական և սեռական առողջության բարձրորակ, գենդերային զգայուն և մարդու իրավունքների հարգման վրա հիմնված ծառայությունների հասանելիության ապահովումն է, մասնավորապես՝
- տեղեկատվություն սեռահասունության/սեռական գիտակցության մասին,
- տեղեկացված ընտրություն և համաձայնություն սեռական հարաբերությունների համար,
- հարաբերությունների մասին տեղեկատվություն,
- վաղ ամուսնությունների և անցանկալի հղիությունների կանխարգելում,
- հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդներ և դրանց օգտագործումը չպլանավորված հղիությունը կանխելու համար,
- հղիության անվտանգ արհեստական ընդհատում՝ որպես կնոջ ընտրություն,
- խորհուրդներ, թե ինչպես խուսափել սեռական բռնությունից,
- զոհերի խորհրդատվություն և ուղղորդում համապատասխան ծառայություններ ստանալու համար, ինչպես նաև հաճախորդների հետ շարունակական հետադարձ կապ,
- կիբերանվտանգություն, այսինքն՝ տեղեկատվական անվտանգություն և հնարավոր ծաղրի, բուլինգի կանխարգելում և այլն:
Նրանք, ովքեր ցանկանում են ստանալ այդ ծառայությունները, կարող են դա անել մի քանի եղանակով: HERA XXI ասոցիացիայի հեռահար ծառայությունները ներառում են թեժ գիծ, վիդեո խորհրդատվություն և առցանց չատ: Ասոցիացիայի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգի նշանակմամբ հաճախորդը կարող է գրասենյակում հակաբեղմնավորիչ միջոցներ ստանալ լիովին անվճար։
Ինչպես պարզաբանում է կազմակերպությունը, հաշվի առնելով տեղեկատվության ֆիլտրման հետ կապված դժվարությունները, HERA XXI ասոցիացիան իր շահառուներին առաջարկում է հավաստի տեղեկատվություն վերարտադրողական առողջության և իրավունքների վերաբերյալ:
Կազմակերպությունն ունի իր թվային հարթակները՝ սեռական խորհրդատվության համար և սեռական և վերարտադրողական առողջության և կանանց իրավունքների էջ, որտեղ ցանկացողները կարող են կարդալ թեմատիկ հոդվածներ, մասնակցել LIVE նիստերին և անանուն հարցեր տալ։
Առողջապահական թվային ծառայություններն ու դրանց առավելությունները
Թվային տեխնոլոգիաները վաղուց դարձել են առօրյա կյանքի անբաժանելի մասը։ Տեխնոլոգիական առաջընթացը հեշտացրել է ժամանակակից մարդու կյանքը։ Դրանց թվում է տարբեր ծառայություններ արագ, էժան ու արդյունավետ ստանալու հնարավորությունը։
Մարդիկ կարող են օգտվել այս հնարավորությունից, նույնիսկ երբ խոսքը վերաբերում է իրենց կյանքին ու առողջությանը, ինչպես նաև կյանքի որակին:
Թվային ծառայությունների առավելությունները հատկապես ակնհայտ դարձան, երբ Covid-ի համաճարակը հարվածեց աշխարհին, և աշխարհի տարբեր մասերում մարդիկ երկար ժամանակ փակված մնացին իրենց տներում:
Այդ ժամանակ իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ շատ մարդիկ կորցրել են հասանելիությունը առողջապահական ծառայություններին։ Հաճախացել են ընտանեկան բռնության դեպքերը: Շատ կանայք, մտածելով, որ ոչ ոք չի օգնի իրենց, հանկարծ հայտնվել են նույն հարկի տակ փակված բռնարարի հետ։
Հենց այդ ժամանակ HERA XXI ասոցիացիան, որն արդեն իրացրել էր օֆլայն տարածքում տարբեր ծառայություններ մատուցելու պրակտիկան, սկսեց մտածել թվային ծառայությունների զարգացման մասին։
«Տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից պատրաստված զեկույցները ցույց են տալիս, որ համաճարակը լուրջ ազդեցություն է ունեցել մարդու իրավունքների վրա, ավելացել են ընտանեկան բռնության դեպքերը։ Մենք սկսեցինք այլընտրանքային ուղիներ փնտրել, որպեսզի բնակչությանը հնարավորություն ընձեռենք մեր ծառայություններից օգտվել նույնիսկ մեկուսացման պայմաններում»,- ասում է HERA XXI ասոցիացիայի տնօրեն Նինո Ցուլեյսկիրին:
Նա բացատրում է, որ համաճարակի ժամանակ մտցված սահմանափակումների, տրանսպորտի բացակայության և տնտեսական պայմանների վատթարացման պատճառով թվային ծառայությունների հասանելիությունը շատ կանանց համար որոշիչ նշանակություն է ունեցել:
Որոշվել է, որ կազմակերպությունում գոյություն ունեցող բոլոր ծառայությունները պետք է հարմարեցվեն թվային մեթոդներին և հարթակներին։
Այսպիսով, HERA XXI ասոցիացիան մշակել է թեժ գիծ և առցանց խորհրդատվության համակարգ ինչպես կայքում, այնպես էլ կազմակերպության սոցիալական հարթակներում:
Ինչպե՞ս է աշխատում թվային ծառայությունների համակարգը
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ստանալ կազմակերպությունից որևէ ծառայություն, պետք է զանգահարեն HERA XXI ասոցիացիայի թեժ գծին՝ 032 201 12 21 հեռախոսահամարով: Զանգն, իհարկե, անվճար է: Ցանկության դեպքում մարդը կարող է անանուն մնալ։ Դա միանգամայն հնարավոր է։
Հնարավոր է նաև միանալ կազմակերպության կայքի, հաղորդակցման պատուհանի կամ թվային հարթակների միջոցով։ Ինչպես, օրինակ, կազմակերպության ֆեյսբուքյան էջն է:
Օպերատորները, որոնք արձագանքում են մարդկանց հաղորդակցման այս հարթակներում, շահառուներին կապում են մասնագետների հետ՝ ելնելով նրանց կարիքներից, այնուհետև կառավարում են ողջ գործընթացը:
«Մոնիթորինգի արդյունքների հիման վրա օպերատորը պատրաստում է ամսական հաշվետվություն՝ պարզելու, թե որքանով է արդյունավետ եղել խորհրդատվությունը։ Այսպես մենք ապահովում ենք և՛ որակ, և՛ անանունություն»,- ասում է կազմակերպության տնօրենը։
Այսպիսով, 2021 թվականից ի վեր HERA XXI ասոցիացիայի տարբեր ծառայություններից օգտվել է ավելի քան երկու հազար մարդ։
Կարիքները տարբեր են եղել. ոմանք փաստաբան էին փնտրում ընտանեկան բռնության և վաղ ամուսնությունների հարցերով, իսկ մյուսները փնտրում էին անվտանգ բժշկական ծառայություններ:
Ինչպես երիտասարդ աղջիկները (18-25 տարեկան), այնպես էլ հասուն տարիքի կանայք օգտվում են HERA XXI ասոցիացիայի ծառայություններից սեռական և վերարտադրողական իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:
Ինչպես նշում է ասոցիացիան, ծառայության հիմնական պահանջարկը գրանցում են 17-ից 45 տարեկան կանայք։
Այնուամենայնիվ, չնայած տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների բարձր հասանելիությանը (բնակչության 90 տոկոսն օգտվում է համացանցից), Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ միայն 50,5 տոկոսն է օգտվում ինտերնետից առողջական խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն փնտրելու համար, որից կանայք 61,3 տոկոս են կազմում, տղամարդիկ՝ 37,7 տոկոս։ Իսկ 48,9 տոկոսը երիտասարդներ են։
«Խնայում եք ժամանակ, գումար». ինչու՞ թվային առողջապահություն
Մեր զրուցակից Մադլենան ապրում է Աֆրիկա կոչվող բնակավայրում [Թբիլիսիի թաղամասերից մեկի ոչ պաշտոնական անվանումը]։ Հեռավար սպասարկման կարևորության մասին խոսելիս նա ուշադրություն է հրավիրում ժամանակ և գումար խնայելու հնարավորության վրա.
«Ծառայությունները հեռավար ստանալը շատ ճկուն համակարգ է։ Դուք խնայում եք ժամանակ, էներգիա, գումար։ Քաղաքի մի ծայրից կենտրոն գնալու, բժշկի հետ պայմանավորվելու, պոլիկլինիկա գնալու, հերթի համարը ստանալու համար գումար է պետք։ Այստեղ դուք կարող եք հանդիպման գրանցվել և ստանալ նույն ծառայությունը՝ գտնվելով տանը»։
Ինչպես Մադլենան, այնպես էլ Թամարը [անունը փոխված է] օգտվում է HERA XXI ասոցիացիայի ծառայություններից։ Նա պատմում է, որ կազմակերպության գինեկոլոգը պարբերաբար կապվում է իր հետ և անցկացնում հեռավար խորհրդատվություն։ Բժիշկը ստուգում է նրա ընդհանուր վիճակը և անհրաժեշտության դեպքում տեղափոխում համապատասխան բուժհաստատություն։
«Հղիության ընդհատումից հետո առողջական խնդիրներ ունեի, շատ հիվանդ էի, ուստի որոշեցի հակաբեղմնավորիչներ ընդունել: Կա նաև համեմատաբար էժան դեղամիջոց, սակայն այն բացասաբար է ազդում առողջության վրա։ Ոչ բոլորն ունեն որակյալ դեղամիջոց ձեռք բերելու ֆինանսական հնարավորություն: Ահա թե ինչու է ինձ համար կարևոր HERA XXI ասոցիացիայի գոյությունը։ Այն ինձ շատ ձեռնտու է»։
Ի՞նչ ծառայություններ ստանալու համար են դիմում կազմակերպությանը
Փաթի Փայչաձեն ասոցիացիայի հիմնադրումից ի վեր աշխատում է HERA XXI-ում գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ոլորտում:
Ելնելով փորձից՝ մեզ ասում են, որ հաճախորդների խնդիրների մեծ մասը (65 տոկոսը) ժամանակին լուծվում են առցանց խորհրդատվության ընթացքում:
Մնացած դեպքերում բժշկին այցելելն անհրաժեշտ է։
Խոսելով էլեկտրոնային ծառայությունների դրական ազդեցության մասին՝ Փաթին բացատրում է, թե ինչպես են այս խորհրդատվություններն ազդում իրազեկության վրա տարբեր ուղղություններով.
«Օնլայն ծառայության միջոցով շատերը մեզնից հավաստի տեղեկատվություն են ստացել պապիլոմա վիրուսի պատվաստանյութի մասին։ Ըստ այդմ՝ մենք կոտրել ենք պատվաստումների հետ կապված բացասական միֆերը»։
Ինչպես կարող են ծառայություն ստացողները պաշտպանել անանունությունը հարցին Փաթի Փայչաձեն պատասխանել է.
«Որպես վերարտադրողական առողջության բժիշկ՝ ես հաճախորդի հետ անանուն և գաղտնի հարաբերություններ եմ պահպանում: Անանուն լինել-չլինելը այցելուի ընտրությունն է: Բժշկի անվճար խորհրդատվություն ստանալու համար հիվանդը պարտավոր չէ տրամադրել իր անձնական տվյալները, օրինակ՝ անուն, ազգանուն, տարիք, հասցե և այլն»։
Բացի այդ, HERA XXI-ն իր շահառուներին առաջարկում է անվճար առցանց իրավական խորհրդատվություն սեռական և վերարտադրողական իրավունքների և ընտանեկան բռնության վերաբերյալ:
Կազմակերպության իրավաբանները շատ զգայուն և պրոֆեսիոնալ կերպով խորհրդատվություն են տրամադրում այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են ընտանեկան բռնությունը, սեռական բռնությունը, գենդերային խտրականությունը և այլն:
Ասոցիացիայի իրավախորհրդատուին ամենից հաճախ դիմում են հետևյալ հարցերով՝
- վաղ ամուսնություն,
- որդեգրում,
- կանանց աշխատանքային իրավունքներ,
- հղիության անվտանգ ընդհատում,
- անչափահասների սեռական և վերարտադրողական առողջության իրավունքներ,
- առողջապահական ծառայություններ մատուցողների կողմից գաղտնիության խախտում:
Կազմակերպության խորհրդատու և իրավաբան Աննա Տվարաձեն հիշում է մի անչափահասի դեպք, որն առանց ծնողների համաձայնության չէր կարողացել պոլիկլինիկայից ստանալ իր բժշկական պատմությունը.
«Անչափահասը չի կարողացել բժշկական ծառայություններ ստանալ, քանի որ պոլիկլինիկան հարցրել է ծնողների թույլտվությունը: Նա հասանելիություն չի ունեցել նաև իր անձնական բժշկական փաստաթղթերին, քանի որ այստեղ նույնպես ծնողների համաձայնությունն է պահանջվել: Խորհրդատվության շրջանակներում ես հաճախորդին տրամադրեցի տեղեկատվություն՝ հիմնվելով, թե որ օրենքի և իրավական նորմի վրա նա կարող է բողոքարկել և ինչպես կարող է հասանելիություն ստանալ իր ուզած ծառայություններին և փաստաթղթերին՝ պաշտպանելով իր իրավունքները: Ավելի ուշ նա առցանց ծառայության միջոցով կրկին կապվեց ինձ հետ և շնորհակալություն հայտնեց»։
Մեդիակողմնացույց՝ Medcompass
Medcompass-ը բժշկական տեղեկատվության արագ, ծախսարդյունավետ, օբյեկտիվ և հուսալի տեղեկատու է, որտեղ դուք կարող եք ստանալ օբյեկտիվ առցանց ծառայություններ բարձր որակավորում ունեցող մասնագետներից և օգտվել HERA XXI-ի հեռահար ծառայություններից:
Հավելվածը կարելի է ներբեռնել Android սարքերում՝ https://play.google.com/store/apps/details%E2%80%A6
Համայնքի ներկայացուցիչների իրազեկվածության բարձրացում
«Չնայած կան բազմաթիվ կայքեր այս թեմայով, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ դրանք բոլորն էլ ճշմարիտ են, այդ կայքերը հաճախ մեզ մոլորեցնում են», — այս մեջբերումը 2021 թվականի «Երիտասարդների շրջանում սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հասանելիություն» ուսումնասիրությունից է, որը պատրաստվել է HERA XXI ասոցիացիայի պատվերով:
Հետազոտության մեջ երիտասարդները նշում են սխալ տեղեկատվություն ստանալու բարձր ռիսկը, ինչպես նաև նշում են, որ սեռական և վերարտադրողական առողջության մասին զրուցում են հիմնականում իրենց հասակակիցների հետ։
Այս ռիսկերը հավասարակշռելու և տեղեկատվական վակուումը լրացնելու համար HERA XXI ասոցիացիան կազմակերպում է տարբեր միջոցառումներ։
Դրանք տեղեկատվական և կրթական հանդիպումներ են տեղերում, թրեյնինգներ։ Նաև վերապատրաստում են համայնքի ղեկավարներին:
«Կրթական բաղադրիչի շրջանակներում մենք տարեկան վերապատրաստում ենք 12-15 երիտասարդի։ Նրանց սովորեցնում ենք աշխատել հասարակության հետ, որպեսզի նրանք կարողանան ստացած գիտելիքներով կիսվել իրենց հասակակիցների հետ»,- ասում է կազմակերպության տնօրեն Նինո Ցուլեյսկիրին:
«HERA XXI» ասոցիացիան էլեկտրոնային տարբերակով հրապարակում է այս կրթական ծրագրում ընդգրկվելու հայտ։ Կարող են մասնակցել բոլոր ցանկացողները Վրաստանից։
«Սա հնարավորություն է երիտասարդների համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ իրենց հասակակիցներից, ովքեր վերապատրաստված են և ունեն հավաստի տեղեկատվություն», — հավելում է Նինո Ցուլեյսկիրին:
Անիմացիոն տեսանյութեր վերարտադրողական առողջության և առողջ ապրելակերպի մասին
2022 թվականին HERA XXI ասոցիացիան, որպես միջազգային AMAZE մրցանակի դափնեկիր, հասանելիություն ստացավ AMAZE անիմացիոն տեսահոլովակներին:
Սա նշանակում է, որ կազմակերպությանը հնարավորություն է տրվում ադապտացնել ռեսուրսները՝ կապված Վրաստանում վերարտադրողական առողջության և առողջ ապրելակերպի հետ։
Տեսանյութերը ստեղծվել են Project AMAZE-ի հետ համագործակցությամբ և ներառում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, անչափահասների սեռական և վերարտադրողական առողջությունը, համացանցի անվտանգությունը/կիբերանվտանգությունը, բժշկական գաղտնիությունը, հիգիենայի միջոցների ճիշտ օգտագործումը և այլն:
Նրանց նպատակն է մեծացնել վստահելի և ստուգված, տարիքին համապատասխան սեռական կրթության հասանելիությունը երիտասարդների համար:
Որպեսզի տեսահոլովակները ավելի մեծ լսարան ունենան, ինչպես նաև հասանելի դառնան Վրաստանում ապրող էթնիկ խմբերին և լսողության խնդիրներ ունեցող մարդկանց, նյութերը թարգմանվել են վրացերեն, հայերեն և ադրբեջաներեն, ինչպես նաև ժեստերի լեզվով։
Օգտակար հղումներ
- Ընտանեկան բժշկի խորհրդատվություն՝ https://heraxxi.my3cx.eu:5001/callus/#chat
- Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգի խորհրդատվություն՝ http://live.hera-youth.ge/livezila/chat.php?ptl=ka&hfk=MQ__
- Իրավաբանի խորհրդատվություն՝ https://chat.hera-youth.ge/chat?locale=ka
- «HERA XXI» ասոցիացիայի կայք՝ https://hera-youth.ge/
- Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/profile.php?id=100063542829577.
- Ծառայությունների տրամադրման ֆեյսբուքյան խումբ՝ https://www.facebook.com/groups/4418288714890720
Ասոցիացիա HERA XXI